RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#026, 2016-07-08 > #027, 2016-07-15 > #028, 2016-07-22 > #029, 2016-07-29 > #030, 2016-08-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 22-07-2016



Տեղադրվել է` 2016-07-21 23:52:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 3754, Տպվել է` 302, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՆՔ ԵՎ ԺԱՆԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ ...«Եւ» Ժան Բոդրիար

Ժանըՙ ֆրանսիացի է, ազգանունըՙ Բոդրիար, մասնագիտությամբ սոցիոլոգ, մշակութաբան, փիլիսոփա: 20-րդ դարի Ֆրանսիայի հայտնի փիլիսոփաներից մեկը:

Մենք Ֆրանսիան եւ ֆրանսիացուն հարգող-սիրող ազգ ենք, ինչպես հաճախ էր իր ելույթներում եւ ուղերձներում շեշտում Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզինՙ ֆրանսիացիների «քույր» ազգն ենք ու որպեսզի Սարկոզիին չմեղադրեն հայ ժողովրդին վիրավորելու մեջ, ասեմ, որ իրականում նա ասում էր, որ Հայաստանն ու Ֆրանսիան քույրեր են, այսինքն միայն Հայաստանը չէ, որ քույր է: Ինչեւէ:

Ժամանակին, Ժան Բոդրիարը մի այսպիսի բան է գրել, որը հիմա բառացի կմեջբերեմ. «Բռնության եւ ահաբեկչության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրանք գաղափարապես արդարացվում ենՙ որպես այս կամ այն բարի նպատակին հասնելու միջոց: Որպես այդպիսի նպատակ կարող է հանդիսանալ, օրինակ, ժողովրդի, ազգի, կամ ինչ-որ դասի բարեկեցությունը: Արդարացնելով ահաբեկչությունըՙ որպես անհրաժեշտ գործողություն, դրա կողմնակիցները փորձում են ապացուցել, որ բռնության ակտը հանցագործություն չէ, երբ այն կատարվում է ի հակակշիռ պետության կամ այլ արտաքին, ներքին ուժին, որը սահմանափակում է ազատությունը: Այսպիսով արդարության վերականգման գաղափարը հանդիսանում է ահաբեկչության արդարացումըՙ դրա սուբյեկտների տեսակետով: Բռնությունն արդարացնելով արդարության գաղափարովՙ ահաբեկիչները պահանջում են, որ հասարակությունն ընդունի իրենց գործողությունները: Այս համատեքստում ահաբեկչության մեջ բռնության առանձնահատկությունը դրա հակալեգիտիմությունն է: Սովորաբար հանցավոր բռնությունը ամբողջությամբ օրենքից դուրս է, հակալեգիտիմ է եւ հենց այդպես էլ ընդունվում է հասարակության կողմից: Ահաբեկչության ֆենոմենըՙ որպես հասարակական երեւույթ այն է, որ այն դուրս է գալիս լեգիտիմ բռնություն-ոչ լեգիտիմ բռնություն հակադրությունից, ոչնչացնում է այդ հակադրությունը, իրականացնելով հակալեգիտիմ բռնությունՙ ուղղված իրավական դաշտի փլուզմանը: Սա բռնություն էՙ ուղղված ոչ այնքան կոնկրետ անձանց դեմ, որքան հասարակության եւ պետության դեմ առհասարակ, բայց միեւնույն ժամանակ, որքան էլ պարադոքս լինի, պահանջում է զոհ դարձած հասարակությունիցՙ արդար ճանաչել իր գործողությունները, իր լեգիտիմությունըՙ պետական իշխանություն կրողների կողմից իր այս կամ այն պահանջը կատարելու եղանակով... Ահաբեկչության պարադոքսալ էությունը կայանում է նրանում, որ դրա սուբյեկտները իրենց ազատության եւ արդարության համար պայքարում (որպես բարձրագույն արժեքներ, իդեալ նշվում է նաեւ հոգու ազատությունը, մարդու բնական իրավունքները, անկախությունը), բռնություն կիրառելով նրանց հանդեպ, որոնք համարում են իրենց թշնամիները ոչ միայն չեզոքացնում են մարդկանց ազատությունը, այլեւս կորցնում են իրենց ազատությունը: Մինչդեռ իրական ազատությունը եւ բռնությունը ոչ միայն հակասում են իրար, այլեւ մերժում են միմյանց...»:

Սա ասել է Ժան Բոդրիարը եւ հասկանալի է, որ ոչ Հայաստանի մասին, անգամ ավելի վաղ, քան ֆրանսիական Նիցցայում ահաբեկչություն եղավ: Ասել է ոչ թե կոնկրետ ինչ-որ ահաբեկչության մասին, այլ ընդհանուրՙ բոլորի մասին, անկախ նրանից, թե որտեղ է կատարվում, ով է անում, ում դեմ է անում:

Բայց պատկերացնենք, որ Ժան Բոդրիարը սա ասել է կոնկրետ Էրեբունու դեպքերի մասին (որոնք դեռ պետք է ապացուցել, որ ահաբեկչություն էին): Ի՞նչ կասեինք մենք: Այս օրերին մի քիչ թրծված լինելով հատկապես սոցիալական ցանցերի հայ օգտատերերի գրառումներից, եզրակացնում եմ, որ Ժանին մերոնք կպատասխանեին այսպեսՙ «Ժանը Հայաստանի իրականությունից հեռու է եղել դա գրելուց: Ժանը հոտ չի քաշել ոստիկանի քրտնած համազգեստից: Ու առհասարակ կապ չունեն այդ մտքերը Հայաստանի այսօրվա իրականության հետ: Նույն հաջողությամբ կարող էիք մեջբերել մի պատմությունՙ Ժակ Իվ Կուստոյի ստորջրյա արկածների մասին»:

Չէ, իհարկե, այն ինչ գրել է Ժան Բոդրիարը պարտադիր չէ, որ օբյեկտիվ լինի, առավել եւս Հայաստանի հետ կապ ունենա, մանավանդ որ այն ինչ տեղի է ունեցավ Հայաստանում, դեռեւս ապացուցված չէ, որ կապ ունի ահաբեկչության հետ: Առհասարակ Բոդրիարի մասին կարեւոր է իմանալ նաեւ, որ նա մեծացել է ծառայողի ընտանիքում եւ նրա հայրը, ավագ Բոդրիարը, հավանաբար պատմել է իր որդուն, թե ինպես են «մի խումբ զինված մարդիկ» փորձում ահաբեկել պետությունը եւ ինչպես ինքն ու իր ընկերները դա թույլ չեն տալիս: Բայց, խնդիրն այն է, որ այն ինչ ասում է Բոդրիարը ահաբեկչության մասին, որպես երեւույթի, որպես մեր ժամանակների բոլոր պետությունների եւ ժողովուրդների թշնամու, ճիշտ է ասում: Եւ որպեսզի ահաբեկչության մասին ճիշտ բաներ ասես, պարտադիր չէ հայ ոստիկանի համազգեստից հոտ քաշես, մանավանդ որ Հայաստանում եղածը ահաբեկչություն չէր: Թե՞ էր...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 22-07-2016

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ