RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2016



ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2016-02-20 15:21:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 1376, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 4

Ի ՍԿԶԲԱՆԷ ԷՐ ԲԱՆՆ

Զորի ԲԱԼԱՅԱՆ

(Դավիթ Բաբայանի հայալեզու աշխատության նախաբանը)

Իմ առջեւ է պատմական գիտությունների թեկնածու եւ քաղաքագետ Դավիթ Բաբայանի ձեռագիրըՙ զարմանալի վերնագրով. «Հայկական լեռնաշխարհի դերն ու տեղը աստվածաշնչյան աշխարհաքաղաքականության մեջ»: Թեման հրապուրիչ է: Հետաքրքրեց ինձ: Եվ, հավատարիմ սկզբունքին, ես սկսեցի կարդալ ոչ մեծ աշխատությունըՙ մատիտը ձեռքիս: Իրոք, որեւէ մեկն արդյոք երբեւ մտածե՞լ է, թե ինչու Նոյն իր փրկիչ տապանը տարավ հենց դեպի Արարատ, կամ Աստվածաշնչի լեզվով ասածՙ «Արարատյան լեռներ», այլ ոչ թե, ասենք, որեւէ ուրիշ սարի գագաթ: Չէ՞ որ ջրհեղեղը համաշխարհային էր: Ինչո՞ւ Նոյնը խարիսխ չնետեր, օրինակ, աշխարհի ամենաբարձր լեռանՙ Էվերեստի մոտ: Կամ Էլբրուսի, որը թե՛ բարձր է Արարատից, եւ թե՛ բոլորովին հեռու չէ Արարատյան լեռներից: Իհարկե, Նոյյան տապանի երթուղին եւ վերջնագծի տեղը ընտրել էր ինքըՙ Տեր Աստված: Տապանի վրա փրկվեցին ոչ միայն արդարակյաց Նոյնՙ իր ողջ ընտանիքով, այլեւ «ամեն տեսակ անասունից երկերկու հատ» (կա եւ այլ ձեւակերպումՙ «ամեն մարմնից երկերկու հատ»): Այդ բարդ ու դժվարին ժամանակներում ամեն իչ պարզորոշ մտահղացված էր Աստծո կողմից: Իրոք, չէ՞ որ պետք էր փրկել ոչ միայն բոլոր նրանց, որոնք գտնվում էին Նոյի տապանում, այլեւ անմիջապես հաստատվել: Նոր կյանք ստեղծել: Ըստ էության, ստեղծել նոր մարդկություն: Եվ Տեր Աստված չէր կարող չիմանալ, որ այդպիսի կենսատու, բերքառատ վայր էր այն տարածքը, որը կոչվում է Հայկական բարձրավանդակ: Աշխարհի բոլոր հանրագիտական բառարաններում կա այդ պատմա-աշխարհագրական բառակապակցությունը:

Համառոտ խոսեմ Հայկական բարձրավանդակի բուն անվան, աշխարհագրության, տեղանվան եւ պատմության մասին: Այն իր անվանումն ստացել է ելնելով նրանից, որ բարձրավանդակի սահմաններում էր գտնվում հայ ժողովրդի կազմավորման լայնածավալ պատմական տարածքը: Դարերի խորքից սկսած մինչեւ մեր դարաշրջան Հայկական բարձրավանդակի տարածքում Հայաստանն ունեցել է բազմաթիվ անվանումներ. Արմանում, Հայասա, Նաիրի, Ուրարտու պետության մաս, Մեծ Հայք, Փոքր Հայք, Արեւելյան, Արեւմտյան, Ռուսական, Դաշնակցական, Խորհրդային, Հայաստանի Հանրապետություն: Սակայն մշտապես անփոփոխ է մնացել Հայկական բարձրավանդակի բուն տարածքը, որը հանդիսանում է աշխատության հեղինակ Դավիթ Բաբայանի գլխավոր թեման:

Այդ տարածաշրջանը հզոր հանգույց է, որում ագուցվում են Փոքրասիական եւ Իրանական բարձրավանդակների հյուսիսային եւ հարավային շղթաները, որոնք կազմում են լեռնաշղթաների եւ ծռվածքների բարդ համակարգ: Իսկ, եթե օգտվելու լինենք ժամանակակից տերմինաբանությունից, բուն գյուղատնտեսական տարածքն իրենից ներկայացնում էր ոչ միայն, ես կասեիՙ «համեղ սեւահողի» անծայրածիր տարածքներ, այլեւ տուֆաբազալտային ահռելի սարահարթեր: Սա արդեն շինարարության համար: Մոտ երկու հազար մետր բարձրության վրա ընկած անդունդներն ունեցել են չոր հատակներ, որոնք սկիզբ են դրել քաղցրահամ ջրով շատ լճերի: Առավել խոշոր լճերն են Վանը, Սեւանը, Ուրմիան:

Ինչպես ընդունված է ասելՙ Նոյի ժամանակներում Հայկական բարձրավանդակի շատ հատվածներ ծածկված էին անտառներով: Դա արդեն «համեղ» էր դարձնում օդն ու ջուրը: Մի խոսքով, բոլորովին էլ պատահական չէր, որ Նոյը տապանը կառանեց հենց բիբլիական լեռան գագաթին, որը Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռն է (5165 մետր)ՙ 400 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով: Միայն այդպիսի «համեղ», կենսատու տարածքի վրայով կարող էր թռչել բիբլիական աղավնինՙ կյանքի խորհրդանշական ճյուղը կտուցին:

Դպրոցական նստարանից ենք հիշում, որ հեթանոսական Հին Հունաստանում, ինչպեսեւ Հայկական բարձրավանդակում կային բերքառատ տարածքներ, որոնք սրբազան էին համարվում: Քանզի այնտեղ հասարակ մահկանացուների հետ ապրում էին նաեւ հելլենական աստվածներըՙ Զեւսի գլխավորությամբ: Սակայն այնտեղ անհնար էր տապան կառանել: Ջրհեղեղի ժամանակ ջուրը բարձրացել էր ավելի քան հինգ հազար մետր: Իսկ Հունաստանի ամենաբարձր լեռըՙ Օլիմպոսը 2917 մետր բարձրություն ունի: Այնպես որ, ինչպես գրում է հիանալի աշխատության հեղինակ Դավիթ Բաբայանը, «Աստծո նախախնամությամբ» ապագա մարդկության նախահայրերի հիմնավորման վայրը պետք է լեցուն լիներ կենսապահովման շռայլ հատվածներով:

Ըստ Բաբայանի, իր թեմայի արծարծման գլխավոր աղբյուր է հանդիսանում հենց Աստվածաշունչը, որտեղ կան ե՛ւ Արարատյան լեռները որպես կառանման վայր, ե՛ւ բարձրավանդակում սկիզբ առնող գետերի վտակները, որտեղ կային բոլոր պայմանները նոր կյանքի համար: Դա նշանակում է, բնականաբար, որ ջրհեղեղից հետո մարդը ծնվել է միայն եւ միայն Հայկական բարձրավանդակում: Բնական է եւ այն, որ Հայկական բարձրավանդակում ծնված առաջին մարդը չէր կարող չիմանալ ամենագլխավորի, ամենակարեւորի մասին. Տեր Աստված խիստ պատժեց մարդկային ցեղը անհամար մեղքերի համար: Մարդկանց մեղքի մեջ ներքաշող սատանան հակահարված չստացավ: Դա արդեն այլ պատմություն է:

Աշխատության հեղինակը մի տեսակ նախազգուշաբար խոստովանում է, որ «առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ «աստվածաշնչյան աշխարհաքաղաքականություն» հասկացությունը...»: Եվ բավական տրամաբանորեն բացում է թեման: Վերջիվերջո, «գեոն» դա հողն է, այսպես ասածՙ տարածքը, իսկ «քաղաքականությունը», անկախ նրանից, որ շատ մեծ գլուխներ բավական թունդ նշավակում եւ այպանում են այդ հասկացությունը, այնուամենայնիվ, ցանկանում ենք, թե ոչ, հազարամյակներ շարունակ, ըստ Չերչիլի, հանդիսացել է մարդկանց եւ պետությունների գործունեության համարյա անփոփոխ ոլորտ: Մինչդեռ մեր դեպքում, նկատի ունենալով Բաբայանի աշխատանքը, ամեն ինչ շատ ավելի պարզ է. «Նոյի տապանը խարիսխ նետեց Արարատի գագաթին, որն ըստ էության Հայկական բարձրավանդակի կենտրոնն է»: Եվ լիովին բնական, տրամաբանական է, որ նոր կյանքը, նոր սերունդը կարող էին սկիզբ առնել միայն այնտեղՙ Հայկական բարձրավանդակում:

Ես հավատացյալ քրիստոնյա եմ: Հարգում եմ բոլորին, ովքեր այլ կրոն են դավանում: Խորապես հավատում եմ ոչ միայն տասը պատվիրաններից յուրաքանչյուրին, այլեւ Սուրբ գրքի յուրաքանչյուր այլ բառին ու տողին: Դա նշանակում էՙ հավատում եմ համաշխարհային ջրհեղեղի եւ Նոյյան տապանի պատճառին եւ էությանը: Երբ երեւանյան իմ տան պատուհանից նայում եմ Արարատի գագաթին, ապա շոշափելիորեն զգում եմ այն պահը, այն ժամանակը, երբ Նոյն իր ողջ ընտանիքով եւ տապանի ողջ «անձնակազմով» ցած իջավ բիբլիական լեռան հյուսիսային լանջով, մոտենալով դաշտավայրին, որը մինչեւ օրս կոչվում է Արարատյան: Եվ ահա այստեղ, սուրբ լեռան ստորոտին, նրանց հայացքի առջեւ բացվեց դրախտային մի անկյուն, որն անվանվեց Նախիջեւան, այսինքնՙ «Մինչեւ վերջնական կանգառ, մինչեւ օթեւան»: Հետազոտող Դավիթ Բաբայանի կարծիքով, հենց այդ տեղում են կնքվել պայմանագրերը Աստծո եւ մարդկանց միջեւ:

Անմոռանալի Լեոնիդ Հուրունցըՙ Ղարաբաղի մասին բազմաթիվ գրքերի, «Իմ քաղցր Շոշուշեն» հիանալի վիպակի հեղինակը պատմում էր, թե ինչպես էր նենգամիտ գլավլիտը (պետական գրաքննությունը) անխղճաբար մկրատել ամբողջ էջերՙ մետաքսատու վայրի հազարամյա պատմությունից, որտեղ հայտնվել էր ղարաբաղյան լեգենդար Շոշուշեն կամ Շոշ գյուղը: Եվ Բաբայանն իր աշխատության մեջ մանրամասն կանգ է առնում ե՛ւ Նախիջեւան, ե՛ւ Շոշ տեղանունների վրա:

Հետաքրքրական է եւս մեկ արցախյան աշխարհագրական կետի պատմությունը, որը գնում է ոչ թե դարերի, ոչ թե հազարամյակների խորքը, այլ երկու միլիոն տարվաՙ նախանեանդերթալյան շրջանի: Դա Արցախի Հադրութի շրջանում գտնվող հռչակավոր Ազոխի քարանձավն է: Հենց այստեղ է կրկին ծնվել կյանքը, կյանքը ջրհեղեղից հետո: Աշխատության հեղինակը փորձում է բացահայտել եւս մեկ թեմա: Խոսքը արդեն «նոր կյանքի» օրոք նոր կրոնների ստեղծման մասին է:

Ծանոթանալով Դավիթ Բաբայանի եզակի հետազոտական աշխատանքին, ակամայից մտորում ես եւս մեկ թեմայի շուրջ: Բոլորովին էլ պատահական չէր, որ հայերն առաջինն ընդունեցին քրիստոնեությունը որպես պետական կրոն: Հիշենք, թե ինչ կրքոտությամբ, ինչ ծանր կորուստներով հաջողվեց հայերին պահպանել հավատը Ավարայրի դաժան ճակատամարտում: Եվ կյանքը ցույց տվեց, որ հենց քրիստոնեությունն է դարերի ընթացքում փրկել հայ ժողովրդին: Ամենաողբերգական պայմաններում արդեն ինքըՙ Հայոց Առաքելական եկեղեցին հայի մեջ պահպանեց հային: Եվ դա եղել է Հայկական բարձրավանդակումՙ մարդկության օրրանում: Առհասարակ, հենց այդ մասին է «Հայկական լեռնաշխարիհ դերն ու տեղը աստվածաշնչյան աշխարհաքաղաքականության մեջ» աշխատությունը:

Նկար 1. Հ. Այվազովսկի. «Նոյը իջնում է տապանից»

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2016

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ