RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#014, 2015-04-17 > #015, 2015-04-24 > #016, 2015-05-01 > #017, 2015-05-08 > #018, 2015-05-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 01-05-2015



Տեղադրվել է` 2015-05-06 23:36:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1503, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԱՆՆԱԽԱԴԵՊ ԵՐԹ ՈՒ ՑՈՒՅՑ ՊՐԱՀԱՅՈՒՄ, ՀԻՇԱՏԱԿԻ ՁԵՌՆԱՐԿՙ ՍՈՒՐԲ ՎԻՏԻ ՏԱՃԱՐՈՒՄ

Հակոբ Ասատրյան, Լուսանկարըՙ հեղինակի, ՕՐԵՐ ամսագիր, Պրահա

ՊՐԱՀԱ - Չեխահայությունը բացառիկ կազմակերպվածությամբ նշեց ապրիլի 24-ը։ Հազարավոր հայեր Չեխիայի տարբեր շրջաններից եկել էին մայրաքաղաքՙ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին։ Առավոտյան հայկական խաչքարի եւ Ֆրանց Վերֆելի տան մոտ ծաղիկների զետեղումից հետո, կեսօրից հետո Սուրբ Յիլիի եկեղեցում սկսվեց հոգեհանգստյան պատարագը, որ մատուցեց Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Իր քարոզում դիմելով ներկա չեխահայությանը, նա կոչ արեց միասնաբար ոգեկոչել մեր զոհերին, որոնք ապրիլի 23-ից այլեւս դասվել են սրբերի շարքը։ Կարճատեւ ելույթներով հանդես եկան նաեւ Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը եւ Ուրարտու հայ-չեխական կազմակերպության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը։ Վերջինս ապրիլի 22-ին քննարկում-սեմինար էր կազմակերպել նաեւ Յիհլավա քաղաքումՙ չեխ հայագետների մասնակցությամբ։

Այնուհետեւ 4000-ից ավելի հայեր եւ օտարերկրացիներ աննախադեպ կազմակերպվածությամբ եւ Ապրիլ 24 կոմիտեի ղեկավարությամբ եկեղեցու մոտիցՙ Հուսովա փողոցից շարժվեցին դեպի նախագահական նստավայրՙ Պրահայի ամրոց։ Հազարավոր հայորդիներ տանում էին ,,Հիշում եմ եւ պահանջում եմ,, պաստառներ, Թուրքիայինՙ ցեղասպանությունը ճանաչելու կոչեր, ինչպես նաեւ 2000-ից ավելի փուչիկներ, որոնց վրա դրոշմված էին 1915-2015 թվերը եւ Հայաստանի դրոշը, անգլերենով ,, Մենք հիշում ենք,, բառերը։ Իսկ «Մենք հիշում ենք եւ պահանջում ենք» կոչը, որ հայ երիտասարդները չեխերենով եւ անգլերենով վանկարկում էին ողջ երթի ընթացքում, բաժանում թռուցիկներՙ հայոց ցեղասպանության մասին պատմող համառոտ տեղեկատվությամբ, պրահայաբնակներին եւ զբոսաշրջիկներին բացատրում Ապրիլի 24-ի խորհուրդը եւ հայ ժողովրդի պահանջը, ավելի ազդեցիկ էին դարձնում երթ-արշավը։ Հասնելով Կարլի կամուրջ, որը մի պահ ամբողջությամբ ծածկվել էր հայկական դրոշներով ու փուչիկներով, հայ երիտասարդները բացեցին 20 մետրանոց եռագույնը, որը ծածանելով տարան եւ կամուրջի մեջտեղում բաց թողեցին 1000-ից ավելի փուչիկներ։ Պրահայի երկինքը ծածկվեց ոչ միայն Հայոց ցեղասպանությունը ազդարարող կարմիրով, այլեւ հայ երիտասարդների հայերնասիրական խրոխտ երգերի ելեւէջներով։ Հասնելով Մալոստրանսկա հրապարակ, ցուցարարները կրկին ընթերցեցին Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվություն, իսկ Ապրիլ 24-ի կոմիտեի անդամներ «Ուրարտու» ընկերության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը եւ «Օրեր» եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը չեխահայ համայնքի եւ երթի անունից պահանջագիր-նամակներ հանձնեցին Չեխիայի սենատին եւ խորհրդարանի պատգամավորների պալատինՙ պահանջելով օրենսդիր մարմնից նույնպես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մեջբերելով ոչ միայն այլ երկրների կողմից ճանաչումները, այլեւ չեխ հումանիստ ու գրող Կարել Հանսայի խոսքերը հայերի զանգվածային ջարդերի մասին։

Հասնելով Պրահայի ամրոց, հայ երիտասարդները կրկին բացեցին հայկական եռագույնը, ընթերցեցին չեխահայության պահանջները եւ հույս հայտնեցին, որ մոտ ապագայում Չեխիան նույնպես կմիանա ցեղասպանությունը ճանաչած քաղաքակիրթ երկրների թվին։

Ցույցի ավարտին կրկին հնչեցին հայրենասիրական երգեր, եւ բաց թողնվեցին հազարավոր փուչիկներ։

Երեկոյան ժամը 19.05-ին Սուրբ Վիտի տաճարում սկսվեց հուշ ձեռնարկը, որը վարում էր հայտնի մոդերատոր Ալեքսանդր Հեմալան, սկսվեց Հայոց ցեղասպանության մասին հակիրճ տեղեկատվությամբ։ Այնուհետեւ բեմ բարձրացան Պրահայի համալսարանի երգչախումբն ու նվագախումբըՙ դիրիժոր Հայկ Ութիջյանի գլխավորությամբՙ կատարելով ամերիկահայ հայտնի կոմպոզիտոր Ալան Հովհաննեսիՙ «Մագնիֆիկատ եւ Ֆրա Անգելիկո» գործերը։ Լեփ լեցուն դահլիճը հոտընկայս եւ բուռն ծափահարություններով դիմավորեց կատարումը, որին հետեւեց «Զեյթունցիների քայլերգ»ը։

Վատիկանից այդ պահին Չեխիա վերադարձած Չեխիայի կաթոլիկների առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան միացավ ներկա այլ քրիստոնյա եկեղեցիների ներկայացուցիչների, եւ Հայր Բարսեղի առաջնորդությամբ կատարեցին էկումենիկ արարողությունՙ նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին։

Այնուհետեւ մեծ էկրանին ցուցադրվեց ,,Արմենիա ակումբ,, ընկերության նախագահ Տիգրան Աբրահամյանի չեխերենով պատրաստած Արազ Արթինյանի Հայոց ցեղասպանության 20 վերապրողների վկայությունների մասին ֆիլմի ցուցադրումը։ Սարսափելի պատմություններն ու վկայությունները հուզեցին ներկաներին։

Ներկաներին դիմեցին եւ հայ ժողովրդին իրենց ցավակցությունները հայտնեցին կարդինալ Դոմինիկ Դուկան, Չեխիայի նախագահի խոսքը փոխանցեց աշխատակազմի ներկայացուցիչ Յինդրիխ Ֆորեյթը, պատգամավորների պալատի փոխխոսնակ Յան Բարտոշեկը։ Հայր Բարսեղն իր խոսքում նշեց, որ հայ ժողովրդի նկատմամբ իրագործված ցեղասպանությունն այլ անուն չունի եւ պետք է մեկընդմիշտ ասել միայն ճշմարտությունը, քանի որ հակառակ դեպքում չարը կհաղթի բարուն։

Երեկոն շնորհակալանքի խոսքով փակեց Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի հանրապետության դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով բարձր գնահատեց այն չեխ քաղաքական ու հասարակական գործիչներին, ովքեր համարձակորեն ընդունում են Հայոց ցեղասպանությունը եւ բարձրաձայնում այդ մասին, չմոռանալով նաեւ դեռ 2014-ին Չեխիայի նախագահ Զեմանի արտահայտությունը Հայոց ցեղասպանության մասին։

Արարողության ընթացքում Սուրբ Վիտում 100 անգամ հնչեցին տաճարի զանգերը։

Հայոց ցեղասպանությանը նվիրված ձեռնարկները լուսաբանեցին չեխական հեռուստատեսությունն ու ռադիոն, ազդեցիկ թերթերն ու ամսագրերը, համացանցային կայքէջերը։ Հայ համայնքի ներկայացուցիչները եւ Հայաստանի դեսպանը բազմաթիվ հարցազրույցներ տվեցին չեխական զանգվածային լրատվության միջոցներին։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 01-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ