Բազմիցս լսել ենք, բոլորս. «Մեր երկրին պետք է համակարգային փոփոխություն»: Քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, լրագրողներ- ով չի ալարելՙ կրկնել է այս խոսքը, ոմանքՙ անկեղծորեն, ուրիշներ որպես դժգոհության արտահայտություն գործող իշխանության դեմ, այլքՙ հենց այնպես, որպես խորիմաստ խոսք: Սակայն ոչ ոք, գոնե իմ իմացությամբ, ջանք չի թափել բացատրելու, թե ի՞նչ է հասկանում այդ խոսքի կամ պահանջի տակ, ի՞նչ մոդելով, ինչպես եւ ինչով պետք է իրականացնել այդ փոփոխությունը:
Կարծում եմՙ այս պարագայում ոչ թե չկամենալու, այլ չկարողանալու խնդիր կա: Համակարգային, այն էլՙ պետակա՛ն համակարգի փոփոխությունը ենթադրում է տեսական ու գործնական բազմաթիվ տվյալների, նախապես փորձարկված տարբեր մեթոդների, դրանցՙ տեղական պայմաններին եւ ավանդույթներին պատշաճեցնելու համադրում եւ հմտություն: Իսկ մեր իրականության մեջ նման բաների համար պատվեր իջեցնողը բացառաբար կառավարությունն է լինում, որին միշտ թվացել եւ թվում է, որ ինքը ամեն ինչ գիտի, անգամ պետական համակարգի եւ այն փոխել-չփոխելու մասին:
Այս հարցում, դժբախտաբար, բոլորովին շփոթ ու խառնակ են հասարակության պահանջները կամ ձգտումները: Մեր հասարակության մեծ մասին թվում էՙ եթե փոխեցիր կառավարման վերեւի օղակին, ապա ամբողջ շղթան կփոխվի, եւ կգա նորը, որը հաստատապես ավելի լավը կլինի… Այլ խոսքովՙ հեղափոխականությունը դեռեւս իշխում է մեր ժողովրդի մտածողության մեջ:
Անշուշտ, ես նույնպես մասնագետ չեմ եւ չեմ կարող համակարգային անհրաժեշտ փոփոխությունների շուրջ կարծիք հայտնել: Եվ անշուշտ, ես նույնպես, շատ-շատերի պես, կարող եմ պարզապես մատնանշումներ անել կառավարման ասպարեզում տիրող վիճակի եւ հետեւանքների մասին, որոնցից կարող եմ առանձնացնել առաջնահերթ փոփոխության ենթակա երկու կետ.
ա) Պետք է օր առաջ ձերբազատվել կառավարման այն ձեւից, երբ վարչապետը, նախարարը կամ մարզպետը ամբողջությամբ կախյալ են վերին իշխանությունից, այսինքն նախագահից, հետեւաբար լրիվ տերը չեն իրենց ստանձնած պարտականություններին ու պատասխանատվությանը:
բ) Այս դրության որպես ածանցյալՙ պետական ոչ մի պաշտոնյա հաշվետու չէ հանրության առաջ, այլ միայնՙ իրեն պաշտոնի նշանակողին եւ ազատողին: Այս պարագայում չի գործում հանրային կարծիքը ազատ քվեարկությամբ արտահայտելու մեխանիզմը:
Անշուշտ կարելի է առարկել, որ հենց նման կարգից ձերբազատվելու համար այժմ ունենք նոր Սահմանադրություն, վարչապետական ղեկավարման նոր դրություն, որը կոչված է փոխելու իրավիճակը:
Հազիվ թե: Քանզի վարչապետական ղեկավարման դրությունը, ամենայն հավանականությամբ, գալու է նախագահական ներկայիս դրությունը փոխարինելու կուսակցապետականով: Իսկ կուսակցությունները մեր երկրում, շատ քիչ բացառությամբ, չեն ղեկավարվում ժողովրդավարական սկզբունքով, այլՙ անհատներով, կուսակցապետով:
Հետեւաբար համակարգային փոփոխությունը մեր պետության մեջ, գեթ առայժմ, սկսվում եւ ավարտվում է փոփոխության համակարգով:
Վկա՛ վարչապետների փոփոխության ներկայիս ընթացակարգը: