RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2015-02-13 > #006, 2015-02-20 > #007, 2015-02-27 > #008, 2015-03-06 > #009, 2015-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 27-02-2015



Տեղադրվել է` 2015-02-27 00:27:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1874, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՑՆՑԱԿԱԹՎԱԾԻՑ ՀԵՏՈ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ո՞ւմ շահերն է սպասարկում 48-ժամյա ռեժիմով ընդունվելիք փոփոխությունը

Թե ինչու է կառավարությունը նախաձեռնել Շահութահարկի մասին օրենքի այն փոփոխությունը, որով 40 մլրդ դրամից սկսած արտահանման դեպքում արտահանող կազմակերպությունների խմբին հարկային արտոնություններ են տրվելու, 20 տոկոսի փոխարեն 2 տոկոս շահութահարկ գանձելով, խորհրդարանի գլխադասային հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը բացատրում էր ԵՏՄ անդամակցությամբ տրված ու Հայաստանի քաղաքացիներին աշխատելու հնարավորության ընդլայնմամբ: Իսկ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն էլ նշում էր, թե դա ՀՀ-ից հավելյալ արտահանում ապահովելու, մեր բյուջեում լրացուցիչ եկամուտներ ապահովելու հնարավորություն է` հարկային խթան տալով մեծ ծավալի արտահանողներին, բայց չվնասելով մյուս խմբերին: Ըստ Միրումյանի` արտահանող խմբերում ոչ ռեզիդենտների ներգրավումը, որ ավելացվել էր երկրորդ ընթերցմամբ նախագծում, կնպաստի, որ տվյալ խմբերի ոչ ռեզիդենտները գնումները ոչ թե արտերկից անեն, այլ Հայաստանից` հավելյալ եկամուտներ ապահովելով մեզ համար: Փոփոխությունը խորհրդարան էր բերվել 48-ժամյա ռեժիմով քննարկման համար: Պատգամավորներն իրենց ելույթնեում ուզում էին պարզել այդ հրատապության պատճառը, ինչպես նաեւ այն, թե ո՞վ կարող է Հայաստանում 40 մլրդ դրամի արտահանում անել` ո՞ւմ համար է գրվել օրինագիծը: Մանավանդ` Հայաստանում արտահանման ծավալների վերջին թիվը մխիթարական չէ, ըստ պաշտոնական վիճակագրության` այս հունվարի արտահանումը անցած հունվարի համեմատ նվազել է 21.9 տոկոսով:

Ի՞նչ կա այս հարկային արտոնության տակ, ո՞ւմ շահերն է սպասարկվում այս անգամ, ինչո՞ւ մենաշնորհել մի ոլորտ եւս: Տարբեր շրջանակներում կասկածներ կան, որ դա կարող է վերաբերել Ռուսաստան ներկրման համար պատժամիջոցների տակ հայտնված եվրոպական ապրանքին. հնարավոր է, որ Հայաստանի խողովակով հայկական ապրանքի անվան տակ դրանց Ռուսաստան ներկրելու հնարավորություն է ստեղծվում, որը կարող են իրականացնել երկու-երեք հոգի` ամենաբարձր մակարդակով, Վրաստանի մեկ- երկու ամենաբարձրաստիճաններիի հետ պայմանավորվելով` Իվանիշվիլին հո հենց այնպես չէ՞ր եկել (նրանց էլ անձնապես իրենց բաժին շահույթը հասցնելով): Եթե այդպես լինի` դա կլինի դարի «շուստրիությունը», շրջանցելով մեր բյոջեն, քանի որ քսան անգամ պակաս շահութահարկ է վճարվելու: Մյուս տարբերակն այն է, որ Հայաստանում ոչ ոք երբեք այդ գումարի արտահանում չի արել... բացառությամբ մեկ ոլորտի` հանքարդյունաբերությունը: Հայաստանի հանքային հրաստությունները շահագործում են մի քանի մարդ, եւ կստացվի, որ երկրի հարստությունը մի քանի մարդ, առանց նորմալ շահութահարկ վճարելու, ուղարկելու են Ռուսաստան, միայն սեփական շահույթները տասնապատկելով, եթե հանքարդյունաբերության հետ է կապված` կողոպտելով երկրի հարստությունը: Մամուլ է մտել նաեւ այն կասկածը, որ խոսքը շինանյութ` ցեմենտ արտահանելու մասին է Ռուսաստան, իսկ ցեմենտ արտադրում են Հրազդանի եւ Արարատի ցեմենտի գործարանները: Մի խոսքով` օրինագծի կողմնակիցների եւ հակառակորդների տեսակետները մոտեցնելու համար ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկեց առայժ չքվեարկել փոփոխությունը եւ դա քննարկել եկող շաբաթ շահագրգիռ շրջանակներում, իսկ քվեարկել մարտի սկզբին հրավիրվելիք ԱԺ արտահերթ նիստում:

Կրքեր` ընդդիմադրի տիտղոսի համար

Իսկ ընդհանրապես` այս շաբաթ խորհրդարանում այլ կրքեր էին եռում, անցած տասնօրյակի ցնցակաթվածից հետո ԲՀԿ-ն բացակա էր` բոյկոտում էր այս քառօրյան, իսկ պատգամավորներից ոմանք կռվում են նրա դատարկված տեղը գրավելու համար: Դեռ հայտնի չէ` ի՞նչ դիրքորոշում է որդեգրելու ԲՀԿ-ն, մարտի հինգին արտահերթ համաժողով է նշանակվել, որտեղ ամենայն հավանականությամբ կընտրվի նոր ղեկավարություն: Նոր ղեկավարի` ով լինել-չլինելու վերաբերյալ առայժմ հստակություն չկա` շրջանառվում են Նաիրա Զոհրաբյանի, Ստեփան Մարգարյանի, Իշխան Զաքարյանի անունները, ԶԼՄ-ները հաստատական գրում են Նաիրա Զոհրաբյանի մասին: ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը շրջանառության մեջ դրեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստր Իրինա Քոչարյանի անունը` որպես ԲՀԿ նախագահի թեկնածու, հայաստանյան իրողություններին համահունչ` զարմանք անգամ չառաջացնելով մարդկանց մեջ: Մինչ այդ ԲՀԿ-ն լքել են մականունավոր գործարարները` Գրիգոր Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ)` «Բելաջիո» ռեստորանը վաճառելով էլ այս մարդը չազատվեց կպած մականունից, Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո), Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ), Մելիք Մանուկյանը (Շշի Մելո), ինչպես նաեւ Արագած Ախոյանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դավիթ Քոչարյանը եւ Մուշեղ Պետոյանը նույնպես խնբակցությունը լքելու դիմում են ներկայացրել, սպասվում է Ռուստամ Գասպարյանի հեռացումը: Մի խոսքով` կորցնելու բան ունեցողները լքում են ԲՀԿ-ն, դա Հայաստանում կոչվում է առնետավազք, եւ կյանքի իրողության կարգավիճակ է ձեռք բերել այս երկու տասնամյակը` կրկնվելով ժամանակ առ ժամանակ: Բայց մյուս կողմից դա միգուցե լավ է` ԲՀԿ-ն կդառնա քաղաքական միջուկ ունեցող կուսակցություն, չնայած գուցե փոքր խմբակցություն ունենա:Հայտնի չէ նաեւ, թե ով է ֆինանսավորելու ԲՀԿ-ն, քանի որ Գագիկ Ծառուկյանը ձեռքերը լվանում է ֆինանասավորումից, իսկ առանց ֆինանսավորման կուսակցությունները Հայաստանում թոռոմած ծաղկի են նման:

Այսինքն` այս իմաստով` Ծառուկյանը հանձնում է իր սեփական կուսակցությունը , ունեցվածքի ընդունում-հանձնումը լինելու է մարտի 5-ին` այնտեղ գուցե կերեւա, թե ո՞վ է նոր ֆինանսական տանիքը: Սակայն խնդիրը հենց դա է, թե ո՞վ է լինելու նա` կուսակցության նոր պատրոնը: Եթե, ինչպես որոշ ԶԼՄ-ներ են պնդում, ԲՀԿ-ն լինի ներկա վարչապետի հովանու ներքո, այնտեղից կարտահոսեն նաեւ մի քանի գաղափարականներ, եւ հազիվ թե նոր ԲՀԿ-ն կոշտ ընդդիմադիր լինի` տանելի մակարդակով իշխանության ընդդիմախոս առավելագույնը: Եթե, այնուամենայնիվ, նա փորձի արմատական ընդդիմադիր կեցվածք որդեգրել, ինչին խիստ կասկածում ենք տեղի ունեցածից հետո, այստեղ առավել ընդգծված կլինեն Վարդան Օսկանյանի եւ մյուս քաղաքականների տեսակետները: Կապրենք մինչեւ մյուս հինգշաբթի` կտեսնենք, բայց առավել քան համոզված ենք, որ արմատական ընդդիմադիր կեցվածք այս կուսակցությունից մնացած թեւը չի դրսեւորի ու կգտնվի իշխանության վերահսկողության ներքո:

Իսկ ընդհանրապես` այս շաբաթ խորհրդարանում ավելի լավ էր երեւում, թե ինչպես են փորձում իրենցով անել ԲՀԿ-ի ազատած տեղը: Դա հատկապես տեսանելի էր «ՀՀ-ում առաջացած կառավարման ճգնաժամի մասին» հայտարարության նախագծի քննարկման ժամանակ, որի տակ թեեւ կար ԲՀԿ-ի ստորագրությունը նաեւ, բայց ԲՀԿ-ականների բացակայությամբ դա ներկայացրեց ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանն ու միանգամից հայտնվեց բոլորի` ե՛ւ հանրապետականների, ե՛ւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի , ե՛ւ իր դեռեւս խմբակցակից Նիկոլ Փաշինյանի թիրախում. լսողը կարող էր եզրակացնել, որ ՀԱԿ-ին, իր ֆինանսական ստնտու Ծառուկյանի կողմից լքվելու պարագայում, ուզում են հայտնի տեղն ուղարկել բոլորը, իսկ ընդդիմադիր դափնին սեփականելու ցանկություն ունեցողների եւ հայտ ներկայացնողների պակաս չկա: Ու տեսանելի էր, որ Հայաստանում իշխանափոխության մասին հավերժական խոսակցությունն այժմ առարկայական տեսք ստացավ ...հակառակ ուղղությամբ` ընդդիմափոխությամբ: Ինչպես ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էր ասում` «Հայաստանում կա մեկ ճգնաժամ` ընդդիմության ներսում», իսկ մյուս փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարության ներկայացումն անվանեց ՀԱԿ-ի կարապի երգը:

Փաստորեն Փաշինյանի եւ Մարուքյանի եւ այլոց ելույթներով ավանդական ընդդիմադիրներին հասկացվում էր, որ նրանք պետք է հեռանան ու դաշտը մաքրեն իրենց` նոր տիպի մարդկանց համար, որոնք կգան ու նոր քաղաքական մշակույթ կբերեն (սա նաեւ Սամվել Ֆարմանյանն է միշտ ասում ՀՀԿ-ից), իսկապես այլընտրանք կլինեն իշխանությանը, իսկ ներկա ընդդիմությունը հին է եւ ձախողել է ամեն ինչ: Բանը հասավ նրան, որ Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ-ին անցյալի գաղջ հիշողություն անվանեց, եւ, ի պատասխան իշխանությանը ծառայելու իրեն ուղղված մեղադրանքի, նույն մեղադրանքն ուղղեց դեպի ՀԱԿ-ը, ի դեմս նրա ղեկավարի:

Դժվար է չհամաձայնել, իհարկե, որ ընդդիմադիր նոր բեւեռի ձեւավորումը` նոր մոտեցումներով, անհրաժեշտություն է դառնում Հայաստանի համար: ԲՀԿ-ն ինչո՞ւ չէր տեղավորվում ընդդիմադիր շրջանակում` նախ որ օլիգարխի կուսակցություն էր, հա, բայց մյուս կողմից, աշխարհաքաղաքական տարբեր շահերի խաչմերուկ Հայաստանում ո՞նց կարող է համ իշխանությունը ռուսամետ լինել, համ ընդդիմությունը` իննսունինը տոկոսով, չէ՞ որ շահեր բալանսավորելու խնդիր կա: Ու տրամաբանական է, որ արեւմտամետ ընդդիմություն ձեւավորելու պահանջարկը նաեւ պետության շահերից է բխում, որպեսզի ռուսական շահերին գոնե մասամբ արեւմտամետների փաստարկները հավասարակշռեն, մի Ալեքսանդր Արզումանյանով դա հնարավոր չէ: «Ժառանգության» անհասկանալի կոնգլոմերատը նույնպես դրան չի համապատասխանում` չնայած առանձին-առանձին Զարուհի Փոստանջյանը, Ռուբիկ Հակոբյանը եւ Թեւան Պողոսյանը ԱԺ ամենակտիվ պատգամավորներն են: Երեւի իշխանությանը եւս հարկավոր է այնպիսի ուժ, որը հարկավոր պահին հարկավորը հնչեցնելու նշմար կստանա եւ դա հնչեղ կիրականացնի:

Այս բոլորի մեջ մի շատ անէական մանրուք կա` այն, որ քաղաքական դաշտի պատկերը փոխելը սկսվում է խորհրդարանից, մինչդեռ դա գոնե օրենսդրությամբ, մեր դեպքում` գուցե միայն թղթերի վրա, պետք է ձեւավորի-գծի ընտրողը: Բայց հերթական անգամ ընտրողը շրջանցվում է դեռ ընտրություններից շատ առաջ, եւ հավանաբար խորհրդարանում առանց ընտրողին հարցնելու կգծվի այնպիսի կոնֆիգուրացիա, որը կրկին կկողմորոշի հաջորդ խորհրդարանական ընտրությունների պատկերը նախօրոք: Ընտրո՞ղն ով է:

Հ.Գ. Երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է մի բան, որի հետ չի կարելի չհամաձայնել: Նա ասել է, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն պրոֆեսիոնալները, որոնք տարիներով փորձությունների, վերելքների ու վայրէջքների ճանապարհով են անցել, իսկ պետական պաշտոնյան բիզնեսով չպետք է զբաղվի: Ո՞վ համաձայն չէ. մնում է, որ նրա կուսակցությունում եւս պատգամավորները բիզնեսով չզբաղվեն, նրա կուսակից պաշտոնյաները եւս:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 27-02-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ