RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-21 21:49:18Անկախության բանակ (տեսանյութ)
2020-09-21 21:48:18Հայ թատերական կյանքը Կիլիկիայում` ֆրանսիական գրավման օրերին
2020-09-21 21:47:21Հրդեհ՝ Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում (տեսանյութ)
2020-09-21 18:15:08Կրոնավիրուսի դեմ պայքարն Արսեն Թորոսյանի կարծիքով հաջողել ենք
2020-09-21 16:09:55ԱՀ նախագահը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
#036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 14-10-2016



Տեղադրվել է` 2016-10-17 18:15:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 2924, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱՂԵՏ»-Ը ՍՏԻՊԵՑ, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ՀՐԱԺԱՐՎԻ ԵՄ ՖԻՆԱՆՍԻՑ

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա

Անկարա-Բեռլին հարաբերությունները բնականոն հուն են մտնում, հոկտեմբերի 7- ին գրել էր գերմանական մամուլըՙ նկատի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիայի դեսպան Կարսլիօղլուն վերադարձել է Գերմանիայի մայրաքաղաքՙ հունիսի 2- ին Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման պատճառով իր երկիր ետկանչից հետո։ Այս «բնականոնի» մեջ տեղավորենք նաեւ այն փաստը, որ գերմանացի պատգամավորներն այս ամիս նաեւ Ինջիռլիք այցելելու առիթն ունեցան։ Բայց հոկտեմբերի 9- ին համոզվեցինք, որ բնականոն բառը Թուրքիա- Գերմանիա, Թուրքիա- ԵՄ հարաբերությունները նկարագրելու համար միշտ ժամանակավրեպ է։

Եթե ԵՄ կամենում է Թուրքիային որպես լիիրավ անդամ ընդունել իր կազմում, պատրաստ ենք, բայց պիտի իմանան, որ մեր համբերությունը սպառվում է, ըստ «Դի վելթի» հայտարարել էր Էրդողանըՙ հոկտեմբերի սկզբին Թուրքիայի Մեջլիսում։ Թեեւ Ավստրիան միայնակ չի որոշում, բայց Վիեննայից երկու օր առաջ լսվեց հստակ պատասխանըՙ ԵՄ անդամակցություն չի լինելու այդ երկրի համար։ Եվրոպայում ամենաերիտասարդՙ 30- ամյա արտգործնախարար Սեբաստիան Քուրցին պատմության իմացությունից զատ երեւի տարիքն է նաեւ արտոնում կտրուկ, հստակ, անկեղծ պատասխան տալ, այլապես չէր պարզաբանի, թե իր պաշտոնակիցներից շատերն են իր հայտարարածին համակարծիք, պետությունների ղեկավարներ նույն բանն են մտածում, բայց բաց տեքստով չեն խոստովանում։

Հոկտեմբերի 9- ին գերմանական մամուլը մեկ ուրիշ լուր էլ հաղորդեց. Թուրքիան հրաժարվում է ԵՄ մշակութային «Ստեղծարար Եվրոպա» (Kreatives Europa") ծրագրի ֆինանսավորումիցՙ Դրեզդենի սիմֆոնիկի «Աղետ» համերգային նախագծի պատճառով, ինչպես գերմանական լրատվամիջոցներին հաղորդել էր ԵՄ հանձնաժողովի խոսնակը։ Թուրքիայից պաշտոնական տեղեկատվություն դեռ չի եղել, բայց կառավարամետ «Հաբերթյուրք» թերթն էլ ավելի վաղ էր իրազեկել, որ բուն պատճառն, այո՛, «Աղետն» է։ «Աղետ»- ի մասին ծանուցել ենք «Ազգ»- ի ընթերցողներին։ Հպանցիկ հիշեցնենքՙ Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցի առթիվ 2015- ի նոյեմբերին Դրեզդենի սիմֆոնիկը, կիթառահար Մարկ Սինանի հետ, որի մայրը թուրքահայ է, հայրըՙ գերմանացի, նախաձեռնել են երաժշտական «Աղետ» վերնագրյալ ծրագիրը եւ հաջողությամբ իրականացրել այն Բեռլինի մշակութային կենտրոններից մեկում։ «Աղետը» նվիրված է Հայոց ցեղասպանությունը վերապրած Սինանի մեծ մայրիկինՙ Վահիդեին։ Դրեզդենի սիմֆոնիկն իր այս հաշտությանն ուղղված համերգը կյանքի կոչելու համար նվագախմբի կազմում ընդգրկել է Հայոց ցեղասպանության արհավիրքին անմիջական մասնակցություն ունեցած երկրներիՙ Թուրքիայի, Հայաստանի, Գերմանիայի երաժիշտներին, կազմը համալրել նախկին Հարավսլավիայի երկրներից կազմված հաշտություն ազդարարող մեկ ուրիշՙ « Առանց սահմանների» նվագախմբի անդամներով։Թուրք կոմպոզիտոր Զեյնեփ Գեդիցլիօղլուն, հայ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը, գերմանացի Հելմուտ Օեհրինգը հատուկ այս նախագծի համար ստեղծագործություններ են երկնել։ 2015- ի նոյեմբերին Բեռլինում «Աղետ»ն առաջին անգամ ներկայացվեց բեմից, այնուհետ 2016- ի ապրիլին քննություն բռնեց Դրեզդենումՙ Հելլերաու արվեստների եվրոպական կենտրոնումՙ ի հեճուկս Թուրքիայի բողոքի արշավի։

Ապրիլի 23- ին Թուրքիայի ԵՄ դեսպանը պահանջել էր, որ Բրյուսելը չֆինանսավորի նախօրոք խոստացած գումարըՙ խոչընդոտելով համերգի կայացումը։«Չենք կարծում, թե ԵՄ հանձնաժողովի կրթության, աուդիոտեսանյութերի եւ մշակույթի հարցերով զբաղվող գործադիր գործակալությունը (EACEA) ընկրկի», հույս էր հայտնել սկմֆոնիկի կառավարիչը, երբ հայտնի էր դարձել, որ եվրոպական կառույցը իր էջից հանել էր Աղետիՙ Հայոց ցեղասպանության մասին լուսաբանող տեքստը։ Թուրքիան սպառնում էր դադարեցնել տալ ԵՄ մուտքի արտոնագրի համար տարվող բանակցությունները, եթե «Աղետ»- ն իրականություն դառնար։

«Աղետն» իրականություն դարձավ։ Թուրքիան, որ ԵՄ լիիրավ անդամակցության համար իրականում տարիներ շարունակ ողորմություն է խնդրում, այժմ չստանալով իր ամենանվիրական ցանկությունը, Հայոց ցեղասպանության ճանաչման հարվածին չդիմանալով, հրաժարվում է ԵՄ գումարներիցՙ իր երկրի արվեստագետներին զրկելով արտահայտվելու ֆինանսական հնարավորությունից։ ԵՄ մշակութային սույն ծրագիրը, որ 2014- ին ստորագրել է նաեւ Թուրքիան, 7 տարի շարունակ 1, 46 միլիարդ եվրո ընդհանուր գումարով սատարում է Եվրոպայում գործունեություն ծավալող արվեստագետներին։

Նախագծի համահեղինակներ` Դրեզդենի սիմֆոնիկի կառավարիչ Մարկուս Ռինդտը, գերմանաթուրքահայի արմատներ ունեցող կոմպոզիտոր, կիթառահար Մարկ Սինանը դատապարտել են Թուրքիայի որոշումը։ «Մեր նախագիծն իրականացնելու ենք, թուրքական իշխանությունները հաշտեցման այս նախաձեռնությունը պատրվակ են բերում, որ թուրք արվեստագետներին պատժեն», ասում է Ռինդտը մեր հեռախոսազրույցում։

Մարկուս Ռինդտն ասում էՙ ինչ-որ տեղ իր համար էլ անակնկալ է եղել Թուրքիայի նման որոշումը, կասկածել է, թե Թուրքիայի ԵՄ դեսպանի սպառնալիքը խոսքից այդուհանդերձ գործողություն կդառնա։ «Հիմա ավելի վճռական պիտի լինենք, ամեն կերպ պիտի խոչընդոտենք Թուրքիայիՙ «փակ երկիր» դառնալու ուղուն»։ Ասում էՙ չեն նահանջելու, խոստացածի համաձայն համերգները կայանալու են, ինչպես նախատեսված էր, Բելգրադումՙ նոյեմբերի 5- ին, ժամը 20- ին, Հարավսլավական դրամատիկ թատրոնումՙ «Առանց սահմանների» նվագախմբի մասնակցությամբ` նոյեմբերի 10- ին, ժամը 19- ին, Երեւանում, Արամ Խաչատրյան համերգասրահում, Հայաստանի կամերային նվագախմբի մասնակցությամբ, իսկ նոյեմբերի 13- ին, ժամը 20- ին էլՙ Ստամբուլում։ ԳԴՀ արտգործնախարարությունը սատարում է մեզ, եւ Թաքսիմ հրապարակին մերձակա Գերմանիայի հյուպատոսարանի 300 տեղանոց Կայսերական դահլիճում կկայանա համերգը, ասում է Դրեզդենի սիմֆոնիկի կառավարիչը։ Մարկուս Ռինդտը տեղեկացրեց նաեւ, որ Ստամբուլում մտադիր են հիմնել թուրք- գերմանա- հայկական բարեկամական մի հարթակՙ համանուն ընկերակցություն, 3 ազգերի մտավորական հատվածի անդամակցությամբ։ «Ովքե՞ր են» մեր հարցին պատասխանեց, թե նրանց անունները հայտնի ենՙ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրագրով վերջիններս 2016- ի մայիսին դիմել էին ԳԴՀ կանցլերին։(«Ազգ»- ի ընթերցողին ծանուցել ենք ժամանակին- Ան. Հ.)։ Դրեզդենի սիմֆոնիկի կառավարիչը մտահոգություն հայտնեց, թե Թուրքիայի այս քայլը շատ վնասակար կարող է լինել տեղում գործունեություն ծավալող արվեստագետների, համերգասրահների, գալերիաների համարՙ նկատելով, որ հենց նրանք չպետք է համակերպվենՙ չկասկածելով, որ մեր սատարումն ունեն։ Մարկուս Ռինդտին հարց ուղղեցինքՙ ի՞նչ կարծիք ունի ԳԴՀ կառավարության հայտարարության վերաբերյալ, երբ Բունդեսթագի Հայոց ցեղասպանության բանաձեւի առնչությամբ պարզաբանում է, թե օրենսդիրի որոշումն իր համար պարտադիր բնույթ չի կրում։ «Շատ- շատ վատ է։ Մի ինչ- որ Ինջիռլիքի համար նման հայտարարություն անել այն դեպքում, երբ հունիսի 2- ին բանաձեւը խորհրդարանի գերակշիռ մեծամասնության հավանությանն արժանացավ, երբ կառավարություն ձեւավորում է հենց Բունդեսթագը։ Մենք ազատ մտածող մարդիկ ենք, քաղաքական գործիչ չենք, մեզ դուր չի գալիս», ասաց նա։

Մեր զրույցի վերջում Ռինդտին չհարցրի թուրք - գերմանական «բնականոն հարաբերությունների» մասին գերմանական պաշտոնական ձեւակերպումը, իսկ շարադրանքիս մեջ ո՞ւր կորավ այդ բառակապակցությունը, որ այդ «ոգով» հոդվածս եզրափակեմ, փնտրում բայց չեմ գտնում։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 14-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ