RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 12-02-2016



Տեղադրվել է` 2016-02-17 14:56:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1367, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 11

Ո՛Չ ՎՐԱՍՏԱՆԻ ԹՈՒՐՔԱՑՄԱՆԸ

Վահագն ՉԱԽԱԼՅԱՆ, 9 փետրվարի 2016 թ.

Սիրելի՛ ջավախահայություն, հայրենաբնակ եւ աշխարահասփյուռ քույրեր եւ եղբայրներ,

Տագնապիս, անհանգստությանս եւ ձեզ դիմելու պատճառը Սաակաշվիլու կողմից հիմք դրված եւ Աքթաշ -Կարծախ մաքսակետի շահագործմամբ ակտիվության նոր` առավել վտանգավոր մակարդակի բարձրացված գործընթացն է, որը մեկ նախադասությամբ կարելի է բնութագրել «պանթուրքիստական երազանք»-ի կյանքի կոչման գործընթաց...

Սիրելի՛ ջավախահայեր,

Սաակաշվիլու բռնապետության տարիներին մերՙ ջավախահայության պայքարը, ընթանում էր «Հանուն Ջավախքի հայապահպանման» եւ «Ո՛չ Ջավախքի հայաթափմանը» կարգախոսների շրջանակներում: Այն ժամանակ մեր առջեւ խնդիր էինք դրել կասեցնել, դեմն առնել Ջավախքի հայաթափման հանցավոր ծրագրին, ինչը մենք հաջողեցրինք, թեեւ դրա համար մեզանից շատերը շատ թանկ վճարեցին:

Այսօր Սաակաշվիլու ցանած սերմերը փարթամ ծիլեր են տվել, եւ Վրաստանի թուրքացումը օր-օրի ավելի է մոտենում անդառնալիության սահմանագծին: Երկրում կան 25 տարեկանից բարձր 560 հազարից ավելի չամուսնացած քրիստոնյա կանայք եւ օրվա հացը վաստակելու համար ամենամյա արտագնա աշխատանքի մեկնող 18-ից 35 տարեկան մեկ միլիոնից ավել տղամարդ, թուրք-ազերիական կապիտալով գործող կազմակերպություններում հիմնականում աշխատանքի չեն ընդունում քրիստոնյա տղամարդկանց, Սաակաշվիլու հանցավոր համաձայնության եւ օժանդակության միջոցով համընդհանուր նվաճման է ենթարկված երկրի տնտեսության բոլոր եկամտաբեր եւ ռազմավարական ոլորտները, նրանցՙ թուրքերի ու ազերիների կողմից փորձ է արվում ամեն գնով ձեռք բերել նաեւ այն մնացյալը, որը դեռեւս իրենցը չէ, այդ թվումՙ Վրաստանի ամենամեծ հարստությունըՙ գյուղատնտեսական նշանակության բերրի հողատարածքները:

Այսօր մեզ անհանգստացնող գործընթացը էականորեն տարբերվում է նախորդիցՙ իր մեջ պարունակելով վտանգ եւ սպառնալիք ոչ միայն Ջավախքի, այլեւ ամբողջ Վրաստանի, ինչու ոչՙ նաեւ Հայաստանի համար:

Սիրելի ջավախահայեր,

Եկեք չհանդուրժենք, որ Ջավախքում գործեն մեր ազգային ավանդույթները խեղաթյուրող հաստատություններ, դրանց թվում նաեւ հասարակաց տներ, որոնք սկսել են սնկի պես աճել նույն այդ Աքթաշ-Կարծախ մաքսակետի շահագործումից ի վեր:

Եկեք բոլորս միասին դեմ ելնենք, արգելենք մեր տարածաշրջանումՙ Ջավախքում գյուղատնտեսական նշանակության հողատարածքների, անշարժ գույքի, այդ թվում բնակարանների, տների, տնամերձ հողամասերի եւ հասարակական նշանակության օբյեկտներիՙ թուրք-ադրբեջանական բիզնեսի համար նախատեսված որեւէ առք ու վաճառք, որեւէ գործարք: Եթե նման բան անցնում է ձեր մտքովՙ Դու՛ք հրաժարվեք նման մտքից, եթե նման բան անցնում է ձեր հարազատի կամ հարեւանի մտքով, բացատրե՛ք նրան նման քայլի վտանգավորության եւ հետեւանքների մասին, համոզե՛ք, խնդրե՛ք, եւ եթե համոզելն ու խնդրելը չօգնեն, ապա պահանջեք հետ կանգնել նման ազգադավ եւ ամբողջ հասարակության ու երկրի համար վտանգավոր քայլից:

Ամենայն հարգալից վերաբերմունք ունենալով սեփականության իրավունքի հանդեպՙ պետք է հստակ գիտակցել, որ եւ ոչ մի անհատՙ ո՛չ բարոյական, ո՛չ, առավել եւս, առօրյա կենցաղային դժվարություններից ելնելով, իրավունք չունի, թեկուզ եւ անձնական սեփականության հաշվին, խարխլելու ընդհանուր Հայրենիքի կայունությունը, ոչ մի հայ մարդ իրավունք չունի նպաստելու Ջավախքի թուրքացմանը:

Համատեղՙ բոլորս միասին, չթողնենք իրականություն դառնա համաթուրանական երազանքը, այն էլ` Ջավախքի հաշվին:

Այն, ինչ մեկ դար առաջ հաջողվեց սյունեցիներին, այսօր հաջողելու են նաեւ ջավախքցիները:

Բարձրացնենք մեր ձայնը վճռականորեն մեկ անգամ եւ ընդմիշտՙ ասելով ո՛չ Վրաստանի եւ Ջավախքի իսլամացմանը, ո՛չ Հայաստանի եւ Արցախի շրջափակմանը:

Սիրելի՛ ջավախքցիներ, հանուն մեր գալիք սերունդների, եկեք անառիկ պահենք Ջավախքը...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 12-02-2016

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ