RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 14-10-2016



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2016-10-17 18:15:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 3715, Տպվել է` 514, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՀԿ-ԻՑ ՄԱՐԴ Է ԴՈՒՐՍ ԵԿԵԼ, ՈՐ ՓՐԿԻ ՄԵԶ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Բոլոր նրանց, ովքեր արդեն տեւական ժամանակ ԱԺ-ում, կառավարությունում, հրապարակներում, փողոցներում, շուկաներում, գազի եւ հեռախոսի լիցքավորման վայրերում, սփյուռքի տարբեր գաղթօջախներում, եւ անգամ Ազգային գրադարանում եւ Հանրապետության հրապարակի ցայտաղբյուրների մոտ փնտրում էին այն մեկին, միակին, ով առաջ է տանելու Հայաստանըՙ դարձնելով այն բոլորիս երազած երկիրը եւ չէին գտնում, ուրախալի լուր ունեմ: Վիկտոր Դալլաքյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն: Նա հենց այդպես էլ երեքշաբթի օրը ասել է, որ հրաժարական է տալիս ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից, ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից եւ ամենակարեւորըՙ Հանրապետական կուսակցությունից է դուրս գալիս, որպեսզի մտնի ակտիվ քաղաքականություն: Եւ չնայած այդ օրը աղջիկ երեխաների պաշտպանության օրն էր, պարոն Դալլաքյանը կոչ է արել մեր երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին եւ դիվանագետներինՙ ուշադիր լինել իր հայտարարություններին, քանի որՙ «եթե ինձ կամ իմ ընտանիքի անդամներին բան պատահի, ապա դրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է», ասել է Դալլաքյանըՙ ուղղակի կամ անուղղակի պաշտպանություն խնդրելով:

Առհասարակ, երբ որեւէ մեկը նման հայտարարությամբ է հանդես գալիս, թե բա, եթե ինձ հետ, ինձ պեսՙ ոսկի մարդու հետ, արիստոտելյան գիտելիքների տեր անձնավորությանս հետ ինչ-որ բան պատահի, ապա մեղավորը Սողոմոնն է (ենթադրենք), կուտ է տալիս: Չհավատաք: Բանն այն է, որ այդ պահից սկսած միակ մարդը, ով չի ցանկանում, որ այդ մարդու գլխից մազ պակասի, հենց Սողոմոնն է, այլ կերպՙ Սողոմոնն այդ մարդուն առնում է իր հովանավորության տակ, քանի որ եթե նրան բան պատահի, մեղավորն ինքն է լինելու, եթե, իհարկե, այդ մեկը Սողոմոնի համար թանկ արժի: Ընդ որում, հասկանալի է, բան պատահելը շատ լայն հասկացողություն է, ասենքՙ կարող է պարոն Դալլաքյանը քայլի փողոցում եւ նրան ոստիկանները բերման ենթարկեն, ինչի մեջ, փաստորեն, մեղավորը Սերժ Սարգսյանը կլինի: Կամ, ինչպես ոմանք են հիմա անում ի զարմանս շատերիՙ մի փունջ վարդեր առնի եւ տուն գնա, փուշն էլ մատը ծակի, արյուն գա, ապա դրանում մեղավորը կրկին Սերժ Սարգսյանը կլինի: Մի խոսքով, ահագին բան կարող է պատահել «մի բան պատահի» ասվածի ներքո: Հետեւաբար Սերժ Սարգսյանը երեքշաբթի օրվանից պարոն Դալլաքյանին առնում է իր հովանավորության տակ, չի բացառվում, որ առանձին թիկնազոր տան, որ մարդուն հանկարծ բան չպատահի, մանավանդ, որ ձմեռը սարերի հետեւում չէ, եւ Վիկտոր Դալլաքյանը կարող է ակտիվ քաղաքականություն վերադառնալու առաջին օրերին լավ մրսել, հիվանդանալ, ինչում մեղավոր կլինի հենց Սերժ Սարգսյանը: Մեղավորըՙ այսինքն պատասխանատուն:

Ծիծաղում եք, բայց մարդը լուրջ է ասել, լուրջ էլ, հավանաբար, աշխատել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ եւ ամենայն լրջությամբ նախագահին ներկայացրել է ԱԺ-ում, ՀՀԿ-ի նիստերին էլ լուրջ դեմքով նստած է եղել, հետո էլ վերջնականապես համոզվելով, որ իր տեսակետներին, գուցե անգամ տեսակին ՀՀԿ-ում լուրջ չեն վերաբերվում, որոշել է ակտիվ քաղաքականություն վերադառնալ, խոսել (ինչպես հրավիրած ասուլիսի ժամանակ) հայության գոյաբանական ճգնաժամից, որը սկսվել է Բագրատունիների անկումից եւ լուրջ դիմադրություն ցույց տալ ՀՀԿ-ին: Եթե այդպես չէ, ապա ինչո՞ւ է հրաժարական տալիս եւ ՀՀԿ-ից դուրս գալիս: Չէ՞, եթե մի տեղ ձեր ասածին եւ ձեզ լուրջ են վերաբերվում, դուրս կգա՞ք... Եթե լուրջ մարդ եք, դուրս չեք գա, եթե լուրջ մարդ եք, ձեզ չեք անվանիՙ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, քանի որ, եթե դուք լսեք, թե ինչպես է մեկն իրեն անվանում Հայաստանի Հանրապետության օրենսդիր, թեկուզ մեջբերելով ինչ-որ մեկի ասածն իր մասին, ապա կծիծաղեք:

Բայց եկեք չծիծաղենք, համենայնդեպսՙ դեռ: Պարոն Դալլաքյանը նոր-նոր է վերադառնում ակտիվ քաղաքականություն եւ մեզ դեռ բազմաթիվ լուսավոր եւ ոչ այնքան լուսավոր ծիծաղի առիթներ են սպասվում: Ի դեպ, պարոն Դալլաքյանի խոսքերից երեւում է, որ նա առաջիկայում ապացուցելու է մեզ, որ այն, ինչը կոչվում է լուսավոր, իրականում շատ էլ մութ է, ավելինՙ խավար մի բան...

Ամեն դեպքում, եթե այս հոդվածի հետ կապված ինձ կամ իմ ընտանիքի անդամներին որեւէ բան պատահի, ապա դրա պատասխանատուն Վիկտոր Դալլաքյանը չէ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 14-10-2016

AZG Daily #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ