RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-05 14:36:52Նիկոլը արեց իր գործը, Նիկոլը կարող է հեռանալ
2020-12-04 23:38:44Եթե ես լինեի, Ալիևը երբեք չէր համարձակվի սկսել պատերազմը. Ռոբերտ Քոչարյան
2020-12-03 16:49:29Թուրքիայի ԱԳՆ. Համաձայնագիրը կարող է դրականորեն ազդել Հայաստանի հետ հարաբերությունների վրա
2020-12-03 14:20:12«Ազգային օրակարգը» պահանջում է քրեական գործ հարուցել Փաշինյանի նկատմամբ
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
#017, 2016-05-06 > #018, 2016-05-13 > #019, 2016-05-20 > #020, 2016-05-27 > #021, 2016-06-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 20-05-2016



Տեղադրվել է` 2016-05-19 23:15:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 3209, Տպվել է` 81, Ուղարկվել է էլ.փոստով` 56

ԷԼԻ ՀԵՆՎԵՆՔ ՍԵՓԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՎՐԱ, ԲԱՅՑ ԻՆՉՊԵ՞Ս

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հակառուսական քարոզչության ֆոնի վրա հայոց լրատվամիջոցներում, այդ թվում նաեւ «Ազգ» թերթում, շրջանառության մեջ է դրվել այն թեզը, որ ինքներս մեզ վրա պիտի հույս դնենք: Շատ գեղեցիկ է հնչում, պաթետիկ, եզակի հայրենասիրական: Բայց երկրում կոնկրետ ում վրա պիտի հենվենք եւ ինչի վրա, անհասկանալի է: Պարզ մի օրինակ. մեր միակ հույսն ու ապավենըՙ հայոց բանակը գերազանցապես համալրված է մեզ համար գնով ու որակով մատչելի ռուսական զենքով ու ռազմական տեխնիկայով: Մենք ունե՞նք ռազմարդյունաբերական հզոր համալիր, որը մատակարարեր նման սպառազինություն: Թե՞ ուրիշներից կարող ենք նման զենք գնել Ռուսաստանից հրաժարվելու դեպքում, եւ դրանով դիմակայել թուրք-ազերական ագրեսիային: Մեր շահերի տեսակետից իհարկե չենք կարող անտարբեր լինել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին եւս զենք վաճառելու պարագայի նկատմամբ: Ցավոք, մեծերը առանց բացառության միշտ էլ ցինիկ են փոքրերի նկատմամբ, եթե նույնիսկ վերջիններս դաշնակից են ձեւակերպված: Դեգրադացվող մեր երկրի համեմատ օր-օրի հզորացող Ռուսաստանը միեւնույն էՙ իրենն է անելու, պետք է պարզապես իմաստուն լինել ու ձգտել լեզու գտնել նրա հետ: Ռուսաստանի հետ չի կարելի վտանգավոր խաղեր խաղալ թույլի դիրքից: Մեր օրերում ի՜նչ շահեցին Վրաստանը եւ Ուկրաինան իրենց ռազմատենչ հակառուսական քաղաքականությամբ, հենվելով սեփական ուժերի (նացիոնալիզմի), տեսականորեն նաեւ Ամերիկայի եւ Եվրոսոդոմի վրա:

Բայց այսօր մեր հայրենյաց երկրում ավելի շատ զարմացնում է մի ուրիշ բան: Ռուսաստանի, Պուտինի, որոշ այլ ռուսաց ղեկավարների հասցեին ի՜նչ ասես չեն ասում հայոց լրատվամիջոցներում, վիրավորական ի՜նչ պիտակներ ասես չեն հնչում հեռուստաէկրաններից: Բանը երբեմն հասնում է նույնիսկ նզովքի, սպառնալիքի, հոխորտանքի: Թվում է մենք ենք միջուկային տերություն եւ ոչ թե հակառակը: Սակայն երբ գործն հասնում է սեփական ղեկավարների անգամ «թերի» գործողությունների քննադատությանը, կրքերը առավելագույնս չափավորվում են: Ո՞ր զգացումն է այս դեպքում գերիշխում: Ստացվում է, որ ռուսներին հրապարակայնորեն փնովելը, ամեն ինչում նրանց մեղադրելը ամենաանվտանգ զբաղմունքն է:

Լավ, մի կողմ թողնենք ռուսներին. հայրենասիրության, հայաստանասիրության բարձրագույն նվաճու՞մ է կոռուպցիոն-օլիգարխիական պետությունը, որ ձեւավորել են անկախ Հայաստանի երեք նախագահները: Ի դեպ, նրանցից ո՞րն է արժանացել սեփական ժողովրդի հարգանքին: Միանշանակՙ ոչ մեկը: Նստածՙ Պուտինի հարստություններն են հաշվում: Բայց սոված երկրում միլիարդներ կուտակածՙ ժողովրդի աչքի փուշը դարձած նախագահներից մեկը ինչու իր միլիարդներից գոնե մեկը չի տրամադրում Ղարաբաղի բանակին: Ինչու Մոնումենտի բազմասենյականոց առանձնատան սեփականատերը այն չի տրամադրում Արցախում զոհվածների ընտանիքներին:

Հայաստանի ողբերգությունը ռուսների մեջ չէ, այլ սեփական ղեկավարության: Եվ ամենացավալին այն է, որ երկրի ղեկավարները ոչ մի պատասխանատվություն չեն կրում ժողովրդի հանդեպ, ոչ մի հաշվետվությամբ հանդես չեն գալիս նրա առջեւ: Կառավարում են ինչպես ուզում են, վայելում են իշխանությունը եւ վերջ: Գիտե՞ք Մոսկվայում ու Մոսկվայի մարզում ինչքան եմ հանդիպել կառուցող կամ նորոգող շինջոկատների, որոնց անդամները մեծիվ-մասամբ եղել են հայ նախկին... ազատամարտիկներ:

Այնուամենայնիվ, կարո՞ղ է փոքր պետությունը տնտեսական, ռազմական, քաղաքական ուժ ունենալ համաշխարհային մակարդակով, ստիպելով հաշվի նստել իր հետ: Կարող է, եւ դրա կենդանի վկայությունը Իսրայելն է: Հազարամյակներ հետո վերադառնալով ավետյաց երկիր, հրեա ժողովուրդը հիմքից վերականգնեց իր պետականությունը Հայաստանից էլ փոքր տարածքի վրա եւ կարողացավ իրեն հաստատել աշխարհի հզորների շարքում: Եվ այդ ասպարեզում անուրանալի է այդ պետության խելամիտ ու ազգասեր ղեկավարների ակնառու դերը:

Ներկայացնենք վերահառնած Հրեաստանի ներկայի որոշ բնութագրումներ, Հայաստանի հետ համեմատության անշնորհակալ գործը թողնելով «Ազգի» ընթերցողներին:

Իսրայելի տարածքը կազմում է 22072 քառակուսի կիլոմետր, բնակչությունըՙ մոտ 8,5 միլիոն:

1916 թվականի պետական բյուջեն կազմել է 343, 3 միլիարդ շեկել (1 շեկելըՙ 3, 488 ամերիկյան դոլար):

Ինդուստրիալ երկիր է դինամիկ զարգացող տնտեսությամբ: 2014 թվականին ազգային համախառն արտադրանքը մոտ 306 միլիարդ դոլար էր, մեկ շնչի հաշվովՙ 38 հազար դոլար:

Իսրայելի պաշպանության բանակը հիմնականում զինված է բուն Իսրայելում արտադրվող բարձրտեխնոլոգիական սպառազինությամբ: ԱՄՆ-ից, Ռուսաստանից ու Ֆրանսիայից հետո երկիրն աշխարհում 4-րդ տեղն է գրավում զենքի ու պաշտպանական տեխնիկայի արտահանման ասպարեզում:

Ըստ տարբեր աղբյուրների, Իսրայելը տնօրինում է 80-ից ավելի միջուկային մարտալիցք:

Համաշխարհային լիդերներից մեկն է անօդաչու ռազմական ավիացիայի ասպարեզում:

Այն ութ երկրներից մեկն է, որոնք ի վիճակի են ինքնուրույն արտադրել ու արձակել արբանյակներ:

Մոսսադը համարվում է աշխարհի լավագույն հատուկ ծառայություններից մեկը:

Երկիրն ունի 53 օդանավակայան:

Որպես գիտության ու նորագույն տեխնոլոգիաների խոշորագույն կենտրոն, Իսրայելը տեխնոլոգիապես առավել գրագետ բնակչություն ունեցող երկրներից մեկն է աշխարհում: Իսկ բնակչության մեկ շնչի հաշվով առաջինն է գիտնականների, գիտական աշխատանքների եւ գրանցված արտոնագրերի քանակով:

Միայն 2002-2011 թվականներին Իսրայելի 6 քաղաքացիներ դարձել են գիտության բնագավառի Նոբելյան մրցանակի դափնեկիր:

Առողջապահության բնագավառում Իսրայելը 28-րդն է աշխարհում:

Սեփական գյուղատնտեսական հատվածն ապահովում է երկրի սննդամթերքների 95 տոկոսը:

ԱՄՆ-ից հետո երկրորդ երկիրն է նոր բացվող ընկերությունների քանակով: Աչքի է ընկնում «Բիզնեսի վարման թեթեւության» բարձր վարկանիշով:

Մոսկվա

Խմբագրության կողմից.- Հեռո՛ւ մեզանից հակառուսական որեւէ տրամադրություն: Մեր թերթի հասցեին ակնարկված մեղադրանքը ճիշտ չէ: Սակայն, այո՛, մենք համոզված ենք, որ մեր հույսը առաջին ու վերջին հերթին պետք է դնենք մեզ վրա, ինչպես մեր հոդվածագրի գովերգած Իսրայելն է իր հույսը դրել իր եւ, սա պե՛տք է շեշտել, իր հզորագույն Սփյուռքի վրա: Բայց հարկավոր է հարցերը դիտարկել իրենց պատմական շարժընթացի մեջ: Մանր-մունր բախումները չհաշվածՙ Իսրայելը 1948 թ.-ից սկսած իր հարեւանների դեմ հինգ պատերազմ է մղել, որոնցից չորսում ունեցել է իր պաշտպան Մ. Նահանգների անվերապահ եւ անմիջական աջակցությունը: Բավական է հիշել միայն 1967-ի Վեցօրյա եւ 1973-ի Յոմ Քիպուրի պատերազմները, որոնց ամբողջ տեւողության ընթացքում Մ. Նահանգներից մինչեւ Թել Ավիվի «Բեն Գուրիոն» եւ այլ օդանավակայաններ ձգվել են ռազմական օգնության օդային կամուրջներ, դեռ չհաշված ամերիկյան 6-րդ նավատորմի պարեկային տեւական պաշտպանությունը Միջերկրականի ափամերձ ջրերում, ինչպես նաեւ տարեկան 10-15 միլիարդ դոլարի ամերիկյան օգնությունները հրեական պետությանը: Մենք մեր դաշնակից Ռուսաստանից ոչ թե նման օգնություն ենք ակնկալում, այլՙ առնվազն քաղաքական հստակ կեցվածք, այնպիսինՙ որը կզգաստացնի ոչ միայն Բաքվին, այլեւ Անկարային: Իսկ եթե չենք ստանում դա, ապա թույլ տվեք հարցնելՙ ո՛ւմ վրա դնենք մեր հույսը, եթե ոչՙ ինքներս մեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 20-05-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ