RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 14-10-2016



Տեղադրվել է` 2016-10-17 18:15:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 3661, Տպվել է` 450, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ո՞Վ ԷՐ ԱՅԴ ՃԱՆՃԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Այս տարվա հոկտեմբերի 9-ը սերունդները կհիշեն որպես մոգական օր: Հենց այդ օրը, ինչպես ասում ենՙ մեր աչքի առջեւ, ԱՄՆ Սենտ-Լուիս քաղաքի Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում մի շատ սովորական, իսկ իրականում` խիստ տարօրինակ ճանճ եկավ եւ նստեց ճիշտ Հիլարի Դայան Ռոդեմ Քլինթոնի ճակատին, ձախ հոնքին մոտ: Թե ո՞վ էր այդ ճանճը, ո՞ւմ հոգին էր կրում, ի՞նչ միջոցով եւ մեսիջով էր ներթափանցել ԱՄՆ նախագահի թեկնածուների երկրորդ բանավեճի վայր, որտեղ «օձն իր պորտով, հավքն իր թեւքով» չի կարող ներթափանցել, հստակ պարզ չէ, բայց վարկածներ կան: Դրանցից մեկի համաձայն, ճանճին բաց են թողել ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից, ինքըՙ ճանճը հանրապետական է, որպեսզի շփոթեցնեն դեմոկրատ տիկին Քլիթոնին: Եթե այսպես է, ապա տիկին Քլինթոնը պատվով անցավ փորձությունը, քանի որ առանց շփոթվելու ճանճի ներկայությունից եւ ամենեւին էլ չնեղվելով դրանից, սպասեցՙ ցույց տալով համբերության իր «դանայան... բաժակը», մինչեւ ճանճն ինքը թռավ: Մեկ այլ վարկածով էլ ճանճը դեմոկրատ է, եւ քանի որ Ամերիկան ազատ երկիր է, որտեղ ուզել, այնտեղ էլ մտել է ու ում ճակատին ուզել, այնտեղ էլ նստել է: Որ ճանճը եկել էր Ռուսաստանից, ավելի կոնկրետՙ Կրեմլից, ավելինՙ Պուտինի վստահելի ճանճերից է, այս հարցը եւս բավականին լրջորեն քննարկվում է ամերիկյան զանազան հարթակներում, բայց ամենաուշագրավըՙ ճանճի ով լինելու հետ կապված, հայտնել է ամերիկյան CBS հեռուստաընկերությունը: Ըստ այդմ ճանճը հնդկացի է, եւ համաձայն վերջիններիս հավատալիքներիՙ այն հատուկ մեսիջով էր եկել ու նստել տիկին Քլիթոնի ճակատին, փոխանցելով վերջինիս հանգստություն, «ինչը խիստ անհրաժեշտ է ամերիկյյան իսկական առաջնորդինՙ հաշվի առնելով ամեն օր եւ ժամ փոփոխվող մեր աշխարհն ու ժամանակները»: Մի ծիծաղեք, ամերիկյան հիշյալ հանրահայտ հեռուստաընկերությունը հենց այսպես էլ պատասխանել էր հարցին, թե ո՞վ էր տիկին Հիլարիի ճակատին նստած ճանճը եւ ինչ հատուկ առաքելությամբ էր նա հոկտեմբերի 9-ին ժամանել Սենտ-Լուիս քաղաքի Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարան:

Անկեղծ ասած, մենք էլ ԱՄՆ նախագահի երկու թեկնածուների պես հանրահայտ դարձած ճանճի ով լինելու եւ ինչ անելու վերաբերյալ մեր վարկածն ունենք, բայց այդ մասինՙ վերջում:

Ընդհանուր առմամբ, եթե ամփոփելու լինենք Քլինթոն-Թրամփ (հուսանք պարոն Դոնալդը իսկական ջենթլմեն է եւ կների մեզ, որ իր մրցակցի անունն իրենից առաջ ենք գրել), արդեն երկրորդ բանավեճը, ապա պարզ է դառնում, որ ինչպես տիկին Քլինթոնի, այնպես էլ պարոն Թրամփի նպատակը ոչ թե ամեն մեկն իր անելիքների մասին խոսելն է, կամ իր ծրագրերի, կամ էլ թեկուզ իր անձի, այլ մրցակցի արածների, մանավանդ չարածների, հատկապեսՙ սխալ արածների մասին նորից խոսելն է: Սա նշանակում է, որ ինչպես Թրամփը, այնպես էլ Քլինթոնը այլեւս հույս չունեն, կամ նպատակ չունեն, որ մրցակցի ճամբարից իրենց ձայներ են գալու, իրենք արդեն աշխատում են իրենց ձեւավորված էլեկտորատի հետ, փորձելով պահպանել այն ընտրողների թիվը, որն արդեն իսկ ունեն: Այս պահին, տիկին Քլինթոնը մի փոքր առաջ է, բայց այս պահի եւ նոյեմբերի 8-ի միջեւ դեռ ժամանակ կա: Այդ ընթացքում պարոն Թրամփը դեռ կարող է մասնակցել որեւէ հանրային միջոցառման իր հրապուրիչ երիտասարդ շիկահեր տիկնոջ հետ, հույս ունենալով, որ շատերը կցանկանան, որ Ամերիկան շարունակի ունենալ Առաջին լեդի, այն էլՙ այդպիսի, իսկ տիկին Քլինթոնը դեռ կարող է ստիպել իր ամուսին Բիլին, որպեսզի նա գործի դնի իր հանրահայտ սաքսաֆոնը եւ մի գեղեցիկ կատարում նվիրի ԱՄՆ հաջորդ նախագահին: Ինչեւէ:

Բուն բանավեճն, ինչպես նշեցի, աչքի ընկավ ագրեսիվության կտրուկ աճով (հատկապես Թրամփի մոտ, որն ի տարբերություն առաջին բանավեճի, երկրորդին լավ էր պատրաստվել), եւ երկկողմ սխալները բարձրաձայնելու մարտավարությամբ: Օրինակ, տիկին Քլինթոնը հիշեցրեց, որ սենատոր Թրամփը կողմ էր Իրաքում ամերիկյան գործողություններին, Թրամփն էլ հստակեցրեց, որ ինքը երբեք Իրաքում ամերիկյան գործողություններին «ՕՔ» չի ասել եւ դեմ է եղել դրանց: Իրականում, սակայն, այս հարցում իրավացի են երկուսն էլ. բանն այն է, որ սենատոր Թրամփը կողմ չի եղել, որ Ամերիկան գործողություններ սկսի Իրաքում, բայց նույն այդ սենատոր Թրամփը դեմ է եղել, որ Ամերիկան դադարեցնի գործողություններն Իրաքում:

Խոսել են շատ այլ բաներից էլ, ավելի ճիշտՙ խոսել են մի քանի բաներից, բայց շատ: Ի դեպ, ԱՄՆ նախագահի թեկնածուների երկրորդ բանավեճն ավելի շատ մարդ է դիտել, քան առաջինը, որն արդեն իսկ ռեկորդ էր սահմանելՙ դիտումների առումով:

Բայց մի դրվագի վրա եկեք կանգ առնենք: Ի դեպ, հենց այդ պահին էլ տիկին Քլինթոնի ճակատին եկել-նստել էր արդեն հայտնի ճանճը: ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուն, իր մրցակից Թրամփին մեղադրում էր կոնկրետ սեռական անհանդուրժողականության մեջՙ հիշեցնելով Թրամփի ավելի վաղ արած վիրավորական հայտարարությունները կանանց մասին: Թրամփը, անցնելով, հակահարձակման, խոսել է այն մասին, թե ինչպես է տիկին Քլինթոնն իր ամուսին Բիլի սեռական ոտնձգությունները կոծկելու նպատակով տիկին Պաուլա Ջոնսին վճարել 850 հազար դոլար, որպեսզի գործը փակվի: Իրականում Հիլարի Քլինթոնն իրոք Պաուլա Ջոնսին հենց այդքան դոլար է վճարել, որպեսզի վերջինս փակի դատական գործը: Իսկ այս հանգամանքը, ըստ Թրամփի, չի խոսում այն մասին, որ տիկին Քլինթոնը կանանց իրավունքների ջերմեռանդ պաշտպան է:

Ապա Թրամփը մի շատ ուշագրավ պատմություն է ներկայացրել, ըստ այդմ տիկին Քինթոնը, երբ 1980-ականների կեսերին դեռ Արկանզաս նահանգում փաստաբանություն էր անում, պաշտպանում էր տեղի գործարաններից մեկում աշխատող բանվորներից մեկի շահերը: Վերջինս մեղադրվում էր անչափահասՙ 12-ամյա աղջնակի բռնաբարության մեջ: Թրամփն էլ ոչինչ չի ասել (միայն ասել է, որ տիկին Քլինթոնը ծիծաղում էր փոքրիկ աղջնակի բռնաբարության փաստի առնչությամբ), թողնելով, որ ներկաներն իրենք քրքրեն այս պատմությունը եւ, չնայած, մենք այնտեղ ներկա չէինք, քրքրեցինք: Պարզվում է, որ իրոք փաստաբան տիկին Քլինթոնը այդ տարիներին նման գործ ունեցել է, եւ ավելին, նրան հաջողվել է հնարավորինս մեղմ դատավճիռ ստանալ իր պաշտպանյալի համար: Բայց ուշագրավը դա չէ, այլ այն, որ երբ տիկին Քլինթոնը գործի առնչությամբ հարցազրույց է տվել լրագրողներից մեկին, որի ձայնագրությունը դեռ պահպանվում է, ասել է, որ ինքը հարցրել է իր պաշտպանյալից, թե արդյոք նա բռնաբարե՞լ է աղջնակին: Պաշտպանյալն ասել էՙ ոչ: «Ապա,- պատմում է տիկին Քլինթոնը,-ես ստիպեցի նրան ստի դետեկտոր անցնել եւ նա նստեց այդ աթոռին, որտեղ կրկնեց նույնը: Ես այդ պահից դադարեցի հավատալ ստի դետեկտորներին», ասել է տիկին Քլինթոնը, եւ ձայնագրության մեջ լսվում է , թե ինչպես են այս մտքից հետո ինքն ու լրագրողը ծիծաղում...

Իսկ գուցե ճանճը ոչ հանրապետական էր, ոչ դեմոկրատ, ոչ էլ Պուտինից ուղարկված, ոչ էլ հնդկացի՞, գուցե նա այն 12-ամյա փոքրիկ աղջի՞կն էր... Չի բացառվում, եթե չի բացառվում, որ ճանճը հնդկացի էր, ուրեմն սա էլ չի բացառվում: Չի բացառվում եւ այն, որ ԱՄՆ հաջորդ նախագահը կդառնա հենց տիկին Քլինթոնը:

Տեսնես Սպիտակ տանը ճանճերի դեմ հատուկ միջոցներ կա՞ն, համենայնդեպս դրանցից ոչ ոք, անգամ նախագահի թեկնածուներն ու նախագահները ապահովագրված չեն, մանավանդ, երբ ճանճերը սովորական չեն եւ իրականում ճանճ էլ չեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 14-10-2016

AZG Daily #3, 24-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ