RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2015-02-13 > #006, 2015-02-20 > #007, 2015-02-27 > #008, 2015-03-06 > #009, 2015-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 27-02-2015



Տեղադրվել է` 2015-02-27 00:27:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1984, Տպվել է` 40, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՆՈՐ` ՆՎԱԶՈՂ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ ԵՎ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՇԵՄ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կառավարությունը ինչպե՞ս է բացահայտելու ստվերը, եւ ինչի՞ց են հիմա դժգոհելու առեւտրականները

«Շրջանառության հարկի մասին» օրենքում հերթական փոփոխություններն է հավանության արժանացրել Հայաստանի կառավարությունը: Սա երրորդ անգամն է, ինչ կառավարությունը, տուրք տալով տոնավաճառների առեւտրականների բողոքի ցույցերին, փոփոխություններ է կատարում այս օրենքում:

Հիշեցնենք, որ նախկինում առեւտրային գործունեություն իրականացնողների համար 3,5 տոկոս շրջանառության հարկը նվազեցվեց 1 տոկոսի, ինչի դիմաց նրանք պետք է պարտադիր փաստաթղթավորեին իրենց ձեռք բերած ապրանքները: Այս փոփոխությունը, որ պետք է գործեր անցյալ տարվա հոկտեմբերի 1-ից, առեւտրականների դժգոհությունների եւ կառավարության հետ բանակցությունների արդյունքում հետաձգվեց մինչեւ այս տարվա փետրվարի 1-ը: Այդ ընթացքում կառավարությունը հեշտացրեց գույքագրման եւ փաստաթղթավորման մի քանի դրույթներ: Սակայն առեւտրականները շարունակեցին պնդել առանց փաստաթղթավորման, այսինքն` ստվերում գործեու իրենց պահանջը: Նրանց պատճառաբանությունը այն էր, որ խոշոր մատակարարները հրաժարվում են իրենց փաստաթուղթ տրամադրել: Սակայն, բանն այն է, որ դա կբացահայտեր իրենց` առեւտրականների` ներկայացվածի համեմատ բազմակի անգամ գերազանցող ստվերային շրջանառությունը: Բացի դրանից, ոչ միայն խոշոր մատակարարները չեն տրամադրում փաստաթղթեր, այլեւ հենց իրենք առեւտրականներն են հրաժարվում դրանցից` այդ նույն ստվերում մնալու համար: Այսինքն, այստեղ նրանց շահերը համընկնում էին, եւ փոքր բիզնեսի շահերի մասին խոսելը պարզապես մարդկանց հիմարացնելու ձեւ է:

Ի՞նչ է առաջարկում կառավարությունն այս անգամ: Բարձրացվում է շրջանառության հարկ վճարող համարվելու համար հասույթի առավելագույն շեմը: Ներկայիս 58,35 մլն դրամի փոխարեն նախատեսվում է սահմանել նոր շեմ` 113,4 մլն դրամ: Սրանով, փաստաթղթավորման բացահայտման դեպքում, եթե տնտեսվարողների իրական շրջանառությունը 58,35 մլն դրամը գերազանցի, կառավարությունը կանխում է նրանց հայտնվելը ավելացված արժեքի (ԱԱՀ) դաշտում: Հարկ է նշել նաեւ, որ շրջանառության հարկի շեմը բարձրացվում է ոչ միայն առետրային գործունեություն իրականացնողների, այլեւ բոլոր մյուս տեսակների համար:

Ինչ վերաբերում է հարկման տոկոսադրույքին, ապա փոխվում է շրջանառության հարկման համակարգը: Տոկոսադրույքի ուղղակի նվազեցման փոխարեն առաջարկվում է փաստաթղթավորման դեպքում դրա նվազեցում: Առանց ապրանքների փաստաթղթավորման շրջանառության դեպքում առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնողների շրջանառության հարկի դրույքաչափը սահմանվում է 5 տոկոս, որը կարող է նվազեցվել փաստաթղթավորված ձեռքբերումների 4 տոկոսի չափով: Միաժամանակ, վճարման ենթակա հարկի գումարը չի կարող պակաս լինել հաշվետու ժամանակաշրջանում շրջանառության 1,5 տոկոսից:

Այսինքն, փաստաթղթավորումը դառնում է խրախուսական: Եթե ցանկանում ես ավելի քիչ վճարել, ապա ներկայացրու փաստաթղթեր եւ վճարի մի քանի անգամ ավելի փոքր գումար: Նրանք, ովքեր նախընտրում են առանց փաստաթղթավորման աշխատել, ապա պետք է վճարեն 5 տոկոս: Ի՞նչ կտան եւ ինչպե՞ս կընդունվեն շրջանառության հարկի այս նոր փոփոխությունները:

Կարծես թե կառավարությունն ընդառաջել է առեւտրականների բոլոր սկզբունքային պահանջներին` թե շեմի, թե պարտադիր փաստաթղթավորման մասով: Հետեւաբար, պետք է որ նրանք այլեւս չդժգոհեն: Չնայած այս զանգվածը, անկախ իր բարեկեցիկ լինելուց, հավերժ դժգոհողներից է, ընդ որում` հիմնականում սուբյեկտիվ հիմքով: Բացառված չէ, որ այս անգամ էլ ինչ-որ մի կետ գտնեն եւ նորից բողոքի ցույցեր անեն: Օրինակ` ասեն, որ իրենց ընդհանրապես պետք է ազատել բոլոր տեսակի հարկերից, ինչպես սահմանամերձ բնակավայրերին: Սա ոչ թե հումորով ենք ասում, այլ իսկապես չենք բացառում նման հավանականությունը, քանզի այս մարդկանց գիտակցության մեջ պետությանը հարկեր վճարելը անընդունելի ինչ-որ բան է համարվում:

Մյուս կողմից, այս փոփոխություններով դեռեւս պարզ չի մնում, թե կառավարությունը լուծե՞ց պետության համար կարեւորվող հարցը` առեւտրում շրջանառության իրական ծավալների բացահայտումն ու մատակարար խոշոր ընկերությունների հարկային վճարումները ըստ այդմ գանձելը :

Եթե պահպանվում է առանց փաստաթղթաշրջանառության հարկ վճարելու դրույթը, ապա թվում է, որ այս հարցը մնում է չլուծված: Ընդ որում, կառավարության եզրակացության մեջ նշվում է, որ նոր փոփոխությունները կարող են բյուջեի եկամուտների նվազեցման ռիսկեր առաջացնել:

Այս դեպքում կառավարության նպատակը պետք է լինի այս փոփոխություններով ավելի գրավիչ դարձնել փաստաթղթով աշխատելն ու 1,5 տոկոս հարկ վճարելը, քան թե առանց փաստաթղթերի աշխատելն ու 5 տոկոս վճարելը: Խրախուսական մեխանիզմը դրվել է շեմի բարձրացման առումով, բայց դա բավարար չէ: Հարկ է նաեւ վարչարարական լծակներ կիրառելով ստվերից գոնե մասամբ դուրս բերել տոնավաճառների առեւտրականներին: Նրանց պետք առաջարկել ավելի արժանահավատ տեղեկություններ ներկայացնել իրենց շրջանառության վերաբերյալ, քան թե տարեկան միջինը 5 մլն դրամն է, ունենալ ապրանքների գոնե ինչ-որ մասի ձեռքբերման փաստաթղթերը եւ դրան համապատասխան հարկեր վճարել` նպաստելով նաեւ մատակարարների իրական շրջանառության երեւալուն: Կանի՞ այս քայերը կառավարությունը, թե՞ ոչ: Կերեւա առաջիկայում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 27-02-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ