RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#028, 2016-07-22 > #029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 19-08-2016



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2016-08-18 23:37:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 5527, Տպվել է` 448, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓՈՂԻ ՊԵՍ ՕԴ Է ՊԵՏՔ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Դուք գիտե՞ք սա ինչ ժողովուրդ է: Հերոսական, թշվառ, հինավուրց եւ փառավոր անցյալը, Նարեկացուն, Ավարայրը, Տիգրան Մեծին դրեք մի կողմ, ավելի ճիշտՙ թող մնան պապենական հողերում: Այսօր, այստեղ, դուք գիտե՞ք ինչ ժողովուրդ է: Նկատի ունեմ նրանց, ովքեր լավը չեն տեսնում, ինչ լավ բան անում եսՙ վատ են հասկանում, համատարած տրտունջ են տարածում, ոչ մեկին չեն սիրում: Այդ ժողովրդին նկատի ունեմՙ ձեր կարծիքով այդ ժողովրդին ճանաչո՞ւմ եք, եթե ընտրվել եք նրանց կողմից, պետք է որ ճանաչեք, եթե իհարկե ընտրվել եք, եթե, անշուշտ, նրանց կողմից եք ընտրվել: Այս ժողովուրդը դեռ տնակում է ապրում, օրինակՙ ծանրամարտից արծաթե մեդալ բերած Գոռ Մինասյանը: Ես չգիտեմ, ինչի՞ մասին էր մտածում Գոռըՙ հսկա ծանրաձողը բարձրացնելիս, ի՞նչ էր նրան ուժ տալիս. հայրենի Գյումրու հողն ու ջո՞ւրը, թե՞ հայրենի Գյումրու անշուք եւ փոքրիկ վագոն-տնակում այլեւս չապրելու երազանք-փափագը: Դժվարությունը, տառապանքը մարդուն կարող է ուժ տալ, բայց կարող է վերցնել նրանից ուժի վերջին մնացորդները նաեւ: Գոռին տվել է, բայց դա չի նշանակում, որ բոլորին է տալու: Դա չի նշանակում, որ նույն Գյումրու օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան կիսավեր մարզադպրոցում ըմբշամարտ պարապող երեխաները չեմպիոն են դառնալու, եւ կամ օլիմպիադայի են մասնակցելու: Եթե չեմպիոն դառնան էլ, ապա մի 20 տարի հետո: Նման դպրոցներում մարզիկ աճեցնող երկիրը լավագույն դեպքում 20 տարին մեկ է չեմպիոն տալիս, անկախ նրանից, թե քանի՞ «Նիվա» մակնիշի մեքենա կա կանգնած Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի ավտոտնակներից մեկումՙ նվերի ժապավեններով եւ մեքենաներից ավելի թանկՙ առյուծների քանդակների ներքո:

Գուցե մեզ մոտ 80-ականները ապրելակե՞րպ են: Ասենքՙ չենք ուզում դուրս գալ այդ տարիներից, էլի ամեն բան որոշում է կուսակցությունն ու Մոսկվան, զենքըՙ 80-ականների է, մարզադպրոցներըՙ 80-ականների, մտածելակերպըՙ 80-ականների, անգամ Երեւանից Բաթում տանող ռուսական կառավարմանն հանձնված երկաթգծի գնացքն է 80-ականների է եւ մի քիչ ամոթով է կանգնում Բաթումի կայարանում, Բաթումի-Թբիլիսի ժամանակակից, երկհարկանի արագընթաց գնացքի կողքին, որը հասնում է Թբիլիսի եւ հետ գալիս ճիշտ այնքան ժամանակում, որքանում մեր գնացքը դեռ Թբիլիսի տանող ճանապարհին է:

Մենք հետամնաց չենք, բայց հետ ենք մնացել, ավելի ճիշտ նրանքՙ ովքեր Հայաստանում են մնացել, հետ են մնացել, անգամ եթե ամենավերջին թողարկման հեռախոսն են բռնումՙ նոր-նոր արտադրված մեքենայի ղեկին, կուբացի սենյոր Խորխեի հենց նոր պատրաստած սիգարըՙ ատամներով սեղմած:

Տարածաշրջանի՞ց է, իշխանությունների՞ց է, մեզանի՞ց է: Համենայնդեպս իշխանությունն ասում էՙ տարածաշրջանից է, տարածաշրջանն ասում էՙ ձեզանից է, մենք ասում ենքՙ իշխանություններից է, եւ շրջանը փակվում է, մեծ-մեծ, պես-պես դղյակների ամուր դարպասների պես, որտեղ ապրում են նրանք, որոնց էլ հարցնում եմՙ դուք գիտե՞ք սա ինչ ժողովուրդ է: Հա, փաստորեն, գիտեք, ընտրություններին տեսել եքՙ մի անգամ, երբ իջեցրեցիք ձեր մեքենայի պատուհանը, քանի որ սենյոր Խորխեն, ճիշտ է, լավ սիգարագործ է, բայց դե անիծյալը շատ թունդ է, մեքենայում շնչելու օդ չկա:

Մաքուր օդ է պետք, ավելի շատՙ քան 5 հազար դրամը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 19-08-2016

AZG Daily #47, 14-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ