RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 25-03-2016



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2016-03-25 00:03:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 4139, Տպվել է` 305, Ուղարկվել է էլ.փոստով` 284

ԾԻՐԱՆԵՆԻՆ, ՈՐՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԾԻՐԱՆԵՆԻ ՉԷ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Փաստորեն ծիրանը հայ չէ, եթե հայ լիներՙ կդիմանար ցրտին, այդ թվումՙ ցրտին: Չէ՞ որ դարերով հայերը դիմացել են եւ ոչ միայն ցրտին: Թշնամիներին, նրանց, ինչպես մեր պատմության դասագրքերում էր գրվածՙ ասպատակություններին, ծանր թշնամական հարկերին եւ ոչ միայն թշնամական, բայց ծանր հարկերին, դիմացել ենքՙ իրար եւ կարծես թե ստացվել է: Ծիրանն, ուրեմն հայ չէ, մինուս ջերմաստիճանին չի դիմանում, կարեւոր չէՙ ինչին, չի դիմանում: Եւ, եթե անգամ Լեւոն Արոնյանը հաղթի Մոսկվայում այս օրերին ընթացող հավակնորդների մրցաշարում, իսկ նոյեմբերին էլ Նյու Յորքում հաղթի աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին եւ հռչակվի աշխարհի շախմատի չեմպիոն, միեւնույն է, տարին հաջող չի լինի մեզ համար, քանի որ ծիրան չենք ունենալու. Արմավիրի մարզպետն արդեն իսկ հայտարարել է, որ այս տարի հազիվ թե ուտելու ծիրան լինի:

Սա իհարկե վատ է: Վատ է ոչ միայն ծիրան սիրողների համար, ոչ միայն Հայաստանից դուրս ապրողների համար, ովքեր ամեն տարի սպասում են, թե երբ պետք է իրենց բարեկամներն իրենց զամբյուղներով ծիրան ուղարկեն, այլ նաեւ ծիրան աճեցնողների համար, ընդ որում վերջիններիս պարագայում կապ չունիՙ ծիրան սիրո՞ղ են, թե՞ ոչ: Ծիրանն իրենց փողն է, իսկ փող բոլորն են սիրում, նշանակություն չունիՙ այդ փողը գալիս է ծիրանի՞ց, թե՞... զբոսաշրջությունից: Ի դեպ, շատ հետաքրքրական կլինի պարզել, Հայաստան ժամանող զբոսաշրջիկները, մանավանդ նրանք, ովքեր առաջին անգամ չէ, որ մեր երկիր են գալիս, ինչո՞ւ են գալիս, այսինքն ամենաշատը նրանց ի՞նչն է գրավում, ավելի կոնկրետՙ ծիրա՞նը, թե՞ մեր հինավուրց եկեղեցիները: Գուցեՙ ծիրանենինե՞րը: Պարզ է, որ այս երեքից մեկն է, քանի որ ոչ հին քաղաք ունենք, ոչ բարեհամբույր ժողովուրդ ենք, ոչ կանաչ տարածություններ ունենք. բնություն եւ եկեղեցի է մնացել, բնությունը մնացել է, որովհետեւ այդքան փող չկա, որ բոլոր տեղերում բան կառուցենք, իսկ եկեղեցին մնացել է, որ Աստծուց փող խնդրենք, որպեսզի բոլոր տեղերում բան կառուցենք, հա՛ կառուցենք, մի՛շտ կառուցենք, մանավանդ հիմա, երբ շուտով վաստակավոր շինարարի կոչում են տալու:

Բայց մենք ինչ-որ բան չե՞նք շփոթում: Նկատի ունեմՙ կառուցել բառի ընկալման մեջ: Երկրում, անշուշտ, շենքեր կառուցում են, բայց երկիրը շենքեր կառուցելո՞վ են կառուցում: Միա՞յն: Բա ծիրանենի՞ն, ծիրանենի տնկելը, աճեցնելը երկիր կառուցել չէ՞: Հասկանալի է, որ ծիրանի աճեցնողները քաղաքաշինության հետ կապ չունեն, բայց նկարիչներն ու այսօր իրենց օրը նշող պոետները եւս այդ նախարարության եւ գործի հետ կապ չունեն: Ուրեմն ի՞նչ, նկարիչն ու բանաստեղծը երկիր չե՞ն կառուցում, եթե լավն են, եւ երկիր չե՞ն կործանում, եթե վատն են ու եթե շատ են: Իմ կարծիքով երկիր կառուցում են բոլորը, ովքեր աշխատում են այդ երկրում: Օրինակ, Մոնղոլիայում մոնղոլական երկիրը կառուցում է ե՛ւ այդ երկրի նախագահ Ցախիագիյն Էլմեգդորժը, ե՛ւ դաշտերում ոչխար արածեցնող մոնղոլ իգիթ Չինգիզը, ում այդպես են անվանել ի պատիվ իրենց ժողովրդի մեծագույն խանի, հույսով, որ տղան ամբողջ կյանքում ոչխար չի պահի: Բայց եթե անգամ պահի, եթե անգամ ամբողջ կլյանքում նա էլ, իր որդին էլ, իր թոռն էլ ոչխար պահեն, դրանով իսկ երկիր կկառուցեն, Էլմեգդորժին հավասար:

Այնպես որ, ծիրանենի տնկելով երկիր ենք կառուցում, ուրեմն դրանից պետք է շատ տնկել: Առաջարկում եմ նաեւ Երեւանում տնկել, հենց փողոցներում, մայթերին. Ծիրանի երկիր ենք, չէ՞, մեր խորհրդանիշներից մեկն է, չէ՞... Պատկերացնո՞ւմ եք, գարնան այս օրերին, ամբողջ քաղաքի մայթերըՙ աջից ու ձախից ծաղկած ծիրանենիներ են: Երեւան ժամանած զբոսաշրջիներն էլ դրանց ֆոնին նկարվում են, ինչո՞ւ հենց դրանց ֆոնին, ոչ թե շենքերի՞, որովհետեւ այդ շենքերից իրենց քաղաքներում էլ կան, ավելի լավերը, բայց իրենց քաղաքներում ծիրանենի չկա: Ու կստացվի այնպես, որ զբոսաշրջիկները Երեւան են գալիս հանուն ծիրանենիների. գարնանը, որ տեսնեն, թե ինչ հրաշք է ծաղկած ծիրանենին, ամռանը, որ «Ոսկե Ծիրան» փառատոնի ֆիլմերը նայելու ընթացքում փորձեն, թե ի՞նչ համեղ է դրա պտուղը: Եթե, իհարկե, պտուղը մնա, թողնեն, որ մնա: Հասկանալի է, որ քաղաքի մայթերին ծիրանենիներ տնկելը ամբողջովին կհարվածի ցոգոլ վաճառողների գործին, եւ գուցե նրանք բողոքի ակցիա սկսենՙ քաղաքապետարանի դիմացՙ պահանջելով հանել ծիրանենիները: Բայց անգամ այդ ցույցը գեղեցիկ կլինի, քանի որ ծիրանենիների քաղաքում այդ ծառերի ֆոնին ցանկացած ցույց էլ գեղեցիկ կլինի:

Մենք գեղեցիկ քաղաքում կապրենք, իսկ երբ մարդիկ նման քաղաքներում են ապրում, իրենք էլ մի քիչ գեղեցկանում են: Ոչինչ, որ եղանակը կցրտի եւ ոչ միայն Արմավիր-Արարատ մարզերի, այլեւ Երեւանի մայթերի ծաղկած ծիրանենիները պտուղ չեն տա, բայց երեւանյան ծիրանենիները պտուղ տալու համար էլ չեն, նրանք գեղեցկության համար են, որ մեր քաղաքը գեղեցիկ կոչվի, գեղեցիկ հիշվի, եւ քանի որ արդեն վաղուց վարդագույն չէՙ ծիրանագույն դառնա:

...Գուցե բնությունն էլ տեսնի, որ մենք հոգ ենք տանում նրան, եւ այլեւս երբեք այսպես չպատժի՞, չէ՞ որ հիմա պատժում է, որովհետեւ մենք երկիր կառուցելը ճիշտ չենք ընկալում, իսկ երկիրը շենքերը չեն, որտեղ պատսպարվում ենք, որ չմսրենք, եկեղեցին էլ չէ, որտեղ աղոթում ենք, որ ցուրտը աղետաբեր չլինի. երկիրը ծիրանենին է, որը տնկում ենՙ անգամ, երբ ցուրտ է, մանավանդ, երբ ցուրտ է, քանի որ հակառակը հանձնվել է: Ու քանի որ մենք չենք հանձնվելու, չվհատվենք էլ. ծիրանն այդուհանդերձ հայ է, կդիմանա:

Ծիրանենին էլ իրականում ծիրանենի չէ, այլ մեր յուրաքանչյուրիս գործն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 25-03-2016

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ