RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 30-10-2015



Տեղադրվել է` 2015-10-29 23:29:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 2009, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՀԵՏԱԴԱՐՁ ՏՈՄՍՙ ԴԵՊԻ ԻՍՊԱՆԻԱ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հայաստանում օրեցօր արտագաղթողների թիվն աճում է սոցիալական ծանր վիճակի պատճառով: Ավելին, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տվյալների, Հայաստան ժամանած եւ մեկնած անձնաց թիվը դեռեւս 2014թ. կազմել է 1,078,200 (ժամանումներ) եւ 1,164,067 (մեկնումներ): Մեծամասամբ Հայաստանից մեկնում են ՌԴ (73,1%), ապա ԱՄՆ (7,9), երրորդ հորիզոնականում Ուկրաինան է (4,4), ապա եվրոպական այլ երկրներ:

Եվ ահա մեր հերոսըՙ 24-ամյա Աննա Արմենակյանի հայրը եւս 1998 թվականին ընտանիքի կարիքները հոգալու նպատակով բռնեց օտարության ճանապարհը եւ մեկնեց Իսպանիա, իսկ տարիներ անց իր շուրջը հավաքեց նաեւ ընտանիքի մյուս անդամներինՙ կնոջը եւ երեք աղջիկներին:

12-ամյա Աննան հայտնվելով Իսպանիայումՙ իր համար մի նոր աշխարհ բացահայտեց. «Իսպանիա մեկնելուն պես, երկրորդ օրն առանց լեզու իմանալու ինձ տարան դպրոց. ուրիշ միջավայր, բարքեր, շատ դժվար էր ինձ համար: Խորթ էր, երբ դպրոցական տարիքում աղջիկները ծխում էին, իսկ ես իմ երկրում այլ բան եմ տեսել, այլ ավանդույթներ ու սովորույթներ: Չնայած այնտեղի պայմաններն անհամեմատ ավելի լավ էին, արդեն նոր ընկերներ էի ձեռք բերել, ընդունվել համալսարան, սակայն միշտ կարոտում էի Հայաստանը, իմ երկիրը, հարզատներիս ու միշտ ցանկանում էի վերադառնալ»:

Եվ արդյունքում սերն առ հայրենիք 10 տարի անց Աննային վերադարձրեց հայրական տուն, հարազատ փողոց, միջավայր:

Աննայի ծնողները չէին ցանկանում, որ վերադառնա Հայաստան, սակայն իրենցից գաղտնի գնել էր տոմսն ու հունվարի 13-ին վերարձել Հայաստան. «19 տարեկան էի եւ առաջինն, ինչ արեցի, գնացի Հանրապետության հրապարակում տեղի ունեցող համերգին, ապաՙ տուն: Շուրջ 10 տարի այնտեղ մարդ չէր ապրել, պատերն արդեն խարխուլ էին, խոնավացած, ճաքճքված, պատուհանների արանքից քամին խաղում էր վարագույրների հետ, սակայն դա իմ տունն էր իմ երկրում, չեմ չափազանցում, ինձ համար ուղղակի դրախտ էր»:

Ընդունվելով Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ, առաջին օրը գնալով համալսարանՙ սպորտային կոշիկներով, պայուսակով, լայն տաբատով, մազերը երկու կողմից հյուսած եւ տեսնում է բոլորը երեկոյան շպարով, բարձրակրունկ կոշիկներով, շորիկներով, իսկ ինքը «Իսպանիայում այլ է, այնտեղ երբեք չես տեսնի նման հագուկապով ուսանողների, եւ բոլորն ինձ այստեղ զարմացած էին նայում»:

Համալսարանն ավարտելուն պես ընտանիք կազմելով Աննան ընտրյալի հետ սկսում է փոքր ձեռնարկատիրական աշխատանքով զբաղվել, աքսեսուարների խանութ է բացում, մինչդեռ նոր ստեղծված ընտանիքին անհրաժեշտ էր բնակարան, սակայն. « Ցանկանում էինքՙ որպես նորաստեղծ ընտանիք տուն գնել, սակայն մեզ պատասխանում էին, որ զույգերից մեկը պետք է գրանցված աշխատող լինի, կամ բիզնեսի եկամուտը բարձր լինի, որպեսզի վարկ տրամադրեն: Մեր բիզնեսի եկամուտը չի բավականացնում, որպեսզի վարկ տրամադրեն, իսկ բոլոր այն աշխատավայրերը, որտեղ աշխատել եմ, չեն գրանցել»:

Աննան դժգոհ է նաեւ հարկերիցՙ նշելով. «Հարկային դաշտը փոքր եւ միջին ձեռներեցներին շատ դժվարությունների առջեւ է կանգնեցնում ոչ միայն հարկերի առումով, այլեւՙ տուգանքների: Չդիմանալով առկա նմանատիպ խնդիրներին, ցավոք, ես ու ամուսինս այժմ պլանավորում ենք լքել հայրենիքը եւ վերադառնալ Իսպանիա»:

Առկա մյուս խնդիրներից է այն, որ նորաստեղծ ընտանիքները հնարավորություններ չունեն երեխաներ ունենալու. «Արդեն մեկ տարի է, ինչ ամուսնացած ենք, սակայն չենք պլանավորում երեխա ունենալ, քանի որ հնարավորություն եւ միջոցներ չկան»:

Աշխատանքի առումով մեկ այլ խնդիր եւս կա, երբ գործատուն իմանում է ամուսնացած եմ, բայց դեռ երեխա չունեմ, չի ցանկանում ինձ աշխատանքի ընդունելՙ ասելով. «Բա որ դեկրետ գնաս, մե՛նք պետք է մուծենք քո գումարը»:

Այժմ Աննան նախընտրում է գնալ Իսպանիայում տուն մաքրել, տարեց մարդկանց խնամքով զբաղվել, բայց գոնե ապրել համեմատաբար նորմալ պայմաններում. «Իսպանիայում ինչպես հագուստը, այպես էլ սնունդը էժան է, կոմունալ վճարներըՙ ցածր: Ավելին, այնտեղ որպես նորաստեղծ ընտանիք, որի անդամների տարիքը չի գերազանցում 30-ը, վարկերը տրվում են մատչել տոկոսներով, իսկ Հայաստանում կրկնակի ավել են տոկոսադրույքները: Ստիպված ենք, բայց պետք է հեռանանք»:

Իսկ ահա միգրացիոն փորձագետ Վահագն Առաքելյանը «Ազգի» հետ զրույցում հակադարձում էՙ նշելով. «Լինի միգրանտ, թե ՀՀ քաղաքացի, եթե ունի նորմալ հմտություններ եւ գիտելիքներ, Հայաստանում աշխատանք կգտնի: Այս դեպքում, ուղղակի մարդն ապրելով այլ երկրում, տեսել է այդ երկրի գրավչությունները։ Չենք կարող Հայաստանը Իսպանիայի հետ համեմատել տարբեր տեսանկյուններից»: Համեմատական անցկացնելովՙ ինչպիսի իրավիճակ է տիրում Իջեւանում, արդյոք աշխատաշուկան բավարար է մարդկանց համար, որպեսզի գոնե գոյատեւեն եւ չլքեն Հայաստանը, Վ.Առաքելյանը նշեց. «Այժմ 49 միգրանտի համար կազմակերպվել է վերապատրաստման դասընթաց 9 մասնագիտություններովՙ զոդող, շինարար, ավտովերանորոգող, էլեկտրիկ, խոհարար, վարսահարդար, հրուշակագործ, ֆուրշետներ պատրաստող, հաշվապահական հաշվառում»:

Վ. Առաքելյանը նշում է, որ երբ միգրացիայի թեմայով վերլուծություններ էր կատարում, պարզվեց, որ բավականին մեծ թիվ են կազմում այնպիսի մարդիկ, որոնք գոյատեւելու խնդիր չունեն. «Ավելին, Իջեւանում ունեինք կայացած բիզնեսմեն, որն ամսական առնվազն 5000 ԱՄՆ դոլար եկամուտ ուներ, բայց հեռացավ Հայաստանից. դա ի՞նչ է նշանակում»:

Առաքելյանը նշում է, որ այսօր մարդիկ իրենց կարողություններին համապատասխան աշխատանք չեն ցանկանում կատարել, բոլորը պաշտոնների են ձգտում. «Գնալով արտերկիրՙ պատրաստ են ամեն ինչ անել, բայց Հայաստանումՙ ոչ»:

Փորձագետը եւս մի օրինակ բերեց. « Եթե այսօր Տավուշի մարզում, սահմանամերձ գյուղերում մարդիկ ապրում ենՙ վախենալով իրենց երեխային գնդակը կկպնի, թե՞ ոչ, եւ մնում են հայրենիքում, ապա ինչի՞ մասին է խոսքը: Թող մեկ օր գնան այնտեղ ապրեն, հետո ասենՙ լավ են ապրում, թե՞ ոչ», եւ ավելացրեց. «Հնարավոր է պետականամետ եմ, բայց պետք է երկիրդ սիրես, մի քիչ վատ ապրիր, բայց քո՛ երկրում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 30-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ