High Tech, Microsoft, IBM, Internet, Software, Hardware եւ նման բառերն ու բառակապակցությունները որքան գրավիչ, այնքան մոդայիկ են մեր հասարակության մեջ այսօր: Ինտերնետը շատ շատերի համար դարձել է ամենօրյա, իսկ երեխաների ու պատանիների համարՙ ամենպահյա ուղեկից, գործիք եւ…. խաղալիք: Խորհրդարանի եւ կառավարության նիստերում յուրաքանչյուրի առջեւ մի քանի տարի է արդեն համակարգիչ կա զետեղված, նույնըՙ յուրաքանչյուր հիմնարկի ու հաստատության տնօրենի ու, դարձյալ մոդայիկՙ բայց դեռ լրիվ չըմբռնված բառովՙ մենեջերի սեղանին, անկախ այն բանից, թե ինչպես են նրանք օգտվում կամ օգտագործում այդ գործիքները: Կար ժամանակ, երբ այդ մարդկանց մեծ մասը համակարգիչն օգտագործում էր, ինչպես ասում են, «շառիկ գլորելու» կամ «սեքս նայելու» համար: Իսկ այսօր, մեծամասամբ, դրանք օգտագործվում են նորություններ իմանալու, նամակ կամ հաղորդագրություն կարդալու նպատակով, կամ որպես հուշարար (memo):
Այսուհանդերձ, այժմ ունենք նաեւ հիմնարկներ ու կառույցներ, պետական թե մասնավոր, որոնք ինտերնետն օգտագործում են իրենց գործերն ու գործունեությունը կառավարելու համար: Եվ բավական արդյունավետ կերպով: Ավելինՙ ունենք կազմակերպություններ եւ ընկերություններ, որոնք հաջողությամբ լծված են տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) զարգացման, ավելի ճշգրիտՙ արտադրական կարողությունների ստեղծման գործին: Եվ ըստ պաշտոնական տվյալներիՙ այդ բնագավառում աշխատողների թիվն արդեն հասնում է 13 հազարի, մեծամասամբ երիտասարդ ծրագրավորողներ:
Բարեբախտաբար այս հարցում ձեռնածալ չի մնում նաեւ կառավարությունը, որ 2014 թ.ից սկսյալ աջակցում ու հովանավորում է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման ջանքերը գործնապես, անցկացրել է համապատասխան օրենք, անդրազգային մեծ ընկերությունների հետ ստորագրել համագործակցության պայմանագրեր, կազմակերպել է ցուցահանդեսներ, ապահովել է ՏՏ ոլորտին նվիրված միջազգային գիտաժողովներին հայկական կազմակերպությունների մասնակցությունը, նույն ուղղությամբ երիտասարդների որակավորումը:
Եվ ինչպես նման պարագաներում է լինում, բարենպաստ պայմաններից օգտվելու նախաձեռնություններ են երեւան եկել մասնավոր սեկտորում, ինչպիսին է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի նախագահ Ռուբեն Վարդանյանի ծրագիրըՙ սկզբնական 10 մլն դոլարի ներդրմամբ առաջիկա 50-10 տարում զարգացնելու ՏՏ համալիրը Հայաստանում (Fast):
Այսուհանդերձ, դրական այս բոլոր տեղաշարժերի մեջ, գոնե ներկա պահին եւ հատկապես այսպես կոչված քառօրյա պատերազմից հետո, նկատվում է հախուռն, բայց մակերեսային մոտեցում, ամբողջ ոլորտը, նրա գաղափարաբանությունը, փիլիսոփայությունը եւ մեր երկրի համար դրա կիրառման առանձնահատկությունները ճիշտ կամ խորությամբ չհասկանալու միտումներ, որոնց շարունակման պարագայում մենք կունենանք հակառակ արդյունքներ, որոնցից է, օրինակ, կենտրոնացումը ծրագրաշարերի (chip) արտահանման վրա, որը, ճիշտ է, եկամուտով ապահովում է ազգաբնակչության մի փոքր խմբի, սակայն սպառնում է կախվածության մեջ դնել մեր երկիրը, ինքնասահմանափակվել, ընդհուպՙ ինքնախեղդվել:
Թե կրկնակի ու եռակի շրջափակման մեջ գտնվող մեր երկրի զարգացման համար ինչ նշանակություն ունեն բարձր տեխնոլոգիաները (high tech), եսՙ ոչ մասնագետս չէ, որ պիտի ասեմ: Դրա նշանակությունը շատ լավ էին զգացել դեռեւս Խ. Հայաստանի ղեկավարները 70-ական թթ.ի կեսերին, երբ մեզ չէր սպառնում ոչ մի շրջափակում: Նրանք, հատկապես բարեհիշատակ Կարեն Դեմիրճյանի թիմը, եզրակացրել էին, որ Հայաստանի ապագայի համար անհրաժեշտ է հետզհետե երկիրը բեռնաթափել քիմիական ու ծանր արդյունաբերությունից եւ որդեգրել նոր տեխնոլոգիաները, որոնք, այդ թիմի իսկ բնորոշմամբ, աշխատատար են, քիչ էներգատար, քիչ նյութատար եւ շատ դյուրատար: Նրանք այդ ուղղությամբ ձեռնարկեցին ուշագրավ քայլեր, որոնց պսակը դարձավ հանրահայտ «Մերգելյան» ինստիտուտը, որն այն ժամանակվա «հաշվիչ մեքենաներն» էր արտադրում, այսինքն մերօրյա համակարգիչների նախատիպերը:
Անշուշտ, սովետական գաղափարախոսության պայմաններում, ներ- եւ միջ- հասարակական հաղորդակցության խիստ սահմանափակման, կենտրոնացյալ տնտեսության պարտադրանքների ներքո անհնար էր ՏՏ ոլորտի զարգացումը մեր երկրում, ինչպես Սովետ Միության ողջ տարածքում: Բայց այն ժամանակվա մեր պետական այրերի տեսլականը, հայրենասիրական մղումները այսօր նույնպես պետք է օրինակելի լինեն մեզ համար: Նրանցը ճիշտ գիտակցված հաշվարկ էր, որը ճշմարիտ է մանավանդ մեր օրերում:
Ուստի, այսօր, Հայաստանում, կառավարություն եւ մասնավոր հատված, առավելագույն լրջությամբ եւ գիտությամբ պետք է զբաղվեն ՏՀՏ ոլորտի զարգացման խնդիրներով, առանց միմյանց խանգարելու, առանց ցուցադրականության եւ առանց ինքնաբավարարվածության դրսեւորումների: Մենք առնվազն 30 տարով հետ ենք մնացել միջազգային զարգացումներից: Եվ հայկական «կամաց-կամացը» այլեւս կործանիչ է մեզ համար: