RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-21 21:49:18Անկախության բանակ (տեսանյութ)
2020-09-21 21:48:18Հայ թատերական կյանքը Կիլիկիայում` ֆրանսիական գրավման օրերին
2020-09-21 21:47:21Հրդեհ՝ Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում (տեսանյութ)
2020-09-21 18:15:08Կրոնավիրուսի դեմ պայքարն Արսեն Թորոսյանի կարծիքով հաջողել ենք
2020-09-21 16:09:55ԱՀ նախագահը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
#009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 25-03-2016



Տեղադրվել է` 2016-03-25 00:03:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 4021, Տպվել է` 283, Ուղարկվել է էլ.փոստով` 259

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄ ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Վերջապես Սպիտակ տունը, ԱՄՆ պետքարտուղարի մարտի 17-ին արած հայտարարությամբ, բնորոշեց Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների, եզդիների եւ շիա մահմեդականների հանդեպ ԻՊ/ԴԱԻՇ-ի կատարած հանցագործությունները որպես ցեղասպանություն: Ակնարկելով նախորդիվ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի միաձայն ընդունած (393 կողմ, 0 դեմ) թիվ 75 բանաձեւը, պետքարտուղար Ջիմ Քերրին դատապարտեց Սիրիայում եւ Իրաքում շարունակվող ԻՊ-ի վայրագությունները, ինչի արդյունքում ոչնչացվել են հայկական եւ կաթոլիկ եկեղեցիներ, մշակութային կոթողներ, դամբարաններ, սրբավայրեր: Վանդալիզմի հետեւանքով Սիրիայում ավերակների է վերածվել պատմամշակութային եզակի նմուշՙ Պալմիրան եւ գլխատվել է նրա 83 ամյա տնօրեն-գիտնականը:

Քերրին ընդգծել է իր խոսքում, որ քրիստոնյաներին ոչնչացրել են իրենց քրիստոնյա հավատքի համար, եզդիներինՙ եզդի լինելու, շիա մահմեդականներինՙ շիա լինելու համար:

Նշենք, որ Սպիտակ տունը վերջին անգամ ցեղասպանության դատապարտմամբ հանդես է եկել 2004-ին Դարֆուրի դեպքերի կապակցությամբ:

Հայտարարության արձագանքներն ամերիկյան մամուլում սակայն միանշանակ չէին, ավելինՙ այն որակվեց որպես ամոթալի, ցեղասպանության փաստի ընդունման հարցում ԱՄՆ արտաքին քաղաքականության որդեգրած ընտրովի եւ խտրական վերաբերմունքի համար: «Նյու Յորք Փոստը» այս առիթով նշել էր 2008-ին հայոց ցեղասպանության ճանաչման մասին Օբամայի խոստումը, ինչն անկատար է մինչ այսօր դաշնակից Թուրքիային գոհացնելու պատճառով ու, քանի դեռ դա այդպես է, ըստ նպատակահարմարության ցեղասպանություն ճանաչելը ամոթալի է եւ արժեք չներկայացնող:

Այնուամենայնիվ, ի՞նչ հետեւանք կունենան ԱՄՆ-ի, իսկ դրանից առաջՙ Եվրոխորհրդի եւ Վատիկանի, ԻՊ-ին ուղղված ցեղասպանության մեղադրանքները: Չէ՞ որ պատասխանատվություն կրող կողմը պետք է փոխհատուցի իր կատարած բոլոր բարոյական եւ նյութական վնասների համար, տվյալ դեպքումՙ եզդիներն, Սինջարից (Իրաք) տեղահանման, կանանց գերեվարման, զանգվածային բռնաբարությունների եւ սպանությունների համար, հայերինՙ Դեր Զորի, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված, Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցման, Քեսաբի ռմբակոծումների, սիրիահայ համայնքի տեղահանման, նրանց անշարժ գույքի, դպրոցների, հոգեւոր եւ մշակութային օջախների ոչնչացման եւ շա՜տ ու շա՜տ այլ զազրելի ոճիրների համար:

Սակայն այս հաշիվները ինչպե՞ս է հնարավոր ներկայացնել միջազգային սուբյեկտ չհանդիսացող ահաբեկչական այս խմբավորմանը, որի համար ցեղասպանության կատարման մեջ մեղադրվելը ընդունվում է որպես «հաճոյախոսություն»: Հետեւաբար Վաշինգտոնից հնչած պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունը սոսկ խորհրդանշական բնույթ ունի, ինչպես նաեւ, կարծում եմ, նպատակՙ ապահովագրելու Միացյալ Նահանգներին «Իսլամական պետությանը» ցուցաբերած ուղղակի կամ անուղղակի աջակցության գործում հնարավոր մեղադրանքներից:

Իրոք, բոլորս վկաներն ենք մերօրյա այն պատմության, թե ինչ գործընթացներ նպաստեցին ԻՊ-ի ստեղծման եւ հզորացման համար (չկրկնենք քանիցս ասվածը): Վկաներն ենք, թե ինչպես էին աշխարհի հզորները հինգ տարի շարունակ հայեցողի կեցվածքով հանդուրժում Իրաքն ու Սիրիան մարդու սպանդանոցի վերածած ջիհադիստների գազանությունները, միայն թե Ասադը տապալվի: Ի տես աշխարհի, «YouTube»-ով, Ջիհադի Ջոնը կտրում էր ամերիկացիների, ճապոնացիների, անգլիացիների, գերմանացիների, իտալացիների... գլուխները: Ինչո՞ւ այն ժամանակ, գոնեՙ երկու տարի առաջ, ԻՊ-ին չմեղադրեցին ցեղասպանության մեջ: Չէ՞ որ այդ մորթվող մարդկանցից յուրաքանչյուրն ուներ երկիր, որի ղեկավարն ըստ սահմանադրության պարտավոր էր պաշտպանել իր քաղաքացու կյանքն ու արժանապատվությունը:

Այսօր հարմար պահ է, Սիրիայում ԻՊ-ի ահաբեկիչներին Ռուսաստանի հասցրած զգալի հարվածից հետո, խոսել ցեղասպանությունից: Մնում է որ Թուրքիան էլ, ի դեմսՙ Էրդողանի, դատապարտի ԻՊ-ին ցեղասպանության մեջ, որպեսզի պատկերն ամբողջանա:

Բերեմ մեկ փաստ միայն: Իչպե՞ս կարող էր վրիպել ամերիկյան հետախուզության ամենատես աչքից, երբ աշխարհի թիվ 1 ահաբեկիչ, «Իսլամական պետության» խալիֆ Աբու Բաքր ալ-Բաղդադին 2015-ի մարտին վիրավորվելով տեղափոխվեց Թուրքիա բուժման (բացառված չէ, որ հանդիպել է նաեւ Էրդողանին) եւ հետո նույն տարվա դեկտեմբերին ապահով փոխադրվեց Լիբիա:

ԱՄՆ պետքարտուղարը մարտի 17-ի իր արած հայտարարության մեջ նշում է, որ դեռ հնարավոր չէ ամբողջական գնահատական տալ ԴԱԻՇ-ի գործողություններին, քանի դեռ Մերձավոր Արեւելքում ծայրահեղ ահաբեկչական խմբավորումները լիովին չեն վնասազերծվել: Միայն դրանից հետո, ասում է նա, հնարավոր կլինի հետաքննությամբ պարզել ԻՊ-ի պատճառած մարդկային եւ նյութական կորուստների ծանրության չափը:

Կարծում ենք, վաղուց անհրաժեշտ այդ հետաքննությունը պետք է սկսել 2001թ-ի սեպտեմբերի 11-ից, Իրաք ներխրուժումից, արաբական գարուններից, Սիրիայում իշխանափոխության փորձից, ԻՊ-ին հովանավորող եւ ֆինանսավորող Թուրքիային աջակցելուց, մինչեւՙ Եվրոմիության լիդերների եվրոկործան քաղաքականությունը: Այդ դեպքում պարզ կլինի, որ ԴԱԻՇ-ն իր իրագործած ցեղասպանության մեջ միայնակ չի եղել:

Նյու Յորք

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 25-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ