RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2016



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2016-02-20 15:21:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 1835, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՈՒ ԿՐԿԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱԼԵՐՅԱՆ

Երաշխավորված ավանդների հատուցման նոր կարգի մասին հրապարակված հոդվածից հետո (տեսՙ «Ազգ», 25.12.15, «Բանկային միացումներ. նոր հնարավորություններ») որոշ ընթերցողների մոտ հարց առաջացավ, թե ինչո՞ւ ավանդների հատուցումը չի երաշխավորվում ամբողջ ծավալով:

Մեր խնայողություններն ավանդի տեսքով բանկում ներդնելուց ակնկալում ենք, որ ցանկացած պահի եւ որեւէ իրավիճակում այդ միջոցները հասանելի կլինեն մեզ:

Ավանդի ներդրումն ըստ էության անձի կողմից իր խնայողությունների կառավարման եղանակներից մեկն է: Ոմանք նախընտրում են ներդրումներ անել արժեթղթերում, որը հարաբերականորեն առավել ռիսկային է, իսկ ոմանք էլ նախընտրում են ներդրումներ անել ավանդի տեսքով` համարելով, որ դա առավել հուսալի է, չի պահանջում հատուկ գիտելիքներ ու փորձառություն եւ, ամենակարեւորը, երաշխավորվում է պետության կողմից` օրենքով սահմանված չափով:

Անշուշտ, ավանդատուներին մշտապես հետաքրքրում է այն հարցը, թե ինչո՞ւ պետությունն ամբողջ ծավալով չի երաշխավորում ավանդի գումարը: Չէ՞ որ քաղաքացին իր խնայողությունները հանձնելով բանկին ոչ միայն ակնկալում է կայուն եկամուտ իր համար, այլեւ նպաստում է բանկին բնորոշ ֆինանսական գործունեության իրականացմանը: Հետեւաբար, շատերն արդարացի չեն համարում ավանդների մասնակի հատուցման համակարգը:

Իրականում, օրենքով սահմանված չափով ավանդների երաշխավորումը բնավ չի նշանակում, որ բանկի ձախողման դեպքում ավանդատուն ստանալու է իր ավանդի միայն երաշխավորված մասը: Այս պարագայում գործելու է իրավական այլ ռեժիմ, որը բանկի լուծարումն է: Եթե բանկը ճանաչվել է անվճարունակ եւ լուծարվում է, ապա լուծարման գործընթացի համար հատուկ նշանակված լուծարային կառավարիչը ձեռնարկում է բոլոր միջոցառումները բանկի ամբողջ գույքը հավաքագրելու, իրացնելու եւ իրացման արդյունքում ձեռքբերված միջոցների հաշվին պարտատերերի, այդ թվում` ավանդատուների պահանջները բավարարելու համար: Իհարկե, լուծարման գործընթացը, որպես կանոն, երկար է տեւում, իսկ որոշ դեպքերում էլ հնարավոր է բանկի միջոցները բավարար չլինեն բոլոր ավանդատուների պահանջները բավարարելու համար: Դրա հետեւանքով քաղաքացին հնարավոր է կորցնի իր խնայողությունների մի մասը: Սա էլ, ըստ էության, ավանդատուիՙ որպես ներդրողի ռիսկն է:

Հետաքրքրական են այս առումով ԱՄՆ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքները, համաձայն որոնց պարզվել է, որ ավանդի տեսքով ներդրումները ունեն նաեւ հոգեբանական տարր: Մասնավորապես, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անձը, ով միաժամանակ ունի ներդրումներ արժեթղթերում եւ ավանդ բանկում, մեկ օրվա ընթացքում արժեթղթերում ներդրումների արդյունքում մոտ 20% կորուստը համարում է նորմալ, մինչդեռ բանկում ավանդը ներդնելուց հետո, ենթադրենքՙ 10 տարի հետո, ավանդի գումարից 1% կորուստի դեպքում համարում է, որ զրկվել է իր խնայողություններից ֆինանսական համակարգի պատճառով:

Ավանդների երաշխավորման համակարգը ներդրված է այն բանի համար, որ ավանդատուները համոզված լինեն, որ նույնիսկ բանկի ձախողման դեպքում իրենց խնայողություններն արագ եւ առանց դժվարությունների հասանելի կլինեն իրենց: Դա նավազագույնի կհասցնի ավանդատուների շրջանում հնարավոր խուճապը եւ չի առաջացնի շղթայական ազդեցություն ամբողջ բանկային համակարգի վրա այն առումով, որ այլ բանկերի ավանդատուները եւս կսկսեն դուրս բերել իրենց ավանդներըՙ համակարգում առաջացնելով իրացվելիության խնդիր:

Թեեւ ավանդի ամբողջ գումարի հատուցման երաշխավորումը կատարյալ լուծում է ավանդատուի շահը պաշտպանելու տեսանկյունից, այդուհանդերձ, կան մի շարք պատճառներ, որոնց համար արդյունավետ չէ ավանդների ամբողջ ծավալով երաշխավորումը:

Պատճառներից մեկն այսպես կոչված «ռիսկի վտանգն է» (moral hazard): Սա նշանակում է, որ եթե ավանդն ամբողջ չափով երաշխավորվի, ապա ավանդատուն բավարար ջանք չի գործադրի այն բանկի ընտրության հարցում, որտեղ ցանկանում է ներդրում կատարել: Այսինքն, նախքան ավանդը որեւէ բանկում ներդնելը, ավանդատուն բավարար չափով չի ուսումնասիրի եւ հետեւի բանկի ֆինանսական վիճակին (օրինակՙ որքան կապիտալ ունի տվյալ բանկը, ինչպիսի վարկային քաղաքականություն է վարում, ռիսկերի զսպման ինչպիսի համակարգ է ներդրված), բանկի վարքագծին, ֆինանսական համակարգում ունեցած տեղին ու փոխկապակցվածությանը այլ համակարգերի հետ:

Հաջորդ պատճառը բանկերի «ինքնավստահ» վարքագիծն է: Ավանդների երաշխավորման, եւ հատկապես, ամբողջ ծավալով երաշխավորման համակարգի առկայությունը կարող է բացասաբար ազդել բանկերի վարքագծի վրա: Մասնավորապես, բանկը կարող է վարել ոչ շահավետ վարկային եւ ներդրումային քաղաքականություն, օրինակՙ վարկերն ուղղել չափից շատ ռիսկային ոլորտներին, ինչպես նաեւ բավարար ուշադրություն չդարձնել ռիսկի ախորժակին եւ ռիսկերի կառավարմանը` իմանալով, որ ձախողման կամ ֆինանսական խնդիրներ առաջանալու դեպքում պետությունը շատ արագ կլուծի ավանդատուների խնդիրներըՙ ավանդների հատուցման համակարգի միջոցով, իսկ անհրաժեշտության պարագայում էլ լրացուցիչ կապիտալ կներարկի (bail-out) ֆինանսական համակարգը փրկելու համար:

Այսպիսով, թեեւ ավանդների երաշխավորման համակարգի նպատակն է պահպանել կայունությունը ֆինանսական շուկաներում եւ չկորցնել սպառողի վստահությունը ֆինանսական համակարգի նկատմամբ, այնուամենայնիվ ավանդների երաշխավորումն ամբողջ ծավալով կնշանակի, որ պետությունը նպաստում է բանկերի ռիսկային վարքագծինՙ պաշտպանելով նրանց եւ ֆինանսական համակարգին հնարավոր կորուստներից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2016

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ