Եվրոհանձնաժողովը Ուկրաինային պաշտոնապես առաջարկել է վերացնել այցագրային ռեժիմը: Այդ մասին ապրիլի 20-ին Բրյուսելում հայտարարել է հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը:
Չնայած Հոլանդիայում օրերս անցկացված հանրաքվեի արդյունքներին (61 տոկոսը դեմ է Կիեւի հետ ասոցիացման համաձայնագրի հաստատմանը), Եվրոհանձնաժողովն արեց առաջարկություն, որը պետք է հաստատեն ԵՄ անդամ երկրների մեծամասնությունը եւ Եվրոխորհրդարանը: Ռոյթեր գործակալության տվյալներովՙ փաստաթուղթը կպարունակի մի կետ, ըստ որի Եվրոմիությունը կկարողանա այցագրային ռեժիմը վերականգնել գաղթյալների մեծ ներհոսքի դեպքում:
Ուկրաինայի հետ ասոցիացման համաձայնագիրը պետք է վավերացնեն ԵՄ բոլոր երկրները: Տվյալ արարողակարգը չի ավարտել միայն Հոլանդիան: Այդ երկրի խորհրդարանը փաստաթղթին հավանություն էր տվել 2015-ի ամռանը, բայց բավարար թվով ստորագրությունների առկայությամբՙ հարցը դրվել էր հանրաքվեի: Քվեարկությունը հաձնարարական բնույթ է կրում, բայց բնակչության մեծ մասի բացասական վերաբերմունքի դեպքում կառավարությունը պետք է խորհրդարանին առաջարկի կա՛մ ժողովրդի կամքին հակառակ ուժի մեջ թողնել համաձայնագիրը, կա՛մ էլ հրաժարվել վավերացումից:
Փետրվարին Ուկրաինայի խորհրդարանը ընդունել էր հակակոռուպցիոն վերջին երեք օրենքները, որոնք անհրաժեշտ էին Եվրոմիության հետ անայցագիր ռեժիմի հաստատման չափանիշների կատարման համար: Նույն ամսին օրենքները ստորագրել էր նախագահ Պորոշենկոն:
Այցագրային ռեժիմի ազատականացման վերաբերյալ Բրյուսելը եւ Կիեւը բանակցություններ էին սկսել 2008 թ. հոկտեմբերին: 2015-ի մայիսին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, թե Կիեւի եւ Թբիլիսիի նկատմամբ այցագրային ռեժիմի մեղմացումը «առայժմ անհնար է»: