RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
#023, 2016-06-17 > #024, 2016-06-24 > #025, 2016-07-01 > #026, 2016-07-08 > #027, 2016-07-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 01-07-2016



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2016-06-30 23:46:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 3860, Տպվել է` 227, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՂԱ՞ Է ԳԱԼԻՍ ԷՐԴՈՂԱՆԸ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

«Ինչու ներողություն խնդրեց Էրդողանը» հարցը այս օրերին ամենատարածվածն է ռուսաստանյան լրատվամիջոցներում: Ռուսական ռազմական ինքնաթիռը Սիրիայում խփելուց հետո անցած յոթ ամսում թուրքերի ղեկավարը ներողություն խնդրելու ռուսների պահանջը եզակի հաստակողությամբ անտեսելուց հետո անսպասելիորեն ոչ միայն դիմեց այդ քայլին, այլեւ Պուտինին ուղղված իր ուղերձում Ռուսաստանին անվանել էր «բարեկամ եւ ստրատեգիական գործընկեր»: Եթե հիշում եք, թիկունքից հարված հասցնելու օրերին, ռուսաց նախագահը Թուրքիայի ղեկավարությանը մեղադրեց մի պետության մի մանրամասն լիզելու մեջ: Այս անգամ Էրդողանը իր այդ քծնական նամակով թրքաբար լիզել էր ռուսների մի տեղը: Արդեն չէր կարող չկատարել ռուսների առաջադրած պայմանըՙ ներողություն խնդրել ու փոխհատուցել կորուստները:

Երկու գլխավոր պատճառ են տեսնում ռուս վերլուծաբանները այդ նահանջի մեջ: Առաջինը քրդական գործոնն է: «Էրդողանի արարքի հիմնական դրդապատճառը, գրում է ռուսական թերթերից մեկը, Սիրիային առնչված թուրքական քաղաքականության արմատական փոփոխությունն է, ինչը հետեւանք է ԱՄՆ-ի փոփոխական դիրքորոշման: Բանն այն է, որ եթե Ամերիկան մինչ վերջերս միանգամից խաղում էր երեք դաշտում, ապա վերջին մի քանի ամիսներին նա վերջնականապես կողմնորոշվել եւ Մերձավոր Արեւելքում իրեն գլխավոր դաշնակից է ընտրել քրդերին»: Բնականաբար, Թուրքիային բացարձակապես ձեռնտու չէ, որ սիրիացի քրդերը ինքնավարություն ստանան, էլ չենք ասում ավելիի մասին: Եվ եթե Սիրիայի քրդերը առանձնապես «մտերիմ չեն» Իրաքի իրենց ցեղակիցների հետ, ապա սերտ հարաբերությունների մեջ են Թուրքիայի իրենց հայրենակիցների հետ: Եվ հաջորդ քայլը կլինի թուրքական Քրդստանի ինքնավարության կամ անկախության ճանաչման հարցը, ինչը Թուրքիայի համար կնշանակի միասնական պետության տրոհման սկիզբ: Ստացվում է, որ ամերիկացիների հետ ունեցած դաշնակցային հարաբերությունները Սիրիայի պատերազմում շահաբաժիններ չբերեցին թուրքերին: Եվրոմիությունը խրվել է իր ներքին խնդիրների մեջ, եւ Թուրքիան նրան հետաքրքիր չէ: ԵՄ մտնելու շանսերը զրոյական են: Գերմանիան հրապարակավ ճանաչեց թուրքերի ոճրագործությունը: Բարվոք չեն հարաբերույունները Իրանի հետ: Բոլորի դեմ մարտնչել Թուրքիան չի կարող: Ռուս զինվորականները իրենց պահանջներն են առաջադրումՙ փակել թուրք-սիրիական սահմանը, ռազմական, նյութական աջակցություն ցույց չտալ իսլամիստներին, ահաբեկիչներին: Ահա եւ թակարդն ընկած Էրդողանը փորձում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, առանց որի նա արդեն շատ բան չի կարող անել:

(Ի դեպ, Հայաստանում շատերին թվում է, թե պետությունների միջեւ դաշնակցային հարաբերությունների դեպքում երկու սուբյեկտները, ժողովրդական լեզվով ասած, կյանքներն էլ չպիտի խնայեն միմյանց համար: Հասկանալի է ինչ նկատի ունենք: Սակայն նույնիսկ դաշնակցային հարաբերությունների առկայության պարագայում էլ ամեն մի պետություն, էլ չենք ասում մեծի ու փոքրի մասին, առաջնորդվում է իր ազգային շահերի գերակայության սկզբունքով: Կոնկրետ իրավիճակում ամերիկացիները ի հեճուկս դաշնակից թուրքերի, ոչ միայն զինում են սիրիացի քրդերին, այլեւ ղեկավարում են նրանց ռազմական գործողությունները, ինչից, իհարկե, թուրքերը երջանկության պահեր չեն ապրում: Այսպիսին է մեծ քաղաքականությունը եւ նրա բարոյազուրկ յուրահատկությունների հետ պետք է հաշտվել):

Էրդողանի ներողության երկրորդ գլխավոր պատճառը առնչված է Թուրքիայի տնտեսությանը: «Թուրքիային հասցված մեր տնտեսական հարվածը ամենաարդյունավետն էր, ասում է սենատոր Կոնստանտին Կոսաչովը: Էրդողանը չէր սպասում նման վճռականություն Պուտինի կողմից: Թուրքական ծովափերը առանց ռուսաստանցիների եւ Ռուսաստանում բազմաթիվ շինօբյեկտները առանց թուրքերի շատ ավելի տպավորիչ են, քան որեւէ այլ ռազմական կամ քաղաքական սպառնալիք»: Թուրքական զբոսաշրջային տնտեսությունը միլիարդների հասնող կորուստներ կրեց ոչ միայն այն պատճառով, որ 90 տոկոսով կրճատվեց ռուս զբոսաշրջիկների հոսքը: Անվտանգության նկատառումով գերմանացիների քանակն էլ կրճատվեց 30 տոկոսով, բրիտանացիներինըՙ 36: Սակայն կյանք սիրող ռուս զբոսաշրջիկին չես կարող համեմատել, թուրքերի բնորոշմամբ, գծուծ եվրոպացու հետ: Ռուսը սիրում է լիարժեք հանգստանալ ու խնայողություն չի անում բավականությունների համար: Անտալիացի թուրք մի բիզնեսմեն ռուսական թերթերից մեկում դառնությամբ նշել էր, թե կենսախինդ ռուս աղջիկներից հետո սմքած ու «կանանց իրավունքներից» կանոնակարգված գերմանուհիների վրա նայել չի լինում: Հատկապես ուժեղ էր թուրքական խոշոր բիզնեսի ճնշումը երկրի ղեկավարության վրա:

Սառեցվեցին «Թուրքական հոսք» էներգետիկ նախագիծը եւ 20 միլիարդանոց ատոմակայանի կառուցումը Թուրքիայում: Եթե մինչ ռուսական պատժամիջոցները թուրքական գյուղատնտեսական արտադրանքի բաժինը կազմում էր 34-50 տոկոս, ապա ներկայումս այն չի անցնում 3 տոկոսից: Ավելին, թուրքերին ոչ միայն փոխարինեցին, որոնք ուրիշները, այլեւ սեփական ագրոընկերությունները շեշտակիորեն մեծացրին իրենց արտադրական կարողությունները եւ գյուղմթերքների մատակարարումները սկսեցին իրականացնել շատ ավելի մատչելի գներով:

Ամենայն հավանականությամբ Էրդողանի դիրքորոշման փոփոխության վրա ազդեցություն ունեցավ նաեւ նոր կառավարության կազմավորումը, որի նոր ղեկավար Բինալի Յլդրըմը արտաքին քաղաքական ստրատեգիայի նպատակը դարձրեց գործել այնպես, որպեսզի ավելի շատ բարեկամներ ձերք բերվեն, քան թշնամիներ: Մանավանդ որ ի վերջո հաջողվեց հաշտության լեզու գտնել Իսրայելի հետ:

Եվ վերջապես լայն քննության առարկա է այն հարցը, թե Էրդողանի մեղայականից հետո իրո՞ք կբարելավվեն ռուս- թուրքական հարաբերությունները, եւ ինչ չափով, ինչ վերաբերմունք կցուցաբերի Վլադիմիր Պուտինը մի մարդու նկատմամբ, որից հիասթափությունը կատարյալ էր, որին «Ալլահը զրկել էր բանականությունից»: Իր կառավարման տարիներին ոչ ոք հավասարակշիռ Պուտինին չէր տեսել այդքան վրդովված ու անողոքացած, նույնիսկ իր նախագահական կարիերայի սկզբում հրեական քաղաքական «մաֆիայի» դեմ մարտնչելիս: Մի հարցում փորձագետների մեծ մասը միասնական էՙ նախկին «ջերմ» հարաբերությունները չեն վերականգնվի: Եթե ինչ-որ բան էլ փոխվի, ապա առավելապես ռուսների պայմաններով ու թելադրանքով: Եթե նույնիսկ, օրինակ, քննության առնվի էներգետիկ նախագծի իրականացման խնդիրը, ապա ռուսները կպահանջեն, որ թուրքերն իրենք ստանան Եվրոմիության համաձայնությունը:

Չկա նաեւ վստահություն, որ Թուրքիան այնուամենայնիվ նյութապես կհատուցի վնասը ինքնաթիռի համար եւ սպանված օդաչուի ընտանիքին: Մոտավոր հաշվումներով, միայն ինքնաթիռի կորուստը կազմում է 30 միլիոն դոլար:

Մնում է միայն սպասել պարզելու համար, թե Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները ինչ չափով են առնչված Իսրայելի ու Ռուսաստանի հետ նորեն «բարեկամանալու» էրդողանական նախաձեռնություններին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 01-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ