RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-13 14:15:12Նավթի և գազի հիմնախնդիրները, Հայաստանը, Հարավային Կովկասը․ հարցազրույց (տեսանյութ)
2020-08-13 13:22:38ՊԵԿ-ը բացահայտել է փոստային առաքանիներով թմրամիջոցի ներմուծման դեպքեր
2020-08-13 13:15:53Ապամոնտաժվում են Սևանի ափամերձ ապօրինի շինությունները
2020-08-13 13:09:13Վերջին մեկ շաբաթում տարածաշրջանում գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 10 երկրաշարժ
2020-08-13 13:08:45Կորոնավիրուսի 229 նոր դեպք, 405 առողջացած, 7 մահ
#004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2016



ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ

Տեղադրվել է` 2016-02-20 15:21:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 2065, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՍԻՐԻԱԿԱՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՎՃՌՈՒԵԼ ՄԵՐՁԱՒՈՐ ԱՐԵՒԵԼՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ, Ռազմական պատմաբան

Կամ Ռուսաստանը Մերձաւոր Արեւելքում ձգտում է փոխարինել ԱՄՆ-ին

Մասն 5-րդ

Սիրիայի Արաբական Հանրապետությունը դեռ լուրջ անելիքներ ունի յատկապէս Ռաքքայի նահանգի ուղղութեամբ: Յայտնի է, որ հենց Ռաքքան, սիրիական նոյնանուն նահանգի մայրաքաղաքն է հանդիսանում ԻԼԻՊ-ի կամ «Իսլամական պետութեան» մայրաքաղաքը:

Բնականաբար, սիրիական պատերազմը հնարաւոր չէ լիովին մեկուսացուած կամ անջատուած դիտարկել Իրաքում մղուող հակաիլիպեան պատեազմից: Դրանք նոյն պատերազմի երկու ռազմաճակատներն են: Դրանք միմեանց կապուած եւ միմեանց վրայ փոխազդող:

Նկատենք, որ ԻԼԻՊ-ը տարբեր ուժերի հարուածների ներքոյ խիստ թուլացել է ոչ միայն Սիրիայում, այլեւ Իրաքում: Իրաքի պետական տեղեկատութական գործակալութեան ղեկավար Մուհամեդ Ալի ալ-Հաքիմը հաստատում է. «Ներկայումս ԻԼԻՊ-ին մնացել է սոսկ 34 բազա Մոսուլում, Ռաքքայում եւ այլուր: Նախկինում դրանք մի քանի անգամ աւելի շատ էին»:

Ուստի հիմքեր կան ենթադրելու, թէ Իսլամական պետութիւն կամ Իսլամական խալիֆաթ կոչեցեալի պատմութիւնը աւելի կարճ կլինի, քան ենթադրում էին նրա նախագծի հեղինակները: Իսկ դա նշանակում է, որ չի բացառւում նաեւ նախկին «ստատուս քուոյի» վերականգնումը: Այսինքն` աշխարհին վախեցնելու համար ստեղծուած կայուն «խրտուիլակի» եւ սեւ շուկաներին էժան նաւթ մատակարարող «կայուն մատակարարի», ինչպէս նաեւ որոշ երկրների ռազմական բյուջէներում միջոցների դուրս գրման «կայուն կէտի» փոխարէն դարձեալ կլինեն Սիրիայի Արաբական Հանրապետութիւնը եւ Իրաքի Հանրապետութիւնը, որտեղ այս անգամ արդէն բաւական ուժեղ կլինեն Ռուսաստանի եւ Իրանի դիրքերը եւ կտրուկ կթուլանան ԱՄՆ-ի դիրքերը:

Հասկանալի է, որ ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ Թուրքիային, ո՛չ Իսրայէլին, ո՛չ Սաուդեան Արաբիային, ո՛չ էլ սաուդա-թուրք-պակիստանեան եռեակի գլխաւորութեամբ Մերձաւոր Արեւելքում, գուցէ նաեւ ամբողջ մոլորակի վրայ աշխարհաքաղաքական իրադրութիւնը յօգուտ իրենց փոխելու հեռահար ծրագրեր ունեցող 34 պետութիւնների «Իսլամական կոալիցիայի» որոշ անդամներին` Մերձաւոր Արեւելքի այդ կարեւոր հատուածում թէկուզ Սիրիայի եւ Իրաքի պետական-քաղաքական սահմանների առմամբ ստատուս-քուոյի վերականգնումը, առաւել եւս` ռուս-իրանական կողմի հզօրացման բաղադրիչով, մեղմ ասած, բոլորովին ցանկալի չէ:

Այնուամենայնիւ, պաշտօնական Վաշինգտոնը, անընդհատ պնդելով հանդերձ, թէ Ռուսաստանը ամէն ինչ փչացնում է, կամ` մինչ այդ, յամենայն դէպս, նախատեսել էր, կամ էլ` ռուս-իրանա-չինական եւ այլ ուժերի ճնշման ներքոյ, ստիպուած է լինելու համակերպուել Մերձաւոր Արեւելքի վերաբաժանման պլաններում Ռուսաստանի դերի բարձրացմանը, ուստի եւ նրան հասանելիք բաժնի աւելացմանը: Դա կարող է դուր չգալ Թուրքիային, եւ նոյնիսկ Իսրայէլին, դեռ չասած սաուդցիների եւ միւս արաբական սուննի միապետութիւնների մասին, բայց Ռուսաստանը եւ Իրանը ըստ երեւոյթին տրամադրուած չեն նահանջելու...

Ամենայն հաւանականութեամբ, ԻԼԻՊ-ը ԱՄՆ-ի եւ Իսրայէլի համար այն մուրճն է, որով նրանք մտադիր էին ջարդելու Մերձաւոր Արեւելքի ներկայիս սահմանները... ՌԴ-ն հասկանալով դա, որոշակի չափով մասնակցում է այդ սահմանավերաձեւման գործընթացին... Իսկ որ ԻԼԻՊ-ը ամերիկա-իսրայէլական գործիք է, ցոյց է տալիս այն տարօրինակ հանգամանքը, որ նա ոչ մի գործողութիւն, յամենայն դէպս որեւէ լուրջ վտանգ ներկայացնող գործողութիւն չի կատարում ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Իսրայէլի նկատմամբ...

Սիրիական գրեթէ հնգամեայ պատերազմի, Իրաքում Բաղդադի գրաւմանը եւ նաւթաբեր Մոսուլի վրայ տիրապետութեան պահպանմանը նպատակաուղղուած պատերազմի, Եւրոպայում ահաբեկչական գործողութիւնների շարքի, ամբողջ արաբական եւ մուսուլմանական աշխարհում ահաբեկչութիւնների ու խռովութիւնների արիւնահեղ հետնաբեմի վրայ այնքան բացայայտ է Իսրայէլի նկատմամբ ԻԼԻՊ-ի տարօրինակ չէզոքութիւնը, որ նոյնիսկ «փոքրիկ բեմադրութիւններով» այդ բացթողումն ուղղելու փորձերն անգամ չեն կարող ժխտել ԻԼԻՊ-ԱՄՆ-Իսրայէլ «եռեակ դաշինքի», ուստի եւ Թուրքիա-ԻԼԻՊ-ԱՄՆ-Իսրայէլ «քառեակ» դաշինքի թաքուն կամ բացայայտ գոյութեան փաստը... Այլ հարց է, որ այդ դաշինքում մէկ կամ երկու դաշնակիցներ դատապարտուած են արիւնոտ աշխարհաքաղաքական խաղում վերջնական զոհերից մի քանիսի դժբախտ ճակատագրին արժանանալու...

Իսկ մինչ այդ ԱՄՆ-ն, ըստ CBS-ի եւ այլ հեղինակաւոր լրատուամիջոցների տեղեկութիւնների, կարծես թէ պատրաստւում է իր հովաւորեալներին` «չափաւոր ընդդիմադիրներին» օգնելու համար իր ցամաքային զօրքերն մտցնել Սիրիա եւ ԻԼԻՊ-ի դէմ ցամաքային ուղղակի ռազմագործողութիուններ սկսել, դրանով իսկ նմանուելով Թուրքիային, որն, իբր, այդ նպատակով իր զօրքերն էր մտցրել Իրաքի հիւսիս...

Չմոռանանք, որ ԱՄՆ-ը եւ իր գլխաւորած արեւմտեան կոլալիցիան ԻԼԻՊ-ի դէմ մէկ տարուց աւելի «պատերազմում» են: Եւ այդ ընթացքում ԻԼԻՊ-ի տիրապետութեան ներքոյ գտնուող տարածքները սոսկ ընդլայնուել են... Կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ-ն փորձում է Սիրիայի հանգուցային տարածքներից մէկում, այն էլ ՌԴ-ի նախատեսուող ռազմաբազայից ոչ հեռու, իրեն «յենման կէտ» ստեղծել, որպէսզի ՌԴ-Սիրիա-Իրաք-Իրան կոալիցիայի կողմից ԻԼԻՊ-ի ոչնչացման դէպքում անգամ կարողանայ նոր պայքար ծաւալել յանուն սիրիական պետականութեան ոչնչացման...

Ասադի, իսկ աւելի ճիշտ` սիրիական ինքնուրոյն պետականութեան ոչնչացման ամերիկա-իսրայէլական նպատակներից չհրաժարուելու Վաշինգտոնի մտադրութեան մասին է խօսում նաեւ 2016թ. յունուարի 7-ին հրապարակուած Սիրիայի «ազատականացման», այսինքն` «Ասադազերծման» պլանը:

Եւ այսպէս, ըստ Վաշինգտոնի առաջարկած պլանի`

2016թ. ապրիլ - Ասադի եւ ընդդիմութեան ներկայացուցիչների միջեւ բանակցութիւնների արդիւնքում պիտի ստեղծուի անվտանգութեան յանձնախումբ` կոմիտէ. վերջինիս ձեւաւորումը պիտի ուղեկցուի կառավարական եւ ռազմական վերնախաւի անդամների, չափաւոր ընդդմիութեան առաջնորդների եւ մարտիկների համաներումով: Ապա ստեղծվում է Սիրիան կառավարող ժամանակաւոր մարմին.

2016թ. մայիս - Արձակւում է Սիրիայի ներկայիս խորհրդարանը, որին յաջորդում է ժամանակաւոր օրէնսդրական մարմնի ձեւաւորումը, դոնորների միջազգային համաժողովի անցկացումը. վերջինս ուղղուած կլինի երկրի վերականգնման ֆինանսաւորմանը.

2016թ. նոյեմբեր - Սիրիայի նոր սահմանադրութեան նախագծի նախապատրաստում. Սիրիայի ժողովրդին հնարաւորութիւն է տրւում իր կարծիքն արտայայտել այդ փաստաթղթի մասին հանրաքուէի ժամանակ.

2017թ. յունուար - Հանրաքուէի անցկացում.

2017թ. մարտ - Ասադը եւ իր մերձաւոր շրջապատը հեռանում են Սիրիայի կառավարման բոլոր դիրքերից.

2017թ. օգոստոս - խորհրդարանական եւ նախագահական ընտրութիւնների անցկացում եւ Սիրիայի նորընտիր կառավարութեան կողմից բոլոր լիազօրութիւնների ստացում:

Սակայն ինչո՞ւ պիտի Ասադը վայր դնի իր լիազօրութիւնները եւ հեռանա: Եթէ իրօք լսեն Սիրիայի ժողովրդի զգալի մասի կարծիքը, ապա դժուար թէ վերջինս համաձայն լինի Վաշինգտոնի այս պլանին, եթէ, իհարկէ, ճնշման ինչ-որ լծակներ չկիրառվեն...

Ուստի, ի՞նչ սպասի Սիրիան... Մինչեւ 2016թ. ապրիլը պէտք է շարունակուի պատերազմը, քանզի Սպիտակ տունը եւ իր դաշնակիցները պէտք է համոզեն Սիրիայի ժողովրդին, թէ Ասադը չարիք է, Ասադը պատերազմ է եւ Ասադը չի կարող լինել Սիրիայի օրինական կառավարողը... Ի դէպ, ԱՄՆ-ն կարող է երկարաձգել Մերձաւոր Արեւելքի բաժանման դեռ 2005-2006թթ. «բացայայտուած» արիւնահեղ գործողութիւնը (տե՛ս մեր «Մեծ Մերձաւոր Արեւելք» կամ «3-րդ Աշխարհամարտի Մերձաւորարեւելեան ռազմաբեմը» յօդուածը` «Ազգ»-ի նախորդ համարներում):

Սակայն ո՞րն է լինելու «Մերձաւորարեւելեան տորթի» բաժանման ձգձգման ամերիկեան պլանի նպատակը: Գուցէ Սպիտակ տունը ձգտում է ամբողջութեա՞մբ տիրանալ նրան, նոյնիսկ ձեւականօրէն հաշուի չառնելով Սիրիայի, Իրաքի եւ միւս երկրների ժողվուրդների կարծիքները... Բնականաբար, պաշտօնական Վաշինգտոնի այդ ձգտմանը խանգարում է ռուս-իրանա-չինական կողմերի գլխաւորած բաւական բազմանդամ ու բազմադէմ դաշինքը...

Գուցէ դա՞ է պատճառը, որ, ըստ ՏԱՍՍ-ի հաղորդագրութեան, Սպիտակ տունը պետքարտուղար Ջոն Քերրի բերանով 2016 թ. յունուարի 20-ին ՌԴ իր պաշտօնակցի` Սերգէյ Լաւրովի հետ հանդիպման ժամանակ յստակ յայտնել է, թէ ԱՄՆ-ն ցանկութիւն չունի Սիրիան, ի դէպ, նաեւ Իրաքը, ենթարկելու բաժանման...

Չի բացառւում նաեւ, որ ամերիկեան վերնախաւում այս հարցի վերաբերեալ իրօք կա նաեւ տեսակէտների հակասութիւն...

Յունուարի 20-ին Շույէցարիայի Ցիւրիխ քաղաքում արդէն իսկ անցկացուել են բանակցութիւններ ԱՄՆ-ի եւ ՌԴ արտաքին գործերի գերատեսչութիւնների ղեկավարների միջեւ: Հանդիպումն առաջինն էր նոր տարուայ ընթացքում, սակայն, ըստ Լաւրովի` ոչ վերջինը: Քննարկուել են Սիրիայի, Ուրկրաինայի արեւելքում պատերազմի, Հիւսիսային Կորէայի, Իրաքի, Լիբիայի եւ Մերձաւոր Արեւելքի ու Հիւսիսային Աֆրիկայի այլ երկրների իրավիճակը: Այսինքն` ՄԱԿ-ի հովանու ներքոյ համաշխարհային հանրութեան ամենաազդեցիկ ուժերը փորձ են անելու` աշխարհը հետ պահել դէպի համաշխարհային պատերազմ տանող ուղուց...

Կողմերը որոշել էին չհետաձգել միջսիրիական, այսինքն Ասադ-ընդդիմութիւն բանակցութիւնները մինչեւ 2016 թ. փետրուարի վերջը... Ժամկէտի վերաբերեալ վերջնական որոշումը կկայացնի ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Պան կի Մունը: Հենց վերջինիս Սիրիայի գծով յատուկ դեսպանորդի` Ստեֆաննա դը Միստուրային էր յանձնարարուած հրաւէրներ ուղարկել միջսիրիական բանակցութիւնների մասնակիցներին: Մնում էր յուսալ, որ բանակցութիւններին ներկայացուած կլինէին սիրիական հասարակութեան առաւելագոյն լայն սպեկտրը: Բնականաբար, շահագրգիռ մեծ պետութիւնները փորձում էին բանակցութիւններին մասնակից դարձնել իրենց հովանաւորեալներին` դրանով իսկ Սիրիայում ապահովելով սեփական շահերի առաջմղումը...

Մոսկուան աշխատում է անպայման բանակցութիւններից դուրս թողնել ԻԼԻՊ-ը եւ «Ջեբհաթ-ան Նուսրան», որոնք մնում են իր թշնամիները եւ պէտք է լիակատար ոչնչացման ենթարկուեն: Բացի այդ, ՌԴ-ն ահաբեկչական է համարում նաեւ «Ջէյշ ալ Իսլամը» եւ «Ահրար աշ-Շամը» եւ դէմ է նրանց` քաղաքական գործընթացին մասնակցութեանը: Դրանցից առաջինը բազմիցս գնդակոծել է Դամասկոսի բնակելի թաղամասերը եւ ՌԴ դեսպանատունը, իսկ երկրորդը` հանդիսանում է «Ալ-Ղաիդայի» ուղղակի ժառանգորդներից մէկը: Մեծ տերութիւնները չեն մասնակցելու միջսիրիական բանակցութիւններին, այլ միայն «ուղեկցելու են» դրանք, հնարաւորինս օգտակար ձեւերով:

Ահա այս կերպ նախապատրաստւում էին Սիրիայում քաղաքական կարգաւորման պաշտօնական նպատակն ունեցող միջսիրիական քաղաքական բանակցութիւնները` ՄԱԿ-ի հովանաւորութեան ներքոյ... Սակայն ռուս-սիրիա-իրանական հերթական յաջող ռազմագործողութիւնները եւ սիրիական բանակի մօտեցումը թուրքական սահմանինՙ Կիլիկիայի Ամանոսեան լեռների ուղղութամբ, առիթ դարձան միջսիրիական բանակցութիւնների ընդհատման:

Յաջորդիւ կանդրադառնանք հակաասադական ուժերին, ինչպէս նաեւ պրո-ասադական ուժերի կառուցուածքին, սպառազինութեանն ու ռազմագործողութիւններին:

Նկար 1. Նկարում` ՌԴ եւ ԱՄՆ արտաքին գործերի գերատեսչութիւնների ղեկավարները` Սերգէյ Լաւրով եւ Ջոն Քերրի

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ