RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2016



Տեղադրվել է` 2016-02-20 15:21:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 1824, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 4

Ո՞ՒՄ Է ՀԱՆՁՆՎՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նախագահ Սարգսյանը փետրվարի 12-ին Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ իր ելույթում կրկին փաստի առաջ կանգնեցրեց գործադիր եւ օրենսդիր իշխանությունների իր գործընկերներին` մեր տպավորությամբ նրանցից ոչ մեկն այդպիսի բովանդակության ու այդ ծավալի ելեւույթի չէր սպասում, ու նրանք կարծես մի քանի օր անսպասելիությունից շշմել էին, համենայնդեպս` առաջին արձագանքները մեր այդ տպավորության օգտին են խոսում: Ասենք, որ դա ռազմական հրամանատարի գործելակերպ է` անսպասելի ու ծածուկ ծրագրված հարված տալ թշնամուն, որը սովորաբար մեծ արդյունքի է բերում ռազմական իրավիճակներուն: Իսկ թե որքան էր արդյունավետ այս հերթական անսպասելիությունը առօրյա կյանքում ու սեփական գործընկերների, հայ հանրության հանդեպ` չգիտենք, մեր տրամաբանությամբ` երկրի ղեկավարը պետք է կանխատեսելի լինի ե՛ւ քաղաքական դաշտի, ե՛ւ սեփական ժողովրդի համար:

Անցնող շաբաթ ելույթից ստացած փորձագիտական թիվ մեկ տպավորությունն այն է, թե այդ ելույթը հեռացող նախագահի ելույթ չէր:Վերլուծաբաններն այդ ելույթի շատ ենթատեքստեր փորձել են վերծանել` չենք կրկնվի, սակայն մի քանի նկատառում, այնուամենայնիվ, որ վերլուծություններում չենք նկատել, կհայտնենք:

Մեր տպավորությունը մի քիչ այլ է` նայելով այն նշանակումներին, որ իրականացրել է Սերժ Սարգսյանը հիմա, եւ մի փոքր ավելի վաղ: Երիտասարդ մարդկանց նշանակումները, եթե լավ ուսումնասիրենք նրանց կենսագրությունները, ցույց են տալիս, որ, այնուամենայնիվ, իրականացվում է իշխանության ժառանգական հանձնում որոշակի շրջանակի: Ասենք` գլխավոր դատախազը, ԱԱԾ նորանշանակ պետը, ՄԻՊ-ի իշխանության թեկնածուն կարծես այդ նույն շրջանակից են, շուտով Վճռաբեկ դատարանի նախագահի եւ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակվելիք անձինք եւս այս տրամաբանության կլինեն, միգուցե եւ բանը կհասնի ոստիիկանապետի` այդ սկզբունքին համապատասխան փոփոխությանը: Այդ կարգի նշանակումները հանգրվանորեն կշարունակվեն, ու մի պահ կպարզվի, որ դրանք մեկ միասնական շրջանակ են ներկայացնում, այդ շրջանակի ձեռքին են բոլոր լծակները:

Այս մեր դիտարկումն ավելի առարկայական եւ տեսանելի կլինի մի քանի առանցքային պաշտոններում նշանակումներից հետո հատկապես, իսկ խորհրդարանական կարգի անցումը, կուսակցությունների դերի բարձրացումը, նոր, ավելի լավ Ընտրական օրենսգրքի ընդունումը անհրաժեշտ համեմունքներն են միայն երկարատեւ կերակրման համար նախատեսված ճաշի: Սակայն լրագրության հնաբնակիս համար զարմացնող ոչինչ չի կատարվում: Օրինակ` ժամանակին միգուցե Քոչարյանին իշխանության բերելն ուրիշների համար իշխանափոխություն էր, իսկ ինձ համար` իշխանության լավ նախապատրաստված եւ սահուն հանձնում, դրա համար միայն հերիք էր ժամանակին ներկա լինել Արցախի խորհրդարանի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի` օրուկես տեւած ընտրությանը, որտեղ հնչած տաք ելույթներում հեռագնա շատ բան էր հասկանալի դառնում` հաջորդած իրադարձությունների, ապա եւ հետագայում Հայաստանում իշխանության փոխանցման իմաստով:

Նույնը կարելի է ասել Սերժ Սարգսյանի իշխանության գալու մասին, նրան եւս իշխանությունը հանձնել են, իհարկե ապահովելով բոլոր ատրիբուտները, որոնք պետության ինստիտուտները նախատեսում են: Հիմա այդ ավանդույթն ինչո՞ւ պիտի խախտվի որ, եւ ընդհանրապես` իշխանության ժառանգորդի պատրաստումը շատ սովորական պրակտիկա է եւ անտես կերպով կիրառվում է անգամ աշխարհի մեծ պետություններում, դա թույլ է տալիս իշխանություն ձեւավորել առանց ցնցումների: Հարցն այն է, թե ո՞ւմ է հանձնվում իշխանությունը, եւ հասարակությունն արդյո՞ք գլխի է ընկնում դրա մասին: Բացի այդ` այս դեպքում իշխանության ձեւավորման դեմոկրատական սկզբունքները, նախօրոք կանխորոշված ընտրությունների տեսքով, մնում են միայն դատարկ ցուցափեղկեր, հանրությունն էլ իր իշխանության ձեւավորմանն իրականում չի մասնակցում: Մեր կարծիքով հիմա Հայաստանում տեղի է ունենում դա: Ուղղակի իշխանության սահուն հանձնումը այս անգամ մի փոքր երկար կտեւի եւ շատ ավելի մանրամասն է մտածված, քան նախորդ երկու դեպքերում է եղել: Այժմ այն համեմվել է կառավարման մոդելի արդիականացմամբ, իսկ Հայաստանի նախագահն առայժմ, գոնե իր վերջին ելույթի շեշտադրումներից ելնելով, միգուցե 2018 թվականից հետո էլի մի փոքր մնա իշխանության երեք ճյուղերից մեկում` վերջնականապես իշխանությունը ժառանգորդ(ներ)ին հանձնելու գործընթացն ավելի սահուն դարձնելու համար:

Երեսունից մի փոքր բարձր տարիքի ու նույն շրջանակի մարդկանց` սկսված եւ շարունակական նշանակումները երկրի առանցքային պաշտոններում, մատնացույց են անում հասցե եւ մտահղացման շարժառիթ: Մնացյալը բանահյուսություն է, անհրաժեշտ անտուրաժ : Սակայն նկատենք, որ այս ծրագիրն, անշուշտ, միայն մենք նկատած չենք լինի, հավանաբար սա վաղուց գիտեն ե՛ւ իշխանական կուսակցության մեջ, ե՛ւ գործադիրում, ու բնական է, որ այս բոլորին կարող են դիմադրողներ լինել: Ահա այս տեսանկյունից եթե նայենք նախագահի ելույթի որոշ ենթատեքստերին` հասցեատերերին անմիջապես կարելի է գտնել: Նայած թե որքան կպատի դիմադրողների ուժը, եւ մինչեւ ուր կարող են հասնել նրանք: Օրինակ` նախագահի ասած` չկատարած աշխատանքի համար մեղքը վերադասի վրա բարդողները, պատի տակ բամբասողները, այլընտրանքային գաղափարները մերժողները, սեփական անպարկեշտությունը ուրիշին վերագրողները եւ այս ռանգի շատերը:

Բայց , իհարկե, ժողովուրդն, այնուամենայնիվ փոփոխությունների սպասում ունի, բնականաբար` նախագահի ելույթում այդ սպասումների արձագանքն էլ է առկա շատ մասով, ինչը միշտ էլ այնքան հաճո է բոլորի ականջին, որին այնքան սպասում են մարդիկ` ապրելու համար նախագահի նկարագրած երկրում («ստեղծել այնպիսի Հայաստան, որտեղ ապրողներն իրենց երջանիկ զգան»): Այո, սպասումներ ունեցողներ կան, բոլորը հո լրագրողներիս նման ամեն ինչ տեսած-կերած ցինի՞կ չեն, որոնց համար պատրանքներ չկան: Անգամ սոցիոլոգիայի պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը սպասումներ ունի` նախագահի ելույթից հետո նա ակնկալում է (hayeli.am) վերին իշխանությունից չորս հիմնական, բայց խոստովանենք` անհավանական քայլ. գործադիր իշխանությունից մուլտիմիլիոնատերերի հեռացում, իրենց անձեռնմխելի բդեշխներ կարծող մարզային իշխանների գահազրկում, «թաղային հեղինակությունների» եւ «պախանների» ծառայություններից ընտրությունների ժամանակ հրաժարում, հանրային համաձայնություն ապահովող հասարակական ինստիտուտների ստեղծում, քանի որ ընդդիմություն, որպես այդպիսին չկա` այդ համաձայնությունը ձեւավորելու համար:

Իսկապես` նոր Սահմանադրությունն, ախր, հակասության մեջ է օլիգարխների շահերի հետ, մենք բազմիցս ականատես ենք եղել եւ հիմա նույնպես այդպիսի փաստեր կան, որ խորհրդարանն ընդունում է օլիգարխների շահերն արտացոլող օրենքներ, բա ինչպե՞ս պետք է գործի խորհրդարանական հանրապետությունը, որտեղ ըստ գաղափարի ենթադրվում է, որ իրադրության տերը պետք է լինեն կուսակցությունները: Այսինքն ի՞նչ, կամ օլիգարխների՞ց պետք է կազմված լինեն այդ կուսակցությունները, ինչպես որ իշխող կուսակցության պարագայում է հիմա, կամ... տնտեսության վերաձեւո՞ւմ է տեղի ունենալու: Թե՞ ավելի տրիվիալ մի բան է կատարվելու` օլիգարխների մի խմբին կամաց-կաաց փոխարինելու է մի այլ` ավելի նեղ խումբ, իսկ որոշ օլիգարխներ ընդհանրապես ունեզրկվելու են` ունեցածը փոխանցելով ուրիշներին: Որովհետեւ մի բան է գեղեցիկ խոսքը թղթի վրա, մի ուրիշ բան տնտեսության լծակների տիրապետումը, որոնց տերերն են ամեն բան թելադրում, անգամ դատական եւ արդարադատության պատկերը, քանի որ արդարադատությունն ընդհանրապես վճարովի է` մի մասը հենց որպես վճարովի ծառայություն, մյուս մասը` ստվերային, կամ ինչպես սիրում են ասել` կոռուպցիոն: Անվճարունակ քաղաքացին ընդհանրապես չի կարող ոչ դատական արդարադատություն, ոչ որակյալ փաստաբանական ծառայություն ակնկալել, այդ դեպքում ինչպե՞ս պետք է նախագահի ասած սոցիալական համերաշխությունը տեղի ունենա: Կամ` ինչպե՞ս պիտի թղթի վրա ծվարած նոր Սահմանադրությունը կոռուպցիա թույլ չտա կամ ընդհանրապես իրականություն դարձնի կուսակցական-անօլիգարխիա կառավարումը, անհասկանալի է:

Ընդհանրապես զանազան թղթերի, ճանապարհային քարտեզների, հուշագրերի արժեքը գրոշ է, եթե մեր կյանքի կազմակերպման սկզբունքը չի փոխվելու:Եթե ոչ ոք չի կանգնեցնելու այս սարսափելի բեւեռացումը, որն է՛լ ավելի խորանալու միտումներ է ցույց տալիս ապագայում:

Եթե ոչ ոք չի կանգնեցնելու կնոջը երեսուն հարվածով սպանողին, կամ հանուն «նամուսի» ականջ կտրողին, իսկ կանգնեցնելը ոչ միայն իրավապահական գործառույթ է, այլ մթնոլորտ ու կենցաղավարություն փոխելու համար անհրաժեշտ պայմանների եւ արժեհամակարգի ստեղծում: Եթե ոչ ոք չի բռնելու մենաշնորհյալների ձեռքը, որոնք խեղդում են հանրությանն իրենց թանկ գներով` Հայաստանից մեկնողների հաշվին երկուսուկես անգամ թանկ ավիատոմսի արժեք յուրացնելով, կրկնակի թանկ բենզին ծախելով բնակչությանը, զանազան հսկա «մոլերով» Երեւանում իր բնի մեջ խեղդելով մանրավաճառին, բանանը միջին գնի կրկնակիով սաղացնելով հայ սպառողի վրա եւ այլն:

Կամ ոնց պետք է 700 մլն դրամ հայտարարագրած պատգամավորը (իսկ այդպիսիք ՀՀԿ , ինչու չէ` ԲՀԿ խմբակցությունների կազմում քիչ չեն, որոնք կթափանցեն նաեւ նոր խորհրդարան), ընդունի 70 հազար դրամ ստացողիս հարկավոր օրենքներ:

Որքան էլ Սերժ Սարգսյանը հիասթափեցնի ստատուս քվոյից գոհ մարդկանց, թե` էական փոփոխությունները շարունակվելու են, դրանք լինելու են փուլ առ փուլ, բայց կայուն ու հետեւողական իրականացված, շարժընթացներն ուրիշ բան են ասում: Մանավանդ եթե հետ դառնանք նախորդ ելույթների խոստումներին ու ներկա վիճակին, ապա հասկանալի է դառնում, որ համակարգի ներսի դիմադրությունը եթե ութ տարում չի կոտրվել, երկու- երեք տարում ավելի դժվար կլինի կոտրել, մանավանդ` կամա թե ակամա, ամեն ինչ արդեն նախընտրական ստարտի մեջ է:

Վերջում եւս մի շատ կարեւոր նկատառում:

Մամուլը վերջին շրջանում լցված էր ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության առթիվ հուշագրի, պաշտոնների նշանակման վերաբերյալ սպասումով: Ուղղակի սա սպորտի ձեւ է դարձել, որով լրատվամիջոցները հաճույքով զբաղվում են, մարդ են նշանակում պաշտոնի-ազատում են, ու անգամ այստեղ դեր չունեն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի մատնանշած տեխնիկական խնդիրների լուծմանը սպասելը. այն է` եթե լրագրողն օրենսդրություն իմանա, չի պահանջի անմիջապես նշանակում, կամ դրա մասին վստահ տոնով լուր չի գրի` իբր իր «հավաստի աղբյուրից», այլ կմտածի, որ օրենքով նախ պետք է տարածքային կառավարման նախարարությունն առանձնացնել, ինչը բավական ժամանակատար գործողություն է, իսկ առանց այդ անելու անուն հրապարակելն օրենքի խախտում է: Ինչն ի դեպ տեղի ունեցավ երեկ` կառավարությունն առաջարկեց համապատասխան օրենքի փոփոխությամբ տարանջատել արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման ոլորտները, իսկ այսօր դա արդեն քվեարկությամբ կընդունի ԱԺ արտահերթ նիստը: Այ հիմա արդեն ոչինչ չի խանգարի նշանակումներ անելուն ու հետն էլ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագիր ստորագրելուն, ինչին նախագահն ուղիղ խոսքով իր ելույթում չանդրադարձավ:

Եւ վերջում կուզենք մեր խոսքը հասանելի դարձնել նախագահին` նկատի առնելով նրա ելույթում առկա քննադատական մտածելակերպ ունեցող մարդկանց արձագանքելու դրույթը, ըստ այդմ` մեր եւս բնական մտահոգությունը հայտնելու իրավունքը. եթե ուզում եք պատմության մեջ մնալ` իշխանությունը ոչ թե հանձնեք մոտիկներին, այլ իսկապես համակարգային փոփոխություններ կատարեք ի վերջո գործնականում, Սահմանադրության փոփոխություններով ենթադրվելիք «բաց, ճկուն ու ներքուստ բարդ համակարգը» չգիտենք ներառո՞ւմ է արդյոք մեր եւ, վստահ ենք, հասարակության մեծ մասի այս բաղձանքը իրապես: Ազատվեք ներկա օլիգարխներին իշխանության մեջ ներգրավելուց ու այնպես արեք, որ ժողովուրդը շնչի: Դա դժվար է, գիտենք, մանավանդ որ զանազան քծնողները եւ իրենց նյութական սպասելիքը այդ միջոցով առարկայացնողներն այլ բան են շշնջում Ձեր ականջին: Անգամ հասկանում ենք, որ դա ռեալ վտանգներ է պարունակում իր մեջ: Բայց ուրիշ մեկը, որից դա սպասենք, այս պահին չկա, հանգամանքներն այդպես են դասավորվել, Դուք եք, որ ունեք այդ հնարավորությունները նախ իշխանության լծակների տիրապետմամբ, ապա նաեւ հաշվարկելու, նախագծելու ունակությամբ: Հայերիս պատմության մեջ միշտ էլ եղել են խիզախողներ, որոնք իրենց մտերիմների աչքի գրողը դառնալով` այնուամենայնիվ նեղ վիճակում, թեկուզ կարճ ժամանակի մեջ, լուծել են հայերիս խնդիրները,օրինակները պատմության մեջ են, դրանցից մեկն էլ Նժդեհի սխրանքն է: Այլապես դժվար կլինի բազմիցս խաբված հանրության շերտերին դուրս բերել անտարբերությունից եւ ապատիայից , որոնց առկայության մասին գոնե Ձեր ելույթի մեջ: Դուք եք արձանագրել եւ լուծել խնդիրները, դիմակայել հիմա արդեն տասնապատկված մարտահրավերներին:

Հայաստանը օլիգարխների երկիրը չէ՛: Կամ ավելի հասկանալի դարձնեմ` Հայաստանը միայն օլիգարխների երկի՛րը չէ: Թե չէ` այն ինչ մենք ենք գրում, Դուք Ձեր ելույթում ավելի մանրամասն ու պատկերավոր եք նշել, բոլոր խնդիրներն եք ձեւակերպել համարյա, բայց չեք նշել կոնկրետ հասցեատերերին, որոնցից սկսելու եք իրականացնել այդ բոլորը, կամ` նշել եք ենթատեքստով եւ անուղղակի: Տաղանդավոր մարդիկ էլ մեր շուրջը շատ կան, նրանք ավելի շատ են հենց կուսակցություններից դուրս, ուղղակի նրանց նկատել է պետք, եւ ոչ թե դոփել նույն շրջանակի մեջ: Թե չէ` բոլոր խնդիրները եւ մարտահրավերները հրաշալի եք ձեւակերպել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ