RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-21 21:49:18Անկախության բանակ (տեսանյութ)
2020-09-21 21:48:18Հայ թատերական կյանքը Կիլիկիայում` ֆրանսիական գրավման օրերին
2020-09-21 21:47:21Հրդեհ՝ Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում (տեսանյութ)
2020-09-21 18:15:08Կրոնավիրուսի դեմ պայքարն Արսեն Թորոսյանի կարծիքով հաջողել ենք
2020-09-21 16:09:55ԱՀ նախագահը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
#009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 25-03-2016



Տեղադրվել է` 2016-03-25 00:03:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 4080, Տպվել է` 329, Ուղարկվել է էլ.փոստով` 309

ԲԱՑՈՂՆ ՈՒ ԲԱՑՎՈՂԸ

Հ. ԱՖՅԱՆ

Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցան ուշագրավ երկու իրադարձություն, երկուսն էլՙ վատ, մեկը մյուսից վատ: Նախ մայրաքաղաքի խանութներից մեկը հրաժարվել է իր դռները բացել իրանցի զբոսաշրջիկների առջեւ, որովհետեւ վերջիններս «պարսիկ են», ապա եւ Հայաստան այցելած շվեյցարացի երիտասարդ զբոսաշրջիկներից մեկը գանգատվել է, որ ինքը 7 օր է անցկացրել Հայաստանում եւ իրեն ամեն օր եկեղեցի են տարել:

Առաջին դեպքի հետ կապված էկոնոմիկայի նախարարությունը (ինչո՞ւ հենց այս նախարարությունը) որոշել է անցկացնել հետաքննություն, պարզելու, թե ո՞ր խանութն է, որ խախտել է «հայերը հյուրասեր ազգ են» սկզբունքը եւ ներս չի թողել մեր բարեկամ իրանցիներին: Մինչեւ այս հոդվածը գրելու պահը դեռ պարզում էին, իսկ երկրորդ դեպքի հերոս երիտասարդն արդեն հարազատ Շվեյցարիայում է, որտեղ հավանաբար մի 7 ամիս եկեղեցի չի գնա:

Հաջողություն մաղթենք էկոնոմիկայի նախարարությանը եւ հավատՙ մեր շվեյցարացի հյուրին, ինչպես նաեւ մաղթենք արտասահմանում գտնվող մեր հայրենակիցներին, որ նրանց առջեւ այդ երկրների խանութների դռները միշտ բաց լինեն, իրենք էլ այնտեղից փոքր բաներ չցրեն, որ հետո այդ երկրներում եկեղեցի չգնան, որպեսզի մեղքերի թողություն խնդրեն, եւ խոսենք... Ինչի՞ց խոսենք:

Հայաստանում ոչ մի հետաքրքրական, հատկապես եվրոպացի երիտասարդներին հետաքրքրող վայր չկա, ինչի՞ց խոսենք, Հայաստանում, ոչ թե Մեղրիում, Սեւանում, Հրազդանում, Արմավիրում, այլՙ մայրաքաղաք Երեւանում պարսիկներին խանութ ներս չեն թողնում, ինչի՞ց խոսենք: Այդ իրանցիներն ու այդ շվեյցարացին էլ երբեք Հայաստան չեն գալու, ինչի՞ց խոսենք, եթե իհարկե, իրանցին Հայաստան չգա որպես նվաճող, իսկ շվեյցարացինՙ զառամյալ ծերունի, երբ միակ բանն, ինչ հետաքրքրում էՙ եկեղեցին է: Այսինքն այսքան անհանդուրժող եւ անհետաքրքիր ենք դարձել, ավելի ճիշտՙ հանդուրժող եւ հետաքրքրական չենք դարձել:

Հասկանալի է, որ շվեյցարացուն հայկական լեռներով չես զարմացնի, բայց այդ լեռների եւ այդ լեռներում կառուցված բնակավայրերի տարիքո՞վ էլ: Այդ լեռներում հյուսված առասպելներով եւ լեգենդներով է՞լ: Հասկանալի է, որ Հայաստանը հոգեւոր երկիր է, բայց գոնե մի քիչ աշխարհիկ չէ՞: Չէ՞ որ հոգեւոր արժեքները դասական երաժշտության նման բան են, պարզ է, որ հրաշալի են, բայց պարզ է, որ բոլորի համար չեն, շատերի համար չեն: Դասական երաժշտությունը երաժշտություն լսողների փոքրամասնությունն է լսում, այոՙ որակյալ մասը, բայց փոքր մասը: Հոգեւոր արժեքներ էլ արժեք փնտրողների փոքր մասն է գնահատում, դրանց հետեւից քչերն են գալիս, ավելի քչերն էլՙ կրկին են գալիս (մանավանդ, որ այդ հոգեւոր արժեքներից շատերի մոտ զուգարան չկա): Ու խնդիրն ամենեւին էլ զբոսաշրջության զարգացումը չէ, որովհետեւ այդ պարագայում կխոսեինք Հայաստան բերող տոմսերի աննորմալ գներից էլ, հյուրանոցային եւ այլ նմանատիպ ծառայությունների գներից էլ, որակից էլ, խնդիրը մենք ենք, ավելի ճիշտՙ մենք խնդիր ենք, որովհետեւ հետաքրքրական չենք, որովհետեւ փաստորեն մի ամրոց էլ չունենք, որտեղ այսինչ իշխանը այսինչ իշխանուհուն է սիրել (ոչ թե աղոթել նրան հասնելու համար), մի սար չունենք, որտեղ մարդը տուն է կառուցել, որ որդի ունենա (ոչ թեՙ եկեղեցի, որ աղոթի), դաշտ չունենք, որտեղ այսինչ թվին թշնամուն ենք ջարդել եւ հետ շպրտել (ոչ թե բարոյական հաղթանակ տարելՙ Աստծու օգնությամբ, անշուշտ), բերդի պարսպից կախված պարան չունենք, որով խիզախներն ու խելահեղներըՙ նույն դեմքով, ուտելիք են բերել-հասցրել պաշարման մեջ գտնվողներին, որովհետեւ բերդի կանգուն պարիսպ չունենք, բերդերի տեղում աղոթատեղի ունենք, կամ խաչքար ունենք, որտեղ աղոթել են, որ պաշարվածներին ուտելիք հասնի, տեսնես որտեղի՞ց: Չունենք այս ամենը, եթե ցույց չենք տալիս, ուրեմն չունենք, փաստորեն չունենք: Փոխարենըՙ Ծիծեռնակաբերդ ունենք, Եռաբլուր չունենք: Բաքուն պատերազմ է պարտվելՙ Շեհիդների պուրակ ունի, մենք պատերազմ ենք հաղթելՙ Եռաբլուր չունենք:

Երբ մարդն ինչ-որ բան չի ունենում, ձգտում է ունենալ, եթե չի ստացվում, սկսում է չարանալ: Երբ ժողովուրդն ինչ-որ բան չի ունենում, սկսում է չարանալ, միանգամից, առանց ձգտելու: Չարանալուց էլՙ անհանդուրժող դառնալ: Մենք անհանդուրժող ենք, եւ սրա հետ ոչ մի կապ չունի էկոնոմիկայի նախարարության հետաքննության արդյունքը, եթե անգամ պարզվի, որ Երեւանում այդպիսի խանութ չկա, որն իր դռները իրանցիների առջեւ փակել է: Մենք հո գիտենք, որ փակել է, քանի որ փակողը մենք ենք:

Բայց մի լավ բան էլ կա. քանի որ փակողը մենք ենք, ուրեմն բացողն էլ մենք ենք, բացողն ու բացվողը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 25-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ