RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#007, 2016-02-26 > #008, 2016-03-04 > #009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 11-03-2016



Տեղադրվել է` 2016-03-11 12:17:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 2569, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 9

«ՄՈԼ»-ԵՐԻ ՄՈԼԻ ԳՆԵՐԸ, ԽՐԱՄՉԻԽԻՆԻ ԼՐՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԷԺԱՆ ԱՎԻԱՏՈՄՍԵՐ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ամեն անգամ լուրջ-լուրջ գրում ենք այս ու այն երեւույթի մասին` կարեւոր համարելով անցնող շաբաթվա առանցքային իրադարձությունների մեկնաբանությունը: Այս շաբաթ այլ տրամադրություն է` գարունը խուժեց կյանք, փողոց տարավ բոլորիս, շփումը մեծացրեց` մարդ-մարդ սառնությունը արեւով չեզոքացնելով: Ավելի շատ մարդկանց տեսանք, ավելի շատ մարդկանց տրամադրությունն զգացինք, նրանց անմիջականությունը, պետք է ասել, խմբագրում է մեզ, այս անգամ մի փոքր խառնում լուրջն ու կատակը:

Ամբողջ շաբաթ անցավ Կլարա Ցետկինի ու Ռոզա Լյուքսեմբուրգի հորինած, թող ներվի մեզ գուցե ուրիշներին անհաճո բնորոշումը, կեղծ տոնի նշանի ներքո, այսինքն` մարտի 8-ի, չնայած նրանք այդ տոնն առաջարկել էին այն պատճառով, որ իրենց ժամանակներում կանայք երկրորդ սորտի մարդիկ էին համարվում, որոնց մնում էր ձեռաց դատապարտել հեղափոխական այս զույգի հունից շեղված (այդ թվում սեքսուալ առումով) կյանքը: Ուրեմն` մեզ մոտ, Հայաստանում, հիմա կանայք ոչ մայն իրավահավասար են, համենայնդեպս տան հոգսը կրելու մասով, այլեւ, կարելի է ասել, ավելի հավասար, դեռ մի բան էլ ավելի, այնպես որ` էս տոնը մեզ համար չպետք է ակտուալ լիներ: Այն ավելի շուտ այն երկրների կանանց համար է, որտեղ ամուսնուն ու սկեսրոջն ընդդիմացած հարսներին քարկոծում են կամ էշին թարս նստեցնելով` բաց են թողնում փողոցներով: Անգամ մեզ համար պիտի վիրավորական լիներ այդպիսի անիրավահավասար ակնարկներով տոնը: Բայց դե` մերոնց խելքը մարտի 8-ի համար իրենցը չի, մերոնք ազգովին խելագարվում են զանազան ցուցափեղկերի համար` ուղիղ ու փոխաբերական իմաստներով: Հատկապես տղամարդիկ, որոնցից որոշներն էլ էնքան են անցել չափը, որ կանանց տոնի միամսյակ են հորինել, իրականում իրենց տղամարդկությունը դրսեւորելու հրապարակային հավելյալ հնարավորության համար:

Քաղաքապետարանի տղամարդիկ, օրինակ, զանազան թանկարժեք զանգուլակներով զարդարում են քաղաքն այս տոնի առթիվ այն աստիճան, որ զարմացնում են Հայաստանի աղքատ բնակչության մասին լսած տուրիստներին, փոխանակ էդ փողը ծախսեն մի քանի բազմանդամ ընտանիքների մայրերի մի-մի արմատական հարց լուծելու վրա: Այլ տղամարդկանց մոտ մի խելահեղ վազք է այդ օրը սկսվում` հատկապես անիմաստ զարդարված ծաղկեփունջ գնելու առումով, ուրիշներն այդ օրը քիչ է մնում գլխի վրա ման գան, դե բա տեսեք` մենք հանուն կանանց ինչի ենք ընդունակ: Հենց էսպես էլ ապրում ենք` կրկներեսի (կրկնուսույց կլինի, կրկներես չէ՞) սերմը ցանելով ու ջրելով, դա նկատողին էլ շեղված համարելով:

Քաղաքապետարանի` քաղաքը զարդարած արտակարգ զարդերի մեջ էլ գաղտնիք չկա, զարդարում են քաղաքի կենտրոնն իրենք իրենց համար, ավելի ստույգ` էն 1000-2000 հոգու համար, որոնք սարեր-ձորեր հեռու են երկուսուկես միլիոնից, որոնք այնպես էին մարտի 8-ի երեկոյան բնակեցրել կենտրոնի սրճարանները, որ ասեղ գցելու տեղ չկար, ու երկու ազատ աթոռ գտնելու համար ժամը վեցից ութը հարկ էր լինում անցնել կենտրոնի բոլոր սրճարաններով: Խեղճ մեր տատիկներ, նրանցից շատերը էլի նույն հազար դրամն ունեին ծախսելու այդ օրը խղճալի թոշակից, հեռվում գտնվող որդիներն ու թոռները էլի մոռանում էին անգամ զանգահարել, էլի խանութներում նրանք բաժանում էին ունեցած գումարը հացի, մածունի ու մի կապ կանաչու միջեւ: Այսինքն` այս տոնը մեզ մոտ ոչ թե կանանց իրավահավասարության տոն է իրականում, ինչպես ի սկզբանե էր, այլ նույնպես վերածվել է հարուստների տոնի, որի ընթացքում նույն հազար հոգու «էլիտար» խանութները հույս ունեն իրենց «էլիտար» քրջերը վաճառել նույն հազար հոգու վրա, նույն հազար հոգու «էլիտար» սրճարանները սպասարկում են նույն հազար հոգուն, նույն հազար հոգու ` «էլիտար» ծաղկի սրահների «էլիտար» ծաղկեփնջերը` անտրամաբանական գներով գնվում են նույն հազար հոգու համար, եւ այդպես շարունակ: Եվ սա կոչվում է էկոնոմիկա, դիվերսիֆկացիա, կապիտալի շարժում, մուլտիպլիկացայի էֆեկտ` ինչ բառ ուզում եք օգտագործեք, միայն թե ոչ տնտեսություն: Սովորական մարդը` հանդիսատես, մերոնց դեպքում` հումորը տեղը հանդիսատես, որ անգամ մի փոքր վերեւից է նայում էս ջայլամական քայլքուվազքին, վաղուց արդեն հնարամիտ լուծումներով «էլիտար» քրջերին «ոչ» ասելուն:

Նոր բացված «մոլ»-ում մի սովորական մայկա տեսա, ասացի` քանի որ մտել եմ, մի բան գնեմ. պատկերացրեք` գինը 39 հազար դրամ էր, դա երեւի ոչ թե մայկայի գինն էր, այլ էդ «մոլ»-ի տիրոջ, դե որ «մոլ»-ի տեր է, մոլի գներ էլ պետք է դնի: Մեր ժողովրդի հիմնական մասը վաղուց այդ «մոլ»-երը չի գնում, դրանք եւս նույն հազար հոգու համար են: Էս չտեսության ժամանակներն էլ կանցնեն, ոչինչ հավերժ չէ:

Բայց շաբաթը միայն տոնի հոգսերով չէր լցված, այլ նաեւ` լրտեսական կրքերով: Ինչ-որ Ալեքսանդր Խրամչիխին բացահայտ լրտեսական նյութ է հրապարակել ռուսական «Ռազմարդյունաբերական սուրհանդակ» պարբերականում, որտեղ մեկ-մեկ նշված են մեր բանակային կորպուսների գտնվելու վայրերը, տիրապետած զինատեսակները, դեռ հոդվածն էլ անվանել է «Մի քանի հարցերով ֆորպոստը», այսինքն` Հայաստանն է, էլի, ֆորպոստը: Հայաստանյան լրատվամիջոցները բուռն են արձագանքել այս հրապարակմանը` ռազմավարական դաշնակցի կողմից Հայաստանի ռազմական գաղտնիք հանդիսացող տվյալների հրապարակումը ոչ-դաշնակցային անվանելով: Զայրացած պատասխանների պակաս` ԶԼՄ-ների մակարդակով, չկա այս տրոյական ձի-հրապարակմանը, ինչպես նաեւ այսպիսի հոդված հրապարակելու նպատակի որոնման, որոնցում անգամ ռազմական բախման հրահրման ռեսուրս են տեսնում Խրամչիխինի այս «փորձագիտության» մեջ` ռուս-թուրքական տուրեւառի եւ հայ-ադրբեջանական լարվածության ֆոնին:

Զայրույթ կա, նույնիսկ` ծայրահեղություն, թե մեր ԱԳն-ն թող նոտա հղի ռուսական ԱԳՆ-ին, չնայած` ՊՆ մամուլի խոսնակն ասում է, թե այդ տվյալները հնացած են եւ իրականությանը չեն համապատաասխանում: Բայց ավելի լավ կլինի, որ մերոնք էլ ռուսական զենքի մասին արտահոսք անեն, տեղական ու դրսի մամուլում, քվիթ կլինենք, ի՞նչ եք իրար անցել` նույնիսկ եթե Կրեմլին մոտ փորձագետը դիտավորյալ ու հատուկ նպատակով է այս նյութը զետեղել, կամ էլ ուղղակի փողով է այդպիսի հրապարակում արել, ու էն էլ ադրբեջանական լոբբիինգի սուբյեկտ պարբերականում, կամ ուզում է սադրանք հրահրել մեր սահմաններին, ոչ առանց ռուսական ղեկավարության գիտության: Թե՞ մերոնք մեր Սպիտակ տանը մոտ կանգնած «անկախ» փորձագետ չունեն, թե՞ մեր հատուկ ծառայությունները տվյալ չունեն` արտահոսք կազմակերպելու, անձնական կեղտոտ կոմպրոմատների արտահոսքի համար խելքներն իրենցը չի, հատկապես ներքաղաքական թշնամուն չեզոքացնելիս: Կամ մի քիչ փող չի՞ գտնվի` այդպիսի տվյալներ ռուսական կամ ադրբեջանական զինուժի մասին նույն ռուսական մամուլում պատվիրելու համար:

Թե չէ` նոտա, ռազմավարական գործընկերոջը խոսք հասկացնեեեել պաշտոնապես` էն չի, սեպը` սեպով, չե՞ք լսել: Մյուս կողմից` էս հեղինակին ԵԱՏՄ անդամ գործընկեր պետության ռազմական գաղտնիքը բացահայտելու համար հենց Ռուսաստանո՛ւմ պետք է դատի տային օրենքով, եթե ռուսները Հայաստանի հետ տարածաշրջանի օդային տարածքը համատեղ պաշտպանելու համաձայնագիր են կնքում, ինչպես, ի դեպ` ռազմական համագործակցության վերաբերյալ ավելի մեծ պայմանագրերն են դա հուշում, ապա` գործընկերոջ ռազմական գաղտնիքների բացահայտումը նշանակում է հենց Ռուսաստանի շահերի դեմ ուղղված հանցագործություն: Թե՞ մեր բարեկամ երկրում էնքան են տասնակի ստանդարտներ կիրառել, որ կորցրել են իրականության զգացումը: Ֆորպոստն էլ էդ փորձագետի սեփական տատիկն է, որ Անթալիա ծովափում մարմինն ավազների վրա փռելու հնարավորությունը կորցնելու պատճառով կորցրել է նաեւ ողջամտությունը:

Հա, ի դեպ, հուսով ենք` Պուտինին հանդիպող մեր նախագահն էդ մասին էլ ասած կլինի նրան, թե` եղբայր, սիրուն չի ռազմավարական գործընկերոջ` թեկուզ արմատապես հին տվյալների հրապարակումն ու մատուցումը նրա թշնամիներին: Մենք էլ ֆորպոստ չենք, այլ` անկախ պե-տու-թյուն, որին ով ասես ուզել է կուլ տալ տարբեր ժամանակներում, բայց կանգնել ենք կոկորդներին, ու հիմա էլ կոշտ ուտելիք ենք, անկախ կուլ տալու ցանկություն ունեցողների կամ մեր տարածքը պատերազմի թատերաբեմ դարձնել ցանկացողների թվից: Մյուս կողմից էլ` որ մտածում ես, թե մեր նախագահի` Պուտինին հանդիպելու մտադրության մասին նախ իմանում ես արտերկրի լրատվամիջոցներին սեփական երկրիդ արտգործնախարարի հարցազրույցից, ու հետո է արդեն հանդիպումից մեկ օր առաջ նախագահի մամուլի ծառայությունն այդ մասին լուր տարածում, հասկանալի է դառնում, որ այդպես էլ չենք իմանա` մեր նախագահը ռուսների նախագահի հետ այդպիսի թեմա շոշափե՞ց, թե՞ չէ:

Բա, իմացա՞ք, սեփական հոր գնով ավիատոմս վաճառող ավիաընկերությունների տերերի ջգրու` վրացիք, դե` համարյա թե վրացիք («Արմենիա» ավիաընկերության հիսունմեկ տոկոսի բաժնետեր գյումրեցի ատամնաբույժի հետեւում հայտնի չէ, թե ով է կանգնած, մեր իրականության մեջ սովոր չենք, չէ՞, առանց կտուրի բիզնեսի) որոշել են հայերին Եվրոպա տանել էժաաա~ն` մի հիսուն հազար դրամով: Հիմա պատկերացնո՞ւմ եք` ինչ հերթ կլինի էդ տոմսերի համար: Բայց ախր էժան ավիատոմսերը մեր արտագաղթին են նպաստելու, իսկ մեր հայրենասեր գործարարները, հասկանում եք, տոմսերի վրա հոր գինն են դրել, որ զարկ չտան արտագաղթին, հա, հա, կատակ չեմ անում....

Չբռնենք ու բանանի, բենզինի, դեղերի բիզնեսներում էլ վրացիքին խնդրենք` գան գին գցեն:

Վերեւի թեմաներն այս շաբաթ գրավում էին ինչպես «էլիտար» հազար հոգուն, այնպես էլ մեր ժողովրդի լայն շերտերին, այս թեմաներից խոսում էին ամենուր` եւ սրճարաններում եւ խոհանոցներում: Բայց որ հաջորդ խորհրդարանական ընտրություններն արդեն հաջորդ ապրիլի առաջին տասնօրյակում են լինելու` սա մեծ մասին չէր էլ հետաքրքրում, ինչպես եւ այն, որ մեր քաղաքական ուժերը սահուն մուտք են գործել նախընտրական տրամաբանություն մեջ` կամ իրար միս են ուտում, կամ ուրիշի: Կամ` որ ԲՀԿ-ում ինտրիգներն ու անհամաձայնություններն այն աստիճան են խորացել, որ շուտով մենք կլսենք նաեւ այս ԲՀԿ-ից հեռացողների մասին: Չհետաքրքրվածությունն իր բացատրությունն ունի, որի լավագույն արտացոլումը օպերայի շենքին մոտիկ տարածքում երբեմն արեւածաղիկ վաճառող տատիկի հետ էդ թեմայով զրույցն էր, ով ասում էր, թե ո՞վ է իրենից հարցնելու` ինչ տեսակի պառլամենտ ուզենան, այնպիսին էլ կհավաքեն, ընտրական օրենսգիրքը փոխվի-չփոխվի, մեկ է դրանից բան չի փոխվելու.«Ես էլի իմ երեսուն հազար դրամ թոշակն եմ ստանալու ու արեւածաղիկ վաճառեմ: Թե ո՞վ է մոգոնել, որ ես, բարձրագույն կրթությամբ, դպրոցում գրադարանավար աշխատածս պետք է երեսուն հազար ստանամ, իսկ ողջ կյանքում կաշառքով միլիարդատեր դարձած, ու էլի իմ նման բարձրագույն կթրություն ստացած դատավորը` վեցհարյուրհազար դրամ թոշակ, էս անարդարությունը էդ նոր պառլամենտն ուղղելո՞ւ է: Չէ, չի ուղղի, ես էլ թքած ունեմ, թե ում են տանելու էդ նոր ժողովը»:

Չստացվեց, էլի, խուսափել լուրջ դիտարկումներից, գոնե` կանանց տոնի միամսյակի առիթով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 11-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ