Կառավարությունը երեկ հավանություն տվեց ՀՀ հարկային օրենսգրքի նախագծին, որը ներկայացրեց պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը : Նա անդրադարձավ մի քանի հիմնական փոփոխություններին:
Մասնավորապես` ավելացված արժեքի մասով (ԱԱՀ) օրենսգրքի ընդունումից հետո ոչ միայն արտահանողները հնարավորություն կունենան ստանալ ԱԱՀ-ի գումարները, որոնք որ վճարված են մատակարարներին, այլ նաեւ այն տնտեսավարող սուբյեկտները, ովքեր տնտեսությունում կատարել են ներդրումներ եւ հնարավորություն չեն ունեցել օգտագործելու վեց ամսվա կտրվածքով իրենց մատակարարներին վճարած ավելացված արժեքի հարկի գումարները: Այսինքն, վեց ամսվա կտրվածքով հետ կվերադարձվի նշված տնտեսավարող սուբյեկտների ԱԱՀ-ի գումարները, որպեսզի նրանք կարողանան այդ գումարները օգտագործել:
Հաջորդըՙ արտադրական նշանակության սարքավորումները, ինչպես նաեւ հումքի տեսակներ երրորդ երկրներից ներմուծվելու դեպքում ԱԱՀ-ն կվճարվի ոչ թե մաքսային մարմին ներմուծման օրվանից 10 օրվա ընթացքում, այլ` հարկային մարմնին` մինչեւ հաջորդ ամսվա 20-ը:
Վերամշակում իրականացնող ընկերությունների համար ոչ թե ԱԱՀ կգանձվի սահմանին եւ կվերադարձվի, այլ ոչ կգանձվի եւ ոչ էլ կվերադարձվի, որպեսզի ժամանակային առումով նրանք հնարավորություն ունենան գումարներն օգտագործելու:
Առհասարակ ԱԱՀ-ի մասով նախատեսվում է հաշվանցումների ազատականացում, ինչը նշանակում է բիզնեսի մոտ լրացուցիչ միջոցների առկայություն: Նման մոտեցում է լինելու նաեւ շահութահարկի գծով: Մասնավորապես, նախատեսվում է ծախսերի ճանաչման սկզբունքի առումով ազատականացում, որպեսզի արտերկրում ապրանքների գովազդի, մարկետինգի, կադրերի պատրաստման եւ վերապատրաստման ծախսերի գծով նվազեցումները կատարվեն առանց որեւէ կաշկանդվածության եւ սահմանափակման: Նախատեսվում է նաեւ ընդհանուր դաշտում գործող անհատ ձեռնարկատերերի համար հարկային բեռի նվազեցում, որպեսզի հավասարվի շահութահարկին:
Ակցիզային հարկերի մասով նախատեսվում է 2017-2021 թթ. ընթացքում սահուն, ըստ տարիների որոշակիորեն վերանայել ծխախոտի արտադրանքի, օղու, ինչպես նաեւ վառելիքի որոշ տեսակների համար ակցիզային հարկի դրույքաչափերը: Ծխախոտի եւ օղու մասով դրույքաչափերը համապատասխանեցվելու են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում գործող դրույքաչափերին: Այնուամենայնիվ, ըստ Վախթանգ Միրումյանի, անգամ 2021 թ. մենք չենք հավասարվում նշված դրույքաչափերին եւ ունենում ենք ընդհանուր դրույքաչափից 20 տոկոս ավելի ցածր դրույքաչափեր: