RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 05-02-2016



Տեղադրվել է` 2016-02-05 00:36:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1746, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ, ԲԱՅՑ ԿԱՐՈՂ ԵՔ ՆՍՏԵԼ

Հ. ԱՖՅԱՆ

Հունվարի 29-ին ՀՀ նախագահի հրամանագրով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Դավիթ Սարգսյանը: «Իրավաբան. net-ը» ներկայացնում է նորանշանակ դատավորի կենսագրությունը: Պարզվում է, նա դատական համակարգում աշխատելու տարիների հսկայական փորձ ունի եւ դատական ծառայողի հմտություններ, եւ պատահական չէ, որ հենց այս փորձառու դատավորն է նշանակվում Սյունիքի նման խնդրահարույց մարզումՙ որպես արդարադատություն իրականացնող:

Այսպես. Դավիթ Սարգսյանը ծնվել է 1980-ի հունվարի մեկինՙ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում: Թե որ դպրոցն է ավարտել նաՙ չգիտենք, բայց գիտենք, որ 2001-ին ավարտել է Սեւանի «Մխիթար Սեբաստացի» համալսարանը եւ ստացել իրավաբանի որակավորում: 2006-ին քննություններ է հանձնել Երեւանի տնտեսաիրավագիտական համալսարանում, ընդ որումՙ սեփական դիմումի համաձայն: Այսինքն մարդը գնացել է, անձամբ դիմում է գրել, որ քննություններ տա, այլ ոչ թե բոլորի նման տանը նստած սպասել, որ համալսարաններից իրենց կանչեն ու խնդրեն, որ քննություն տան: Ինչեւէ, հենց քննություններ տալուց հետո, անմիջապես Դավիթ Սարգսյանին հիշյալ համալսարանում շնորհել են իրավագետի որակավորում: Ենթադրում ենք, որ պարոն Սարգսյանը այնքան լավ է հանձնել քննությունները, որ համալսարանում գտել են, որ մարդը իրենցից եւ առհասարակ սովորելու ոչինչ չունի եւ միանգամից տվել են որակավորումը:

Բայց մինչ իրավագետ դառնալը, երիտասարդ Դավիթը աշխատել է: Այսպես, 1998-ից մինչեւ 2000-ը ապագա դատավորի կյանքի թերեւս ամենաբեղուն շրջանն է եղել. նա հենց այդ ժամանակահատվածում աշխատել է «Սեւանի սպորտային կոշիկների ֆաբրիկա անավարտ շինարարություն» ՓԲԸ-ումՙ որպես պահակ: Պահակության օրերին Դավիթ Սարգսյանը հավանաբար կարդացել է իրավագիտական գրքեր եւ իրավաբանությանն առնչվող գրականություն, քանի որ 2000-ի օգոստոսից արդեն նա աշխատանքի է անցնում «Նառա» Ա/Ձ-ում որպես իրավախորհրդատու: «Նառա»-ին Սարգսյանը իրավական խորհուրդներ է տալիս մինչեւ 2001 թվականը, ապա մինչեւ 2002-ի մայիսի 16-ը եթե ինչ-որ տեղ աշխատել էլ է, ապա չգրանցված: 2002-ի մայիսյան այդ գեղեցիկ օրը Դավիթ Սարգսյանը նշանակվում էՙ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում որպես դատավորի օգնական, աշխատում է մինչեւ 2013-ի օգոստոսի 24-ը: Այդ օրից մինչեւ այս տարվա հունվարի 29-ը Դավիթ Սարգսյանը ոչ մի տեղ չի աշխատել, կամՙ գրանցված չի աշխատել, կամ խոպան է գնացած եղել, կամ Լոս Անջելեսում իր ուժերն է փորձել կինոյի բնագավառում, կամ հանձնված է եղել եվրոպական ինչ-որ երկրի, կամ...

Հունվարի 29-ից պարոն Դավիթ Սարգսյանը նախագահի հրամանագրով, ինչպես ասացինք, նշանակվել է Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պաշտոնապես դեռ չի արձագանքել այս նշանակմանը, բայց կարծում ենք, որ նրա պատմափիլիսոփայական արձագանքը չի ուշանա: Ինչպես եւ չի ուշանա Դավիթ Սարգսյանի իրավաբանական գիտությունների դոկտորի կոչումըՙ «Ինչպես դառնալ դատավոր» գիտական աշխատության համար:

Եկել է այն օրը, երբ Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավոր Դավիթ Սարգսյանը կհիշի այն օրը, երբ ինքը ընդունվեց աշխատանքի «Սեւանի սպորտային կոշիկներ ֆաբրիկայի անավարտ շինարարություն» ՓԲԸ-ում որպես պահակ: Չնայած գուցե եւ չհիշի, հնարավոր է, որ նա երբեք էլ պահակ չի աշխատել, տանն ասել էՙ գնում եմ աշխատանքի, իսկ ինքն իրականում գնացել է Սեւանի գրադարան եւ մինչեւ լույս գիրք է կարդացել, որպեսզի դատավոր նշանակվի: Չէ՞ որ մեր երկրում դատավորներ նշանակվում են բացառապես նրանք, ովքեր մինչեւ լույս գիրք են կարդում, դատական համակարգում երկարամյա աշխատանքի փորձ ունեն, իրավական խորհուրդներ են տալիս շատերին, ոչ թե միայն «Նառա»-ին, որոնց կենսագրություններին լավ են ծանոթանում, ավելի ճիշտՙ որոնց կենսագրություններին ծանոթանում են ոչ թե նշանակումից հետո, այլՙ առաջ:

Չնայած, մարդ կա կենսագրություն ունի, մարդ կաՙ շատ փող: Առաջիններին հաճախ դատում են, երկրորդներինՙ միշտ արդարացնում, բայց սա արդեն պատմափիլիսոփայություն է, որի շուրջ դեռ շատ քննարկումներ կունենան մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու դատավոր Դավիթ Սարգսյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 05-02-2016

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ