RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-21 21:49:18Անկախության բանակ (տեսանյութ)
2020-09-21 21:48:18Հայ թատերական կյանքը Կիլիկիայում` ֆրանսիական գրավման օրերին
2020-09-21 21:47:21Հրդեհ՝ Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում (տեսանյութ)
2020-09-21 18:15:08Կրոնավիրուսի դեմ պայքարն Արսեն Թորոսյանի կարծիքով հաջողել ենք
2020-09-21 16:09:55ԱՀ նախագահը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
#009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 25-03-2016



ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ

Տեղադրվել է` 2016-03-25 00:03:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 3307, Տպվել է` 74, Ուղարկվել է էլ.փոստով` 56

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՈՒՂԵՆՇԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ

ՌՈՄԱ ԴԱԼԼԱՔՅԱՆ

Ռամկավար Ազատական կուսակցության հոգածությամբ ու աջակցությամբ ընթացիկ տարում լույս է տեսել մեծահռչակ պատմաբան, արեւելագետ եւ միջազգայնագետ Նիկոլայ Հովհաննիսյանի «Քրդերի մասնակցությունը հայերի Ցեղասպանությունը. քրդական գործոնը Արեւմտյան Հայաստանի հարցի լուծման հայեցակարգում» խորագրով աշխատությունըՙ «Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանի խմբագրությամբ:

Ռամկավար Ազատական կուսակցության վարչությունը հետամտում է, որ բացվի հայ-քրդական հարաբերությունների թղթածրարը, եւ հրապարակային քննարկումների առարկա դառնան ոչ այնքան անցյալի, որքան ներկայի ու տեսանելի ապագայի կարգավիճակն ու հարակից խնդիրները, միաժամանակ ներկայացվեն հայեցակարգային որոշ մոտեցումներՙ այդ հարաբերությունների հետագա կարգավորման համար: Այս միտքն արտահայտված է գրախոսվող գրքի «Երկու խոսք» վերնագրով ներածականում:

Նշենք, որ հիշյալ աշխատությունն ունի տեսական-քաղաքական եւ գործնական ծանրակշիռ արժեք ու նշանակություն: Առաջին անգամ գիտականորեն ու գործնականորեն քննարկվում ու լուսաբանվում է քրդական գործոնը Արեւմտյան Հայաստանի, ասել է թեՙ Հայ դատի հարցի լուծման հայկական հայեցակարգում:

Գրքի «Մուտք» վերնագրով բաժնում նշվում է, որ հայերը եւ քրդերը, սկսած հեռավոր ժամանակներից, դարեր ի վեր ապրել են կողք-կողքի եւ իրար հարաբերվել որպես հարեւան ժողովուրդներ: Նրանց շփումներն ու հարաբերությունները ներառել են ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական ոլորտներ: Հայերը դեռեւս վաղնջական ժամանակներում ունեցել են իրենց անկախ պետականությունը: Հիշենք Տիգրան Մեծի կայսրությունը, որի տարածքային կարգավիճակը միջազգային ճանաչում է ստացել մ.թ.ա. 66 թվականինՙ Տիգրան Մեծի եւ հռոմեական զորավար Պոմպեոսի միջեւ Արտաշատում կնքված պայմանագրով, ըստ որիՙ Մեծ Հայքն ընդգրկում էր 316 քառ. կիլոմետր տարածք: Հիշենք նաեւ հայոց պետականության հետագա շրջանները:

Բայց, ի տարբերություն հայերի, քրդերը պատմության ընթացքում երբեք պետականություն չեն ունեցել եւ չեն ստեղծել սեփական քաղաքակրթություն:

Գրքի հեղինակը հիշեցնում է. «Այս երկու հանգամանքը անհրաժեշտ է մշտապես հաշվի առնել, երբ խոսք է լինում հայ-քրդական հարաբերությունների եւ դրանց բնույթի մասին» (էջ 8): Հեղինակը միաժամանակ այն միտքն է արտահայտում, որ քրդերը պատմության քառուղիներում իրենց գոյությունը պահպանել են տարբեր երկրների կազմում եւ նրանց տարածքների վրա:

Պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանը կարեւորում է նաեւ մեկ այլ հանգամանք. այն, որ 7-10-րդ դարերում ավարտվեց քրդերի իսլամացման գործընթացը, եւ նրանք համալրեցին մուսուլմանական ցեղերի շարքը: Մինչդեռ նրանց հարեւան հայերը քրիստոնյա էին, աշխարհում առաջին ժողովուրդը, որ տակավին 301 թ. պետականորեն ընդունեց քրիստոնեությունը եւ հռչակեց որպես պետական կրոն: Հեղինակը միաժամանակ նշում է, որ կրոնական զգացմունքները, որպես կանոն, շատ ուժեղ էին, իսկ կրոնական տարբերություններն այնքան սրված, որ դրանք հաճախ վերածվում էին սուր հակադրությունների:

Ուրիշների տարածքները գողացած Օսմանյան բռնակալական կայսրությունը 1516 թվականից սկսեց նվաճել արաբական երկրներըՙ Սիրիան, Իրաքը, Լիբանանը, Հորդանանը, Պաղեստինը, Եգիպտոսը... «Սիրիայի եւ Միջագետք-Իրաքի նվաճումը նշանակում էր, որ քրդերի հիմնական զանգվածը, ի բացառյալ Իրանի քրդերի, հայտնվեց Օսմանյան կայսրության կազմում, օսմանյան տիրապետության տակ» (էջ 9):

Թուրք-պարսկական երկարատեւ պատերազմից հետո, 1637 թ. ստորագրված պայմանագրով Արեւմտյան Հայաստանն անցավ Օսմանյան կայսրության տիրապետության տակ, իսկ Արեւելյան Հայաստանը մնաց շահական Պարսկաստանի իշխանության ներքո:

Հայ-քրդական հարաբերությունների տեսանկյունից հետաքրքրողն այն է, նշում է հեղինակը, որ հայերը եւ քրդերը երրորդ անգամ հայտնվեցին միեւնույն պետության կազմում: Եվ հասկանալի է, որ նրանց կարգավիճակը տարբեր էր: Այսինքնՙ «Մուսուլման քրդերի համար,- գրում է Ն. Հովհաննիսյանը,- Օսմանյան կայսրությունըՙ կրոնական տեսակետից, հարազատ միջավայր էր, մինչդեռ քրիստոնլյա հայերի համար միանգամայն վտանգավոր երկիր, որի շրջանակներում հայերը, ինչպես եւ մյուս բոլոր ոչ մուսուլման ժողովուրդները, ստացան ռայայի եւ գյավուրի կարգավիճակ» (էջ 7):

Հասկանալի է, որ նշված իրավիճակը բարենպաստ պայմաններ ստեղծեց քրդերիՙ Արեւմտյան Հայաստանի տարածքներ ներթափանցելու եւ հաստատվելու համար: Իսկ քրդերի ներթափանցումն ու հաստատվելը խրախուսվում էին օսմանյան սուլթանների կողմից: Քրդերը դեպքերի բերումով իրենց զգում էին որպես տանտեր եւ հետապնդում էին հեռահար նպատակներՙ Արեւմտյան Հայաստանը դարձնել Քրդստան, պետություն հաստատելու ակնկալիքով:

Օսմանյան կայսրությանՙ քրդերի նկատմամբ կիրառած կեղծապատիր մեթոդն օգտագործվեց հետագա տասնամյակներումՙ նրանց ներքաշելով հայերի ցեղասպանության մեջ: Հիրավի, քրդերը երկար տարիներ դամոկլյան սրի նման կախվեցին արեւմտահայերի գլխավերեւում եւ թուրք հլուզակների հետ մեկտեղ կազմակերպեցին պատմության ամենասահմռկեցուցիչ եղեռնըՙ Հայոց ցեղասպանությունը:

Կարելի է ասել, որ 20-րդ դարի առաջին ահավոր ցեղասպանությունը չէր լինի կամ այն չէր ընդունի այնպիսի ողբերգական ծավալներ, եթե արյունոտ սուլթան Աբդուլ Համիդը եւ երիտթուրքական արյունախում դահիճները չօգտագործեին քրդական վերնախավի բացահայտ աջակցությունն ու մասնակցությունը:

Քրդերի ղեկավարների, ցեղապետների եւ աշիրաթների հոգեւոր-կրոնական առաջնորդների մեջ չգտնվեցին այնպիսի հեռատես ու խելացի գործիչներ, իրավացիորեն նշում է Ն. Հովհաննիսյանը, որ ընդունակ լինեին ըմբռնելու այն մեծ վտանգը, ըստ որիՙ հայերի ֆիզիկական վերացումը լուրջ սպառնալիք էր դառնալու նաեւ հենց իրենցՙ քրդերի համար:

Ի դերեւ ելան քրդերիՙ հայկական տարածքներում քրդական պետություն հաստատելու ցնորամիտ ծրագրերը: Թուրքերը Մուստաֆա Քեմալ Աթաթուրքից մինչեւ այսօրվա նախագահ Էրդողանը տանջամահ արել, մահապատժի ենթարկել եւ բանտերը լցրել են տասնյակ հազարավոր անհնազանդ քրդերի:

Ն. Հովհաննիսյանն աշխատության առաջին գլխում փաստարկված ներկայացնում է քուրդ պատմաբան Քամալ Ահմադիՙ քուրդ-հայկական հարաբերությունների բարդ հանգույցի սոցիալ-տնտեսական, էթնիկական եւ կրոնական բաղադրիչներըՙ հավանության արժանացնելով նրա շատ դրույթներ: Գրախոսվող աշխատության հեղինակի կարծիքովՙ «Քուրդ պատմաբան Քամալ Ահմադի ուսումնասիրությունը («Քրդստանը Առաջին համաշխարհային պատերազմում», Բաղդադ, 1977 թ., արաբերեն. Ռ.Դ.) եւ նրանում տեղ գտած մոտեցումներն ու հիմնադրույթները կօգնեն ճիշտ ըմբռնելու հայ-քրդական հարաբերությունների բնույթը, քրդական վերնախավի հակահայկական միտումները...» (էջ 22):

Ն. Հովհաննիսյանի համոզմամբՙ «անկախ այն հանգամանքից, թե երբ կստեղծվի քրդական պետությունը, քրդերը չպետք է թույլ տան երկրորդ ճակատագրական սխալը եւ հակադրվեն հայերին: Արեւմտյան Հայաստանը միշտ էլ տեր է ունեցել եւ այժմ էլ ունի: Եվ դա հայն է» (էջ 24):

Երկրորդ գլխում (էջեր 25-45) Ն. Հովհաննիսյանը փաստարկված հիմնավորումներով ներկայացնում է արաբական արդի պատմագիտության ըմբռնումներըՙ Օսմանյան կայսրությունում հայկական շարժերի եւ Հայոց ցեղասպանության մեջ քրդական գործոնի դերակատարման մասին: Հենվելով արաբ հեղինակների ինքնատիպ դիտարկումների եւ ընդհանրացումների վրաՙ հեղինակը հայկական հարցում ներկայացնում է ուժերի դասավորության եւ դրանցից յուրաքանչյուրի գործառույթի հետեւյալ սխեման. ա) թուրքեր (իշխանություններ)- դահիճներ, բ) քրդեր եւ չերքեզներՙ դահիճների կամակատար ջարդարար օգնականներ, գ) հայերՙ զոհեր, դ) եւ արաբներՙ զոհերի, հայերի, որպես բախտակից ժողովրդի պաշտպաններ (տե՛ս էջ 31):

Պետք է ընդգծել, որ Ն. Հովհաննիսյանը Հայոց ցեղասպանության խնդիրներին, այդ թվում եւ քրդերի մասնակցությանը, ինչպես նաեւ արաբների մարդասիրական դիրքորոշմանն հանգամանորեն անդրադարձել է բազմաթիվ աշխատություններում, որոնք լույս են տեսել նաեւ օտար լեզուներովՙ արտաշխարհի մի շարք երկրներում:

Հեղինակն ընթերցողների ուշադրությունը հրավիրում է նաեւ երկու կարեւոր հանգամանքի վրա. ա) արաբական միջավայրում է ստեղծվել մի տարողունակ գիտաբառՙ Արմենոցիդ , որը շրջանառության մեջ է դրել լիբանանցի արաբ պատմաբան Մուսա Պրենսը, որը համոզված էր, որ «Արմենոցիդը ամենագենոցիդային գենոցիդն է», եւ բ) արաբ պատմաբաններ Ֆուադ Հասան Հաֆիզը, Սամիր Արբաշը, Սալիհ Զահր ալ Դինը եւ ուրիշներ համոզված են, որ 1915 թ. հայերի հետ տեղի ունեցած իրադարձությունները ոչ թե սովորական ջարդեր էին, այլ Ցեղասպանություն, որը «20-րդ դարի սեւ էջն է»:

Հիշյալ գլխի վերջում հեղինակն այն միտքն է հայտնում, որ «չի կարելի պայքարել պետականության համար ուրիշի պետականության տարածքների վրա նստած» (էջ 45):

Աշխատության 3-րդ գլխում Ն. Հովհաննիսյանը գիտական տրամաբանությամբ քննարկում է Արեւմտյան Հայաստանի հիմնախնդրի կարգավորման հայկական հայեցակարգում քրդական գործոնի խնդիրը, Արեւմտյան Հայաստանի հիմնախնդրի լուծման հնարավոր տարբերակներըՙ արտահայտելով որոշակի նկատառումներ եւ առաջարկություններ: Հեղինակը միաժամանակ հիշեցնում է, որ «Հայաստանը... երբեւիցե չի ունեցել որեւէ հայեցակարգ քրդական հարցումՙ Արեւմտյան Հայաստանի հիմնախնդիրների կարգավորման տեսակետից» (էջ 59), դա զարմանք է պատճառում հեղինակին, քանի որ «քրդերի մասնակցությամբ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը, եւ նրանք դարձան Արեւմտյան Հայաստանի հիմնական բնակիչները» (էջ 59):

Արտահայտելով մի քանի նկատառումներՙ Ն. Հովհաննիսյանն անհրաժեշտ է համարում հայեցակարգը մշակելու համար ստեղծել համահայկական հանձնաժողովՙ Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ սփյուռքահայության ներկայացուցիչների ու մասնագետների լիարժեք մասնակցությամբ, իսկ հանձնաժողովի աշխատանքները նպատակահարմար է, որ համակարգի ՀՀ նախագահը:

Աշխատության հեղինակը միաժամանակ ներկայացնում է հիմնախնդրի կարգավորման ու լուծման իր հիմնական տարբերակները եւ իդեալական տարբերակը:

Պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանի աշխատության ուսումնասիրությունը, նրա շատ դրույթների ու ընդհանրացումների գործնական կիրառումները միանգամայն օգտակար կլինեն քրդական գործոնը Արեւմտյան Հայաստանի հարցի լուծման ու ամբողջացման հայկական հայեցակարգում, որն աստիճանաբար կդրվի գործողության մեջ:

Նկար 1. ՌԱԿ գրասենյակում, գրքի քննարկման պահին

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 25-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ