RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014



ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2014-12-25 23:23:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1509, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՀԱՅ ԱՍՏՂԱԳԵՏԸ ԿԵՊԼԵՐ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԱՍՏՂԱԴԻՏԱԿԻ ՆՈՐ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՄԻ ԿԱԶՄՈՒՄ

Հայկական աստղագիտական ընկերություն, (www.aras.am)

Չորս տարի շարունակ Կեպլեր տիեզերական աստղադիտակը դիտում է երկնքի մի փոքր հատված` փնտրելով ավելի քան 150,000 աստղերի պայծառության փոքր պարբերական տատանումներ, որոնք առաջանում են նրանց սկավառակի վրայով մոլորակների անցումներով: Կեպլերի դիտումները հեղափոխել են արտարեգակնային մոլորակների (կամ էքզոմոլորակների) հետազոտությունների բնագավառը` աստղագետներին թույլ տալով մինչ օրս հայտնաբերել գրեթե 1000 հաստատված մոլորակներ, ինչպես նաեւ ավելի քան 3200 մոլորակների թեկնածուներ:

2013թ. մայիսին, երբ Կեպլերի տվյալների զգալի մասը դեռեւս վերլուծված չէր, տիեզերանավի չորս գիրոսկոպանման արձագանքման անիվներից երկրորդը խափանվեց: Տիեզերական աստղադիտակի բարձր ճշգրտության պայծառության չափումները պահանջում էին ճշգրիտ ուղղորդում, ինչը ստացվում էր` օգտագործելով առնվազն երեք արձագանքման անիվներ:

Այնպես որ, երբ տիեզերանավի երկրորդ անիվը խափանվեցՙ վերջ դնելով Կեպլերի առաջնային առաքելությանը, շատերը համարեցին, որ դա նաեւ տիեզերանավի վերջն է: Սակայն գիտնականները եւ ինժեներները չուզեցին հրաժարվել որեւէ այլ խնդիր չունեցող տիեզերական աստղադիտակից: Նախատեսվեց այլընտրանքային առաքելություն, որտեղ տիեզերանավը դիտելու է խավարածրի երկայնքով մի քանի դաշտեր` Արեգակի լույսի ճնշման օգնությամբ մնացած կառավարող անիվների հետ միասին ուղղորդումը վերահսկելու միջոցով: Նոր առաքելությունը, որը կոչվեց K2, խոստանում է շարունակել էքզոմոլորակների Կեպլերի որոնումը, ինչպես նաեւ թույլ է տալիս դիտել աստղակույտեր, ակտիվ գալակտիկաներ եւ գերնոր մոլորակ:

Կեպլերը պահպանեց իր խոստումը: Դրա ապացույցն է K2-ի` Կեպլերի «երկրորդ կյանքի» կողմից առաջին մոլորակի հայտնաբերումը եւ բնութագրումը: Հարվարդ-Սմիթսոնյան աստղաֆիզիկայի կենտրոնից (CfA) Էնդրյու Վանդերբուրգի գլխավորած ԱՄՆ-ի, Իտալիայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի եւ Պորտուգալիայի աստղագետների միջազգային թիմը գտել է նոր գերերկիր` օգտագործելով 2014թ. փետրվարի Կեպլերի 9-օրյա փորձնական դիտումներից հավաքագրված տվյալները:

Կեպլերի ուղղորդման հնարավորությունների նվազման պատճառով, ստացված օգտակար տվյալները պահանջում են բարդ համակարգչային վերլուծություն: Թիմը մշակել է հատուկ ծրագրային համակարգ, որը թույլ է տալիս ճշտել տիեզերանավի շարժումների պատճառով առաջացած սխալները` հասնելով Կեպլերի նախնական առաքելության լուսաչափական ճշգրտության մոտավորապես կեսին: Երբ աստղագետները վերլուծեցին տվյալները, նրանք պարզեցին, որ Կեպլերը հայտնաբերել է մոլորակային անցում: Լրացուցիչ թույլ անցումներ գրանցվեցին Աստղերի միկրոփոփոխականության եւ տատանումների (Microvariability and Oscillations of STars, MOST) արբանյակով:

«Մենք կարիք ունեինք այս արդյունքի վստահելի հաստատում, ինչպես տալիս է HARPS-N-ը», գոհունակությամբ ասում է ուսումնասիրության համահեղինակ Ավետ Հարությունյանը: Հարությունյանն աշխատում է իտալական Գալիլեի անվան ազգային աստղադիտակում (Telescopio Nazionale Galileo [1], TNG), որը գտնվում է Կանարյան կղզիներից Լա Պալմայում, որտեղ տեղադրված է Բարձր ճշգրտության տեսագծային արագությունների մոլորակային որոնողի հյուսիսային սարքը (High Accuracy Radial Velocity Planet Searcher North [2], HARPS-N): «HARPS-N-ի մեծ ճշտության տեսագծային արագության չափումները կարող էին հաստատել, որ իրականում մոլորակ կա, ինչպես նաեւ արժեքավոր տեղեկություններ տրամադրել մոլորակի բնութագրերի մասին, ինչպիսիք են զանգվածն ու խտությունը», ավելացնում է Հարությունյանը: 2014 թ. հուլիսից մինչեւ սեպտեմբեր ամիսները իրականացված HARPS-N-ի դիտումներից թիմը ստացել է HIP 116454 մոլորակային համակարգի տեսագծային արագությունները:

Նորահայտ մոլորակը` HIP 116454b-ն, ունի Երկրից երկուսուկես անգամ մեծ` 32200 կմ տրամագիծ: HARPS-N-ը ցույց տվեց, որ այն Երկրից ավելի ծանր է գրեթե 12 անգամ: Այդ պատճառով HIP 116454b-ը կարելի է համարել գերերկիր` մոլորակների մի դաս, որոնք գոյություն չունեն մեր Արեգակնային համակարգում: Միջին խտությունից կարող ենք ենթադրել, որ այս մոլորակը կա՛մ ջրի աշխարհ է (բաղկացած մոտ երեք քառորդը ջրից եւ մեկ քառորդը ապարից), կա՛մ մինի-Նեպտուն` ընդարձակ գազային մթնոլորտով: Աստղագետները ենթադրում են, որ դրա ջերմաստիճանը մոտ 400 ՛C է: HIP 116454b-ի ուղեծրային պտույտի պարբերությունը 9.1 օր է, հետեւաբար այն պտտվում է մայր աստղին բավական մոտ` մոտավորապես 13.5 մլն կմ հեռավորության վրա, ինչը 11 անգամ ավելի մոտ է, քան Երկրի հեռավորությունն Արեգակից: Մայր աստղը` HIP 116454-ը, գտնվում է Ձկների համաստեղությունում, մեզնից շուրջ 180 լուսատարի հեռավորության վրա եւ նարնջագույն թզուկ է` քիչ ավելի փոքր եւ սառը, քան մեր Արեգակը: «Մինչ օրս HARPS-N-ն արդեն հայտնաբերել եւ բնութագրել է մի քանի տասնյակ արտարեգակնային մոլորակ, որոնց զգալի մասը ստացվել է Կեպլերի նախնական առաքելությունից: Սակայն մենք հատկապես ուրախ ենք HIP 116454b-ի համար, քանի որ դա Կեպլերի «նոր կյանքի» առաջին մոլորակն է», ասում է Ավետ Հարությունյանը: Այս հայտնագործության մասին հաղորդող գիտական հոդվածն արդեն ընդունվել է հրապարակման «Astrophysical Journal» ամսագրում:

1 Իտալական 3.58մ Գալիլեի անվան ազգային աստղադիտակը (Telescopio Nazionale Galileo, TNG) գտնվում է Roque de los Muchachos աստղադիտարանում, Կանարյան կղզիներից Լա Պալմայում: TNG-ն շահագործվում է Fundaciցn Galileo Galilei, INAF (FGG - INAF) կողմից: Համացանցային կայքէջն է` www.tng.inaf.it

2 HARPS-N-ը հյուսիսային երկնքում աստղային արագությունների չափման ամենաճշգրիտ սպեկտրոգրաֆն է: HARPS-N տեղադրված է TNG-ի վրա եւ ղեկավարվում է Ժնեւի համալսարանի միջազգային կոնսորցիումի կողմից` TNG-INAF, Հարվարդ-Սմիթսոնյան CfA, Սուրբ Էնդրյուսի համալսարան, Էդինբուրգի համալսարան եւ Բելֆաստի Քուինզ համալսարան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ