RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2016



Տեղադրվել է` 2016-01-17 20:28:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 1208, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԼԻՈՆԵԼ ՄԵՍՍԻՆ ԵՎ... ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

ՖԻՖԱ-ի հերթական «Ոսկե գնդակ-2015» մրցանակաբաշխության հաղթող է ճանաչվել... մի՞թե պարզ չէ ով, հո Լեոնարդո դի Կապրիոն չէ՞ր ճանաչվելու, որը, ի դեպ, անգամ մի Օսկար չունի: Տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել էլի Լեոն, բայցՙ Մեսսի: Սա արգենտինացի 27-ամյա ֆուտբոլիստի թվով 5-րդ «Ոսկե գնդակ»-ն է, ավելի վաղ Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվելՙ 2009-ին, 2010-ին, 2011-ին, ապա 2012-ին եւ ահա 2015-ին:

ՖԻՖԱ-ի այս տարվա մրցանակաբաշխության արդյունքները ցույց տվեցին, որ ֆուտբոլի երկրպագուն այլ բան է, Մեսսիի երկրպագունՙ բոլորովին այլ: Օրինակ, վերջիններս իհարկե ուրախ են, ֆուտբոլասերները, սակայն, ճիշտ հակառակը: Բանն այն է, որ եթե 2009-ից ի վեր (2014-ն եւ 2015-ըՙ համարեք թյուրիմացություն) աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվում միեւնույն ֆուտբոլիստը, նշանակում է, որ նա մրցակից չունի, իսկ քանի որ նա մրցակից չունի, ուրեմն միակն է, իսկ քանի որ միակն է, ուրեմն ֆուտբոլում կա մեկ լավագույն ֆուտբոլիստ, իսկ քանի որ դա այդպես է, ուրեմն ֆուտբոլը մեռնում է, չնայած արքա Պելեն ասել է, թե ավելի շուտ կյանքը կվերանա, քան ֆուտբոլը: Ի դեպ, Պելեն 5 անգամ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ չի ճանաչվել, անգամ Պելեն, քանի որ Պելեն, չնայած արքա է, բայց մրցակիցներ ուներ: Եւ առհասարակ, Լեո Մեսսին իր հինգ «Ոսկե գնդակ»-ներով ռեկորդակիր է:

Որպեսզի իրավիճակն ավելի հասկանալի լինի պատկերացրեք, որ Մՙեսսիի ակումբըՙ կատալոնական (իրականումՙ իսպանական, կամ հակառակը) «Բարսելոնա» ակումբը ամեն տարի դառնում է Իսպանիայի չեմպիոն, Իսպանիայիՙ արքայական գավաթի հաղթող, ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող, Եվրոպայի սուպեր-գավաթի հաղթող, եւ աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, կրկնում եմՙ ամեն տարի: Սա, անշուշտ, «Բարսա»-ի երկրպագուների համար ցնծություն կլիներ, բայց ֆուտբոլասերների համարՙ տառապանք, ընդ որում ոչ թե որովհետեւ նրանք այլ թիմերի են երկրպագում, այլ որովհետեւ նրանք ֆուտբոլ են սիրում, որտեղ, ինչպես եւ ամենուր, չեն կարող լինել միշտ հաղթողներ, որովհետեւ այնտեղ որտեղ կա միշտ հաղթող, այդտեղ կյանք չկա այլեւս:

Մյուս կողմից, իհարկե Մեսսին մրցակցությունից դուրս է, Քրիշտիանու Ռոնալդո՞ւն, թերեւս, բայց ինչպես ասել է մեկ այլ լեգենդար հոլանդացի Կրոյֆըՙ «Ռոնալդուն լավ մարզումների արդյունք է, մինչդեռ Մեսսինՙ տաղանդի հետեւանք»: Հետեւաբար, բա էլ ո՞վ պետք է լավագույնը ճանաչվի, եթե ոչ ամենատաղանդավորը: Բայց խնդիրն այն է, որ արդեն 7 տարի, իսկ ֆուտբոլում 7 տարին լուրջ ժամանակահատված է ե՛ւ ֆուտբոլում, ե՛ւ քաղաքականության մեջ, ի դեպ, աշխարհում այլ ամենատաղանդավոր չի ծնվում, եւ սա խնդիր է:

Փառք Աստծո, ինչպես քաղաքականությքան մեջ, «Ոսկե գնդակ»-ի արարողության կազմակերպիչներին չեն մեղադրում ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ եւ բոլորիս համար էլ հասկանալի է, որ Մեսսին իրոք լավագույն է ճանաչվել աշխարհի ֆուտբոլային հավաքականների մարզիչների եւ ավագների, ինչպես նաեւ առաջատար ֆուտբոլային լրագրողների կողմից, հետեւաբար լավ է, որ շվեյցարական Նիոնում տեղակայված ՖԻՖԱ-ի շտաբ-բնակարանի դիմաց ֆուտբոլասերները բողոքի ակցիա չեն անումՙ դրա տարբեր դրսեւորումներով, չնայած ՖԻՖԱ-ի բարձրագույն ղեկավարությանը, հիշեցնենք, մեղադրում են կոռուպցիայի մեջ, որի դեմ պայքարի մեր պետական հանձնաժողովը ղեկավարում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Իսկ Մեսսիի եւ ՀՀԿ-ի կապի մասին տեղի սղության պատճառով չեմ գրի, միայն ասեմ, որ նման կապ չկա, կամ գրեթե չկա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2016

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ