RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#014, 2016-04-15 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #017, 2016-05-06 > #018, 2016-05-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 29-04-2016



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2016-04-29 13:25:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 4995, Տպվել է` 547, Ուղարկվել է էլ.փոստով` 532

ԱՇԽԱՐՀԻ ՆՈՐ ՎԵՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ ՍԿՍՎԵԼ Է

Պ. Ք.

Ազատ առեւտրի գոտիների էությունը

Օրերս Ռուսաստանում անցկացված ներդրումային կոնֆերանսի շրջանակներում ՌԴ տնտեսական զարգացման նախարարության Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նախագծերի աջակցման վարչության տնօրեն Արտյոմ Անիկեւը հանդես եկավ հետեւյալ ուշագրավ հայտարարությամբ. «Մենք վակուումի մեջ չենք: ԵԱՏՄ-ի ներսում տեղի է ունենում իրավադատությունների մրցակցություն: Կարեւոր է հասկանալ, որ ներդրումների տեսակետից «լանդշաֆտը» լիովին փոխվում է, վճռական ցուցանիշ են հանդիսանում Ազատ առեւտրի գոտիները»:

«Эксперт online» կայքէջը բացահայտել է վերջերս ԱՄՆ-ի ու Եվրոմիության բանակցությունների առարկա դարձած Անդրատլանտյան առեւտրական եւ ներդրումային գործընկերության (ԱԱՆԳ) ստեղծման մեխանիզմները: Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ը առաջ է մղում Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունը (ԱԳ), որը ԱԱՆԳ-ի փաստորեն ճշգրիտ պատճենն էՙ ընդհուպ այն, որ բանակցությունները հույժ գաղտնի էին պահվում, եւ միայն հատուկենտ արտահոսքերն էին թույլ տալիս ինչ-որ բան իմանալ: Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության մասնակից երկրները 2016 թ. փետրվարի 4-ին ստորագրեցին համապատասխան փաստաթուղթ, որը դեռ պետք է վավերացվի ազգային խորհրդարաններում: Ավելի վաղ Չինաստանը ԱՍԵԱՆ-ի երկրների հետ ստորագրել էր Ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագիր, որն ուժի մեջ էր մտել 2010 թ. հունվարի 1-ից: Իսկ 2015 թ. դեկտեմբերին Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը հայտարարեց, որ իր երկիրը հանդես է գալիս ՇՀԿ շրջանակներում ազատ առեւտրի գոտու ստեղծման օգտին:

Միջազգային ասպարեզում ներկայումս գտնվող բոլոր առաջատար տերությունները ինչո՞ւ են ձգտում կնքել ազատ առեւտրի գոտիների ստեղծման համաձայնագրեր: Իրադրության համապարփակ քննության դեպքում նկատվում է, որ համաշխարհային բոլոր խոշոր խաղացողները (ԱՄՆ, Եվրոմիություն, Չինաստան) օգտագործում են միեւնույն ռազմավարությունը. նրանք ազատ առեւտրի գոտիներից հյուսում են սարդոստայն, որի կենտրոնում հենց իրենք են: Ըստ որում, նրանք առանձնապես չեն էլ ձգտում միավորել այդ գոտիները, եւ դա հասկանալի է. մի քանի գոտիների կենտրոնում նստած հեգեմոնը ստանում է բոլոր օգուտները, իսկ ծայրամասային մասնակիցներըՙ միայն կոնկրետ գոտուց ակնկալվող օգուտներ, ըստ որում, նույնիսկ դրանք նա կարող է ստանալ խիստ սահմանափակ ծավալով:

Հակաինքն իշխանությունների շքերթ

Այս կապակցությամբ հարց է ծագում. ո՞ւմ շահերի օգտին են ստորագրվում եւ ո՞ւմ դեմ են ուղղված նմանօրինակ համաձայնագրերը: Բնականաբար, դրանք ուղղված են մրցակիցների դեմ: Օրինակ, ԱՄՆ-ը Անդրախաղաղօվկիանոսյան գործընկերությունից Չինաստանին հեռացնելովՙ ձգտում է սեփական ծանրությամբ ճնշել Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը եւ նվազեցնել Չինաստանի ազդեցությունը ՉԺՀ-ԱՍԵԱՆ գոտում: Իսկ եթե խորամուխ լինենք համաձայնագրերին, ապա անմիջապես պարզ կդառնա, թե դրանցում ում շահերն են հաշվի առնված:

Եթե Անդրատլանտյան առեւտրական եւ ներդրումային գործընկերության մեջ առեւտրի ազատությունը կայանա օտարերկրյա (եվրոպական) պայմանադիրների կողմից (ամերիկյան) նավթի ազատ գնման ձեւով եւ (ամերիկյան) պետական պատվերներին օտարերկրյա (եվրոպական) ընկերությունների ազատ մասնակցության ձեւով, ապա այդ ազատությունը կլինի Եվրոմիության շահերի օգտին: Իսկ եթե ազատ լինի օտարերկրյա (ամերիկյան) գյուղմթերքների վաճառքը եւ վերացվեն ներքին շուկաների հասանելիության (եվրոպական) սահմանափակումները, ապա առեւտրի տվյալ ազատությունը կլինի ի շահ ԱՄՆ-ի: Համաձայնությունների վերջնական փաստաթղթերը ցույց կտան, թե ով է շահել: Իր հերթին ԱԱՆԳ-ում եւ ԱԳ-ում ներդրումների պաշտպանության պրակտիկան հռչակում է ներդրողների (միջազգային կորպորացիաների) շահերի պաշտպանություն շարքային քաղաքացիներից եւ ազգային կառավարություններից. այդ համաձայնագրերով ազգային կառավարությունները կորցնում են իրենց ինքնիշխան շահերը պաշտպանելու հնարավորությունը, իսկ հասարակ քաղաքացիները չեն ստանում սեփական շահերը կորպորացիաներից պաշտպանելու հնարավորություն:

Փորձագետ Արտյոմ Անիկեւի կարծիքով, այսօր ազատ առեւտրի գոտիները կապ ունեն ոչ այնքան ապրանքների սակագների եւ առեւտրի հետ, որքան ներդրումների, ավելացված արժեքի ձեւավորման շղթայիկների կառուցման ու սառեցման հետ: «Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունը օրինակն է այն բանի, թե մեծ կորպորացիաները ինչպես են կառուցում ներդրումային քաղաքականությունը», ընդգծում է նա: Անդրատլանտյան առեւտրական եւ ներդրումային գործընկերությանը վերաբերող վերլուծությունը իր հերթին ցույց տվեց, որ ԱԱՆԳ-ն նույնպես պտտվում է հիմնականում կորպորացիաների եւ խոշոր ներդրողների շահերի շուրջը: Ըստ որում, խոշոր կորպորացիաների շահերը համաձայնագրերում հաճախ բարձր են դասվում ընդհանրապես պետությունների շահերից:

Ռուս-չինական կապերի կարեւորությունը

ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունում գտնում են, որ Չինաստանը էական խաղացողներից մեկն է, ուստի նրա հետ կապերի զարգացումը եւ փոխգործողությունը շատ կարեւոր են: Արտյոմ Անիկեւը պարզաբանում է. «Ռուսաստանը փորձում է ԵԱՏՄ-ն կապակցել Մետաքսի մեծ ճանապարհի տնտեսական գոտու հետ, որն ունի երկու դրսեւորում: Առաջինը ներդրումներն են կոնկրետ ենթակառուցվածքային նախագծերի մեջ: Երկրորդըՙ չին ներդրողների հետ խաղի համակարգային կանոնների կառուցման փորձն է: Չինաստանի հետ սկսվում են բանակցություններ առեւտրատնտեսական համաձայնության վերաբերյալ, որը կարող է խաղի կանոններ սահմանել ներդրողների համար»: Անիկեւի կարծիքով, կարեւոր է կնքվելիք համաձայնագրում հաշվի առնելով Անդրախաղաղօվկիանոսյան գործընկերության մեջ կիրառված ամբողջ առաջավոր փորձը եւ առանձնահատուկ ուշադրություն դարձնել ներդրումների պաշտպանության մեխանիզմներին:

Այստեղ ծագում է մի շատ լուրջ հարց. եթե ընդհանուր առմամբ ԱԱՆԳ-ում ու ԱԳ-ում եւ առանձնապես ներդրումների պաշտպանությանը վերաբերող մասերում վերազգային կորպորացիաների շահերը գերադասվում են երկրների շահերին, իսկ քաղաքացիների շահերն առհասարակ հաշվի չեն առնվում, երկրներին պե՞տք է արդյոք այդպիսի «առաջավոր փորձը»: Ազատ առեւտրի գոտիների համաձայնագրերի Ռուսաստանի մասնակցության դեպքում կարեւոր է չհայտնվել այնպիսի իրավիճակում, երբ ազատությունը կարտահայտվի երկրի ներքին շուկայում օտարերկրյա անհայտ որակի արտադրանքի հայտնվելու ազատությամբ, ինչպես նաեւ ռուսական բնապաշարների ազատ արտահանմամբՙ առանց ՌԴ պետբյուջեի համալրման հնարավորության:

Կարող է ստեղծվել նաեւ այնպիսի իրավիճակ, երբ ներդրումների ազատությունը կկայանա օտարերկրացիների կողմից Ռուսաստանի (կամ որեւէ այլ երկրի) հանքավայրերի գնման միջոցով, իսկ այդ նույն ներդրողների պաշտպանությունը կարտահայտվի նրանով, որ անբարեխիղճ կամ տվյալ երկրի ինքնիշխանության համար վտանգ ներկայացնող ներդրողը վիթխարի փոխհատուցում կստանա այդ երկրի քաղաքացիների հարկային մուտքերից:

Ուժերի գլոբալ կենտրոնների միջեւ

Եվրասիական տնտեսական միությունը նման վտանգ չի պարունակում ոչ միայն Ռուսաստանի համար (ինչը բնական է նրա կենտրոնական դիրքի պատճառով), այլեւ միության գծով նրա գործընկերների համար, քանի որ ԵԱՏՄ-ն կառուցված է ուրիշ սկզբունքներով, որոնք ավելի մոտ են հին ու բարի ԵՄ-ական սկզբունքներին, նշում է «նՍրտպՐՑ online»-ը: Ինչ վերաբերում է BRICS-ին, դա ոչ ազատ առեւտրի գոտի է, ոչ էլ ԵՄ հիշեցնող միություն. դրա ձեւաչափը կարելի է բնութագրել որպես ընկերակցություն: Այստեղ օգուտները քիչ են, եւ որեւէ մեկի գերիշխանության ստվերն անգամ չկա: Դա շահերի համաձայնեցման, բազմակողմ գործարքների կնքման, առանձին խոչընդոտների վերացման եւ ընդհանուր կառույցների (օրինակ, BRICS-ի զարգացման նոր բանկի) ձեւավորման մեխանիզմ է:

Սակայն տվյալ գործընկերությունն առավել հետաքրքական է նրանով, որ բոլոր գլոբալների մեջ ամենագլոբալն է: Այդ գործընկերությունը միակն է, որ ընդգրկում է մայրցամաքների մեծ մասը եւ միանգամայն նոր մոդելի նախապատկերն է: Ի դեպ, տվյալ մոդելը գուցե այդպես էլ իրողություն չդառնա, եթե համաշխարհային առեւտրի եւ ներդրումների ասպարեզում գերիշխանության միտումները տիրապետող դառնան իրավահավասարության միտումների նկատմամբ, իսկ դա միանգամայն հնարավոր է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 29-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ