RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 28-10-2016



Տեղադրվել է` 2016-10-28 12:30:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 3447, Տպվել է` 460, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԵՆԴՎԻՉԻ ՄԱՍԻՆ

Հ. ԱՖՅԱՆ

ԱՄՆ Ալբուկերկե քաղաքում բնակվող դպրոցական Դիլանը այս տարվա հոկտեմբերի 19-ին գրավեց համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը: Չէ, նա գրականության ոլորտում այս տարվա Նոբելյան մրցանակ ստացած Բոբ Դիլանը չէ, բայց իր աշխարհահռչակ անվանակցին վերջին օրերին հանրահայտությամբ չի զիջում: Բանն այն է, որ այս ուսումնական տարվա սկզբից դպրոցական Դիլանն աչքի է ընկել մի անսովոր արարքով: Ինչպես նրա մայրըՙ տիկին Ժոզեթն է պատմել լրագրողներին, իր որդին ամեն օր առավոտյան դասի գնալիս խնդրել է մայրիկին, որ իր հետ դնի ոչ թե մեկ սենդվիչ, այլՙ երկուսը: «Ես մտածեցի, որ տղաս լավ ախորժակ ունի եւ հարցեր չէի տալիս, ուրախացել էի», պատմել է մայրիկը: Բայց օրերից մի օր, փոքրիկ Դիլանը որոշում է անկեղծանալ եւ ինքն է խոստովանում, թե ինչու է այս աննախադեպ քայլին դիմել: Տիկին Ժոզեթը պատմել է, որ տղան մոտեցավ իրեն եւ ասաց, որ ինքն իրականում երկու սենդվիչ է ամեն օր տանում դպրոց, ոչ թե որովհետեւ մեծ ախորժակ ունի, այլ մեկն իր համար, մյուսըՙ ընկերոջ, որի անունը լրատվամիջոցները չեն տալիս, քանի որ դա կարող է ազդել պատանու հոգեկանի վրա: Տղան մանրամասնել է, որ իր ընկերը իր հետ ոչինչ չի բերում ուտելու. «Իրենք պարզապես փող չունեն», եզրակացրել է Դիլանը:

Դե տիկին Ժոզեթն էլ հուզմունք է ապրել, ո՞վ չէր ապրի, եւ նույն օրը որդու հետ գնում է դպրոց, չմոռանալով, իհարկե, երկու սենդվիչը խնամքով դասավորել որդու պայուսակի մեջ: Դպրոցում տիկին Ժոզեթը պարզում է, որ իր որդու ընկերոջ ընտանիքն իսկապես լուրջ խնդիրներ ունի, նրա մայրը մենակ է մեծացնում տղային, իսկ վերջերս էլ զրկվել է աշխատանքից: «Ես որոշեցի, որ կշարունակեմ ամեն օր երկու սենդվիչ ուղարկել տղայիս հետՙ դպրոց, որպեսզի նրա ընկերն էլ քաղցած չմնա», հուզմունքը հազիվ խեղդելով եւ աչքերից հոսող վարար արցունքները մաքրելով, անկեղծացել է տիկին Ժոզեթը:

Մի օր էլ, դպրոցի տնօրենությունը խնդրում է տիկին Ժոզեթից, որպեսզի ներկայանա դպրոց: Կինն անմիջապես գնում է եւ այնտեղ հանդիպում Դիլանի ընկերոջ մորը, ով եկել էր շնորհակալություն հայտնելու: Կանայք անկեղծ եւ հուզված զրուցել են, եւ Դիլանի ընկերոջ մայրը հոգաչափ շնորհակալություն է հայտնել Դիլանի մորըՙ աննախադեպ բարության համար եւ հայտնել, որ ինքն արդեն աշխատանք է գտել:

Թե այդ օրվանից հետո տիկին Ժոզեթն արդյոք շարունակո՞ւմ է երկու սենդվիչ դնել որդու պայուսակի մեջ, դժվարանում եմ ասել, համենայնդեպս ո՛չ ԱՄՆ Ալբուկերկե քաղաքում եմ ապրում, ո՛չ տիկին Ժոզեթին եմ անձամբ ճանաչում, ո՛չ նրա որդուն, ո՛չ նրա ընկերոջը, ո՛չ էլ վերջինիս մորը: Անգամ հեռախոսահամարները չունեմ նրանց: Ավելին, համաշխարհային լրատվամիջոցներն էլ ոչինչ չեն ասում այս հուզիչ եւ աշխարհացունց պատմության շարունակության մասին:

Եւ քանի որ ես չեմ ցանկանում մեղանչել ճշմարտության դեմ, պնդելով, թե երկու սենդվիչը մեկն է դարձել, կամ այս պատմությունը շարունակվում է, այլ բանից խոսեմ, օրինակՙ բարությունից, կամեցողությունից եւ առհասարակ մարդկությունից: Այն վերացե՞լ է, այլեւս աննախադե՞պ է դարծել: Կոնկրետ ԱՄՆ Ալբուկերկե քաղաքում չէ, անգամ ողջ ԱՄՆ-ում չէ, ամբողջ աշխարհում, ենթադրենք Հայաստանում, կոնկրետ Գավառ քաղաքում: Օրինակ այդ քաղաքի բնակիչ փոքրիկ Գագիկը ամեն օր երեկոյան իրենց բակում ֆուտբոլ է խաղում ընկերների հետ, որոնցից ամենամոտիկը Անդրանիկն է: Բնականաբար քաղցածանում են, եւ երբ Գագիկը գալիս է տուն, որպեսզի հաց ու պանիր ուտի, մի հատ բրդուճ էլ ընկերոջՙ Անդրանիկի համար է տանում: Հիմա ի՞նչ, համաշխարհային լրատվամիջոցները չե՞ն ցանկանում Գագիկի մասին նյութ անել, ի դեպ, նրա մայրըՙ տիկին Պայծառը թանկագին հյուրերի համար պահած ընտիր փախլավա ունի, տնական, իսկ հայրըՙ պարոն Վալոդըՙ ընտիր տնական օղի: Գավառցիներն էլ առհասարակ հյուրընկալ մարդիկ են ու ամբողջ քաղաքով հարգանքով-պատվով կճանապարհեն արտասահմանցի լրագրողներին:

Եթե լուրջ, ապա ԱՄՆ Ալբուկերկե քաղաքում ապրող Դիլանի, նրա մորՙ Ժոզեթի, եւ նրա ընկերոջ, եւ վերջինիս մոր, ավելի ճիշտՙ երկու սենդվիչների մասին այս պատմության միջազգային լուր դառնալը խոսում է այն մասին, որ աշխարհում բարության ճգնաժամ կա, դիվիցիտ, ու որտեղ նկատվում է, բղավում են: Իրականում Դիլանը, որն անշուշտ, լավ տղա է, ոչինչ չի արել, մարդիկ, քանի որ այն ինչ նա է արել, բոլորս պետք է անենք, ավելի ճիշտՙ գոնե մեկ անգամ արել ենք: Մնում է հուսանք, որ երբ մի օր երթուղային տաքսու մեջ մի տատիկ տեսանք, ով չէր կարողանում վճարել եւ վճարեցինք նրա փոխարեն, ավելինՙ բացեցինք երթուղայինի դուռը եւ օգնեցինք, որ տատիկն իջնիՙ իր ծանր տոպրակներով, համաշխարհային լրատվամիջոցները մի օր էլ մեր մասին կգրեն, թե բա գիտե՞ք, Հայաստանի մայրաքաղաք Երեւանում մարդիկ են ապրում:

Ի դեպ, ապրում են, չէ՞...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 28-10-2016

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ