RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
#026, 2016-07-08 > #027, 2016-07-15 > #028, 2016-07-22 > #029, 2016-07-29 > #030, 2016-08-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 22-07-2016



ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ

Տեղադրվել է` 2016-07-21 23:52:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 4741, Տպվել է` 309, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԻՆՉՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԽՏԸ ՉԻ ԲԵՐՈՒՄ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՐՑՈՒՄ»

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Ռուսահայության պասիվության վերաբերյալ Հայաստանում հնչող դժգոհությունները ինչ-որ տեղ հիմք ունեն: Սակայն այդ երեւույթը բացատրելի է. խորհրդային տարիներին որեւէ ազգային կյանք Մոսկվայում թե առհասարակ Ռուսաստանում բացառված էր, չկային ազգային-կրթական-հասարակական կազմակերպություններ, մամուլ, գրեթե ձեւական էր եկեղեցու ներկայությունը: Որպես կանոն այն տարիներին Ռուսաստանում ծնված հայը չգիտեր մայրենի լեզուն, իր ժողովրդի պատմությունը, նրա նկարագիրը եւ այլն: Ուծացումը իր չար գործն էր կատարում զանգվածային խառն ամուսնությունների միջոցով: Ռուսը ռուսահայի համար օտար չէր, ինչպիսին կարող էր լինել եվրոպացին, ամերիկացին, արաբը կամ պարսիկը: Մեկ պետության կազմում էինք: Ի դեպ, դրա հետ մեկտեղ ռուսահայը հպարտանում էր, որ իր հայրենիքը միասնական երկրի աչքի ընկնող հանրապետություններից էրՙ զարգացած էկոնոմիկայով, ազգային հարուստ կյանքով, գիտությամբ, արվեստով, բարեկեցությամբ: Ամենատարբեր ասպարեզների հայազգի վառ անհատականություններ մեծ դեր էին խաղում խորհրդային երկրի կյանքում:

Ռուսաստանի «անկախացումից» հետո իհարկե շատ բան է փոխվել ռուսահայության կյանքում, իրոք ստեղծվում են վերոնշյալ ազգային կառույցները, եւ այդ իմաստով այստեղ ամենաակտիվ դերակատարությունն ունեն ռուսաց երկիր արտագաղթած նախկին հայաստանցիները: Սակայն ժամանակ է պետք իսկական լիարժեք ազգային համայնք ստեղծելու համար:

Բնականաբար, արտագաղթած այս մարդկանց համար Հայաստանը վերացական «հայրենիք» չէ, եւ նրանցից շատերը պատրաստ են օգտակար լինել նրան իրենց հնարավորությունների սահմաններում: Մի կողմ թողնելով ակադեմիական խորհրդածությունները, կուզենայի պարզ մի օրինակ բերել ի հաստատումն այն բանի, որ ռուսահայություն-հայրենիք փոխհարաբերությունների ներկա «պասիվության» մեջ մեղքի հսկայական բաժին ունի ներազգային երկրորդ սյուբյեկտը, ավելի կոնկրետՙ նրա քաղաքական-տնտեսական վերնախավը:

Նախկին հայաստանցի մոսկվաբնակ ծանոթ մի բիզնեսմեն Ռուսաստանում իրեն հաստատելուց հետո որոշել էր իր հայրենի գյուղում անասնապահական ֆերմա բացել: Բիզնեսը-բիզնես, բայց նրան ավելի շատ ոգեւորում էր այն հանգամանքը, որ իր բարեկամներից ,հարեւաններից, ընկերներից գոնե մի 10-15 հոգի կայուն աշխատանք կունենան ու չեն տառապի արտագաղթացավով (իր նման): Ասիական երկրներից մեկում փնտրել-գտել էր արագ աճող մի անասնատեսակ եւ համոզված էր, որ այդ պարագան եւս կնպաստի գործի հաջողությանը:

Մոտ 10 օր Հայաստանում հանգրվանելուց հետո (գործերի բերումով նա տեւական ժամանակ չէր եղել այնտեղ), նա վերադարձավ անասելի հուսախաբությամբ ու մեծ դառնությամբ: Պատկերացնո՞ւմ ես, պատմում էր նա, հենց առաջին օրից Հայաստանում ինձ ուղեկցում էր տարակուսանքը. երբ գյուղապետին ներկայացրի իմ ծրագրերը, ինձ թվում էր, որ նա էլ ոգեւորություն կապրի: Սակայն պետք էր միայն տեսնել նրա ոչինչ չասող հայացքը: Հետո միայն գլխի ընկա, որ նա արդեն միացրել էր իր ուղեղը հաշվելու համար, թե անձամբ ինքն ինչ կունենա այդ գործարքից: Գործարարը գյուղի կողքը համայնական ժամանակներից մնացած մի անտեր կիսաքանդ շինություն էր գտելՙ համապատասխան հողատարածքով, որը զգալի շտկումներից հետո կարելի էր ֆերմա դարձնել:

Սակայն ամենաարտառոցը դեռ առջեւում էր, շարունակում է բիզնեսմենը: Մեկ շաբաթվա ընթացքում գյուղապետը երեք տարբեր գին առաջարկեց, իհարկե, վերընթաց զարգացումով: Ընդ որում, միանգամայն կամայականորեն, չվկայակոչելով ոչ մի իրավական փաստաթուղթ, որեւէ պետական գնացուցակ: Սա էլ դեռ ոչինչ. պայման դրեցՙ որպեսզի գյուղացիների առաջ արդարանա, թե ինչու է ինքը հողակտորը վաճառել «օտարականի», ես պիտի իմ միջոցներով հիմնանորոգեի գյուղի դպրոցի շենքը: Ահա եւ մտածում ես, եթե այս ստորին օղակում է ծաղկում ապրում կոռուպցիան, բացակայում պետական տարրական կարգուկանոնը, ապա ի՜նչ կարելի է սպասել, երբ գործ ունենաս մարզպետի, նախարարի, հարկայինի, ոստիկանության հետ: Ներհայաստանյան կոռուպցիայի մասին շատ էի լսել, սակայն այլ է, երբ երկիրը քայքայող այդ գարշելի երեւույթի հետ առնչվում ես անմիջականորեն: Հավատա, ես գյուղի դպրոցը սիրով կվերանորոգեի, ախր ես էլ եմ սովորել այնտեղ...

Լրագրողիս այն հարցին, թե Հայաստանում հրեշավոր կոռուպցիայից հետո էլ ինչն է առավելագույնս «տպավորել» զրուցակցիս, նա անվարան մեկ պատասխան տվեցՙ համընդհանուր ատելությունը ընդհանրապես երկրի ղեկավարության ու հատկապես նրա լիդերների նկատմամբ: Գիտես, խորհեց նա, երեւի աշխարհում շատ քիչ պետություններ լինեն, որտեղ այդ նսեմ զգացումը այդքան բացահայտ լինիՙ դարձած համոզմունք:

Մի խորհուրդ կտայի ձեր թերթին, «եզրափակեց» գործարարը: Ես քաղաքագետ չեմ, գործի մարդ եմ, ավելի հաճախ հայրենիքում լսում էի նույն հարցըՙ ինչու մեր անկախ երկրի բախտը չի բերում ղեկավարի հարցում: Երեք նախագահ, որոնց գործունեության արդյունքը բոլոր առումներով ողորմելի ներկան էՙ հուսախաբ արտագաղթող ժողովրդով: Ձեր թերթի ընթերցողների շրջանում հարցում անցկացրեք նշված հարցի շուրջ, թող նրանք բացահայտեն այս եզակի հայկական «անբախտության» էությունը: Միգուցե մենք միշտ ենք մեր հեզությամբ ու անատամությամբ այնքան անբախտ եղել, որ ցեղասպանություն էլ ենք ապրել:

Թե՞ էլի... ռուսներն են մեղավոր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 22-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ