RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 12-02-2016



Տեղադրվել է` 2016-02-17 14:56:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1373, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑՈՒ ԹԱՆԳԱՐԱՆԸ ԵՎ ՄԵՐ ԹԱՆԳԱՐԱՆԸ

Հ. ԱՖՅԱՆ

Փետրվարի 9-ին Երեւանի ավագանին անցկացրել է իր հերթական նիստը: Ընդունվել է երեք որոշում, որոնցից մեկովՙ քաղաքապետարանը բնակարան է հանձնել ազգագրագետ Լուսիկ Ագուլեցուն: Երկրորդ որոշմամբ քաղաքապետարանը բնակարան է հանձնել անցյալ տարվա փետրվարի 28-ին հակառակորդի դիվերսիայի հետեւանքով զոհված ԼՂՀ ՊԲ փոխգնդապետ Արտակ Աղեկյանի ընտանիքին: Եւ վերջապես երրորդ որոշմամբ քաղաքապետարանը հողատարածք է տրամադրելՙ Իսակովի պողոտայում, որպեսզի այնտեղ Արաբական Միացյալ Էմիրությունները կառուցի իր դիվանագիտական ներկայացուցչության շենքը:

Ավագանու առաջին եւ երկրորդ որոշումների հետ կապված մի ուշագրավ բան տեղի ունեցավ: Ոչ ոք առարկություն չի ներկայացրել կամ հայտնել, որեւէ լրատվամիջոց, լրագրող, ֆեյսբուքի օգտատեր չի գրել, թե էդ ո՞ր արժանիքների համար եք բնակարան տալիս, ենթադրենք Լուսիկ Ագուլեցուն, եւ հակառակըՙ որեւէ մեկը չի էլ ողջունել քաղաքապետարանի այս որոշումը: Ստացվում է, որ մենք գրում ենք միայն այն մասին, որտեղ դժգոհություն կա, մենք գրելովՙ հենց դժգոհում ենք, բողոքում ենք: Ու եթե մի պատմության մեջ դժգոհության հիմք չկա, բողոքելու պատճառ չկա, ապա այդ պատմությունը մեզ հետաքրքրական չէ: Սա այսպես է եւ այսպես վատ է: Մինչդեռ կարելի էր եւ բողոքել այս կապակցությամբ, օրինակ այսպես: Ավագանին Լուսիկ Ագուլեցուն բնակարան է շնորհել, քանի որ վերջինս իր բնակարանը դարձրել է թանգարան եւ ընտանիքով ստիպված ապրում են թանգարանում: Մի՞թե չէր կարող տիկին Լուսիկն իր բնակարանը կա՛մ թանգարանի չվերածել (մեզ թանգարան պե՞տք է բա), կամ էլ քանդել թանգարանը եւ տեղում նորից բնակարան կառուցել, իսկ թանգարանը տեղափոխեր, ենթադրենքՙ ավտոտնակ, կամ նկուղ: Ճիշտ այնպես, ինչպես անում է Երեւանի քաղաքապետարանը Երեւանի հետ, հին Երեւանի հետ...

Քաղաքապետարանի ավագանու հիշյալ նիստից հետո ավագանու անդամ, կոմպոզիտոր Մարտին Վադազարյանը պատասխանել է լրագրողի հարցինՙ կապված հին Երեւանը քանդելու հետ, կոնկրետՙ Աֆրիկյաններիՙ արդեն վաղուց քանդված շենքի հետ: Վարդազարյանը նշել է, որ այդ կոնկրետ շենքը ճարտարապետական արժեք չէր ներկայացնում, հետեւաբար պետք չէ կուրծք ծեծելՙ թե բա քանդեցին: Իմ կարծիքով ամեն քանդելուց հետո կուրծք ծեծել պետք է, անկախ նրանից, թե ինչ են քանդում: Բանն այն է, որ քանդելն ինքնին վատ բան է, հատկապես այն քանդելը, որին ականատեսն ենք մենք: Տեսեք, կոնկրետ Աֆրիկյանների շենքը քանդվել է, որպեսզի հետո վերականգնվի Հին Երեւան նախագծում, ավելի ճիշտՙ թաղամասում (ի դեպ, թաղապետն ո՞վ է լինելու, կրկին հանրապետակա՞ն, բայց հին Երեւանում հանրապետականներ չկային): Այսինքն, եթե կոնկրետ Աֆրիկյանների շենքը ճարտարապետական որեւէ արժեք չունի, ապա ի՞նչ կարիք կա այն վերակառուցելու Հին Երեւանում: Բայց սա գլխավոր հարցը չէ: Գլխավոր հարցը Հին Երեւան կառուցելու համար հին Երեւանը քանդելն է: Ո՞վ ասաց, որ նոր Երեւանը պետք է քաղաքի կենտրոնը լինի անպայման, ո՞վ ասաց, որ կենտրոնը չի կարող մնալ անհարմարավետ, նեղլիկ փողոցներով, սալահատակ մայթերով, առանց ասֆալտի, առանց մեքենաների, առանց կարմիր գծերի, որոնք բոլորը տեղափոխված կլինեն ծայրամասեր, քանի որ բուն քաղաքը ծայրամասերը կլինեն, ոչ թե կենտրոնը, քանի որ կենտրոնը, ինչպես Լուսիկ Ագուլեցու հին բնակարանը, թանգարանի վերածված կլինի, եւ քանի որ այդպես կլինի, Երեւանին նոր բնակարան կտանՙ ծայրամասերումՙ աճելու համար, ապրելու համար... Ընդ որում, շինարարությունից քիչ թե շատ գլուխ հանողը հասկանում է, որ այս ոլորտում ծախս է ոչ միայն կառուցելը, այլեւ քանդելը: Կան անգամ հատուկ քանդողներ, որոնց առանձին վարձատրում ենՙ քանդելու համար: Հետեւաբար, եթե Երեւանի քաղաքապետարանը որոշի, որ պետք է նոր Երեւանը կառուցել ծայրամասում ծախսերը կկրճատի, քանի որ քանդելու համար փող չի տա, որովհետեւ քանդելու կարիք չի լինի:

Հիմա, փաստորեն, մենք կուրծք են ծեծում ոչ միայն Աֆրիկյանների շենքը քանդելու համար, այլեւ քաղաքի բյուջեն շռայլորեն ծախսելու համար: Կարելի է քաղաք կառուցել առանց քանդելու, ավելինՙ հնարավոր չէ քաղաք կառուցելՙ քանդելով այն, որովհետեւ երբ մի քաղաքում հին շենքերը քանդում են, որպեսզի նորը կառուցեն, այդ քաղաքում միշտ քանդելու են...

Արաբնե՞րը, նրանք այս պատմության հետ ոչ մի կապ չունեն, համենայն դեպս մենք երբեք Դուբայ չենք դառնալու, որքան էլ նոր, ավելի ճիշտՙ «նյու» բան կառուցենք, բայց սա խնդիր չէ, խնդիրն այն է, որ մենք արդեն Երեւան էլ չենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 12-02-2016

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ