RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-21 21:49:18Անկախության բանակ (տեսանյութ)
2020-09-21 21:48:18Հայ թատերական կյանքը Կիլիկիայում` ֆրանսիական գրավման օրերին
2020-09-21 21:47:21Հրդեհ՝ Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում (տեսանյութ)
2020-09-21 18:15:08Կրոնավիրուսի դեմ պայքարն Արսեն Թորոսյանի կարծիքով հաջողել ենք
2020-09-21 16:09:55ԱՀ նախագահը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
#036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 14-10-2016



ՀԱՅ ԴԱՏ

Տեղադրվել է` 2016-10-17 18:15:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 4330, Տպվել է` 558, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ ՉՏԱՆՔ

Հարցազրույցը վարեց ՄԱՐԻԱՄ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ

Հայկական մամուլում տարբեր լեզուներով տպագրվել է Զորի Բալայանի «Նախիջեւանըՙ ցեղասպանության զոհ, որը տարածք չէ, այլ հայրենիք» (*) վերնագրով հոդվածը: Այն բավական մեծ արձագանք է գտել: Հոդվածում արծարծված հիմնահարցերի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում եւ կարծիք ունի ԳԱԱ ակադեմիկոս, ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

- Պարոն Մելքոնյան, որքանո՞վ են օրախնդիր այս հոդվածում բարձրաձայնված խնդիրները:

- Ես գտնում եմ, որ շատ ճիշտ ժամանակին էր այս հրապարակումը, որովհետեւ այսօր, ինչպես տեսնում ենք, մարտահրավերները վերածվել են սպառնալիքի մասնավորապես Լեռնային Ղարաբաղի խնդրով, քանի որ Արեւմուտքն ու Ռուսաստանը եւ ընդհանրապես համանախագահ երկրները փնտրում են միջոցներ խնդրի լուծման համար, եւ, ինչու չէ, կողմերից յուրաքանչյուրին, այդ թվում նաեւ մեզ, դնում է ճնշման տակ: Նկատի ունեմ Մադրիդյան չարաբաստիկ սկզբունքները, որոնք նախատեսում են մեզ համար կենսական նշանակություն ունեցող ազատագրված տարածքների վերադարձը: Մադրիդյան սկզբունքների հիման վրա ստեղծվել է Կազանի փաստաթուղթը, որը քիչ է տարբերվում նախորդ փաստաթղթից: Այն առաջին փուլով նախատեսում է հինգ շրջանների վերադարձ Ադրբեջանինՙ փաստորեն առանց որեւէ պայմանի, ու դրանից հետո խնդիրը մտնում է իբր թե լուծման նոր փուլ, իսկ հայկական կողմն իրականության մեջ չշահելով ոչինչՙ ստանում է դրա դիմաց ադրբեջանցի փախստականների վերադարձ, ապաՙ Քարվաճառում ժամանակավորապես զորքեր պահելուց հետոՙ դրանց դուրս բերում, եւ մնում է միայն Լաչինի միջանցք, ու ժամանակավոր կարգավիճակից հետո, հանրաքվեի անցկացումՙ փախստականների վերադարձից հետո, ինչը հասկանալի է, թե ինչ ելք կարող է ունենալ ադրբեջանցիների գերակշռության պայմաններում եւ թե ինչպիսի կեղծարարություն կարող է լինել, այսինքնՙ ինչպիսին տեղի ունեցավ 1923 թվականին, երբ իբր թե հանրաքվեի արդյունքում Լեռնային Ղարաբաղի հայությունը եւս քվեարկել էր հօգուտ Ադրբեջանի կազմում մնալու:

- Նախիջեւանի խնդիրն ի՞նչ աղերսներ ունի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետՙ համաձայն Զորի Բալայանի հոդվածի:

- Զորի Բալայանի վերոհիշյալ հոդվածը հետաքրքրական է այն իմաստով, որ համաշխարհային հանրության առջեւ ուղղակի բացում է մի խնդիր, թե ինչպես է հայկական մեկ այլՙ պատմական Նախիջեւան նահանգը ժամանակի ընթացքում ադրբեջանցիների վարած հակահայ քաղաքականության հետեւանքով աստիճանաբար հայաթափվել: Խոսքը վերաբերում է 19-րդ դարի ամբողջ ընթացքին, 1905-1906 թթ. հայ-թաթարական կոտորածների շրջանում հայ բնակչության բնաջնջման եւ 1918-1921 թթ. թուրքական զորքերի կողմից այն օկուպացնելուց հետո վարած քաղաքականությանը եւ մասնավորապես իբր թե ազգային կամ էթնիկ հողի վրա որոշակիՙ ինքնավար հանրապետության կարգավիճակ ստանալուց հետո, խորհրդային տարիներին հայաթափման գործընթացին, ինչպես նաեւ 1980-ական թվականների վերջերին այդ տարածքը վերջնականապես հայաթափելու միտումներին:

- Նախիջեւանի հայաթափության օրինակը չի՞ սպառնալու նաեւ Լեռնային Ղարաբաղին, եթե այն փորձ արվի վերադարձնել Ադրբեջանին թեկուզ որպես ինքնավար մարզ:

- Լեռնային Ղարաբաղի խնդիրը շատ ավելի հստակ Արեւմուտքին ներկայանում է Նախիջեւանի օրինակն աչքի առաջ ունենալով: Այսինքնՙ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կամ ինքնավար մարզի վերադարձը կնշանակի Ղարաբաղին արժանացնել նույն ճակատագրին, ինչին արժանացել է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հայությունը: Այդ տեսանկյունիցՙ ես կարծում եմ, որ մենք մեր քարոզչական գործունեության մեջ առաջին հերթին պետք է շրջանառության մեջ դնենք Նախիջեւանի խնդիրը: Նախագահ Սերժ Սարգսյանը եւս քանիցս, անդրադառնալով Նախիջեւանի խնդրին, բերել է այն օրինակը, որ Նախիջեւանը մեր աչքերի առաջ հայաթափվեց, եւ այդ նույն վտանգը սպառնում է Լեռնային Ղարաբաղին:

- Ի վերջո, ի՞նչն է ընկած Նախիջեւանի հիմնախնդրի հիմքում:

- Նախիջեւանի հետ կապվածՙ խնդիրը հետեւյալն է: Ոմանց մոտ կա այն թյուր պատկերացումը, թե Մոսկվայի 1921 թվականի չարաբաստիկ մարտի 16-ի պայմանագրով, որի երրորդ կետը նախատեսում էր այն, որ Թուրքիան Նախիջեւանը զիջում է Խորհրդային Ադրբեջանին պայմանով, որ նա այդ իրավունքը երրորդ կողմին զիջելու իրավունք չունի, այսինքնՙ եթե Ադրբեջանը ցանկություն ունենա Խորհրդային Հայաստանին զիջելու Նախիջեւանի տարածքը, ապա Ռուսաստանն ու Թուրքիան հանդես են գալու որպես «երաշխավոր» եւ կարող են դա թույլ չտալ: Այս հանգամանքից ելնելովՙ շատերը կարծում են, թե Նախիջեւանի խնդիրը մեկընդմիշտ փակված էՙ մոռանալով, որ Մոսկվայի պայմանագրից հետո 1921 թվականի հոկտեմբերին կնքվել է Կարսի պայմանագիրը, որտեղ հանվել է հենց այն կետը, ըստ որի Ադրբեջանն իրավունք չուներ այդ իրավունքը զիջելու մեկ այլ կողմի: Սա նշանակում է, որ Թուրքիային որպես երաշխավոր Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության գոյության առումով վկայակոչելն իրական որեւէ հիմք չունի: Ադրբեջանցիները պետք է իմանան, որ գործ ունեն մեր հայրենիքի մեկ հատվածի, տվյալ դեպքումՙ Նախիջեւանի հետ, եւ չի գործում Մոսկվայի պայմանագրի վերոհիշյալ երրորդ կետը, որովհետեւ դրանից հետո կնքվել է նորՙ Կարսի պայմանագիրը եւ հանվել է վերոհիշյալ երաշխավորի հանգամանքը: Եվ այսօր թուրքական զորքերը, որոնք ինչ-որ փոքրիկ գումարտակով տեղակայված են Նախիջեւանի տարածքում, միջազգային իրավունքի կոպտագույն խախտում են թույլ տալիսՙ առանց Ռուսաստանի շահը հաշվի առնելու: Սա նաեւ նշանակում է, որ այդ կետն իսկապես չի գործում, իսկ ադրբեջանցիներն իրենց իրավունք են վերապահել թուրքական զորամաս տեղակայելու Նախիջեւանում անմիջապես Հայաստանի Հանրապետության սահմանի երկայնքով:

- Պարոն Մելքոնյան, Ձեր կարծիքով, քարոզչական պայքարի առումով որո՞նք են հայության առաջիկա անելիքները:

- Կարծում եմ, որ մեր հասարակայնությունը պետք է արձագանքի համանման հոդվածներին, եւ Նախիջեւանի խնդիրը մենք պետք է մոռացության չտանք: Պիտի մոռացության չտանք նաեւ Շահումյանի, Գետաշենի, Գանձակի խնդիրները: Վերջին խնդիրը, ցավոք սրտի, մոռացության է տրվել մեր կողմից այն դեպքում, երբ ադրբեջանցիները համառորեն ոչ միայն խոսում են այսպես կոչված գրավյալ տարածքների, այսինքնՙ ազատագրված շրջանների մասին, այլեւ բուն Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքն իրենց վերադարձնելու եւ Զանգեզուրի ու Արարատյան դաշտիՙ Ադրբեջանին միացնելու անհրաժեշտության մասին, իբր թե այդ տարածքները համարվում են «Արեւմտյան Ադրբեջան» եւ հայաբնակ են դարձել միայն 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո, երբ Արաքսի աջ ափից արեւելահայությունը վերաբնակվեց եւ հաստատվեց Արարատյան դաշտում ու Նախիջեւանում, եւ իբր դրանից հետո այնտեղ հայտնվեցին հայեր, մինչդեռ նրանք իբրեւ տեղաբնիկներ այնտեղ ապրել են, իսկ նախիջեւան բառն ինքնին հուշում է իր հայկականության մասինՙ Նոյի առասպելի ժամանակներից սկսած:

- Կարծում եմ, տեղին էր Ձեր արձագանքը Զորի Բալայանի հոդվածում բարձրացված հարցադրումների վերաբերյալ: Մեր հասարակայնությունը պետք է ծանոթ լինի հայությանը մտահոգող այս խնդիրների առիթով անվանի մտավորականների եւ հասարակական -քաղաքական գործիչների տեսակետներին:

*) «Ազգ»ում հոդվածը տպագրվել է 2016 թ. հոկտ. 7-ի համարում:

Նկար 1. Նախիջեւանի Երնջակ գավառի Ապրակունիս գյուղի մոտ գտնվող Սուրբ Կարապետ եկեղեցին` մինչ ավերվելը

Նկար 2. Ակադ. Աշոտ Մելքոնյան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 14-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ