RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2015-02-13 > #006, 2015-02-20 > #007, 2015-02-27 > #008, 2015-03-06 > #009, 2015-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 27-02-2015



ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2015-02-27 00:27:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1464, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 7

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ» ԿԱՄ «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉԷ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին եւ Շահբազ Գուլիեւին հայրենիք վերադարձնելու պահանջով ԱՄՆ-ը, հաշված օրերի ընթացքում արդեն երրորդ անգամ դիմեց հայկական կողմին: Նախ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, թե հայկական կողմը պետք է Ադրբեջանին վերադարձնի Ասկերովին եւ Գուլիեւին, ապա այդ մասին սկզբում Բաքվում, ապա Երեւանում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Վիկտորիա Նյուլանդը, որի խոսքերն էլ ավելի ուշ վերահաստատեց պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսակին: Կարելի է ենթադրել, որ Վաշինգտոնի համար ադրբեջանցի դիվերսանտների հարցը խիստ օրակարգային լինելուց բացի, նաեւ սկզբունքային է դարձել, համենայն դեպս` հայտարարությունների նման ինտենսիվությունից եւ մակարդակից դժվար է այլ բան ենթադրել:

Դժվար է, բայց հնարավոր: Բանն այն է, որ ամերիկյան կողմի կոնկրետ հարցով այս հետեւողականությունը ոչ թե սկզբունքայնության հարց է, այլ Ադրբեջանին սիրաշահելու միջոց: Գաղտնիք չէ, որ Բաքվում վերջին ժամանակներս ակտիվանում է ռուսական կողմնորոշումը, ինչը հատկապես ադրբեջանական էներգետիկ ռեսուրսները Եվրոպա արտահանելու ամերիկյան ռազմավարական ծրագրի համապատկերում բոլորովին ձեռնտու չէ Վաշինգտոնին: Եթե ԱՄՆ-ն իրոք իր համար սկզբունքային դարձրած լիներ ադրբեջանցի դիվերսատների հարցը, ապա, ունենալով դրա բոլոր հնարավորությունները եւ նման գործելակերպի ավանդույթը, ոչ թե կհորդորեր հայկական կողմին ցուցաբերեր «մարդասիրական» ժեստ եւ հանձնել դիվերաստներին, այլեւ ուղղակիորեն եւ բաց տեքստով կպահանջեր դա Հայաստանից:

Կնշանակի Ասկերովն ու Գուլիեւը ԱՄՆ-ին պետք չեն, ԱՄՆ-ին պետք է Ադրբեջանին ցույց տալ, որ ինքը «ամեն ինչ անում է» այս հարցը «կարգավորելու» համար: Այս համատեքստում բավականին ուշագրավ է, որ ԱՄՆ-ը ադրբեջանցի դիվերսանտներին հայրենիք հանձնելու իր կոչը ներկայացնում է տարածաշրջանում լարվածության թոթափման իր իսկ քարոզի տիրույթում: Պարզ է, որ լարվածությունը թույլ չի տալու տարածաշրջանային էներգետիկ ռեսուրսների անարգել եւ կարճ ճանապարհով մուտքը Եվրոպա, ինչը հնարավոր է միայն, երբ տարածաշրջանում լարվածությունը թոթափվի, ինչին էլ, որպես զուտ մարդասիրական երկիր, ԱՄՆ-ը ձգտում է:

Բայց այս պատմության մեջ ուշագրավ այլ տարրեր էլ կան: Մասնավորաբարՙ այն հասցեատերը, որին ամերիկացի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ հորդորում են դիվերսատներին վերադարձնել Ադրբեջան: Օրինակՙ համանախագահող Ուորլիքը դիմել էր «հայկական կողմին», իսկ Նյուլանդը, ապա եւ Փսակին` «համապատասխան իշխանություններին»: Հասկանալի է, որ հիշյալ անձինք հրաշալի գիտեն, որ կա Հայաստանի Հանրապետություն, որին կարելի է դիմել իր անունով, գիտեն, բայց չեն դիմում: Կնշանակի, որ ամերիկացի պաշտոնյաները հրաշալի հասկանում են, որ այստեղ իրենց հասցեատերը ամենեւին էլ Հայաստանի Հանրապետությունը չէ, այլ` «հայկական կողմը», կամ «համապատասխան իշխանությունները»: Սա իր հերթին նշանակում է, որ Վաշինգտոնի համար ամբողջովին ընդունելի է Արցախի` հայկական կողմ լինելը` մեկ, եւ Ադրբեջանի կազմից դուրս լինելը` երկուս. հակառակ պարագայում նրանք կխոսեին ադրբեջանցի դիվերսանտների Արցախում տեղի ունեցած դատավարության «անօրինականության» մասին, մինչդեռ, նկատենք, այդ մասին Վաշինգտոնը լռում է: Կնշանակի` չի էլ քննարկում Արցախի դատարանի իրավասությունը Արցախի տարածքում դատավճիռներ կայացնելու:

Այս համատեքստում, երբ հարցն, ինչպես ասում են, դարձել է միջազգային քննարկման առարկա, անչափ կարեւոր է պաշտոնական Ստեփանակերտի միջամտումը, ինչը, նկատենք, Ստեփանակերտն արեց: Մասնավորաբար ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, արձագանքելով ամերիկյան այս հայտարարություններին, ասել էր, որ արցախյան կողմը Ադրբեջանից ակնկալում է հումանիզմի դրսեւորում` Ռամիլ Սաֆարովին Հայաստանին հանձնելու տեսքով: Այդ պարագայում, ըստ Բաբայանի` Արցախը կարող է եւ փոխանակել Սաֆարովին ադրբեջանցի դիվերսատներից մեկի հետ: Այլ կերպ ասածՙ Ստեփանակերտը Վաշինգտոնին հասկացնում է նման հարցերով այլեւս ուղիղ իրեն դիմել:

Երեւանի կատարյալ լռությունն այս հարցում եւս ուշագրավ է: Մի կողմից այն կարելի է բացատրել որպես դիվանագիտական հնարք, այսինքնՙ մենք ի՞նչ գործ ունենք ադրբեջանցի դիվերսատների հետ, նրանց հո մեզանի՞ց չեն պահանջում, որ խոսենք: Բայց մյուս կողմից, չմոռանանք, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նյուլանդը դիվերսանտներին Ադրբեջան վերադարձնելու` «համապատասխան իշխանություններին» ուղղված իր հորդորը հնչեցրել է նաեւ Երեւանում: Իսկ վերջինս, որպես ԼՂՀ անվտանգության երաշխավոր եւ բանակցությունների սեղանի շուրջ վերջինիս շահերի պաշտպան, կարծես պարտավոր էր ինչ-որ բան ասել: Ընդ որում` կոնկրետ բան, ենթադրենք` «Ամերիկյան կողմից հորդորը «համապատասխան իշխանություններին»` վերադարձնել ադրբեջանցի դիվերսատներին իրենց հայրենիք, Հայաստանի Հանրապետությունը չի կարող բավարարել, քանի որ հարցը գտնվում է իր իրավասությունից դուրս»:

Այսքան բան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 27-02-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ