RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 25-12-2015



ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱՄՈՒԼ

Տեղադրվել է` 2015-12-24 23:39:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 1789, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԸ ԵԿԵԼ Է

ՌԵՎԱ ԲՀԱԼԱ

Ռեվա Բհալան առաջատար մեկնաբան է գլոբալ մարտավարության բնագավառում: «Ստրատֆորի» խմբին է միացել 2004-ին: Մեկնաբանություններով հանդես է եկել մի շարք հեղինակավոր թերթերում եւ ռադիո-հեռուստատեսային հաղորդումներում («Բլումբերգ», «Ասոշիեթեդ Պրես», «Հաարեց», «Նյու Յորք Թայմս», «Ֆոքս նյուզ», «Ալ-Ջազիրա», «Սի-էն-էն» եւ այլն): Քաղաքագիտության բնագավառում բակալավրի աստիճան է ստացել Տեխասի համալսարանից, իսկ մագիստրոսի աստիճանՙ Վաշինգտոնի Ջորջթաուն համալսարանից:

Դեկտեմբերի 3-ին, երբ ՌԴ Դաշնային ժողովին հղած իր ամենամյա ուղերձի սկզբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշ կոշտ խոսքեր ուղղեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին, իր հիշողության մեջ դեռ շատ թարմ էր ռուսական ռմբակոծիչի կործանումը Թուրքիայի կողմից: Նա բարկացած տոնով ասաց. «Մենք պատրաստ էինք համագործակցելու Թուրքիայի հետ նույնիսկ ամենազգայուն թեմաների շուրջ, եւ ավելի հեռուն գնալու, քան նրա դաշնակիցները: Միայն Ալլահին է հայտնի, թե ինչու այդ բանը կատարեցին: Երեւի Ալլահը որոշեց պատժել Թուրքիայի էլիտար իշխանութուններինՙ զրկելով նրանց առողջ դատողությունից»:

Որոշ աշխարհաքաղաքական ճշմարտություն կա Թուրքիայի հանդեպ Պուտինի զգացած հուսախաբության եւ վրդովմունքի մեջ: Ռուսաստանը քաջ գիտակցում է Թուրքիային որպես բարեկամ երկրի պահելու կարեւորությունը, երբ Արեւմուտքի հետ խնդիրներ ունի: Թուրքիայի ձեռքում են գտնվում Դարդանելի եւ Բոսֆորի բանալիները: Այդ նեղուցները միակ ճանպարհներն են, որոնցով ռուսական առեւտրական եւ ռազմական նավերը Սեւծովյան նավահանգիստներից կարող են հասնել Միջերկրական ծով:

Միացյալ Նահանգների հետ գործակցելու Պուտինի հաշվարկները տխուր շրջադարձ ունեցան, երբ պարզվեց, որ Մոսկվան այլեւս չի կարող ամբողջովին վստահել Թուրքիայի չեզոքությանը:

Հետաքրքրասիրություն նեղուցների նկատմամբ

1946-ին էր, համաշխարհային Երկրորդ պատերազմի ավարտին, որ Մոսկվան հատուկ ուշադրություն դարձրեց նեղուցներին:

Առաջին համաշխարհայինից հետո կայսրությունը կորցրած եւ տնտեսապես քայքայված Թուրքիան պայքարում էր կայանալու որպես պետություն, որպեսզի կարողանար դիմակայել գլոբալ հակամարտության երկրորդ փուլը: Մի տասնամյակ առաջ, երբ Հիտլերի զորքերը նվաճել եւ ապառազմականացրել էին Արեւմտյան Գերմանիայի Հռենոսյան տարածքները, եւ Մուսոլինին Անատոլիան գրավելու բացահայտ ցանկություններ էր արտահայտում, Թուրքիան պահանջեց վերանայել նեղուցների կառավարման քաղաքականությունըՙ ցանկանալով դրանք դնել ամբողջովին Թուրքիայի վերահսկողության ներքո:

Արդյունքում 1936-ին գումարվեց Մոնտրյոյի կոնֆերանսը, որի հիման վրա Թուրքիան իրավունք ստացավ վերառազմականացնել եւ տնօրինել նեղուցների գոտին, ապահովել առեւտրական նավերի ազատ ելումուտը խաղաղ պայմաններում եւ սահմանափակել ոչ-սեւծովյան երկրների ռազմանավերի ելումուտը ինչպես չափսով, քանակով, այնպես էլ կարգով եւ տոննաժով: Վերջիններս իրավունք ունեն Սեւ ծովում մնալու ամենաշատը 21 օր: Պատերազմի ժամանակ, Թուրքիան կարող է լրիվ արգելել պատերազմող կողմերի նավերին անցնել նեղուցներով:

Ռուսները միշտ էլ ամբողջովին չեն վստահել Թուրքիայի չեզոքությանը, իմանալով, որ հարկ եղած դեպքում Թուրքիան թեքվելու է դեպի Արեւմուտք: 1946-ին որոշ սպառնալիքների (արեւելյան Թուրքիայի տարածքների պահանջ, քուրդ անջատողականների աջակցում եւ այլն) ներքո սովետները փորձեցին ստուգել Թուրքիայի հավատարմությունը, պահանջելով Դարդանելում բազա հիմնելու իրավունք ստանալ: Թուրքիան անմիջապես հայացքը ուղղեց Մ. Նահանգներին: Այդ ժամանակ Թուրքիայում ամերիկյան դեսպան Էդուին Վիլսոնը պետքարտուղար Ջեյմս Բըռնսին բացատրեց, որ սովետների «իսկական նպատակը ոչ թե նեղուցների կարգավիճակի վերանայումն է, այլ Թուրքիային գործնականորեն տիրանալու ցանկությունը, Բալթիկ ծովից մինչեւ Սեւ ծով ընկած Սովետական Միության անվտանգության երկար գոտու մեջ Թուրքիան միակ պակասող օղակն է: Ուստի սովետների նպատակն է տապալել ներկայի թուրքական կառավարությունը եւ փոխարենը «բարեկամ» վարչակազմ բերել երկրի ղեկին, որով վերջ կդրվեր արեւմտյան ազդեցությանը այդ երկրին»:

Միացյալ Նահանգներն անմիջապես Թուրքիային առավ իր հովանու տակ: 1946-ի ապրիլի 6-ին «Միսուրի» ռազմանավը հասավ Ստամբուլ Ամերիկայում մահացած թուրք դեսպանի աճյունը փոխադրելու պատրվակով: Ընդունելությունը Թուրքիայում գերազանց էր: Դեսպան Վիլսոնի բնութագրմամբ «աննշան թվացող իրադարձության նշանակությունը իրականում շատ ավելին էր, քան ներկայացվող թատրոնը»: Թուրքիայի անվտանգության այդ երաշխավորումը նախերգանքն էր հետագայում առնված այլ քայլերի: 1947-ի փետրվարին նախագահ Հարրի Թրումենը Կոնգրեսից պահանջեց ֆինանսական օգնություն ցուցաբերել Թուրքիային եւ Հունաստանին, որպեսզի «ժողովուրդներն իրենց կամքով որոշեն իրենց ապագան»: Դա «Թրումենի դոկտրինան» էր, որը Թուրքիային վերջնականապես կապեց Մ. Նահանգներին:

Հին թշնամանքի վերազարթնումը

Թուրք-ռուսական հակամարտությունը այժմ դարձյալ գլուխ է բարձրացրել, ոչ թե կողմերի ցանկությամբ, այլ աշխարհաքաղաքական իրադարձությունների պարտադրանքով: Պուտինն ու Էրդողանը ժառանգորդներն են երկու պատմական կայսրությունների, որոնք մի քանի պատերազմներ են մղել միմյանց դեմ 17-րդ դարից մինչեւ 19-րդ դար: (Իրականում նրանք միմյանց հետ պատերազմել են 12 անգամ: Ծ.Խ.): Վերակենդանացող երկրները պիտի դարձյալ առճակատվեին: Առաջին ազդանշանը հնչեց 2008-ի օգոստոսին, երբ Ռուսաստանը ներխուժեց Վրաստան հակադարձելու համար արեւմտյան ոտնձգություններին: Ռուսաստանն այդ ժամանակ գոհ չէր, որ Թուրքիան թույլ էր տալիս ամերիկյան ռազմանավերին Սեւ ծովի միջոցով օժանդակություն ցուցաբերել Վրաստանին: Նա իր դժգոհանքն արտահայտեց կանգնեցնելով ռուսական սահմանում թուրքական բեռնատար ավտոմեքենաների անցումը: Բայց երկու կողմերն էլ ամեն ջանք գործադրեցին, որ խնդիրն ավելի չբարդանա:

Հաջորդը 2014-ին Ղրիմի ներխուժումն էր: Մոտ 300 հազար թրքախոս թաթարներ են ապրում Ղրիմում: Նրանց պաշտպանությունը Թուրքիայի համար ավելին էր, քան լոկ հայրենակիցներին թիկունք կանգնելը: Թուրքիան հասկացավ, որ Սեւ ծովում հավասարակշռությունը թեքվում է, եւ Մոսկվան այլեւս պարտավոր չէ վարձակալական պայմանագրեր կնքել Կիեւի «սնդիկային» կառավարության հետ Սեւաստոպոլում տեղակայված իր սեւծովյան նավատորմի տեղաշարժման համար, նավատորմ, որն այնտեղ է Թուրքիայի ռազմածովային ուժին հակադարձելու նպատակով:

Երրորդ ազդանշանը, կարմիր գիծը, 2015-ին Ռուսաստանի Սիրիա մուտք գործելն էր: Ալավիների կառավարության պաշտպանությունը հակասում է Թուրքիայի էքսպանսիոնիստական նպատակներին: Վերջինս ձգտում է հսկողության տակ պահել քուրդ անջատողականներին եւ Ասադի կառավարությունը փոխարինել իրեն հնազանդ սուննի վարչակազմով:

Սիրիան նույն նշանակությունն ունի Ռուսաստանի համար, ինչ Ուկրաինանՙ Թուրքիայի: Բայց մի շարք գործոններ ստիպում են, որ Ռուսաստանի ռազմական ուժերը վտանգավորության աստիճանի «դիպչեն» Թուրքիայի հիմնական շահերին: Նախ Իսլամական Պետությունը (ԻՊ) իսկական սպառնալիք է Ռուսաստանին, եւ Մոսկվան օրինական շահագրգռվածություն ունի հարվածելու այդ սպառնալիքին իր իսկ բնում: Միաժամանակ Մոսկվայի հարաբերությունները Սիրիայում հիմնականում կենտրոնացած են ալավիների շրջանակներում: Նրանց իր կողքին պահելով է, որ Մոսկվան կարողանում է բանակցել Մ. Նահանգների հետ, ապահովել Իրանի աջակցությունը եւ պայքարել ԻՊ-ի նման սպառնալիքների դեմ: Ինչքան բազմամարդ դառնա մարտադաշտը, այնքան կմեծանա Թուրքիա-Ռուսաստան բախման հնարավորությունը:

Սիրիայում իր զորքերին մատակարարելու համար Ռուսաստանը օգտվում է այսպես կոչված «Syrian Express-ի» ծառայություններից, որը Սեւաստոպոլից Տարտուս սիրիական նավահանգիստ է փոխադրում ռազմական հանդերձանքը: Որպես նեղուցների տնօրինողը, Թուրքիան կարող է տեսականորեն բարդացնել այդ փոխադրումը: Խաղաղ ժամանակ Թուրքիան, հիմնվելով Մոնտրյոյի կոնֆերանսի դրույթների վրա, կարող է թույլ տալ ռուսներին ազատ ելումուտ ունենալ նեղուցներով, հավելյալ ստուգումներ անցկացնելու իրավունքով: Մոսկվայի մտահոգությունը այդ պայմանագրի 20-րդ հոդվածն է, որտեղ նշված է, որ պատերազմների ժամանակ Թուրքիան իրավունք ունի թույլատրել կամ արգելել ռազմանավերի անցումը նեղուցներով:

Թուրքիայի երկսայր թուրը

Նեղուցները ուժեղ գործիքներ են, որոնց Թուրքիան կարող է օգտագործել Մոսկվայի դեմ, բայց Անկարան այդքան հեշտությամբ չի կարող լքել Ռուսաստանին: Թուրքիան ոչ միայն ռուսական բնական գազի երկրորդ ամենամեծ գնորդն է, այլեւ ռուսական նավթի, մետաղների կարեւոր ներմուծողը եւ ռուսական ցորենի ու արեւածաղկի յուղի մեծագույն գնորդը: Վիճահարույց հարաբերությունները Ռուսաստանի հետ հսկայական տնտեսական վնաս կարող են պատճառել Թուրքիային: Ամենակարեւորը, անշուշտ, էներգիայի բնագավառն է: Եթե նավթը, ածուխը կամ ցորենը Թուրքիան այլ աղբյուրներից կարող է ձեռք բերել, ապա բնական գազը, որ անհրաժեշտություն է տնային տնտեսություններում եւ արդունաբերության բնագավառում, Թուրքիան կարող է ստանալ Ռուսաստանից միայն: Ռուսաստանը ապահովում է Թուրքիայի բնական գազի սպառման մոտ 55 տոկոսը (կամ տարեկան 50 միլիարդ խորանարդ մետրի պահանջի մոտ 27 միլիարդ խմ-ն): Մատակարարումը կատարվում է երկու խողովակաշարերով, որոնցից յուրաքանչյուրը 16 մխմ բնական գազ է ապահովում: Մեկը «Կապույտ հոսքի» խողովակաշարն է, որը Ռուսաստանից ուղիղ Թուրքիա է ձգվում Սեւ ծովի ճանապարհով եւ մյուսըՙ «Գազ-ուեստ» խողովակաշարը, որն անցնում է Ուկրաինայով, Ռումինիայով եւ Բուլղարիայով նախքան Թուրքիա հասնելը: Թուրքիան չի կարող նեղուցները փակել ռուսական նավերի առաջ, ոչ էլ Ռուսաստանը կարող է բնական գազի մատակարարումը դեպի Թուրքիա դադարեցնել: Բայց Թուրքիան իր էներգիայի պաշարների ձեռքբերման մասին ավելի լուրջ պետք է մտածի: Հարցն այն է, որ շուտափույթ լուծում Թուրքիան չի կարող գտնել, քանի որ հեղուկ բնական գազի ընդամենը երկու ներմուծող կենտրոններ ունի, մեկը «Մարմարա Էրեգլիշին» է (8.2 մխմ տարեկան տարողությամբ), մյուսըՙ «Ալիագան» (5 մխմ տարեկան տարողությամբ): Ներմուծման եւ պահպանման նման սահմանափակ տարողության պայմաններում Թուրքիան շատ անելիքներ ունի:

Անկարայի մյուս մատակարարողները ունեն իրենց բարդությունները: Թուրքիան բնական գազի իր պահանջի մոտ 20 տոկոսը ներմուծում է Իրանից: Ծավալը կարող է ավելանալ, եթե պատժամիջոցների վերացումից հետո Իրանը ձեռնամուխ լինի վերանորոգելու էներգիայի արդյունաբերության բնագավառը: Բայց դա զգալի ժամանակ կպահանջի: Բացի այդ Իրանի հետ էներգիայի բնագավառում հարաբերությունների մեծացումը ռիսկային է, որովհետեւ Իրանը աշխարհաքաղաքական տեսակետից նույնքան հզոր մրցակից է, որքան Ռուսաստանը, եւ ինչքան Մերձավոր Արեւելքում Թուրքիան փորձի վճռական լինել, այնքան ավելի սրվելու են իր հարաբերությունները Իրանի հետ:

Իրան-Թուրքիա մրցակցությունը առավել բարդացնում է Թուրքիայի ձգտումները իրաքյան Քուրդիստանի նկատմամբ, որտեղ Էրդողանը գործարարական սերտ հարաբերություններ է հաստատել Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ:

Թուրքիան վերջինիս օգնել է կառուցելու նավթի արտահանման իր անկախ խողովակաշարըՙ ի հաշիվ Բաղդադում Իրանի դաշնակիցների, եւ այժմ պատրաստվում է նույնը անել նաեւ բնական գազի բնագավառում, որպեսզի դրանով ապահովի թուրքական շուկայի պահանջները: Բայց Քուրդիստանի բանվորական կուսակցության հետ Թուրքիայի խաղաղության բանակցությունների ձախողումը լուրջ խնդիրներ է առաջացնելու: Բարզանին եւ նրա դաշնակիցները գործարար կապեր են հաստատել նաեւ Թուրքիայի թշնամիների հետ: Թուրքիան մեծացնում է իր ռազմական ներկայությունը քրդական տարածքներում, իսկ դա հնարավորություն է տալիս Ռուսաստանին եւ Իրանին օգտվելու քրդական շրջանակներում առկա տարաձայնություններից եւ գործել ընդդեմ Թուրքիայի:

Բացի իրաքյան Քուրդիստանից, Թուրքիան նաեւ փորձում է ձեռքը մեկնել դեպի արեւելյան Միջերկրականի էներգիայի աղբյուրները: Իսրայելն ու Կիպրոսը իրենց բնական գազի օֆշորային ծրագրերը չեն կարողանում իրագործել արտահանման հետ կապված խոչընդոտների պատճառով: Եգիպտոսն էլ նոր է հանդես գալիս որպես բնական գազի մատակարարման կենտրոն: Վեճերի շարունակման պայմաններում Թուրքիան հարկադրված է լինելու բանակցություններ վարել Կիպրոսի վերամիավորման վերաբերյալ, որպեսզի գլխավոր խոչընդոտներից գոնե մեկը կարողանա չեզոքացնել:

Թուրքիայի համար աշխարհաքաղաքական տեսակետից ամենահամատեղելի էներգիայի աղբյուրը անշուշտ Ադրբեջանն է, որ պատրատվում է 6 միլիարդ խմ բնական գազ մատակարարել Թուրքիային 2019-ից սկսած, «Անդր-անատոլիական» խողովակաշարի միջոցով: Դա որոշ չափով (12 տոկոսով) մեղմելու է նրա կախվածությունը Ռուսաստանից, բայց Թուրքիան այլ աղբյուրներ եւս պետք է գտնի:

Կովկասը նույնպես թուրք-ռուսական մրցակցության դաշտ է: Մոսկվան տքնաջանորեն աշխատում է Բաքվին իր կողմը հրապուրելՙ խուսանավելով ղարաբաղյան հարցի շուրջ եւ հնարավոր ամեն միջոց գործադրելու է Թուրքմենստանի հետ էներգակապ հաստատելու թուրք-ադրբեջանական ծրագիրը խոչընդոտելու համար:

Թուրքիայի զարթնումը

Չորս տարի առաջ Ստրատֆորը Ստամբուլում թուրքական արդյունաբերության եւ գործարար շրջանակների ասոցիացիայի հետ փորձեց պատկերացում տալ 2040 թվականի էներգիայի աշխարհի եւ նրանում Թուրքիայի տեղի մասին: Մենք այդ ժամանակ տեսանք, թե ինչպես դժկամ Թուրքիան հարկադրված էր լինելու հակամարտությունների մեջ ներգրավվելու Մերձավոր Արեւելքի երկրների եւ Ռուսաստանի հետ, ստեղծելով անհրաժեշտությունը Թուրքիայի համար ամբողջովին ձերբազատվելու Ռուսաստանի կախվածությունից: Այդ օրերին դեռ արտգործնախարար Դավութօղլուն (այժմ վարչապետ) հավաքի վերջում արտասանած իր ելույթում ասաց, որ Թուրքիան չի պատրաստվում նոր «էքսպանսիոնիստական քաղաքականություն վարել» եւ էներգիայի խնդիրները լուծելու է կայուն հարաբերություններ ունենալով իր հարեւանների հետ:

Այդ ժամանակ «հարեւանների հետ զրոյական խնդիրներ» կարգախոսը դեռ մշուշոտում էր թուրք էլիտար քաղաքական գործիչների տեսլականը: Պարզվեց, որ այդ քաղաքականությունը հեռանկարային չի կարող լինել: Բայց երկիրը նոր էր զարթնում տասնամյակների աշխարհաքաղաքական թմբիրից եւ ակնկալվում էր, որ տարածաշրջանային խնդիրներ չպետք է ստեղծեր: Բայց բոլոր ազդանշանները արդեն կային. Ռուսաստանը սկսել էր իր ագրեսիվ քայլերը կատարել իր անմիջական շրջապատում, Եվրոմիությունը սկսել էր քանդվել եւ քաղաքացիական պատերազմն էլ ծայր էր առել Սիրիայում:

Չորս տարի անց, Թուրքիան վայր է գցել էներգիայի իր գլխավոր մատակարարողի ռմբակոծիչը, եւ պատրաստվում է ռազմական միջամտության Մերձավոր Արեւելքում: Պուտինը պետք է կարողանա որոշել, թե ինչպես վարվել Թուրքիայի հետ, որն ավելի շատ ցանկանում է համագործակցել Մ. Նահանգների եւ նրա կենտրոնական եւ արեւելյան Եվրոպայի գործընկերների հետՙ որպեսզի հակակշռի Մոսկվայի ագրեսիաները:

Անկարան որոշ ժամանակ ճնշված է եղել, բայց չի կարելի ժխտել, որ Թուրքիայի ժամանակը եկել է:

Geopolitical Weekly, Stratfor G.I., Թարգմ. Հ.Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 25-12-2015

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ