RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 21-10-2016



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2016-10-21 14:28:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 5202, Տպվել է` 467, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՃԱՆԱՉԵԼԻ ԱՄԵՐԻԿԱ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նախորդ գիշեր Լաս Վեգասում (Նեւադայի նահանգ) կայացած Հիլարի Քլինթոն-Դոնալդ Թրամփ հրապարակային 3-րդՙ վճռական ու վերջին բանավեճը (դեբատ) ամերիկյան նախընտրական «ձիարշավի» հավանաբար վերջին ձողապատնեշն էր, որից այն կողմ, մինչեւ նոյեմբերի 8-ի ֆինիշի գիծը, մնում է ընդամենը 19 օր, որի ընթացքում շոգեպինդ կաշխատեն հիմնականում մաթեմատիկոսներըՙ հաշվել-որոշելու համար հաղթող ձին:

Անկեղծորեն ասածՙ «ձի» բառն այստեղ օգտագործեցի ափսոսանքով, քանզի այս եւ նախորդ երկու բանավեճերը շատ հեռու էին այդ ազնվական կենդանու վարքն ու գեղեցկությունը ցուցադրելուց: Ընդհակառակն, այս անգամ անսովոր առատ էին փոխադարձ տգեղ աքացիներըՙ կենսագրության մութ ծալքերի, խենեշության, կաշառակերության, մեծագումար հարկերից խուսափելու, դավաճանության, տարբեր խաբեությունների բացահայտմամբ փոխադարձ մեղադրանքներով: Այդպես էլ մենք չտեսանք ամերիկյան մեծ ժողովրդին ու գերհզոր պետությանը արժանի պետական գործչին, այն պետական ղեկավարինՙ որն ամբողջական պատասխանատվությամբ իր տեսակետներն ու ծրագրերն է պարզում ոչ միայն ներքին, այլեւ արտաքին, ավելինՙ համաշխարհային եւ անգամ տիեզերակա՜ն հարցերի շուրջ: Չէ՞ որ Մ. Նահանգները այդպես է ներկայանում ողջ աշխարհինՙ որպես ժողովրդավարության բաստիոնի եւ իրավունքների պաշտպանի, անարդարությունների դեմ մարտնչողի, իրավարարի, խաղաղարարի, դատավորի, ահաբեկչության զսպիչի կերպարով:

Դժբախտաբար, նախագահության զույգ թեկնածուները, ինչպես նախորդ երկու բանավեճերում, այնպես էլ այս անգամ իրենց դրսեւորեցին իբրեւ ոխերիմ հակառակորդներ, չխուսափելով «գոտկատեղից ներքեւ» հասցվող հարվածներից: Զարմանալ կարելի է. մի՞թե ամերիկյան հասարակությունը, ընտրական զանգվածներն այսքան անհանդուրժող են միմյանց նկատմամբ, թե՞ զույգ թեկնածուներն են կտրվել իրենց հասարակությունից:

Մինչ ռասիստական իր հայացքներով ծանոթ Թրամփը խոսում էր մամուլի կաշառվածության եւ «ընտրողների միտքը թունավորելու» մասին, Քլինթոնը նրան հասցնում էր Սառը պատերազմից մեզ ծանոթՙ «Կրեմլի գործընկեր» լինելու մեղադրանքը, որին ի պատասխան Թրամփը շպրտում էրՙ «ինչպիսի զզվելի (nasty) կնիկ է» վիրավորանքը, որն անմիջապես ընդհանրացվեց Հիլարիի կողմից իբրեւ «կանանց արժանապատվությունը վիրավորող» բնորոշմամբ: Բայց գլուխգործոցը դա-ձյալ պատկանում էր Թրամփին, որ հայտարարեց կամ հասկացրեց, որ ինքը կարող է չընդունել ընտրությունների վերջնական արդյունքը, ինչը 240 տարվա ընտրական օրինակելի ավանդույթներ ունեցող Մ. Նահանգների պատմության մեջ իսկապես աննախադեպ է: Ըստ երեւույթին ամերիկացիներն այդքան միջամտելով Հայաստանում ընտրական գործընթացներինՙ վարակակիր են դարձել, մեզնի՛ց...

Առայժմ մի կողմ թողնելով երկու կռվազաններիՙ Թրամփի եւ Քլինթոնի կոմպրոմատների պատերազմը, որտեղ այժմ 52 տոկոսով հաղթող է համարվում տիկին Հիլարինՙ իր ախոյանի 39 տոկոսի դիմաց, շատ կարճ անդրադառնանք հայկական շահագրգռություններինՙ հետագայում ավելի հանգամանալից անդրադարձ կատարելու խոստումով:

Առաջինՙ այս անգամ բարեբախտաբար թեկնածուներից որեւէ մեկը չխոստացավ ընտրվելու դեպքում Հայոց ցեղասպանությունը ճանաչել: Հայերիս սրբազան Դատը այս անգամ զերծ մնաց տգեղ եւ խիստ վիրավորական շահարկումներից:

Երկրորդՙ Մ.Նահանգների հայկական ընտրազանգվածը, որ նախորդ տարի, Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, ցույց էր տվել 150 հազարանոց իր ուժը Լոս Անջելեսի քայլերթի ժամանակ, մնաց անօգտագործելիՙ կենտրոնական ղեկավարման կամ համակարգման բացակայության պայմաններում:

Երրորդՙ նույն հայկական ընտրազանգվածը, հավաստի դիտարկումների համաձայն, մնաց տարբաղադրված Քլինթոնի եւ Թրամփի ճամբարների միջեւ. Արեւելյան ափըՙ գերազանցապես Հանրապետական, իսկ Արեւմտյան ափըՙ մեծամասամբ Դեմոկրատական, մտածելու առիթ տալով բոլորիս:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 21-10-2016

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ