RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 12-02-2016



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2016-02-17 14:56:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1236, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՄԻԱՅՆ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ ԱՐՑԱԽԸ ՉԷ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ պարոն Դավիթ Բաբայանն, անշուշտ, գրագետ եւ հայրենասեր անձնավորություն է: Բայց պարոն Բաբայանը Արցախում միակ գրագետ եւ հայրենասեր անձնավորությունը չէ: Եթե ուշադիր նայենք Արցախից եկող տեղեկատվության աղբյուրը, նկատի ունեմՙ պաշտոնական տեղեկատվությունը (եթե, իհարկե, Արցախից այլ տեղեկատվություն էլ է գալիս), ապա այդ աղբյուրները երկուսն են, կամ ԼՂՀ պաշտպանության բանակ, կամ Դավիթ Բաբայան: Տպավորություն է ստեղծվում, որ կամ ԼՂՀ-ում առանձին ոլորտների աշխատանքները կարգավորող եւ ղեկավարող գերատեսչություններ չկան, կամ կան, բայց վերջիններս առանց պարոն Բաբայանի ոչինչ չեն կարող ասել-անել, կամ էլ Դավիթ Բաբայանը ոչ թե ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակն է, այլեւ ամբողջ Արցախի: Սա ոչ թե ճիշտ չէ, այլ վտանգավոր է: Ենթադրենք, եթե Մոնսերատ Կաբալյեն հերթական համերգ է տալու Ստեփանակերտում, ապա այդ մասին հարկ չկա, որ ազդարարի պարոն Դավիթ Բաբայանը, դրա համար Արցախն ունի հրաշալի աշխատող մշակույթի նախարարություն, հրաշալի նախարարով, որն էլ, հուսանք ունի մամուլի խոսնակ, որն էլ կարող է հայտարարություն տարածել Կաբալյեի հերթական համերգի մասին: Կամ, երբ Արցախի ֆուտբոլի հավաքականը մասնակցում է չճանաչված պետությունների հավաքականների մրցաշարին, ապա այդ մասին պետք չէ, որ հայտարարի ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը, քանի որ Արցախն ունի սպորտի նախարարություն, եթե հավաքական ունի, ապա ֆեդերացիա էլ ունի, որոնցից մեկնումեկի մամուլի խոսնակը կարող է այդ մասին հայտարարություն տարածել: Կամ, երբ ԵԽԽՎ-ն հակահայկական զեկույց է ընդունում, հարկ չկա, ավելինՙ վտանգավոր է, որ նախագահի մամուլի խոսնակը ԵԽԽՎ-ին մեղադրի կաշառակերության մեջ, դրա համար Արցախը պետք է ունենա փորձագիտական խումբ, կամ մեկ-երկու վերլուծաբաններ, ովքեր կարող են պետության դիրքորոշումն արտահայտել որպես իրենց մասնավոր կարծիք, ինչպես արվում է աշխարհի բոլոր պետություններում:

Հիմա, փաստորեն, պարոն Բաբայանը խոսում է ամեն անգամ, երբ Արցախում ինչ-որ բան է տեղի ունենում կամ պետք է տեղի ունենա, դրանով իսկ ակամայից (հուսանքՙ ակամայից) թույլ չտալով, որպեսզի Արցախից հնարավորինս շատ ձայներ հնչեն, հնարավորինս շատ գերատեսչություններ խոսենՙ ցույց տալով, որ Արցախում կան եւ լինելուց բացի ակտիվ աշխատում են խորհրդարանը, նախարարությունները, քաղաքապետարանները, գյուղապետարանները, կուսակցությունները, միությունները, երկիրը, պետությունը, պետական համակարգը:

Սա կլինի պետական գործառույթների անհրաժեշտ բաշխում: Եւ որը պակաս կարեւոր չէՙ պարոն Բաբայանի աշխատանքային ծանրաբեռնվածության որոշակի մեղմում, ինչի արդյունքում նա հնարավորություն կստանա խոսել բացառապես ԼՂՀ նախագահի օրակարգին առնչվող հարցերից, նախագահ Բակո Սահակյանի ներքին եւ արտաքին այցելություններից, որոշումներից, ստորագրած օրենքներիցՙ բացառապես, ինչպես բոլոր երկրների նախագահների բոլոր մամուլի խոսնակները:

Ի վերջո, որպեսզի դու ճանաչելի լինեսՙ որպես պետություն, նախ պետք է պահես քեզՙ որպես պետություն, ցույց տաս, որ ունես պետական բոլոր ինստիտուտները, իսկ սա հնարավոր չէ ցույց տալ, երբ նրանք չեն խոսում:

Դրանից հետո կճանաչեն, թե՞ ոչ, այլ հարց է, գուցե հիմնականը, կամ ամենակարեւորը, բայց խնդիրն այն է, աշխարհը պետք է տեսնի, թե ում է ճանաչում. միայն Դավիթ Բաբայանը քիչ է, ավելի ճիշտՙ միայն Դավիթ Բաբայանը ճիշտ չէ, քանի որ միայն Դավիթ Բաբայանը Արցախը չէ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 12-02-2016

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ