RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 25-03-2016



ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2016-03-25 00:03:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 4345, Տպվել է` 283, Ուղարկվել է էլ.փոստով` 260

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՂԱՎՆԻՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ԱՊԱՀՈՎ ՉԵՆ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Հրանդ Դինքը, այդ խիզախ լրագրողը, ով հավատում էր, որ կարող է ժողովրդավարության գործընթացը առաջ տանել Թուրքիայումՙ պարտավորեցնելով ժողովրդին առերեսվել երկրի մռայլ անցյալի հետ, սպանվեց 2007 թվի հունվարի 19-ին, զգայուն թեմայի շուրջ թուրքերի հետ երկխոսություն ծավալելու մտադրությամբ իր իսկ հիմնած «Ակօս» թերթի խմբագրատան դռան առաջ:

Նա հավատում էր, որ հայերը Թուրքիայում շատ մեկուսացված կյանք են վարում, եւ եթե թուրքերը ավելի լավ ճանաչեն նրանցՙ հայերին, բոլոր նախապաշարումները կանհայտանան: Միեւնույն տրամաբանությամբ, նա հավատում էր, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստեր բացահայտելով, նա ոչ միայն պատմական ճշմարտության հաղթանակին էր ծառայում, այլեւ մարդու իրավունքների առաջխաղացմանը, որը Թուրքիային կօգներ ազատվելու իր ահավոր անցյալից եւ ճանապարհ կհարթեր դեպի ժողովրդավարություն:

Հաշվի առնելով նրա համարձակ հայտարարությունները Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների եւ Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ, մարդիկ անհանգստանում էին նրա անվտանգությամբ: Բայց նա միշտ հանգստացնում էր նրանց հավաստիացնելով, որ թուրքական հասարակությունը փոխվում է եւ կատարելագործվում: Նա նաեւ հավատում էր, որ ապրում է աղավնու նման, իսկ մարդիկ միշտ պաշտպանում են աղավնիներին: Ավա՜ղ, նա սխալվում էր:

Դինքի սպանության հետաքննության ընթացքում «խիստ գաղտնի» մակագրությամբ 1997 թվագիր մի փաստաթուղթ է հայտնաբերվել, որտեղ Դինքի անունից բացի, նշված է եղել նաեւ այդ ժամանակվա հայկական պատրիարքարանի առաջնորդական տեղապահ Մեսրոպ արք. Մութաֆյանի անունը: «Ֆիրանտ Դինք անունով մի անձնավորություն մեր թիրախում է հայտնվել իր հայամետ գործունեության հետեւանքում: Այդ անձնավորությունը Ստամբուլում հրատարակվող «Ակօս» պարբերականի գլխավոր խմբագիրն է եւ սերտ կապեր ունի պատրիարքարանի առաջնորդական տեղապահ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հետ, ով հայտնի է իր հայկական ազգայնամոլական հակումներով», գրված է եղել այնտեղ:

Պարզվում է, որ Թուրքիայի «խորքային պետությունը» վաղուց էր Դինքին թիրախ դարձրել: Եվ իրոք, 2014 թվի հոկտեմբերին Ստամբուլի քրեական գործերի 5-րդ Գերագույն դատարանը որոշում կայացրեց զրոյից սկսել Հրանդ Դինքի դատավարությունը: Դատախազ Գոկալպ Գյուկչուն հայց ներկայացրեց ընդդեմ 26 նախկին եւ ներկա պետական պաշտոնյաների, որոնց կասկածում էին Դինքի սպանության հետ առնչություն ունենալու մեջ:

Նշենք, որ ի հակադրություն վերոնշյալ հայտարարության, Դինքն ու պատրիարքը, մեղմ ասած, երբեք էլ մոտիկ չեն եղել միմյանց, եւ դա գիտեին բոլորը: Միայն Դինքի սպանությունից հետո է, որ պատրիարքը գիտակցեց, թե ինչքան նման են եղել իրենց ճակատագրերը, եւ նաՙ արցունքն աչքերին ընդունեց այդ փաստը Դինքի հուղարկավորությանը արտասանած իր դամբանականում:

Եվ կարծես դա էլ նշանավորեց սկիզբը պատրիարքի վախճանի: Գուցե անհնարին լինի ապացուցել բժշկական տեսանկյունից այն, որ Մեսրոպ արքեպիսկոպոսի հիշողության կորուստը համեմատաբար երիտասարդ տարիքում, հետեւանքն է տարիների ընթացքում մահվան սպառնալիքների եւ նույնիսկ Գումքափուի իր կենտրոնատեղու վրա ռումբի պայթյունի առաջացրած վախի: Ներկայիս պատրիարքը խիստ հյուծված տեսք ունի: Վերջերս Ստամբուլի դատարաններից մեկը 78-ամյա մորըՙ Մարի Մութաֆյանին նշանակեց նրա խնամակալը: Այսուհետ մայրը իրավունք է ունենալու, դատական որոշումով, իր որդուն ներկայացնելու դատարանում:

Պատրիարքի առողջությունը, մյուս կողմից, անորոշության է մատնել հայկական համայնքը: Թուրքական իշխանությունները ցինիկաբար թույլ չեն տալիս անցկացնել նոր պատրիարքի ընտրություններ, քանի դեռ ողջ է գործող պատրիարքը, հաշվի չառնելով, որ նա բոլորովին անգործունյա վիճակում է: Որեւէ քաղաքակիրթ երկրում նման կրոնական հարցերի լուծումը թողնվում է համապատասխան համայնքի տնօրինությանը, բայց ո՛չ Թուրքիայում:

Վախը, որ պատրիարքին այդ վիճակի է հասցրել, զգում են նաեւ Թուրքիայում ապրող բոլոր հայերը: Պատճա՞ռը: Թուրքիայի կառավարության վարած քաղաքականությունն է:

Վերջերս Հայաստանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանն ասաց. «Հայերի վախը երկակի բնույթ ունի: Մեկն այն է, որ պետության անվտանգությունը սպառնալիքի տակ է, իսկ մյուսըՙ այդ երկրում հայ լինելու անհատական վախը: Փաստ է, որ նման իրավիճակներում միշտ էլ առաջին զոհերը դառնում են Թուրքիայում ապրող փոքրամասնությունները, այդ թվում նաեւ հայերը: Մենք դրան ականատես ենք եղել, երբ թուրքերը միջոցներ ձեռնարկեցին քուրդերի դեմ: Հայերի անունը այդ ժամանակ ավելի հաճախ էր հնչում, կարծես ամբողջ պայքարը հայերի դեմ լիներ: Ոստիկանությունը բարձրախոսներով քուրդերին «հայեր» էր անվանում որպես վիրավորանքի արտահայտություն»:

Բայց միայն ոստիկանությունը չէ, որ «հայեր» բառը օգտագործում է որպես վիրավորանք: Պետական պաշտոնյաները, ներառյալ վարչապետ Դավութօղլուն, նույնպես այդ բառն են օգտագործում որպես վիրավորանք:

Մոսկվայում գրասենյակ բացելու առթիվ քուրդերին կշտամբելու իր ճառում Դավութօղլուն նշել էր, որ քուրդերը ռուսների հետ են համագործակցում ճիշտ այնպես, ինչպես «հայկական հրոսակախմբերը նրանց հետ համագործակցել էին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ»:

Հայերը միշտ էլ վախի մթնոլորտում են ապրել Թուրքիայում: Եվ դա իր պատճառներն ունի անշուշտ: Թուրքական կառավարությունը հարատեւորեն խրախուսել է ատելությունն ու անվստահությունը հայերի նկատմամբ եւ ժամանակ առ ժամանակ ահաբեկել նրանց պաշտոնապես, նույնիսկ Ցեղասպանությունից հետո: 1942-ին կառավարությունը գործի դրեց «Վարլըք Վերգիսի» (ունեցվածքի հարկ) կոչված բռնագանձման օրենքըՙ սնանկացնելու համար համայնքը եւ հայերին Ասկալեյի աշխատանքային գաղութն ուղարկելով նրանց մեծ մասին վերացնելու համար: Ավելի ուշ, 1955-ին, հույների դեմ սեպտեմբերի 6-ին եւ 7-ին կազմակերպված կոտորածից անմասն չմնացին նաեւ հայերը: Կոտորածը հետեւանք էր Անկարայի կողմից հորինված դավադրական մի գործողության, որը պետք է հրահրեր ամբոխին: Թուրք գործակալներ ուղարկվել էին Սալոնիկ ռմբակոծելու այն տունը, որտեղ Աթաթուրքն էր ծնվել: Դա բավական եղավ, որպեսզի գազազած ամբոխը հարձակվի հույների եւ հայերի վրա:

Թուրքերը վարպետ են նման մեքենայություններ մոգոնելու գործում: Սիրիայում ընթացող պատերազմի սկզբում մի դավադրություն էր հայտնաբերվել առ այն, որ Թուրքիայի անվտանգության մարմինների (MIT) ղեկավար Ֆիդան Հականը պատրաստվում էր պայթեցնել Սիրիայում Բյուզանդիան նվաճող Ֆաթիհ Սուլթան Մոհամմեդի հոր դամբարանը, որպեսզի արդարացներ թուրքերի ներխուժումը Սիրիա:

Նույնիսկ վերջին ժամանակների Թուրքիայում կատարվող պայթյունները համարվում են շինծու գործողություններ արդարացնելու համար երկրի արեւելյան շրջաններում կամ Արեւմտյան Հայաստանում քուրդերի դեմ կատարվող կոտորածներն ու հարձակումները: Չնայած վարչապետ Դավութօղլուն ասաց, որ կառավարությունը «գրեթե վստահ» է, որ անցյալ շաբաթվա պայթյունը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ձեռքի գործն է, փաստերն, այնուամենայնիվ, այլ բան են ապացուցում: «Նոկտա» պարբերականում մարտի 13-ին տպագրված լուրը նշում է, որ «Էրդողանի եւ իր ընտանիքի հիմնադրած «Թուրգեւ հաստատությունը» իր բոլոր անդամներին նախքան Անկարայում տեղի ունեցած պայթյունը, հաղորդագրություն էր ուղարկել այդ վայրից հեռու մնալ: Նշանակում է կառավարությունը տեղյակ էր, որ պայթյուն է տեղի ունենալու, եւ զգուշացրել էր միայն «իր մարդկանց» փոխանակ ամբողջ բնակչությանը զգուշացնելու»:

Թուրքիան վտանգավոր վայր է դարձել: Նախագահ Էրդողանը սանձազերծել է բռնությունն այն հույսով եւ հավատով, որ կկարողանա զսպել այն մինչեւ վերջ:

Անկարայի նախորդ պայթյունից հետո, նախագահ Օբաման դարձյալ կրկնեց իր հանգերգը, որ Մ. Նահանգները Թուրքիայի կողքին է մնալու, բայց ոչ մի խոսք չասաց կամ մտահոգություն չարտահայտեց կառավարական այդ կատաղի գրոհին զոհ գնացած մարդկանց մասին: Այդ պատճառով էլ Արեւմուտքում քննադատական ուղերձներն ավելի հաճախակի եւ առավել բարձրաձայն են դարձել: Նրանք պահանջում են հրաժարվել Թուրքիայիցՙ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից երկրի: Նման պահանջով հոդվածներից մեկը տպագրվել էր Տորոնտոյում լույս տեսնող «Globe and Mail» թերթում: Լրագրող Դոու Սոնդերզը իր հոդվածի վերջում եզրակացնում է, որ «Էրդողանը քայքայել է այն միացյալ եւ թափանցիկ Թուրքիան, որն ինքն ավելի վաղ օգնել էր ստեղծել: Եվ նա այդ բանն արել է օգտագործելով ոչ միայն ինքնակամ բռնապետի, այլ նաեւ այժմ լրատվամիջոցները լռեցնելուց հետո, տոտալիտար դիկտատորի «գործիքները»: Ժամանակն է վերջ տալ Թուրքիային որպես դաշնակցի վերաբերվելու, եւ համարել նրան չափն անցած մի սովորական երկիր»:

Իրադրության հեգնական բնույթն ամբողջությամբ պատկերացնելու համար արժե նշել այն մասին, որ ըստ լուրերի Ստամբուլի քաղաքապետ Վասիպ Շահինը հանդիպել է հայ, հրեա, հույն եւ մահմեդական կրոնական առաջնորդների հետ եւ հանդիպման ավարտին հաղորդել ներկաներին, որ Ստամբուլը դարձել է «եղբայրության եւ համերաշխության քաղաք», որտեղ տարբեր կրոնական համայնքներ ապրում են հաշտ ու խաղաղ պայմաններում:

Եվ սա այն պարագայում, երբ երկրի արեւելյան շրջանները պատերազմական գոտի են հայտարարված, որտեղ քուրդերը նույնիսկ չեն կարողանում իրենց զոհերի դիակները վերցնել փողոցներիցՙ տիրող ահ ու սարսափի պատճառով:

Եթե Հրանդ Դինքը ժամանակին իմանար, կամ զգուշացված լիներ, որ Թուրքիայում աղավնիներն այլեսւ ապահով չեն, նա գուցե ողջ լիներ այսօր:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 25-03-2016

AZG Daily #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ