RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04 > #009, 2016-03-11 > #010, 2016-03-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 04-03-2016



Տեղադրվել է` 2016-03-03 23:42:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 2055, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՍԱՏԱՆԱՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Սատանան, ինչպես միշտ, մանրամասների մեջ է: Խոսքն այս անգամ վերաբերում է Ընտրական օրենսգրքի նոր նախագծին, որով ԸՕ-ն պետք է համապատասխանեցվի հանրաքվեով անցած Սահմանադրությանը: Այսինքն` Սահմանադրությունը չէ, որ որոշելու է խորհրդարան ու գործադիր ունենալու որակը, այլ Ընտրական օրենսգիրքը, որը դեռ խորհրդարանական ծանր քննարկումներ է անցնելու, որպեսզի ըստ Սահմանադրության մինչեւ հունիսի 1-ը ընդունված լինի ու գործողության մեջ դրվի:

Արդեն իսկ սկանդալ կա մինչեւ կառավարության նիստի երեկվա օրակարգ մտնելը եւ քննարկումների համար հանձնարարվելը` ԸՕ նախագծի հրապարակայնացման հետ, քանի որ նախագիծը մինչ այդ ոչ մեկս չէր տեսել, Վենետիկի հանձնաժողովը իրեն ուղարկված նախագծի տարբերակը կառավարության կողմից նախագծի հրապարակումից մեկ օր առաջ էր տեղադրել իր էջում, հակակոռուպցիոն «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության հայտարարությամբ էլ` նախագծի հեղինակները խախտել են օրենքով սահմանված ընթացակարգերը եւ հանրության տեղեկացված լինելու իրավունքը` չհրապարակելով այն ու խուսափելով հանրային քննարկումներից:

Մեզ համար ավելի կարեւոր են մեր ներքին գոհունակություններն ու դժգոհությունները, մեր ներսի գնահատականները, բայց այդ իմաստով էլ հազիվ թե գոհ լինելու մասին խոսք լինի առանձնապես. մեր ընդդիմությունը բավարարված հազիվ թե լինի, եթե նկատի առնենք, որ ընտրակեղծիքները բացառող այն արմատական առաջարկները, որ անում էին ՕԵԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» խմբակցությունները, այդպես էլ դուրս են մնացել նախագծից: Եւ անգամ այժմ իշխանություն դարձած ՀՅԴ-ին պետք է որ չբավարարի այս նախագիծը, քանի որ ընտրակեղծիքների դեմն առնող նրա այն արմատական առաջարկը, թե պետք է ընտրողների ցուցակը ընտրության հաջորդ օրը հրապարակել, այդպես էլ նախագիծը պատրաստողների համար ընդունելի չի եղել, ինչպես, ի դեպ, այլ արմատական առաջարկներ:

Կառավարության կայքում հրապարակված նախագիծն էլ Վենետիկի հանձնաժողով ուղարկված նախնական նախագծից էականորեն տարբերվում է, բայց ըստ պաշտոնական տեսակետի` լրամշակված է եւ իր մեջ ներառում է շահագրգիռ բոլոր գերատեսչությունների առաջարկները: Այսինքն ի՞նչ, այս լրամշակվածը մի անգա՞մ էլ պետք է ուղարկվի Վենետիկի հանձնաժողով, առանց էդ էլ որ հաշվում ես` ԸՕ-ի ընդունման ընթացակարգերը շատ դժվարությամբ կարող են տեղավորվել սահմանված ժամկետի մեջ:

Ասենք, որ 41 ընտրատարածքի փոխարեն ԸՕ նոր նախագծով Հայաստանը կունենա 13 ընտրատարածք, այդ թվում` Երեւանը կբաժանվի չորս ընտրատարածքի, իսկ մարզերի կտրվածքով մեկ ընտրատարածքում կլինեն միայն Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերը: Պատգամավորական տորթը եւս փոքրացել է` նոր խորհրդարանը կունենա 101 պատգամավոր, բայց այս թվի հետ կիրառվում է նվազագույն բառը, եւ եթե ընտրակարգի խիստ բարդացաված մեխանիզմը վերծանում ես` ստացվում է, որ մանդատները բաժանելու կարգով այդ թիվը տեսականորեն կարող է անհամեմատ ուռճանալ:

Կուսակցություններն ու դաշինքները երկու ցուցակ պետք է պատրաստեն` մեկը համապետական մեկ ընտրատարածքով ընտրության, մյուսը կոնկրետ ընտրատարածքի համար, յուրաքանչյուր տասն հազար ընտրողի համար` մեկ թեկնածու սկզբունքով: Ընտրացուցակները երկրորդ մաս ունեն` ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ ընդգրկող ցուցակով: Ընտրողը կարող է ընտրել ցուցակի կոնկրետ թեկնածուի` սա նաեւ կուսակցության օգտին տրվող ձայն է հաշվարկվելու (սա, փաստորեն, ռեյթինգային քվեարկությունն է, որի հանդեպ վախ կա, թե մեր օլիգարխներն էլի հայտնի միջոցներով իրենց օգտին ձայն են տանելու` զրոյացնելով համամասնական կարգը, համենայնդեպս` 13 մեծահարուստ կարող է այդ ընտրատարածքներում «զոն նայողի» կարգավիճակ ունենալ` տարբեր շահագրգռիչների արդյունքում բացարձակ մեծամասնություն ձայներ տանելով, ու դեռ խորհուրդ տալով, թե էլ ում, կամ որ կուսակցությանն ընտրեն):

Կուսակցական մանդատների ուղիղ կեսը համապետական ընտրատարածքի ցուցակներից է ընտրվելու, մնացածըՙ ընտրատարածքային ցուցակներից: Անցողիկ շեմերը նույնն են` 5 տոկոս կուսակցությունների համար, 7 տոկոս` դաշինքների:Կայուն մեծամասնություն չստացած մեկ ուժի պարագայում (դա մոտավորապես 53 մանդատն է), երեք օրվա մեջ յուրաքանչյուր կուսակցություն, որ հաղթահարում է արգելապատնեշը` կարող է դաշինք կազմել արգելանք հաղթահարած առավելագույնը երկու այլ կուսակցության հետ. եթե այդպիսի դաշինքը մանդատների ընդհանուր թվի 54 տոկոս մանդատներն ունենում է` ապա սա կայուն մեծամասնություն է, եւ խորհրդարանը համարվում է ձեւավորված, բայց միայն այն դեպքում, եթե կոալիցվածներն ունեն վարչապետի թեկնածու: Ընդ որում` նոր խորհրդարանը պետք է կազմված լինի առնվազն երեք քաղաքական ուժից: Եթե ոչ` կա ընտրությունների երկրորդ փուլ, որը կանցկացվի 21 օր հետո. եւ որին կմասնակցեն առաջին փուլում առավելագույն ձայն ստացած երկու կուսակցությունները կամ դաշինքները` այստեղ էլ բավական բարդ մի շարք կանոններ կան, որոնց կանդրադառնանք ԸՕ խորհրդարանական քննարկումների ժամանակ:

Յուրաքնաչյուր կուսակցություն ունենալու է սեփական գույնով քվեաթերթիկ, որ հաշվելիս դրանք չխառնվեն: Բայց ասենք, որ սա փորձություն կլինի նաեւ ընտրողի համար, քանի որ որեւէ դրվագում նրա ձեռքին կերեւա այդ գունավոր թերթիկը` խախտելով քվեարկության գաղտնիության սկզբունքը: ԸՕ նախագծի նորությունները վերաբերում են էլեկտրոնային եղանակով ընտրողի ինքնությունը ստուգելուն` անձի տվյալը փաստաթուղթ ներկայացնելու պահին ներմուծվում է համապատասխան սարք, որը նույնականացնում է դա ռեգիստրի տվյալի հետ: Նույնականացման քարտով ընտրության գնացածի տվյալը ներմուծելիս` սարքը թղթի վրա տալիս է նկար, անուն-ազգանուն, այդ տվյալներով տեղեկանքը փոխանցվում է հանձնաժողովի այն անդամին, որը դա ստանալով` քվեաթերթիկով ընտրածրար է տրամադրում ընտրողին, հուսով ենք` չքվեարկված արդեն:

Մանդատների բաշխման կարգը սա է` յուրաքանչյուր կուսակցության օգտին տրված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է 101-ով, հետո այդ թիվը բաժանվում է ընտրական շեմն անցած բոլոր կուսակցությունների քվեաթերթիկների թվի վրա: Այլ ոսկերչական մանրամասներ եւս կան` մանդատների կեսը տրվում են համապետական ցուցակի թեկնածուներին, մնացածը տարածքային ընտրացուցակում ընդգրկվածներին, եթե կլինի մեկը, որ մանդատ կստանա երկու ցուցակներով էլ, այս դեպքում նա համարվում է տարածքային ցուցակից ստացած, իսկ համապետական ցուցակի նրա տեղը կտրվի հաջորդին: 4 մանդատ էլ տրվելու է ազգային փոքրամասնություններին:

Այսպիսով, կարելի է ասել, որ Հայաստանում համակարգ է փոխվում իսկապես, առանց, իհարկե, գործնականում երաշխավորելու անձերի անսահմանափակ ազդեցության շարունակումը բոլոր տեսակի գործընթացներում: Այս պահին կառավարող համակարգում կատարվող փոփոխությունները եւ փոխատեղումները եւս վկայում են, թե զուգահեռ գործընթացներ կան երկրի` սահմանադրական առումով նկարագրի փոփոխության ու դե ֆակտո կառավարող անձերի շրջանակի փոփոխության առումով: Արդյոք այս բոլորը նշանակո՞ւմ է թավշյա հեղաշրջում, ինչպես որ կարծում են որոշ փորձագետներ, արդյո՞ք իշխող ուժերի համապատկեր է փոխվում իսկապես` մոտակա հինգ-վեց տարվա կտրվածքով, ԸՕ-ով եւ դեֆակտո, արդյոք աննկատ նվազեցվո՞ւմ է նաեւ իշխող կուսակցության դերը, այն կիսելով այլ ուժերի, ու մասնավորապես ՀՅԴ-ի հետ, միգուցե այս հարցերին շատ մոտ ժամանակում հնարավոր լինի պատասխանել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 04-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ