RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 12-02-2016



ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ

Տեղադրվել է` 2016-02-17 14:56:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 2703, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՍԻՐԻԱԿԱՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՎՃՌՈՒԵԼ ՄԵՐՁԱՒՈՐ ԱՐԵՒԵԼՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ, Ռազմական պատմաբան

Կամ Ռուսաստանը Մերձաւոր Արեւելքում ձգտում է փոխարինել ԱՄՆ-ին

Մասն 4-րդ

Եւ այսպէս, Պուտինի ուղարկած ռուսական ինքնաթիռներն ու ռուսական ռազմածովային նաւատորմի հեռահար հրթիռները, ինչպէս նաեւ Իրանի ցամաքային ու յատուկ նշանակութեան բազմահազարանոց ստորաբաժանումները (սկզբում մօտ 4.000, իսկ ռուսական ռազմագործողութեան ժամանակուանիցՙ գուցէ աւելի մեծ թուաքանակով), փրկեցին Սիրիայի նախագահին: Վերջինս յայտարարեց, որ կառավարական զօրքերը, որոնց սատարում են միջազգային ռազմական կոալիցիայիՙ դաշնախմբի ուժերըՙ ի դէմս ռուսական եւ իրանական ռազմուժի, յարձակւում են «գործնականում բոլոր ռազմաճակատներում»:

Այս յարձակման մասնակցող իրանական ռազմուժի աջակցութեամբ Ասադի ուժերն սկսեցին հակաասադական ուժերին ճնշել միանգամից մի քանի ուղղութեամբ.

ա. Լաթաքիա եւ Տարտուս ծովափնեայ նահանգներում , որտեղ տեղակայուած է ռուսական առայժմ միակ փաստօրէն` օդացամաքային ռազմաբազան Սիրիայում, ինչպէս նաեւ Տարտուս ռազմածովային բազան, որը կապում է Սիրիային եւ այստեղ գործող ռուսական ռազմուժին Միջերկրական ծովի եւ այնտեղ գործող ռուսական ռազմածովային ուժերի հետ. Լաթաքիա նահանգում է Կիլիկիայի հայկական թագաւորութեան վերջին պատառ հողը` Քեսապ հայաբնակ քաղաքով. Լաթաքիան, Լիբանան պետութեան հետ միասին Թուրքիային, ուստի եւ ՆԱՏՕ-ին կտրում են Իսրայէլից` վերջինիս հետ ցամաքային ուղղակի սահման ստեղծելու նրանց հեռահար պլանների առումով. Լաթաքիա նահանգում 2016թ. յունուարի 12-ին ասադական ուժերը ազատագրել են Սալմա քաղաքը, իսկ 2016թ. յունուարի 25-ին` նաեւ ռազմավարական նշանակութեան Ար-Ռաբիա քաղաքը, որը գտնւում է Լաթաքիա նահանգի հիւսիսում, դրանով իսկ ուղի բացելով` դուրս գալու անմիջականօրէն սիրիա-թուրքական սահման...

բ. Հալէպի եւ յատկապեսՙ Դամասկոսի նահանգներում , որտեղ Սիրիայի նախագահի նստավայրերից է եւ սիրիական զինուած ուժերի գլխաւոր շտաբը. հենց միայն այսքանը բաւարար է այդ ուղղութեան կարեւորութիւնը հասկանալու համար. դրանց անկումը կարող էր կործանման հասցնել Սիրիական պետականութիւնը` «լիբիականացնելով» կամ ընդհանրապէս քարտէզից ջնջելով այն` որպէս միասնական ամբողջութիւն:

գ. Դէյր էզ-Զօրի նահանգում . օսմանաթուրքական ոճրագործների` 1915-ի հայոց դէմ իրականացրած ցեղասպանութեան այս «թուրքական» Օսվենցիմը, Մայդանեկը, Բուխենվալդը, Դախաուն, Զաքսենհաուզէնը միաժամանակ` Դէյր էզ-Զօրը, Եփրատի` դեռ հայերի արեան համը յիշող ափերին գտնուող այս` մեզ համար սեւանուն քաղաքը, նոյնանուն նահանգի մայրաքաղաքը` պատահական չէ, որ ամուր շրջապատուած է ԻԼԻՊ-ի եւ նրան աջակցող հակասիրիական ու հակահայկական ուժերի ամուր օղակով. հենց Դէյր էզ-Զօրում էր, որ 2014թ. սեպտեմբերի 21-ին ԻԼԻՊ-ը, նոյնինքն «Իսլամական պետութիւնը», պայթեցրեց Սրբոց Նահատակաց հայոց եկեղեցին, որի յուշահամալիրում էին ամփոփուած Հայոց ցեղասպանութեան ժամանակ Դէյր էզ Զօրի անապատներում ոչնչացուած հարիւր հազաւարաւոր հայերի մասունքները եւ եղեռնը հաւաստող բազաթիւ վաւերագրեր` հսկայական քանակութեամբ իրեղէն, փաստաթղթային ապացոյց եւ գենետիկական նիւթ, որը պէտք չէր ո՛չ թուրքերին, ո՛չ էլ նրանց մեղսակից միւս ուժերին... Հենց միայն այսքանը բաւարար է հայերիս հասկանալու, որ ԻԼԻՊ-ը դա Թուրքիան է, ինչպէս նաեւ Հայոց ցեղասպանութիւնը կատարած ու մեղսակից միւս ուժերը... Ռուսական օդուժի հարուածները եւ Դէյր էզ-Զօրին անկարգելներով ուղարկուած բազում տասնեակ տոննաներով պարենային ու ռազմատեխնիկական օգնութիւնը աւելի հզօրացրեցին Ասադի բանակի այդ պաշարուած «Բայազետը»... Ասում են, յանցագործը անկախ իրենց, ցանկանում է վերադառնալ այն վայրը, որտեղ կատարել է իր ոճիրը. պատահակա՞ն է, արդեօք, թուրքերի ձգտումը` ներխուժելու եւ զաւթելու Դէյր էզ-Զօրը` թէկուզեւ ԻԼԻՊ-ի ձեռքերով... Գուցէ դեռ պահպանուած ինչ-որ հետքեր ջնջելու խնդիր կա՞յ... ո՛չ միայն թուրք-օսմանակա՞ն ոճրագործների հետքերը...

դ. Հոմս նահանգում . 2015թ. հոկտեմբեր-նոյեմբերին Ասադի ուժերի եւ ռուսական օդուժի հարուածները հանգեցրին նրան, որ դեկտեմբերի 9-ին Ասադը Հոմսից` հակաասադական «յեղափոխութեան մայրաքաղաքից» դուրս մղեց հակաասադականներին` այդ թւում` ԱՄՆ-ի սիրելի «Սիրիայի Ազատ բանակին», տխրահռչակ «Ալ-Ղաիդայի» սիրիական ժառանգորդներին, թէպէտ վերջիններիս ձեռքում, ցաւօք, դեռ մնում էին քաղաքի հիւսիսային արուարձանները.

ե. Դարա նահանգում . 2016թ. յունուարի 26-ին ազատագրուել է Շէյխ Միսքին քաղաքը, որը վերահսկում է ՍԱՀ-ի Ալ-Կունայտրա (տարածքի աւելի քան 60%-ը` Իսրայէլի կողմից զինակալուած է), Դարա, Աս-Սուվայդա նահանգները կապող ռազմավարական մայրուղին. այսինքն` կառավարական ուժերը սկսում են հակաասադական ուժերին յետ մղել դէպի Յորդանանի սահմանը...

Բոլոր ուղղութիւններում` Լաթաքիա, Հալէպ, Դամասկոս, Դէյր էզ-Զօր, Հոմս, Դարա` Ասադի ուժերը որոշակի յաջողութիւնների հասան...

Սակայն դիտարկենք Սիրիայի պետական բանակի եւ իր դաշնակիցների յաղթական ռազմագործողութիւնների արդիւնքներն այսօրուայ դրութեամբ :

Սիրիայի զինուժի ռազմագործողութիւնները 2015 թ. սեպտեմբերի 30-ից յետոյ գրեթէ 100 օրուայ ընթացքում հանգեցրեցին նրան, որ հակաասադական ուժերից սիրիա-ռուս-իրանական համատեղ հարուածների ներքոյ ազատագրուեց մոտ 1.000 քառ. կմ տարածք: Նկատի ունենանք, որ Սիրիայի Արաբական Հանրապետութեան ամբողջ տարածքի մակերեսը կազմում է մօտ 185 180 քառ. կմ: Այդ տարածքից գրեթէ 90.000 քառ. կմ ընկել էր ԻԼԻՊ-ի ձեռքը: Ի դէպ, եւս 1.150 քառ. կմ տարածք դեռ 1967 թ. «Վեցօրեայ պատերազմի» արդիւնքում զինակալուել էր Իսրայէլի կողմից: Ըստ մեր ունեցած որոշ տեղեկութիւնների` Սիրիայի Արաբական Հանրապետութեան տարածքի գրեթէ 30 տոկոսը, այսինքն` գրեթէ 60.000 քառ. կմ, վերահսկւում է քրդերի կողմից: Եւս մօտ 10 տոկոսը, այսինքն` գրեթէ 18.000 քառ կմ գտնւում է այլ հակաասադական ուժերի վերահսկողութեան ներքոյ: Այսինքն` Բաշար Ասադը վերահսկում է ՍԱՀ-ի տարածքի մօտ 20-30 տոկոսը, ինչը կազմում է գրեթէ 50.000-60.000 քառ կմ: Սիրիական տարածքի ազատագրման տեմպը, ինչպէս տեսանք, 100 օրում կազմում է մօտ 1.000 քառ կմ: Մնում է ազատագրելու եւս 120.000-130.000 քառ կմ: Ներկայիս յարձակման տեմպերի դէպքում հարկաւոր է 120 անգամ 100 օր: Ուստի, եթէ ոչինչ չփոխուի ո՛չ դրական, եւ, յատկապէս` ո՛չ բացասական ուղղութեամբ, ապա Ասադի կողմնակից ուժերին կյաջողուի ամբողջ ՍԱՀ-ի տարածքն ազատագրել 12000 օրում (այսինքն` 32 տարում)...

Սա թույլ է տալիս եզրակացնելու, որ սիրիական պատերազմը, եթէ այն աւարտուի այս տարուայ ընթացքում կամ երկարաձգուի եւս հինգ տարի, կարող է ունենալ հետեւեալ տարածքային-քաղաքական արդիւնքը.

ա. տարբերակ` ՍԱՀ-ը կբաժանուի ազդեցութեան երկու գօտու` ռուսական եւ ամերիկեան. ընդ որում` ռուսականին կսատարեն Իրանն ու եւս մի խումբ պետութիւններ, այդ թւում` որոշ տնտեսական գերտերութիւններ. ամերիկեանին կսատարեն Թուրքիան ու Իսրայէլը, ինչպէս նաեւ Արեւեմտեան որոշ պետութիւններ.

բ. տարբերակ. ՍԱՀ-ը կբաժանուի

- ռուսական գօտու` Ասադի կամ նրան փոխարինած համանման մի ուժի գլխաւորութեամբ,

- ամերիկեան գօտու,

- թուրքական գօտու,

- քրդական գօտու,

- չի բացառւում, որ Իսրայէլը, յաւերժացնելով Գոլանի բարձունքների նկատմամբ իր տիրապետութիւնը, նաեւ կընդլայնի իր գօտին...

- չի բացառւում նաեւ դրուզական ինչ-որ մարինոտեային պետութեան ստեղծումը` Իսրայէլի կամ ԱՄՆ-ի վերահսկողութեան ներքոյ:

Այդ եզրակացութիւնների համար փաստարկ կարելի է համարել նաեւ այն, որ ըստ բաց աղբիւրներում տարածուած տեղեկատութեան, ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն միաժամանկ նախաձեռնել են սեփական ռազմական բազաների ստեղծումը Սիրիայի հիւսիսում` միմեանցից գրեթէ 50 կմ հեռաւորութեամբ: Հետաքրքրական է, որ ռուսական բազան Հմէյմիմի ռազմաօդային բազայից եւ Տարտուսի ռազմածովայինից յետոյ դառնում է Սիրիայի ցամաքային` ծովից բաւական հեռու տարածքում գտնուող առաջին, իսկ ընդհանրապէս` ՍԱՀ-ում գտնուող ռուսական երրորդ ռազմաբազան: Հետաքրքրական է, որ այն գտնւում է ՍԱՀ-ի հիւսիսային`

ա. քրդաբնակ գօտում,

բ. Կամիշլի քաղաքի մօտ` սիրիա-թուրքական սահմանին, այսինքն` Արեւմտեան Հայաստանին մերձ:

Ի դէպ, Կամիշլիից ոչ հեռու` թուրքապատկան տարածքում գտնւում են Հայոց Միջագետքի պատմական Արուաստան նահանգի խոշորագոյն քաղաքի` Մծբինի աւերակները...

Յոյժ ուշագրաւ է, որ թուրքական կողմի բարձր ներկայացուցիչներն իրենց անթաքոյց տագնապն արատայայտեցին ռուսական կողմի` նոր ռազմաբազայի ստեղծման եւ, յատկապէս, նրա տեղակայման այս վայրի առնչութեամբ...

Սիրիայի առնուազն ռուս-ամերիկեան հնարաւոր բաժանման, իսկ հնարաւորութեան դէպքում` ամբողջութեամբ Ռուսաստանի «մանդատի» ներքոյ անցնելու մասին եզրայանգումներ անելուն նպաստում է այն կարեւոր հանգամանքը, որ Սիրիայում ռուսական ուժերի մասնակցութիւնն, ըստ երեւոյթին, չի սահմանափակւում պարզապէս ռազմաօդային կամ հեռահար բալիստիկ հրթիռային հարուածներ հասցնելով, ինչպէս նաեւ ռուսական ՀՕՊ-ի եւ հակահրթիռային հզօր կայանքների ու ռազմածովային ուժերի ուղղակի աջակցութեան ապահովմամբ: Այս առումով յատկանշական է 2015թ. դեկտեմբերին Կրեմլում Վլադիմիր Պուտինի կողմից իր քաջարի զինծառայողներին պարգեւատրելու արարողութեան ժամանակ ՌԴ նախագահի արած յայտարարութիւնը. Սիրիայում ռուսաստանեան զինծառայողների «աշխատանքը» «էականօրէն ազդում է իրավիճակի վրայ» եւ նրանք «ըստ էութեան, ղեկավարում են սիրիական զինուած ստորաբաժանումները»: Ճիշտ է, դրանից որոշ ժամանակ անց ՌԴ նախագահի մամլոյ քարտուղար Դմիտրի Պեսկովը փորձեց այլ կերպ բացատրել Ռուսաստանի առաջնորդի արտայայտութիւնը: Ըստ նրա, վերջինս «բացարձակապէս չի նշանակում», թէ ռուսաստանցի զինծառայողները ղեկավարում են Սիրիայի բանակը: «Բնականաբար, երբ իրականացւում է յարձակողական գործողութիւններով օդային աջակցութիւն, ապա ընթանում է տեղեկատւութեան փոխանակում. ահա սա է նկատի առնուել»:

Ի դէպ, համաշխարհային լրատուադաշտի հեղինակաւոր դերակատարներից «Ռոյթըրզ»-ը` յղում անելով ՍԱՀ-ի պետական հեռուստատեսութեանը, ինչպէս նաեւ Մեծ Բրիտանիայում տեղակայուած «Մարդու իրաւունքների սիրիական դիտարան» իրաւապաշտպան կազմակերպութեանը, հաստատել է, որ ՍԱՀ-ի բանակը գրաւել է Ար-Ռաբիա քաղաքը: Ընդ որում, վերոյիշեալ «Մարդու իրաւունքների սիրիական դիտարան» իրաւապաշտպան կազմակերպութիւնը հաղորդել է, որ ՍԱՀ-ի բանակի յարձակումը կատարուել է ՌԴ օդուժի աջակցութեամբ: Բացի այդ, իրաւապաշտպանները հաղորդել են, թէ ռազմագործողութիունը ղեկավարում էին ռուս սպաները:

Նկար 1. Սիրիայի Աարաբական Հանրապետութեան վարչական քարտէզը

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 12-02-2016

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ