RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2016-05-27 > #021, 2016-06-03 > #022, 2016-06-10 > #023, 2016-06-17 > #024, 2016-06-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 10-06-2016



Տեղադրվել է` 2016-06-09 23:58:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 3386, Տպվել է` 173, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՑԱԽԸ ԲԵԼԳԻԱԿԱՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել

Ապրիլյան պատերազմից հետո առաջին անգամ գտնվելով արտասահմանում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն իր երկօրյա այցի ընթացքում (հունիսի 8-9) պաշտոնական հանդիպումներ ունեցավ Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակության հետ :

«Արցախը կայացած պետություն է եւ կայացած պետության նախագահը պետք է աշխարհին ցույց տա, որ կարող է հանդիպումներ ունենալ եվրոպական, միջազգային բարձրաստիճան պատվիրակների հետ», այսպիսի տեսակետ հայտնեց Բրյուսելի Հայ դատի հանձնախմբի պատասխանատու Գասպար Կարապետյանը :

Պաշտոնական հանդիպումներին զուգահեռՙ Բակո Սահակյանը Բրյուսելում առաջնային է համարում Բելգիայի հայ համայնքի հետ շփումները: Թերեւս սա էր առիթը, որ հունիսի 8-ին Արցախի նախագահը հյուրընկալվեց Բրյուսելի Հայ տուն:

Բակո Սահակյանը հայ համայնքի ներկայացուցիչներին բացատրում էր, որ «Արցախը շահագրգրված է Եվրոպայի հետ հարաբերությունների սերտացմամբ, քանի որ հայ ժողովուրդը եւ եվրոպական երկրները առաջնորդվել եւ առաջնորդվում են համամարդկային սկզբունքներով»: Ըստ նրա, այն բոլոր դժվարությունները, որ ունեցել է Արցախը, հաղթահարվում են, քանի որ առկա է նաեւ սփյուռքի անմիջական աջակցությունը: Արցախը լինելով չճանաչված պետություն, այդուհանդերձ ժողովրդավարական երկրի կառուցման գործում հաջողությունների է հասել եւ նպատակադրված է կառուցել իրավական, օրինակելի երկիր:

Ադրբեջանական սադրանքների վերաբերյալ նա հստակեցրեց, որ Ադրբեջանը միանշանակ կիրառել է նախապատրաստված ու կազմակերպված լայնածավալ ռազմական գործողություններ:

Այն դիտարկմանը, թե միջազգային անվերջանալի բանակցություններից ի վերջո ո՞րն է լինելու հայկական կողմի փոխզիջումների սահմանը եւ արդյոք հնարավո՞ր է, որ Արցախը մոտ ապագայում ներգրավվի որպես բանակցային կողմ, Բակո Սահակյանը վճռականորեն նկատել տվեց, որ առանց Արցախի մասնակցության, ղարաբաղյան հիմնախնդիրը լուծում չի կարող ստանալ, հիշեցնելով նաեւ, որ Հայաստանը թեպետ հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը, բայցեւայնպես առանց վերջինիս անմիջական մասնակցության հիմնախնդիրը լուծում չի ստանալու, եւ շեշտեց, որ այս տեսակետին կողմնակից է նաեւ ԵԱՀԿ-ն: Ասաց նաեւ, որ Մինսկի խմբի հետ բանակցություններ են տարվում. փոխզիջումների մասին չի կարող խոսք լինել, քանի դեռ Արցախը բանակցային կողմ չի հանդիսանում:

Այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Ադրբեջանի հաջորդ հարձակումը հայկական կողմի համար դարձյալ անակնկալի լինի:

Բակո Սահակյանն անկեղծ խոստովանեց, որ անակնկալության գործոնն իրոք իրենց վրիպումն է եղել, որը այսուհետ բնավ չի կրկնվի:

Մեր հարցին, թե համամի՞տ է Սերժ Սարգսյանի տեսակետին, որ 800 հեկտար հողատարածքը այնքան էլ կարեւոր նշանակություն չունեցող տարածք է, Բակո Սահակյանի պատասխանը թռուցիկ էր. նա հորդորեց տեղիք չտալ մամուլում տեղ գտած գրառումներին, այլ վերլուծել, փորձել ճիշտ ձեւով հասկանալ ասվածի իմաստը, համոզմունք հայտնելով, որ Սերժ Սարգսյանն Արցախի ազատագրական պայքարում մեծ եռանդ եւ ավանդ է ներդրել, հետեւաբար չպետք է շահարկել, այլ պետք է ասվածը ճիշտ տրամաբանությամբ ընկալել:

Վիեննայում կայացած Ալիեւ-Սարգսյան հանդիպման ժամանակ հրադադարի խախտման միջադեպերի հետաքննության, ինչպես նաեւ խաղաղապահ ուժերի տեղակայման մեխանիզմների վերաբերյալ Բակո Սահակյանը նշեց, որ դեռեւս ադրբեջանական կողմից որեւէ արձագանք չկա:

Ամբողջ երեկոյի ընթացքում Արցախի նախագահը հաճախ էր շոշափում Արցախ-Սփյուռք կապը, շեշտելով, որ միայն միասնականությամբ կարելի է դժվարություններ հաղթահարել եւ այն պետք է լինի ոչ միայն ռազմական, այլեւ բազմաբնույթ:

Արցախի նախագահին հիշեցվեց պատգամավոր Հայկ Խանումյանի դաժանաբար ծեծի ենթարկվելու փաստը: Բակո Սահակյանը վստահություն հայտնեց, թե կատարվածը թյուրիմացություն է եւ իրականացվում է ծառայողական հետաքննություն:

Հայտնի դարձավ, որ նախատեսվում է Արցախի անկախության 25-ամյակի առիթով Բելգիայում կազմակերպել տարատեսակ միջոցառումներ, ներառյալ մշակութային, տնտեսական, քաղաքական եւ այլ ոլորտների: Բակո Սահակյանը հույս հայտնեց, որ Բելգիայի հայ համայնքի ջանքերը կնպաստեն էլ ավելի սերտացնելու համագործակցությունը եւ խթանելու Սփյուռք-Արցախ կապը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 10-06-2016

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ