RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2016



ԳԻՏԱԿԱՆ ՄԻՏՔ

Տեղադրվել է` 2016-01-21 23:38:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 2792, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ԳՅՈՒՏԵՐԻՆՙ ԱՆԸՍՏԳՅՈՒՏ ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔ

ՆԱԻՐ ՅԱՆ

Հենց լսում ենք համաշխարհային նշանակության այս կամ այն գյուտի մասին, անմիջապես հետաքրքրվում ենքՙ հեղինակը հա՞յ է: Մեր ինքնագնահատականն ու առհասարակ բոլոր գնահատականները մեր երկրում են ցածր. հենց ոտքներս դուրս ենք հանում, ամեն ինչ փոխվում է:

Տարիներ առաջ մի ֆիզիկոս-կենսաբան, թղթապանակը թեւի տակ դրած, լրատվամիջոցների դռներն էր թակում, թեՙ այնպիսի գյուտ եմ արել, ըստ որիՙ միրգ-բանջարեղենն առանց սառնարանային պայմանների կարող եմ պահպանել գրեթե մեկ տարի: Որոշ լրագրողներ անդրադարձան այդ թեմային: Գյուտի հեղինակն, իհարկե, չմանրամասնեց իր աշխատանքի նրբություններն ու գաղտնիքները. հեղինակային իրավունք կոչվածն այդ ժամանակ մեզանում ընդհանրապես ընդունված չէր, բայց գյուտարարն ամեն դեպքում աշխատում էր իր հայտնագործությունը սրա-նրա ձեռքը չգցել ու ամբողջովին չբացահայտել հանրության առաջ: Հետո ֆիզիկոս-կենսաբանը մի օր զանգեց ու հայտնեց, որ արտասահման է մեկնում: Հանդիպեցինք. պատմեց, որ ամիսներ շարունակ գյուղնախարարության ու այլ գերատեսչությունների դռներն է թակել. ֆուտբոլի գնդակի պես իրար են փոխանցել գյուտարար մարդուն, վերջում էլ ծաղրել ու ճանապարհել: Մի քանի չինովնիկներ էլ առաջարկել են թղթապանակը թողնել իրենց մոտ, որպեսզի իրենք մանրամասնորեն ծանոթանան, տեսնեն գյուտն իրո՞ք գյուտ է, թե խաբեբայություն: Գյուտարարն, իհարկե, այդքան միամիտ չէր. առաջարկը քաղաքավարությամբ մերժել է ու դուռը դրսից փակել: Դրանից հետո ինչ-ինչ ճանապարհով նրան հաջողվել է գյուտը ներկայացնել արտասահմանում. արձագանքը չի ուշացելՙ ինքնաթիռի միակողմանի տոմսՙ ամբողջ ընտանիքի համար, իսկ գյուտիցՙ ցմահ տոկոսներ մինչեւ թոռներ ու ծոռներ: Ի դեպ, գյուտարարը պատմեց, որ գյուղնախարարության պետերից մեկն ասել է. «Խելքդ հացի հե՞տ ես կերել, այ մարդ: Էս երկրի սառնարանների տերերը գիտե՞սՙ քեզ ու մեզ ինչ օրը կգցեն: Գլխներիս սարքում ե՞ս, գիտե՞սՙ գյուղացիք ի՜նչ փողեր են մուծում իրենց միրգ-բանջարեղենն էդ սառնարաններում պահելու համար»:

Սա ընդամենը մեկ օրինակ է. պաշտոնական ու ոչ պաշտոնական բազմաթիվ տեղեկություններ կան մեր տասնյակ գյուտարար-հայրենակիցների մասին, որոնք իրենց սենսացիոն հայտնագործությունները կիրառում են դարձյալ դրսումՙ օգուտ բերելով թե՛ իրենց, թե՛ այն երկրին, որտեղ ապրում են իրենք:

Նորագույն տեխնոլոգիաների ոլորտում եւս մեր փոքրիկ երկիրը շոշափելի հաջողություններ ունի. միջազգային մրցույթներում մեր պատանիներն ու երիտասարդները մասնակցում ու մրցանակներ են բերում. ի դեպ, պետք է հաշվի առնել, որ նրանք բարձր տեխնոլոգիաներին տիրապետում են մեծամասամբ ինքնուրույնՙ ինքնուսուցման արդյունքում:

Անի եւ Լեւոն Ասատրյանները քույր ու եղբայր են: Անին ապագա կիբեռնետիկ է, Լեւոնըՙ մաթեմատիկոս: Դեռ մանկությունից նրանք հետաքրքրվել են ծրագրավորմամբ ու վաղ պատանեկության տարիներին հաջողությունների հասել: Անին ռոբոտիկայի լաբորատորիաներ է ստեղծում, եղբոր հետ մասնակցում DigiTec Expo- ներին, ստեղծել է ապակի մաքրող, տորթ կտրող ռոբոտներ: DigiCamp-ին ներկայացրել է «Սահմանապահ Տուռել»ՙ սահմանին զինվորներին փոխարինող ավտոմատ կամ հեռակառավարվող ռոբոտի նախագիծը, որը դուրս է մնացել մրցույթից, քանի որ այն իրականացնելու համար մեծ գումար է հարկավոր: Այս ռոբոտն Անին ստեղծել է եղբոր հետ: Քանի որ նրանց ունեցածն ընդամենը վեբ-տեսախցիկ է, չեն կարող ճշգրտել, օրինակ, թշնամու կողմից մեր սահմանին մոտեցող օբյեկտը զինված մա՞րդ է, մոլորված գյուղացի՞, թե՞ շուն կամ կատու: Իրենց ձեռքի տակ եղած պարզ սարքավորումները թույլ չեն տալիս լիարժեք աշխատել ու շոշափելի արդյունքի հասնել: Սահմանապահ ռոբոտն ընդամենը նախագիծ է: «Եթե որեւէ մեկին ուզում ես գյուտդ ներկայացնել, ասում էՙ սարքի, բեր, տեսնենք: Բայց չէ՞որ դրա համար ֆինանսական միջոցներ են պետք: Սա մեծ աշխատանք է, համակարգված մոտեցում է պահանջում: Գիտենք, որ Պաշտպանության նախարարությունը չի ֆինանսավորում նման նախագծերը: Բոլորը մեկ սկզբունքով են շարժվումՙ ցույց տվեք պատրաստի, շոշափելի, տեսանելի արդյունքը, հետո միայն կորոշենք դա մեզ պե՞տք է, թե ոչ: Սրտիցս արյուն է գնում, որ գիտենքՙ չենք կարողանալու մեր գյուտերը մեր հայրենիքում իրականացնել ու, բնականաբար, մի օր էլ հնարավորությունների լայն դաշտ փնտրելովՙ օտար երկիր ենք գնալու»,-ասում է Լեւոնը:

Նա DigiCamp մրցույթին ներկայացրել է լցնովի պաղպաղակ վաճառող իր ռոբոտին, որի անունը «Ճպըզզզ» է դրել: Գյուտի համար նրան մրցանակ են տվելՙ 100 հազար դրամ: Փաստորեն, պաղպաղակ լցնող, գնորդին հրամցնող ռոբոտի գյուտը գնահատվում է այնքան, որքան ձմռան ամիսներին երեք-չորս հոգանոց շարքային հայ ընտանիքի մեկ ամսվա կոմունալ ծախսը: Գիտե՞քՙ ամենից շատ ինչն է վրդովեցնում, որ երիտասարդ գյուտարարները ժպիտով են վերաբերվում այս զավեշտին ու մեր աննորմալ, հիվանդ իրականությանը: Նրանք համակերպվել են այն մտքի հետ, որ իրենց գյուտերը մեր երկրին պետք չեն, ու առհասարակ արհամարված են երիտասարդական ներուժը, գաղափարները, հայտնագործությունները, բարձրագույն մակարդակով արհամարված:

Լեւոնն առաջին կուրսում է, բայց արդեն աշխատում է կապի եւ հաղորդակցման ինստիտուտումՙ որպես Labview ծրագրավորող: Զարմանա՞լ, թե՞ օրինաչափ համարել, որ անգամ հայրենական պաղպաղակ արտադրողներին չի հետաքրքրել նրա գյուտը: Իսկ միջազգային կառույցների կողմից դրամաշնորհ ստանալու եւ գյուտը կյանքի կոչելու նպատակով ստացված գումարն օգտագործելու համար հարկ է, որ գյուտը ներկայացվի որեւէ կազմակերպության կողմից: Կազմակերպություն ստեղծել մեր պատանիներն ու երիտասարդները դեռ պատրաստ չեն: Դրա համար էլ գումար, թղթաբանություն, տարածք, աշխատողներ են հարկավոր: Անին, օրինակ, ինքնադրսեւորման ճանապարհն այլ կերպ է գտել. իր փորձն ու հմտությունները տարբեր լաբորատորիաներում ու դասընթացների ժամանակ հաղորդում է երեխաներին, առայժմ մանկավարժությամբ է զբաղվում:

Մեր երիտասարդները նաեւ մասնագիտական գիտելիքների, ուսումնառության պակաս են զգում: Այն, ինչ գիտեն, սովորել են ինքնուրույն, պրպտելով, փորփրելով համակարգչային ոլորտը: Քաջատեղյակ են, որ դրսում բազմաթիվ դասընթացներ են կազմակերպվում, որոնց կուզենային մասնակցել ու ավելի հմտանալ իրենց գործում: Կասկածից վեր է, որ նման գյուտարար երիտասարդների այլ երկրներում ուղղակի կփայփայեին, ներդրումներ կարվեին թե՛ պետության, թե՛ մասնավոր հատվածի կողմից, որպեսզի նրանք միջազգային առաջատար կազմակերպություններում հմտություններ ձեռք բերեին ու վերադառնային իրենց երկիրՙ նոր գիտելիքներն ու փորձառությունը կիրառելու համար:

Մեկ այլ երիտասարդ ծրագրավորողՙ Արշակ Խաչատրյանն, աշխատում է Google ընկերության ստեղծած polimer նախագծում: Նա նաեւ ծրագրավորման գիրք է գրում: Համահեղինակն է մի գյուտի, ըստ որիՙ սենսորի միջոցով կարելի է ցանկացած տարածքում ստուգել հողի խոնավությունը, ջրի ջերմաստիճանը, քամու արագությունը, օդի ջերմաստիճանը: Արշակն ինքանկամ դուրս է եկել պոլիտեխնիկ ինստիտուտիցՙ համարելով, որ իզուր ժամանակ է վատնում, միեւնույն է, այդ բուհն իրեն մասնագիտական գիտելիք չի տալիս:

Մեր գյուտարարներն աշխատում են, սովորում ինքնուրույն ու չեն թաքցնում, որ հնարավորության դեպքում ուրիշ երկիր կգնան, որտեղ իրենց գիտելիքն ու ունակությունները կգնահատեն ու կօգտագործեն:

Մեր խնդիրն է հետ կանգնեցնել նրանց. գործնակա՛ն աջակցությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ