RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2015-02-13 > #006, 2015-02-20 > #007, 2015-02-27 > #008, 2015-03-06 > #009, 2015-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 27-02-2015



ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Տեղադրվել է` 2015-02-27 00:27:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1853, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՍԱՐԳԻՍ ՇԱՀԻՆՅԱՆ. «ՏԱՐԻՆԵՐՈՒ ԸՆԹԱՑՔԻՆ ՍՏԵՂԾԵՑԻՆՔ ՄԵՐ ԵՐԿԱԹԵ ՇԵՐԵՓԸ»

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

«Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցությունն ամենաակտիվ դերակատարումն ունեցավ հունվարի 28-ին ՄԻԵԴ-ի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատավարության մեջ: (Դատավարության մասին տե՛ս «Ազգ»-ի հունվարի 30-ի , փետրվարի 6, 13, 20-ի համարներում- Խմբ.): Կարելի է վստահ արձանագրել, որ եթե համայնքային հիշյալ կառույցը հետեւողական ու նախանձախնդիր չլիներ, նախՙ շվեյցարական, ապաՙ միջազգային դատարանների թղթապանակում «Փերինչեքի գործ» չէր էլ հայտնվի: «Շվեյցարիա-Հայաստանը» Ստրասբուրգում ներկայացնում էին ընկերակցության նախագահ Անդրեաս Դրայզիիբները եւ պատվո նախագահ Սարգիս Շահինյանը: Նրանց համեստ, հաստատակամ, պատրաստակամ աշխատանքը տեսանելի էր նաեւ ստրասբուրգյան երկօրյա մեր հանդիպումներում, երբ գերմաներենին, անգլերենին, ֆրանսերենին, իտալերենին, հունարենին տիրապետող Սարգիսը, գերմաներենին ու անգլերենին տիրապետող Անդրեասը դատական գործն անհոգնել ընկալելի էին դարձնում նաեւ օտարերկրյա լրատվամիջոցների համար: «Շվեյցարիա -Հայաստան» ընկերակցությունն անշուշտ ապակուսակցական կառույց է, բայց Անդրեասը մեր զրույցում պատմում է, թե քաղաքական աշխատանքի գլխավոր դարբնոցն է իր համար, Սարգսի մասին էլ, առանց ավելորդ համեստության, շեշտում, թե զարմացած էՙ նրա նվիրվածությունը, լայնախոհությունը,պայքարելու նրա օրինակը տեսնելով:Լոբբիստի գործը Սարգսից է սովորում, ասում է: Սարգիս Շահինյանի հետ զրուցում ենք «Սոֆիթել» հյուրանոցում ՙ դատավարությունից առաջ եւ հետո:


- Պարոն Շահինյան, ի՞նչ սովորեցրեց այս փուլինՙ ՄԻԵԴ, միջազգային դատարան հասնելու այս ճանապարհը:

- Երբ դատավարության մասին բուն գիրքը գրվի, որոշ իրականություն պիտի հայտնվի, այն էՙ հայ ժողովրդի առողջ ուժերն են, որ տարին Շվեյցարիայի բողոքարկման հաջողության, իսկ երկրորդ փուլումՙ մասնակցողների բովանդակության որակին: Ուզում եմ ասելՙ մտավոր, բայց նաեւ վճռական ուժը մեր մեջ փնտրեցինք ու գտանք:

- Այսինքնՙ մենք մեզ գտանք:

- Ով որ փնտրեց, գտավ: Փնտրողները շատ չէին: Բայց կարեւորն այն եղավ, որ վերջին վայրկյանին Հայաստանը, այսինքնՙ հայկական իշխանությունը հասկցավ խնդրին ռազմավարական կարեւորությունը, եւ նախագահի նախաձեռնությամբ որոշեց այս խնդրին մասնակցիլ: Սա արդեն մեր ջահել պատմության մեջ նորություն է. ունեցանք համարձակություն մասնակցելու այն տեսակ գործունեության, որը թղթի վրա մեր ուժերից մի քանի անգամ բարձր էր:Հետո փոքր բույսը կամաց-կամաց մի զորավոր ծառ դարձավ: Իսկ հիմա պետք ունինք անտառ, եւ անտառը պետք է դառնա տարածք, տարածքըՙ ազգ, եվ մենք դարձյալ պետք է զգանք ազգ հասկացողության հաճույքը, պիտի կերտենք այդ գետինը:Պետք ունինք մեր մտավորականությունը դարձյալ կերտելու, հոգեւոր դաշտը, մեր տնտեսությունը, մեր ազգային անվտանգությունը կերտելուՙ մեր անձնական ուժերով: Միայն դա է, որ մեզ պիտի տանի մեր ազգի հարատեւության: Սա մոլեռանդական սկզբունք չէ, սա զուտ հավասար ապրելու ցանկություն ունեցող մի ժողովրդի ակնկալումն է աշխարհի հանդեպ:Մենք ոչ ավել, սակայն խնդրում եմ, ոչ էլ պակաս իրավունք ունինք ապրելու մեր պապենական հողերի վրաՙ ապահով, երջանիկ, բայց դրա համար պիտի ներդրում անենք: Դա մտավոր ներդրում է, որակ պիտի պարունակենք, ուրիշներից այլեւս իրավունք չունենք սպասել, մենք պետք է պահանջենք մեզանից, ոնց որ Մկրտիչ Խրիմյանն էր ասումՙ մենք մեր մեջ ենք գտնելու, եւ, այո, թղթե շերեփով չէ, որ հառաջ պիտի երթանք:Նույնիսկ հոսՙ Ստրասբուրգում մենք թուղթե շերեփով չենք:

- Ունե՞նք երկաթե շերեփ:

- Է ունեցանք, չէ՞ որ կրցանք մինչեւ հոս հասնիլ: Ստեղծեցինք այդ երկաթե շերեփըՙ ամիսներու, տարիներու մեր գործն էր: Սա վտանգի մեջ դրավ իրենց, վաղը հազար հոգի պիտի հավաքվինՙ Եվրոպայի չորս կողմից ուղղակի մոլեռանդներ Թալեաթ փաշայի պաստառներով պիտի գան, պիտի մասնակցին:

- Այսօր Օսվենցիմի օրն է: Գերմանիայի նախագահը իր երկրում խոնարհվելուց հետո մեկնում է հուշավայր, վերապրողների կողքին լինելու:Մեր վերապրողները քիչ են: Ձեր հայտարարության մեջ շեշտել էիք վերապրողների պարագան: Ունե՞ք այնպիսի զգացում, հույս, թե գալու է օրը, երբ ոճիր գործած երկրի նախագահն իր երկրում ելույթից հետո կգա Ծիծեռնակաբերդ, թե՞ Ձեր հիշատակած մոլեռանդ թուրքերը կգան Ծիծեռնակաբերդ:

- Առաջին հերթինՙ վերապրողները մենք ենք. եսՙ աֆիոնգարահիսարցի, դուքՙ բասենցի, բիթլիսցի, մեկըՙ մշեցի, մյուսըՙ ղարաբաղցի:Տրավման շատ ավելի ծանր ժառանգություն է, քան ֆիզիկական վերապրումը: Սա յուրաքանչյուրիս մեջ ատելության սերմ է ստեղծում, հետոՙ վրեժի ցանկություն, որ ծնվում է անիրավության ծարավից: Իսկ հիմա ժամանակը եկել է, եւ սա շատ կարեւոր կետ է, որ դառնանք մարդ, այսինքնՙ պատմությանը սեւեռուն հայացք ունեցող ժողովրդից դառնանք հավասարակշռված ազգ: Սա է, որ մեզ իբրեւ մարտահրավեր է տրվում, իսկ ինչ կվերաբերի հունվարի 27-ի սիմվոլիզմին, մի մոռնաք, որ այն ուրիշները ստեղծեցին: Մենք չկարողացանք ստեղծել մեր սիմվոլիզմը, մեր հոլովույթը ապրիլ 24-ի մասին: Այս տարի հատուկ հնարավորություն է, որ դա անենք, եւ այս դատավարությունը մարդկանց ուշադրությունն է գրավելու, իրենց պատասխանատվության է կանչելու: Նախեւառաջ ցանկություն պիտի ըլլա մեր մեջ ուժը հավաքելու, կենտրոնացնելու, այն ուժը, որ գալիս է բազմանկյուն ազդեցություններից, ազատ պիտի ըլլաք, որ աճինք, պետք ունինք համապատասխան ղեկավարներու: Չեմ ասում, թե չունենք, բայց եղողները պետք է այն եզրակացության հասնեն, որ այս ձեւովՙ վերջին վայրկյանին առաջ երթալը լուծում չէ: Ոմանք սովորեցին, ոմանք չսովորեցին, ոմանք իրենց էգոյի խնդիրն առաջ տարին, ոմանք փորձեցին խնդիրն ավելի տարածել, ավելի փորձեցին այս պայքարին ռազմավարական ձեւով մոտենալՙ կարծելով, թե ունեինք ազգի հասկացողություն, չսպասած տեղից այնպիսի երիտասարդներ ծագեցան, որ առողջ բնույթ ունենալով, հավատացին եւ հավատում են: Նրանցից է մտքի փոփոխությունը եւ ուժը գալիս: Եվ ոչ միայն մեր ազգի մեջ է, ուզում եմ նաեւ պատգամ տալՙ մեր հակառակորդ ժողովուրդներն էլ, յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր հնարավորությունն ու ներուժը: Փոխարեն իրար ներուժ քանդելու, ինչո՞ւ չենք ուզում իրականության ճշգրտության վրա հիմնվիլ, գուցե մի քայլ ետ երթալ ու տեսնել, որ մեր դիմացինն էլ ունի իր ճիշտը: Ծանր բան եմ ասումՙ թուրքերի մասին եմ խոսում, բայց եթե ես նրանց մասին եմ խոսում, ապա պահանջում եմ, որ թուրքը մեր մասին խոսի, եւ սա է տարբերությունը: Եվ հիմա պիտի կարողանա՞նք այս գետինը ստեղծել այս մարդկանց հետ, էս վեհ սկզբունքը պիտի կարողանա՞նք իրենց հաղորդել: Դատավարությանը մասնակից են թրքական մարդկային իրավունքների պաշտպան երկու գլխավոր կազմակերպություն, որոնք անաչառ, մաքուր, իրենց անձնական ապահովությունը վտանգելով որոշեցին մեզի նպաստել այս խնդրի մեջ:

- Ի հեճուկս տանն ունեցած դժվար կացության:

- Դժվար կացությո՞ւն... բանտարկվելու է իրենց ղեկավարը, նա բանտարկվեցավ 10 ամսով, քանի որ իր կազմակերպությունը մասնակցում էր այս խնդրին: Քանի որ սա իրապես մեծ հետեւանք է ունենալու թուրք ժողովրդի վրա, գիտենՙ ինչ է կատարվելու Ստրասբուրգում, տեսնում են, որ ուժերի հարաբերակցությունը կարող է ոչ ի նպաստ իրենց դառնալ, բայց մենք պատրա՞ստ ենք օգուտի այդ բաժինն ունենալու, ասենքՙ շահեցանք ու... ի՞նչ ենք անելու, ի՞նչպես պիտի պտղաբերենք. բուն խնդիրը սա է: Մեր պատասխանատվությունն էՙ կատարել հաջորդ քայլը, հեռանկարը գծել:

Մեր զրույցը շարունակվում է դատավարությունից հետո:

- Բանավոր ելութներից այդքան էլ տպավորված չեմ: Այդպիսի ժխտողականության հանդեպ Շվեյցարիան ավելի հարձակողական դիրք պիտի ունենար, սակայն նա էլ ուներ իր ռազմավարական մոտեցումը, որը վերջավորության ինքզինքը արդարացուց, քանի որ Փերինչեքին իր գծից դուրս հանեց: Պետք է գլխարկս հանեմՙ Փերինչեքը, ինչպես նաեւ Թուրքիայի մյուս ներկայացուցիչները շատ պատրաստված էին: Շատ դժվար պիտի ըլլա դատավորներու համար կողմորոշվել: Սկզբում Փերինչեքը իրեն ներկայացնում էր իբրեւ հումանիստ, գիտնական, բարձրորակ քաղաքագետ, վերջավորության իր գույնը ցույց տվեցՙ Թալեաթ փաշայի հետ իր կապը չթաքցնելով: Երբ Շվեյցարիան եւ Ռոբերտսոնը այդ կետի վրա հարձակեցան, ինքը մեկենմեկ ագռավի նման բերանը բացեց ու պանիրը դուրս թռավ: Ինքն իր բնույթից չի կրնար շեղվիլ: Օտարատյաց բնույթ է, մոլեռանդ ազգայնական բնույթ: Կարծում եմ, որ սա դատավորների աչքերը բացեց, մանավանդ ռումինացի դատավորի, որ շվեյցարական կողմին հարց ուղղելով փորձեց ճշտել քրեական օրենքի կիրառման սահմանները: Շատ դժվար պիտի ըլլա դատավորներու համար կողմորոշվել:

- Ինչպե՞ս եք գնահատում հայկական կողմի ելույթը:

- Ռոբերսոնի ելույթը շատ հարձակողական էր, պարզաբանեց մատը վերքին դնելով: Սա կարող է ի նպաստ մեզ դառնալ:

- Ջեֆրի Ռոբերսոնն իր ելույթի մեջ հիշատակեց նաեւ եզդիների այսօրվա կատորածըՙ խնդիրն արդիականացնելով:

- Կարծում եմ, որ դա պիտի ունենար իր ավելի հզոր ազդեցությունը, եթե բոլոր մասնակցողները կարողանային ազատության եզրերի իրողությունը նկատի առնելով դա օգտագործել:

- Վճիռը պիտի հրապարակվի ավելի ուշ. ի՞նչ պիտի անի «Շվեյցարիա- Հայաստան» ընկերակցությունը:

- Եթե բախում չլինի դատարանի կողմից, շատ դժվար կլինի այդ ուղղությամբ նորություններ ունենալ: Եթե մեզ դեմ լինի, վստահ եղեք, որ խնդիրը պիտի դուրս գա: Մի մոռնաք, որ շատ ջղային կացություն էր այսօրվա դատալսումը: 17-ի մեջ թուրք դատավորի ներկայությունը, ուզենանք թե ոչ, մեզ ի նպաստ չէ: Շվեյցարացի դատավորը շատ ջղային էր, միակն էր, որ իր աթոռին հանգիստ նստած չէր, շարժվում էր, դիսկոմֆորտի մեջ էր:

- Թուրքիայի ՄԻՊ կազմակերպությունները ներկա՞ էին:

- Որքան գիտեմՙ ներկա չէին, բայց իրենց շուքը կշռեց եւ պիտի կշռե, քանի որ Փերինչեքի իրական ինչ լինելը հայտնի դարձավ: Դատարանում էլ լսեցինք, թե Թուրքիայում է ոտնահարվում ազատ խոսքը, փոխարենըՙ Հայաստանում ազատ խոսքը չի ճնշվում: Բայց գրավոր փաստաթուղթն է, որ շատ կարեւոր էՙ Թուրքիայի ՄԻՊ-ի գրածից շատ հստակ հասկացվում է, թե իրականության մեջ Փերինչեքն ով է: Իսկ Փերինչեքի եզրափակիչ ելույթը մեր հաջողությունն էր:

Ստրասբուրգ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 27-02-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ