RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15 > #015, 2016-04-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 08-04-2016



Տեղադրվել է` 2016-04-22 00:21:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 3803, Տպվել է` 504, Ուղարկվել է էլ.փոստով` 498

ԻՐԱՆԸ ՄԻՇՏ ԷԼ ԱԿՏԻՎ Է, ՀԱՏԿԱՊԵՍ ԵՐԲ ԱՐԿԱԿՈԾՎՈՒՄ Է

Հ. ԱՖՅԱՆ

Սահմանին տիրող իրավիճակի հետ կապված Իրանի պահվածքը բավականին ուշագրավ ստացվեց: Երկարատեւ լռությունից հետո Իրանը բավականին ակտիվորեն հայտարարեց, որ պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, քանի որ Թեհրանի համար անընդունելի է իր անմիջական սահմանների մոտ, առանց այն էլ անհանգիստ տարածաշրջանում նոր պատերազմի բռնկումը:

Բայց Իրանի այս ակտիվությունը նաեւ այլ պատճառ ուներ: Բանն այն է, որ ապրիլյան սրացումների առաջին օրը պաշտոնական Թեհրանը հայտարարեց, որ ինքն անհապաղ պարզաբանում է պահանջում ղարաբաղյան հակամարտության կողմերիցՙ կապված Իրանի տարածքում հակամարտության գոտուց ընկած երեք արկերի հետ: Իրանն անգամ սպառնաց, որ կրկնվելու դեպքում ինքն անպայմանորեն ձեռնարկելու է անհրաժեշտ համաչափ գործողություններ: Այս համատեքստում, ՀՀ ՊՆ հրավիրվեց Երեւանում Իրանի դեսպանատան ռազմական կցորդը, որին փոխնախարար Դավիթ Տոնոյանը հանգամանալիորեն բացատրեց, որ արկերը չէին կարող արձակված լինել հայկական կողմից, քանի որ ըստ տեղանքի քարտեզիՙ արկակոծված իրանական տարածքը գտնվում է հայկական դիրքերի թիկունքում, հետեւաբար հայկական կողմը չէր կարող արկակոծել իր սեփական թիկունքը:

Նույն ժամանակահատվածում հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը պատրաստվում է մեկնել Թեհրան: Սահմանին լարվածության եւ Իրանի տարածքի արկակոծման այս ընթացքում Մամեդյարովիՙ երեքշաբթի կատարած այցը Իրան, անշուշտ ուշագրավ է թվում եւ բնականաբար Իրանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման օրակարգում պետք է լիներ նաեւ ԼՂ հակամարտության հարցը, եթե, իհարկե այդ օրակարգը ամբողջովին ղարաբաղյան չէր: Սակայն, պարզվեց, որ Մամեդյարովը Թեհրան է մեկնում ոչ թե իր իրանցի գործընկերոջ հետ հանդիպելու նպատակով, այլ մասնակցելու Իրան-Ադրբեջան-Թուրքիա ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը:

«Ազգ»-ի հետ զրույցում իրանագետ, մեր թերի նախկին աշխատակից Էմմա Բեգիջանյանը հայտնեց, որ նման ձեւաչափով հանդիպումներ լինում են ամեն տարի, այսինքն Մամեդյարովի այս այցը ամենեւին էլ կապված չէՙ ԼՂ-ի սրված հակամարտության հետ, առավել եւսՙ Իրանի տարածքի արկակոծման: Չնայած, ինչպես նշեց զրուցակիցսՙ «Իրանի ԱԳ նախարարը Մամեդյարովի հետ առանձին հանդիպում է ունեցել, որի ընթացքում քննարկվել է այդ թվում ղարաբաղյան հիմնահարցը»:

Թե արդյոք անդրադարձե՞լ են Իրանի տարածքում պայթած արկերի խնդրին, հայտնի չէ, բայց հայտնի է, որ Իրանի ԶԼՄ-ները եւս ոչ պակաս ուշադրությամբ անդրադառնում են ԼՂ-ի հակամարտության սրացմանը: Էմմա Բեգիջանյանը, շեշտելով, որ իրանական մամուլի ընդհանուր տեսակետը քիչ բանով է տարբեր լինում պաշտոնական Թեհրանի տեսակետից, որն, ինչպես գիտենք, հիմնականում պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց, այդուհանդերձ, նկատել է, որ մամուլն Իրանում ԼՂ-ում սրացմանը մոտեցել է հավասարակշիռՙ ներկայացնելով երկու կողմերի տեսակետները: «Ընդ որում, առաջին օրը, երբ Ադրբեջանում լուռ էին, Իրանի մամուլն ամբողջովին հայկական տեսակետներն էր ներկայացնում», նկատել է զրուցակիցս: Ավելին, իրանցի փորձագետներն ու քաղաքագետները եւս տարբեր տեսակետներ են հնչեցնում: Օրինակ կա կարծիք, որ հակամարտության սրումը ձեռնտու չէր ոչ Հայաստանին, ոչ Ռուսաստանին, ոչ էլ Ադրբեջանին, բայց ձեռնտու էր Թուրքիային...

Ի դեպ, Բաքվում Իրանի դեսպանատան ռազմական կցորդին Ադրբեջանի ՊՆ չեն հրավիրել: Չնայած գուցե դրա կարիքը չկար էլ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 08-04-2016

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ