RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 12-02-2016



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2016-02-17 14:56:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1979, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 22

ԱՆՍՈՎՈՐ ԱՂՄԿԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Մեծ ակնկալություններով սկսեցի կարդալ Հայկական բարեգործական ընդհանուր միության վերջին պաշտոնական հաղորդագրությունը «ՀԲԸՄ-ը ձեռնարկում է կազմակերպական նոր եւ համարձակ քայլեր իր ազգային առաքելության եւ գործելաոճի զարգացման համար» խոստումնալից վերնագրով: Նախապես արդեն տեղեկացել էի, որ Ռուսաստանի մեր հաջողակ գործարարներից, Հայաստանում կրթական ու ֆինանսական խոշոր նախաձեռնությունների հեղինակ Ռուբեն Վարդանյանը վերջերս մաս է կազմել Պողոս Նուբար փաշայի հիմնադրած կազմակերպության ղեկավարությանըՙ կենտրոնական վարչական ժողովին, հետեւաբար, մտածում էի, նյութական հզորությունների բազմապատկումը կարող է համազգային ավելի մեծ, ավելի հավակնոտ ծրագրերի իրականացման հնարավորություն ստեղծել:

Ասեմ, որ հիմա էլ, հաղորդագրությունը կարդալուց հետո, ունեմ միեւնույն ակնկալությունները: ՀԲԸՄիությունը, չհաշված իր մեկ-երկու ձախավեր գործերը, որոնցից մեկն անշուշտ Կիպրոսի Մելգոնյան վարժարանի փակումն էր, անցնող 110 տարիների ընթացքում նախախնամական դեր է կատարել մեր ժողովրդի կյանքում, եւ մեզ վարժեցրել է այդ ակնկալությունների իրականացմանը:

Սակայն, կարդալով հաղորդագրությունը, դժբախտաբար չհանդիպեցի, բացի դեկլարատիվ հայտարարություններից, որեւէ շոշափելի, գործնական, հեռագնա ծրագրի: Փոխարենը հաղորդագրությունը հորդում էր, բառի իսկական առումով, գովազդային բնույթի արտահայտություններով, ինչը, խոստովանեմ, երբեք հատուկ չի եղել մեր միշտ լրջամիտ ու լրջախոհ մեծագույն կազմակերպությանը:

Դատեցեք ինքներդ: «ՀԲԸՄ-ը ազդարարում է իր ազգային առաքելության վերամշակված եւ ընդարձակված նոր, հանդուգն ծրագրի մեկնարկը»: «Վերափոխումների այս նախաձեռնությունը (...) նոր էջ է բացելու ինչպես կազմակերպության, այնպես էլ աշխարհասփյուռ հայության կյանքում»: «ՀԲԸՄ-ը վճռական խիզախությամբ առաջ է գնում դիմագրավելու 21-րդ դարի մարտահրավերները»: «Հանդուգն նպատակին հասնելու համար...»: «Որպես նախաձեռնության իրականացման ուղղությամբ արված առաջին քայլ, ՀԲԸՄ-ը հպարտությամբ հայտարարում է...»: Եվ այսպեսՙ ինքնագովազդի, առեւտրաֆինանսական բնույթի ռեկլամների մի ամբողջ շարք, որը, կրկնում եմ, անսովոր է որեւէ լուրջ կազմակերպության, էլ ո՜ւր մնաց Բարեգործականի համար:

Փոխարենը կուզենայի, օրինակ, իմանալ, թե որո՞նք են 21-րդ դարի մարտահրավերները, որոնք ՀԲԸՄ-ը որոշել է «վճռական խիզախությամբ դիմագրավել», թե ո՞րն է այն «հանդուգն նպատակը», որին հասնելու համար Միությունը «պատրաստվում է վերաշխուժացնել հայկական սփյուռքը, նրան հաղորդելով միասնական վերակազմավորման (ընդգծումն իմն է.- Հ.Ա.) նոր եռանդ», թե ինչպե՞ս է ընդարձակելու «Հայրենիքի տնտեսության զարգացմանն ուղղված իր օժանդակությունը», թե ի՞նչպես պիտի «ծավալի շեշտադրված աշխատանքՙ ապահովելու համար խոշոր ներդրումներ»:

Այո, հարցերը շատ են, հարցադրումներըՙ նույնպես: Սակայն պատասխաններ չկան: Առայժմ: Գուցե հետագայո՞ւմ ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչությունը հարկ համարի անգետներիս լուսաբանել ու լուսավորել: Այլապես պիտի մտածենք, դատելով վերջին հաղորդագրությունից, որ Բարեգործականը պատրաստվում է լայնամասշտաբ, համաշխարհային նշանակության ընտրարշավի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 12-02-2016

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ