RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 14-10-2016



Տեղադրվել է` 2016-10-17 18:15:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 3527, Տպվել է` 359, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է, ԲԱՅՑ ՈՉ ՄԻՇՏ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ազգային ժողովում Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն անցնող շաբաթ լրագրողների հետ հանդիպմանը խոսել է շատ բաներից: Օրինակ Վիկտոր Դալլաքյանի հանրահայտ հայտարարությունից, որով պարոն Դալլաքյանն ասաց, թե ինքը դուրս է գալիս ՀՀԿ-ից, պաշտոնաթող է լինում նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի եւ ԱԺ-ում նախագահի պաշտոնական ներկայացուցչի պաշտոններից եւ մտնում է ակտիվ քաղաքականություն: Ապա Դալլաքյանը հավելել էր, որ եթե իր կամ իր ընտանիքի հետ որեւէ բան կատարվի, ապա դրա պատասխանատվությունը կրելու է Սերժ Սարգսյանը:

Գագիկ Մելիքյանն այս կապակցությամբ հայտարարել է. «Միշտ չէ, որ քաղաքական դաշտ մտնելու համար պետք է անբարոյական լինել»: Իսկ թե ինչո՞ւ քաղաքական դաշտ մտնելիս եւ այդ դաշտում չպետք է միշտ բարոյական լինել, պարոն Մելիքյանը, ցավոք, չի մանրամասնել: Հիմա ստացվում է, որ կարելի է քաղաքական դաշտ մուտք գործել անբարոյական լինելով, բայց ոչ միշտ: Համաձայնեք, հետաքրքրական կլիներ պարզել, թե այդ ո՞ր անբարոյականները կարող են քաղաքական դաշտ մուտք գործել, ավելի ճիշտՙ քաղաքական դաշտը ո՞ր անբարոյականնների համար է բացառություն անում եւ իր դռները բացում, որ ներս գան:

Բայց ուրիշ հարց էլ է առաջանում, ասենքՙ ինչո՞ւ քաղաքական դաշտ միշտ չեն կարող մուտք գործել անբարոյականները: Նրանք էլ ՀՀ քաղաքացի են, նրանք էլ ունեն ընտրելու եւ ընտրվելու իրավունք, նրանք էլ մտահոգ են, կամ ձեւացնում են, թե մտահոգ են երկրի եւ ժողովրդի խնդիրներով, նրանք էլ ունեն, կամ ձեւացնում են, թե ունեն այդ խնդիրների համար լուծումներ, մի խոսքովՙ ոչնչով չեն տարբերվում քաղաքական դաշտի բարոյական ներկայացուցիչներից: Ուրեմն ինչո՞ւ վերջիններիս կարելի է ոչ միայն մտնել, այլեւ դուրս չգալ, իսկ անբարոյականներին չի կարելի, ավելի ճիշտՙ միշտ չէ, որ կարելի է: Մի այսպիսի ճշմարտություն կա. եթե, ենթադրենք, մի պետություն շատ նավթ ունի, բայց, օրինակ, ծիրան չունի, նրան ոչ թե նավթ է պետք, այլՙ ծիրան: Այսինքն ներմուծելիս տվյալ պետությունը նավթ չի ներմուծի, քանի որ դրա կարիքը չունի: Եթե ավելի պարզ ասեմ, ապա եթե դուք տանը ենթադրենքՙ ունեք ֆրանսահայ Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» գիրքը, բայց չունեք Ռեմարկի «Երեք ընկերը», ապա գրախանութից չեք գնի ՙ Վահե Քաչա, կգնեքՙ Ռեմարկ, որովհետեւ դրա պակասն ունեք:

Դառնալով հայրենի քաղաքական դաշտին, ստացվում է, որ եթե անբարոյականները միշտ չէ, որ կարող են մտնել քաղաքական դաշտ, ապա քաղաքական դաշտը դրանց պակասը չունի: Ճիշտ է, ժամանակի ընթացքում դաշտը մաքրվում է անբարոյականներից, օրինակՙ խորհրդական են նշանակվում, դեսպան, թոշակի են անցնում, գիտության հերն անիծող գիտական թեզեր են գրում եւ անբարոյականների տեղեր են ազատվում, եւ հենց այդ պատճառով էլ, պարոն Մելիքյանն ամենայն անկեղծությամբ ասել է, որ քաղաքական դաշտ մտնելու համար միշտ չէ, որ պետք է անբարոյական լինել: Պետք էՙ եթե անբարոյականներից մաքրվել է դաշտը, թափուր տեղեր են առաջացել, պետք չէՙ երբ դաշտը լեփ-լեցուն է նրանցով: Հիմա, փաստորեն, լեփ-լեցուն վիճակն է: Տեղեր առհասարակ չկան, մի քանի տեղ, կարելի է գտնել անշուշտ, բայց դրանց համար կա՛մ շատ փող է պետք, կա՛մ խոշոր ծանոթ:

Բայց ավելի լավ է բարոյական լինել: Ճիշտ է, քաղաքական դաշտ մտնելու համար միշտ չէ, որ պետք է բարոյական լինել, բայց բարոյականները միշտ չէ, որ ցանկանում են հենց քաղաքական դաշտ մտնել:

Միշտ ուրախ եղեք եւ երջանիկ, դրա համար միշտ չէ, որ պետք է քաղաքական դաշտում լինել, սովորականն էլ բավարար է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 14-10-2016

AZG Daily #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ