RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2015-02-13 > #006, 2015-02-20 > #007, 2015-02-27 > #008, 2015-03-06 > #009, 2015-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 27-02-2015



ՇՓՈԹՎԱԾ ԵՎՐՈՊԱ

Տեղադրվել է` 2015-02-27 00:27:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1664, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՈՒԺՆ ՈՒ ՏԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՋՈՐՋ ՖՐԻԴՄԱՆ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ընկերակցությամբ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպում ունեցավ փետրվարի 6-ին: Այնուհետեւ, փետրվարի 9-ին նա մեկնեց Մ. Նահանգներ հանդիպելու Բարաք Օբամայի հետ: Քննարկումների գլխավոր թեման Ուկրաինան էր, բայց Օբամայի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում շոշափված առաջին հարցը վերաբերում էր Հունաստանին:

Հունաստանն ու Ուկրաինան, ամերիկյան տեսակետից, այնքան էլ կապված չեն միմյանց հետ: Դրանք իրար հետ առնչվում են գերմանական մտածողության մեջ, որովհետեւ երկուսն էլ ցուցիչներ են համարվում Գերմանիայի նոր դերակատարությանը աշխարհում եւ Գերմանիայի անհանգստությանը այդ հարցում:

Հետաքրքրական է նկատել, թե ինչքան առաջ է գնացել Գերմանիան համեմատաբար կարճ ժամկետում: Երբ Մերկելը 2005-ին իշխանության ղեկը ստանձնեց եւ դարձավ կանցլեր, Գերմանիան խաղաղ ժամանակներ էր ապրում, Եվրոմիությունն էլ միասնական էր: Գերմանիան ներկայացրել էր իր պահանջները, բայց հարմարվել էր Եվրոպային, որտեղ կարող էր բարգավաճել եւ իրեն ազատ զգալ այն աշխարհաքաղաքական բեռից, որն իրեն առաջնորդել էր դեպի մութ անկյուններ: Եթե ոչ հիշողությունը, ապա գոնե վախը Գերմանիայից զգալիորեն նվազել էր Եվրոպայում: Խորհրդային Միությունը գոյություն չուներ եւ Ռուսաստանը դրա փլուզման վատ հետեւանքներից փորձում էր վերագտնել իրեն: Գլխավոր հարցը Եվրոմիությունում այն էր, թե այդ միության անդամ դառնալ ցանկացող երկրները ինչ խոչընդոտներ պարտավոր էին հաղթահարել: Գերմանիան, իր պատմության բերումով, առանձնահատուկ դիրքում էրՙ հանգիստ, ապահովՙ միջազգային համերաշխության, կոլեգիալ մթնոլորտում:

Այսօրվա աշխարհը, որ Մերկելը դիմագրավում է, ամբողջովին տարբեր է: Եվրոմիությունը խորը ճգնաժամի մեջ է: Շատերը Գերմանիային են մեղադրում այդ ճգնաժամի համար, ասելով, որ նրա արտահանման ագրեսիվ քաղաքականությունն ու «գոտիները սեղմելու» պահանջները պարզապես «ինքնասպասարկման» դեր էին կատարում եւ դրանք էին, որ ցանեցին ճգնաժամի առաջին սերմերը: Նաեւ եվրոն իր շահերի համար օգտագործելն ու Եվրոմիության քաղաքականությունը հօգուտ իր ընկերությունների (կորպորացիաների) ձեւավորելու համար:

Արդարացիորեն, թե ոչ, բարի ու մեղմ Գերմանիայի պատկերը հօդս է ցնդել Եվրոպայի մեծ մասում: Շատ վայրերում Գերմանիայի հին պատկերը դարձյալ հառնել է: Եվրոպացիները իրականում, թեեւ սահմանափակ ձեւով, վախենում են Գերմանիայից: Քիչ երկրներ են ձգտում անդամակցել Եվրոմիությանը, իսկ ներկայիս անդամներն էլ քիչ ախորժակ ունեն ընդլայնելու միության սահմանները:

Միաժամանակ Գերմանիայի խաղաղությունն է խախտված: Ուկրաինայի դեպքերը Արեւմուտքի հանդեպ վախ են առաջացրել Ռուսաստանում: Ռուսաստանը Ղրիմն է բռնակցել եւ արեւելյան Ուկրաինայում պաշտպանում է ապստամբներին: Ռուսաստանի քայլերը ռուսական հեգեմոնիայի վերականգնման վախեր են առաջացրել Արեւմուտքում, մասնավորապես Մ. Նահանգներում: Որպես հետեւանք վերջինս մտածում է զինել Ուկրաինային եւ վերակազմավորել իր զորքերը Բալթյան երկրներում, Լեհաստանում, Ռումինիայում եւ Բուլղարիայում: Ռուսները կանխատեսում են դառը հետեւանքներ:

Եթե չափազանցված կլինի ասել, որ Մերգելի աշխարհը փլուզվում է, ապա ճիշտ կլինի առնվազն նշել, որ նրա աշխարհը եւ ընդհանրպես Գերմանիայի ճակատագիրը վերաձեւավորվում է, եւ այնպիսի տեսք է ստանում, որ 2005-ին պատկերացնել հնարավոր չէր: Պետությունների գործողություններում եւ քաղաքացիների մտածողության մեջ ազգայնամոլական տրամադրություններին զարկ տվող եվրոպական ֆինանսական ճգնաժամի զուգակցումը Ուկրաինայում պատերազմի սպառնալիքի հետՙ փոխել է Գերմանիային վիճակված դերը աշխարհում: Գերմանիան խուսափում էր առաջատար քաղաքական կամ ռազմական դերակատարություն ունենալ Եվրոպայում: Ներկա իրադարձությունները անհնարին են դարձնում նման կեցվածքը: Եվրոպական յոթնամյա ֆինանսական ճգնաժամը արդեն վաղուց դադարել է լոկ տնտեսական խնդիր լինելուց: Այն այժմ քաղաքական խնդիր է: Ուկրաինայի ճգնաժամը Գերմանիային դնում է խիստ անհարմար կացության առջեւ: Նա պետք է ամեն ինչ անի, որ քաղաքական խնդիրը ռազմականի չվերածվի:

Գերմանական թնջուկը

Անհրաժեշտ է հասկանալ Գերմանիայի առաջ կանգնած երկու խնդիրները: Մի կողմից Գերմանիան փորձում է ապահովել Եվրոմիության միասնականությունը, մյուս կողմից նա ցանկանում է վստահ լինել, որ այդ միասնականությունը պահպանելու բեռը իրեն չի վերապահվելու: Ուկրաինայում, Գերմանիան առաջիններից էր, որ պաշտպանեց ցույցերը, որոնց արդյունքում իշխանության գլուխ եկավ ներկա կառավարությունը: Չեմ կարծում, որ գերմանացիները ակնկալում էին ռուսական կամ ամերիկյան կողմի պատասխան արձագանքները:

Նրանք չեն ցանկանում մասնակցել ռուսների դեմ սանձազերծված որեւէ ռազմական միջամտության: Ոչ էլ ցանկանում են հետ կանգնել Ուկրաինայի նոր կառավարությանը նեցուկ կանգնելու իրենց մտադրությունից:

Գերմանական մարտավարության մեջ նկատվում է հակադրություն: Գերմանացիները չեն ցանկանում պաշտպանվող կամ սպառնացող երեւալ, բայց նրանց դիրքորոշումը ե՛ւ մեկն է, ե՛ւ մյուսը: Եվրոպական ճգնաժամում Գերմանիան ամենավճռականն է ոչ միայն Հունաստանի, այլեւ ընդհանրապես Հարավային Եվրոպայի եւ նրա գործազրկության աղետալի դրության հարցում: Ուկրաինայում, Բեռլինը պաշտպանում է Կիեւին եւ դրանով հակադրվում ռուսներին, բայց չի ցանկանում հստակ եզրակացությունների հանգել: Եվրոպական եւ ուկրաինական ճգնաժամերը հայելու արտացոլումներ են: Եվրոպայում Գերմանիան խաղում է ագրեսիվ առաջնորդի, մինչդեռ Ուկրաինայումՙ խաղաղարար առաջնորդի դերը: Կարեւոր է ընդգծել, որ երկու դեպքում էլ Գերմանիան, հանգամանքներից, այլ ոչ թե քաղաքականությունից ելնելով է, որ առաջնորդի դերն է ստանձնել: Դա բոլորովին ձեռնտու չէ Գերմանիային: Ոչ էլ Եվրոպայի մյուս երկրներին:

Գերմանիայի դերը Ուկրաինայում

Գերմանիան նշանակալի ավանդ ունեցավ Վիկտոր Յանուկովիչի կառավարության տապալման գործում: Ուկրաինայի եւ Եվրոմիության միջեւ ընթացող բանակցություններում նա գործնական դերակատարություն էր ունեցել եւ փորձում էր Յանուկովիչին համոզել, բայց վերջինս մերժեց նրան: Գերմանիան էլ պաշտպանեց հակա-յանուկովիչյան ցույցերը: Նա նաեւ շատ սերտ հարաբերություններ ունեցավ ցույցերի առաջնորդներից մեկի, ներկայիս Կիեւի քաղաքապետիՙ Վիտալի Կլիչկոյի հետ, ով մասնակցել էր Մերգելի քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության հովանավորած նորաթուխ առաջնորդների մարտական վերապատրաստման ծրագրին: Գերմանացիները դատապարտեցին Ղրիմի բռնակցումը եւ Մոսկվայի աջակցությունը Ուկրաինայի արեւելքի անջատողականներին:

Հետագայում, երբ հասկացան, որ հարցը քաղաքականից ռազմականի է փոխվում, նրանք հետ կանգնեցին գլխավոր դերակատարություն ունենալուց: Բայց ամբողջական մեկուսացումը հնարավոր չէր: Ուստի նրանք ընտրեցին բարդ կեցվածք: Հակառակվեցին ռուսներին, բայց չցանկացան ուղղակիորեն ռազմական օժանդակություն ցուցաբերել ուկրաինացիներին: Փոխարենը մասնակցեցին Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցներինՙ փորձելով հաշտարար միջնորդի դերը կատարել: Մերկելի համար դժվար էր, անշուշտ, խաղալ նման դեր, բայց հաշվի առնելով Գերմանիայի պատմությունը, այդ դերը ամենեւին էլ անտրամաբանական չէր: Գերմանիան ճանաչված էր որպես ազատական-ժողովրդավարական երկիր, եւ ադպիսին պետք է մնար: Կիեւում ցուցարարներին պաշտպանելը պարտավորություն էր, բայց սառը պատերազմից հետո, Գերմանիան նախընտրել էր զերծ մնալ անմիջական ռազմական դերակատարությունից: Նա նույն դիրքորոշումը որդեգրել էր Աֆղանստանի, բայց ոչ Իրաքի պարագայում:

Հունաստանի հարցը

Գերմանիան այս նույն բարդ մոտեցումը ցուցաբերեց նաեւ Հունաստանի հարցում: Տարբեր պատճառներով: Եվ փորձեց գտնել պաշտպանական քողարկումներ դրա համար: Գերմանիան սկսեց իր ներքին համախառն արտադրանքի հիսուն տոկոսը արտահանել եւ դրա կեսը ուղղորդել եվրոպական ազատ առեւտրի գոտի, որը Եվրոմիության ծրագրի էությունն է: Գերմանիայի արտադրողականությունը շատ ավելին էր, քան իր ներքին սպառողական պահանջները: Նա նոր շուկաների պահանջը ուներ, այլապես տնտեսական ճգնաժամի առաջ էր կանգնելու:

Բայց խնդիրները չեն պակասում Եվրոպայում: Փարիզի հարձակումները (խոսքը վերաբերոմ է «Շառլի Էբդո» շաբաթահանդեսի դեմ կատարված ահաբեկչությանը- Ծ.Խ.) սահմանային պահակակետերի ուժեղացման պահանջ առաջադրեցին: Մարտական իսլամիստների սպառնալիքներին զուգահեռ, աշխատուժի ազատ տեղաշարժերը մի երկրից մյուսը նույնպես մտահոգության պատճառ դարձան, քանի որ դրսից եկածները տիրանում էին տեղաբնակների աշխատանքներին: Եթե սահմանակետերում արգելքներ դրվեին աշխատուժի ներհոսքին, գլխավոր շուկաներն էլ շարունակեին ճգնաժամի հետեւանքով տուժել, ինչքա՞ն ժամանակ կդիմանային թույլ տնտեսություն ունեցող երկրներն առանց գերմանական ապրանքների:

Տնտեսական ճգնաժամը ազգայնամոլության դռները բաց արեց: Յուրաքանչյուր երկիր փորձեց իրեն ի նպաստ քաղաքականություն վարել: Ոչ իշխանական, բայց ազդեցիկ քաղաքացիներ սկսեցին Եվրոմիության կանոնները համարել սպառնալիքՙ իրենց բարօրության եւ այդ կանոնների ու եվրոյի գնանշանակման հետեւում տեսան Գերմանիայի ներգրավվածությունը: Սա շատ առումներով վտանգավոր էր Գերմանիայի համար: Գերմանիան երկար էր պայքարել սրբելու իր ճակատից ագրեսորի պիտակը: Այժմ, փաստորեն, նա վերստին հառնում էր որպես այդպիսին: Ազգայնամոլությունը ոչ միայն սպառնում էր Գերմանիային առաջնորդել դեպի իր նողկալի անցյալը, այլեւ իր բարօրությանն անհրաժեշտ ազատ առեւտրին: Գերմանիան չէր ցանկանում, որ որեւէ երկիր դուրս գար ազատ առեւտրի գոտուց: Եվրոգոտին նվազ կարեւոր էր:

Հունաստանն ինքնին էական կարեւորություն չուներ, բայց եթե ցույց տար, որ դեֆոլտի գնալը իրեն ավելի ձեռնտու է, քան պարտքերը վճարելը, ապա այլ երկրներ էլ կարող էին հետեւել նրան: Իսկ եթե այդ երկրները որոշեին, որ ազատ առեւտրի գոտուց դուրս գալն ավելի նպաստավոր է, ապա ամբողջ կառույցը կարող էր քանդվել:

Հունաստանը պետք է օրինակ ծառայեր: Այդ պատճառով էլ Գերմանիան վերջերս անհանդուրժողականություն ցուցաբերեց իրեն պահելով նախկին Գերմանիայի պես: Գերմանիայի խնդիրն այն էր, որ եթե Հունաստանի նոր կառավարությունը ցանկանում էր դիմանալ, ապա նա չէր կարող հանձնվել: Նա իշխանության էր եկել դիմադրելու Գերմանիային: Անորոշ հարցականներով հանդերձ հստակ չէր, որ դեֆոլտը, ամբողջական թե մասնակի, ավելի շահավետ չէր լինելու: Եվ ի վերջո, Հունաստանն իր կանոնները կարող էր թելադրել, եւ եթե նա որոշեր իր պարտքի մի մասը միայն վճարել, ապա ո՞վ կարող էր մերժել այդ առաջարկը: Չէ՞ որ այլ ընտրանքը զրոյի էր հավասար:

Այնպես որ, Գերմանիան կանգնած էր 1871-ին իր միավորման հարկադրական իրավիճակի առաջ: Ուժեղ լինելով հանդերձ, նա չափազանց անապահով էր: Իր հզորությունը կախված էր ուրիշ երկրների իր առաջ իրենց շուկաները բացելու ցանկությունից եւ կարողությունից: Առանց այդ հնարավորության Գերմանիան կորցնում էր իր հզորությունը: Հունաստանի պարագայում, Գերմանիան ցանկանում էր դեֆոլտի հետեւանքները ցույց տալ Եվրոպայի մնացյալ երկրներին: Բայց եթե Հունաստանը իրոք դեֆոլտ հայտարարեր, ապա կպարզվեր, որ այն ծառայում է իր նպատակին: Գերմանիան պետք է չափազանց զգույշ լիներ, քանի որ չգիտեր ո՞ր թելը քաշելուց կծիկը կքանդեր:

Մերկելի հայցը Վաշինգտոնում

Նման մտահոգություններով Մերկելը ժամանեց Վաշինգտոն. Եվրոմիության ճգնաժամը աչքի առաջ ունենալով, Գերմանիան չէր կարող թույլ տալ, որ պատերազմ սանձազերծվեր Ուկրաինայում: Ուկրաինացիներին զինելու Մ. Նահանգների կոչերը նրան բոլորովին պետք չէին: Հարցն այն չէր, որ փոքրաթիվ բանակ ուներ, չէր կարող մասնակցել կամ պաշտպանել իրեն, եթե հարկ լիներ: Բոլորովին: Հարցն այն էր, որ Հունաստանի հետ խիստ վարվելուց հեոտ, նա չէր կարող ավելի առաջ գնալ եւ Եվրոպայում ստանձնել ոստիկանի դերը:

Մերկելը եկավ Վաշինգտոն մեղմելու ամերիկյան դիրքորոշումը: Բայց այդ դիրքորոշումը խորը արմատներ ուներ, որոնցից մեկը մարդու իրավունքները պաշտպանելու հարցն էր, որն աչքաթող չպետք է արվեր որեւէ վարչակազմի կողմից: Առավել խորը գործոնն այն էր, որ Մ. Նահանգներն արդեն մի ամբողջ հարյուրամյակՙ սկսած Առաջին աշխարհամարտից, որդեգրել է այն կոշտ քաղաքականությունը, որ եվրոպական ոչ մի հեգեմոն չպետք է իշխի ամբողջ մայրցամաքի վրա, քանի որ միավորված Եվրոպան կարող էր սպառնալ երկրների ազգային անվտանգությանը: Այդ լույսի ներքո ռուսական տիրապետության տակ Ուկրաինան նկատվում էր հեգեմոն դառնալու Ռուսաստանի փորձ:

Ճակատագրի հեգնանքն այն էր, որ Գերմանիան, որին Մ. Նահանգները երկու անգամ խոըչնդոտել էր հեգեմոն դառնալուց, այժմ փորձում էր համոզել Ամերիկային, որ ռազմական ճանապարհով Ուկրաինայի հարցը չէր լուծվի:

Ամերիկացիները գիտեին այդ, բայց գիտակցում էին նաեւ, որ եթե հետ կանգնեին, ապա ռուսներն ավելի առաջ գնալու հնարավորություն ձեռք կբերեին: Գերմանիան, որի մասնակցությամբ էին երկու (Ուկրաինայի եւ Եվրոմիության) ճգնաժամերը առաջացել, այժմ խնդրում էր Մ. Նահանգներից հետ կանգնել: Իհարկե, խնդրանքը հասկանալի էր, բայց հենց այնպես հետ կանգնելն ուղղակի անհնար էր: Մերկելը կարիք ուներ ինչ-որ բան փոխանցելու Պուտինի անունից: Օրինակՙ խոստում կամ պարտավորվածություն դադարեցնելու պաշտպանությունը Ուկրաինայի անջատողականներին: Բայց Պուտինն էլ, իր հերթին, կարիք ուներ ինքնավար նահանգի երաշխավորության: Մերկելը գուցե դրան համաձայնվեր, բայց ոչ ամերիկացիները: Վերջիններիս համար դա անցանկալի էր, քանի որ մեկ ինքնավար նահանգը կարող էր դուռ բացել ամբողջ երկրի հետագա քայքայման:

Սա է Գերմանիայի դասական խնդիրը, որը ծագում է իրական թուլությունը անհամաչափ ուժով ծածկելու ցանկությամբ: Գերմանացիները ցանկանում են վերաձեւավորել Եվրոպան, բայց նրանց սպառնալիքները կոցրել են իրենց արժեքը: Նրանք փորձեցին վերաձեւավորել Ուկրաինան, բայց ընկան ռուսական հակադարձության ծուղակը: Խնդիրն այն էր, որ նրանք բավականաչափ ուժեղ չէին, որպեսզի պահանջեին ուրիշների լուռ համաձայնությունը: Դժվար է ստանալ այդ համաձայնությունը:

Սա Գերմանիայի հին խնդիրն է: Գերմանացիները շատ ուժեղ են, որպեսզի ուշադրության չարժանանան ուրիշների կողմից, բայց միաժամանակ շատ թույլ, որպեսզի իրենց կամքը պարտադրեն ուրիշներին: Անցյալումՙ պատմականորեն, նրանք փորձեցին բազմապատկել իրենց ուժը, որպեսզի կարողանային պարտադրել իրենց կամքը: Ներկա պարագայում, նրանք մտադիր չեն նույնն անելու: Հետաքրքրական է լինելու տեսնել, թե արդյոք նրանց կամքը հարատեւելու է, երբ նրանց ուժը անբավարար է:

Geopolitical Weekly, Stratfor G.I., Թարգմ.ՙ Հ. Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 27-02-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ