RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 05-02-2016



ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

Տեղադրվել է` 2016-02-05 00:36:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1597, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱ՞Ց, ԹԵ՞ ՀԵՏԸՆԹԱՑ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը դարձյալ կովկասյան քաղաքական լրատվության հիմնական թեման է դարձել, առաջացնելով որոշ շրջանակների համար առաջընթացիՙ այսինքն կարգավորման հնարավորության հույսերը, իսկ ուրիշների համար հետընթացիՙ այսինքն պատերազմի վերսկսման նախազգացումը: Կացությունն այնքան հեղհեղուկ է, որ հարցը անսպասելիորեն կարող է թեքվել դեպի մեկ կամ մյուս կողմը:

«Սա պատերազմ է եւ պիտի խնդրեի, որ հենց այս «պատերազմ» եզրը օգտագործեք, եւ ոչ թե «հրադադարի խախտումներ» արտահայտությունը, որովհետեւ իրականում մենք այլեւս չունենք հրադադար», լրագրողներին հայտարարել էր դեկտեմբերին Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը :

Դա Բեռնում (Շվեյցարիա) Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումից անմիջապես հետո էր: Ադրբեջանի կառավարական շրջանակներին մոտիկ մի անձնավորություն այդ հանդիպումը բնութագրել էր որպես «սովորական ձեւականություն»:

Այո, ճիշտ է, գնալով ահագնացող սահմանային թշնամանքը շատ հեռու է սովորական հրադադարի խախտում լինելուց, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը մարտադաշտը տեղափոխել է Ղարաբաղի հետ իր սահմանից դեպի ինքնիշխան Հայաստանի հետ իր սահմանը, արդարացի հարց առաջացնելով քաղաքացիներից շատերի մոտ, թե ինչ օգուտ ունի ռազմավարական դաշինքը Ռուսաստանի հետ, եթե այն չի պաշտպանում մեր հայրենիքի ամբողջ տարածքը:

Իրականում, Ղարաբաղը մի անգամ եւս հայտնվել է մրցակից հզոր պետությունների շահերի արանքում, որոնք փորձում են իրենց դիրքերն ամրապնդել ներկայիս վերանորոգված սառը պատերազմի պայմաններում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը իրադրությունը բնութագրել է գրեթե նույն ձեւակերպումով, ինչ Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, ասելով. «Սա «Սառեցրած հակամարտություն» չէ, այլ «մոռացված հակամարտություն», որն ամեն րոպե կարող է վերահսկողությունից դուրս գալ»:

Պայթյունավտանգ կացությունը սրվել է տարածաշրջանում կատարվող դինամիկական փոփոխությունների հետեւանքով: Արեւմուտքի հետ ունեցած տարաձայնությունները ստիպել են Ռուսաստանին հակամարտությունները լուծել իր ձեւով, իր հայեցողությամբ: Այդ հակամարտությունների թվում են Վրաստանի հետ պատերազմըՙ 2008-ին, Ղրիմի հանրաքվեն, Սիրիայի պատերազմը եւ Թուրքիայի հետ սառը հարաբերությունները: Եվ քանի որ Մոսկվայի ձեռքում է գտնվում ղարաբաղյան հարցի կարգավորման բանալին, Արեւմուտքը, եւ մասնավորապես Մ. Նահանգները, մտահոգված է, որ ինքը խաղից դուրս կմղվի: Այդ պատճառով էլ նա ուժեղացնում է իր դիվանագիտական գործունեությունը: Եվրոմիությունը հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ձեւը խաղաղ բանակցություններն են: Իսկ Մ. Նահանգների կոնգրեսը ադ հարցի շուրջ փակ քննարկումներ անցկացրեց, մինչ կոնգրեսի որոշ ղեկավար անդամներ առաջ քաշեցին կարգավորման այնպիսի միջոցներ, որոնք Հայաստանի կողմից ընդունվում են, բայց Ադրբեջանի կողմիցՙ ոչ:

Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսն (Հանրապետական Կալիֆոռնիայից) ու դեմոկրատ անդամ Էլիոտ էնգելը առաջարկել են երկու կողմերին շփման գծից հեռացնել դիպուկահարներին եւ վերահսկողական սարքեր տեղադրելՙ գրանցելու համար հրադադարի խախտումները: Դա Հայաստանի պահանջն է եղել արդեն երկար տարիներ, բայց ապարդյուն: Ադրբեջանը պահանջում է Ղարաբաղից հեռացնել «զավթողական» ուժերը: Պետքարտուղարությունը համաքայլ ընթանալով կոնգրեսի հետ Բաքու եւ երեւան է առաքել Չարլզ Կուպչանին , Մ. Նահանգների ազգային անվտանգության խորհրդում եվրոպական հարցերի գծով տնօրենին, ով վերջերս հանդիպում ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարարար Էդուարդ Նալբանդյանի հետ: Չնայած բանակցությունների էության մասին ոչինչ չհրապարակվեց, այդուհանդերձ պարզ դարձավ, որ հայկական կողմը մեծապես շնորհակալ էր Մ. Նահանգների ցուցաբերած աջակցության համար: Կուպչանն էլ, իր հերթին Հայաստանին էր շնորհակալություն հայտնել Աֆղանստանում եւ Կոսովոյում ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքո խաղաղապահ ուժեր տրամադրելու համար:

Մեկ այլ նախազգուշական քայլով Մ. Նահանգները մշակեց մի բանաձեւ, որ մեղադրում է նախագահ Իլհամ Ալիեւին եւ նրա կառավարությանըՙ լրագրողներին, մարդու իրավունքների համար պայքարողներին եւ ոչ-կառավարական կազմակերպություններին հետապնդելու համար: Չնայած բանաձեւը քվեարկության չդրվեց, Ադրբեջանն, այնուամենայնիվ, հասկացավ ակնարկը: Եթե տարածաշրջանային ուժերի միջեւ լարվածությունը նպաստել էր քաղաքական դինամիկայի աշխուժացմանը, ապա պետք է նշել, որ կացությունը սրելու գործում իր դերակատարությունն ունեցել էին նաեւ Ադրբեջանի ներքին խնդիրները:

Հատկանշական մի հոդվածում, «Carnegie Europe» ընկերության ավագ աշխատակից Թոմաս դը Վաալը քննարկել էր ալիեւյան վարչակազմի անընդմեջ սաստկացող ռազմատենչ հայտարարությունների դրդապատճառները, նշելով, որ երկրի բյուջեի 75 տոկոսը գոյանում է նավթարդյունաբերության եկամուտներից եւ միջազգային շուկայում նավթի գների անկումը մեծապես ցնցել է երկրի տնտեսությունը եւ առաջացրել մանաթի արժեզրկումը: Այդ ցնցումը առաջին հերթին հարվածել է միջին դասակարգին, բայց նաեւ խանգարել է կառավարությանը ձեռք բերելու ավելի արդիական եւ թանկարժեք զինամթերք: Թավալվող տնտեսությունը առաջացրել է նաեւ սոցիալական խժդժություններ: Կանխիկ փողի պակասության հետեւանքով իշխանությունները չեն կարողանում այլեւս հանգստացնել ամբոխին: Առաջին հարվածը ստացավ երկրի երկարամյա ծառայող, ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովը: Նրան եւ իր շրջապատի մարդկանց մեծամասնությանը պաշտոնանկ արեցին դավադրության մեղադրանքով: Թոմաս դը Վաալը հարց է տալիս, թե այդ ե՞րբ են տնտեսական հարցերի շուրջ բողոքները դառնում քաղաքական գործողությունների դրդապատճառ: Մյուս կողմից Իրանի եւ Մ. Նահանգների միջեւ կնքված միջուկային համաձայնագիրը ունեցավ ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական ազդեցություն Ադրբեջանի վրա: Թեհրանի մուտքը էներգաշուկա ծանր հարված հասցրեց Ադրբեջանի գանձարանին: Նույնիսկ նրա նախկին դաշնակից Վրաստանը սկսեց բանակցել Թեհրանի հետ, գազ ձեռք բերելու նպատակով: Արեւմուտքը երկար ժամանակ պաշտպանում էր Բաքվին եւ լարում նրան Թեհրանի դեմ այն աստիճան, որ Բաքուն թեւեր առած երազում էր անգամ նվաճել Իրանից այսպես կոչված հյուսիսային Ադրբեջանը եւ ընդարձակել իր տարածքը: Այս բոլորը հօդս են ցնդել Իրանի կարգավիճակի փոփոխության հետեւանքով:

Այս զարգացումները գումարվելով իրար վրա հուսահատության են մատնում Ալիեւի վարչակազմին, որն էլ ստիպված «քավության նոխազներ» է որոնում: Դրանցից մեկը Հայաստանն է: Թոմաս դը Վաալը, այսպիսով եզրակացնում է, որ «սաստկացող մտահոգությունն այն է, որ հուսահատության մեջ գտնվող ադրբեջանական վարչակազմը կարող է որոշել «ղարաբաղյան խաղաթուղթը» շահագործել, հույս ունենալով բոլոր ադրբեջանցիներին համախմբել մի որոշակի վեհ նպատակի շուրջ, եւ սանձազերծել ռազմական մի գործողություն, փոքր կամ լայնածավալ, վերանվաճելու իր կորցրած տարածքները: Այդ պարագայում հայերն այլ ելք չեն ունենալու բացի հակահարված տալուց, որի արդյունքում Կովկասում բռնկվելու է նոր, հնարավոր է չափազանց ողբերգական մի հակամարտություն»:

Շախմատային այս խաղում Թուրքիան անշուշտ ունի իր դերը: Էրդողանի կառավարությունը լկտիաբար նեո-օսմանական քաղաքականություն է վարում ամբողջ Մերձավոր Արեւելքի տարածքում: Նա անողոքաբար է գործում եւ ստիպված է լինում հաճախ լիզել իր իսկ վերքերը: Հուսահատ Անկարան բարեկամական ձեռք է մեկնում Իսրայելին, փորձելով վերանորոգել հարաբերությունները, որ նա այնքան մեծ ցնծությամբ խաթարել էր: Թուրքիան նաեւ փորձում է ստեղծել մի տարօրինակ դաշնություն Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի զուգընկերությամբՙ դիմագրավելու համար Իրանի ազդեցությունը տարածաշրջանում: Ավելին, խաղարկելով սուննիների խաղաթուղթը, Անկարան նաեւ ջանում է սիրաշահել Կահիրեին, որի հետ հարաբերությունները նույնպես խաթարված էին: Այդ նույն խաղաթուղթը ոչ մի արժեք չունի Արդբեջանում, որտեղ բնակչության մեծամասնությունը պատկանում է մահմեդականության շիաների ճյուղին, որն ավելի աշխարհիկ դիրքորոշում ունի: Դրա փոխարեն, սակայն, Անկարան Ադրբեջանում մեկ ուրիշ խաղաթուղթ է բանեցնում: Դա տափակաբանություններով հագեցած «մեկ ազգ, երկու կառավարություն» կարգախոսն է:

Ադրբեջանում մարդկանց բարոյական վիճակը բարձրացնելու համար Թուրքիայի արտգործնախարար Մեվլուտ Չավուշօղլուն վերջերս Բաքու այցելելով, հայտարարեց. «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները հնարավոր չէ կարգավորել առանց ազատագրելու Ադրբեջանի գրավյալ տարածքները»: Իհարկե նա չէր համարձակվի այդ ավանդական հանգերգից այն կողմ գնալ, հաշվի առնելով իր երկրի սառը հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ վերջինիս սպառազինությունների կուտակումը Հայաստանում:

Մյուս կողմից, Ռուսաստանի որոշ շրջանակներ խոսում են ղարաբաղյան հարցում առաջընթացի մասին: Այսպես, օրինակ, Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելեւը , որը նաեւ ռուս-ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամության խմբակցության նախագահն է, վերջերս հույս հայտնեց, որ մի լուծում կգտնվի հաշվի առնելով, որ չնայած որոշ տարաձայնություններին բանակցությունների գործընթացը առաջ է գնում: Նա նաեւ անդրադարձավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն խոսքերին, որ «յոթը ադրբեջանական գրավյալ տարածքները» պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Իր հերթին ԵԱՀԿ Մինսկի խումբը աշխատում է կյանքի կոչել մադրիդյան սկզբունքները, որտեղ խոսվում է նաեւ տեղահանվածների եւ փախստականների դեպի իրենց նախկին բնակավայրերը վերադարձի եւ Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու մասին:

Ասում են չինարենում «ճգնաժամ» արտահայտող բառն ունի լրացուցիչՙ հնարավորություն ընձեռելու իմաստը: Եթե այդպես է, հուսանք, որ Կովկասում կարգավորման գործընթացը շուտով իր դրական արդյունքը կտա:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 05-02-2016

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ