RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014



ՀԵՏԱՀԱՅԱՑ

Տեղադրվել է` 2014-12-25 23:23:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 2877, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 27

ՏՆՏԵՍԱԿԱՆ 2014

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Որո՞նք էին հիմնական իրադարձությունները

2014-ը ինչպես Հայաստանի, այնպես էլ համաշխարհային տնտեսության համար դժվար տարի էր` լի մարտահրավերներով: Սակայն, անցնող տարվա ամենակարեւոր տնտեսական ու նաեւ քաղաքական իրադարձությունը առաջին հերթին Հայաստանի անդամկցումն էր Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ):

ԵՏՄ անդամակցումը չուներ լուրջ այլընտրանք

Հայաստանի միացումը ԵՏՄ-ին բոլոր սոցիոլոգիական հարցումների համաձայն հավանության է արժանացել Հայաստանի բնակչության գերակշիռ մեծմասնության կողմից` հակառակ դրա դեմ արեւմտյան դրամաշնորհներից սնվող կուսակցական եւ հասարակական կազմակերպությունների տարած բուռն քարոզչության: Կկայանա՞ ԵՏՄ-ն, դեռեւս վաղ է ասել, բայց ակնհայտ է, որ բազմաթիվ թելերով Հայաստանը կապված է Ռուսաստանին եւ ԱՊՀ կոչվող տարածաշրջանին: Ռուսաստանից ենք ստանում զինտեխնիկայի եւ ռազմամթերքի ահռելի մասը` գործարանային, իսկ երբեմն նաեւ խորհրդանշանական գներով: Այսինքն, մեր գլխավոր` երկրի անվտանգության հարցը լուծում ենք Ռուսաստանի աջակցությամբ: Ռուսական ռազմական բազան եւ սահմանապահ զորքերը պաշտպանում են Թուրքիայի եւ Իրանի հետ մեր սահմանները: Ընդ որում, այդ զորքերում ծառայողների զգալի մասը Հայաստանի բնակիչներ են, որոնք ստանում են բարձր աշխատավարձ եւ օգտվում Ռուսաստանի զինծառայողների համար նախատեսված բոլոր արտոնություններից, միաժամանակ կատարելագործելով իրենց հմտությունը ռազմական ասպարեզում։

Հայաստանի արտահանման գլխավոր շուկան Ռուսաստանն է: Այս երկիր է ուղղվում մեր արտահանման (հիմնականում պատրաստի արտադրանքի) 21,5 տոկոսը (2013-ի ցուցանիշներով): Այսինքն, ԵՏՄ-ին չմիանալու դեպքում նշանակում էր կորցնել այս շուկան, չունենալով դրան փոխարինող այլ շուկա:

Ռուսաստանից ենք ներմուծում գազ, միջուկային վառելիք, վարկեր ու դրամաշնորհներ ատոմակայանի եւ նրա վերանորոգման համար: Ոչ մի այլ երկիր կամ տնտեսական միություն ոչ գազի, ոչ միջուկային վառելիքի առումով ոչ մի այլ տարբերակ մեզ չի առաջարկել: Ընդհակառակը, օրինակ` Եվրոմիությունը մշտապես պահանջում է փակել Հայկական ատոմակայանը:

Ռուսական ներդրումները Հայաստանում ամենամեծածավալն են: Խոշորագույն ներդրողը «Գազպրոմ Արմենիան» 1 մլրդ դոլարից ավելի ներդրում է կատարել այս համակարգում, ինչի արդյունքում Հայաստանը աշխարհի ամենագազիֆիկացված երկիրն է: «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Հարավկովկասյան երկաթուղի», «Արմենալ» (նախկին «Կանազ»), «Բիլայն», «ՎիվաՍել-ՄՏՍ»: Սրանք միայն ռուսական ամենախոշոր ներդրումներն են, իսկ ընդհանրապես Հայաստանում մոտ 2000 հայ-ռուսական համատեղ ձեռնարկություններ կան:

Ռուսաստանում են բնակվում շուրջ 2 մլն հայեր եւ աշխատում մոտ 200 հազար ՀՀ քաղաքացիներ: ԵՏՄ-ի մեջ մտնելով, Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացիները ստանում են նույն կարգավիճակը, ինչ այդ երկրի քաղաքացիները , եւ այլեւս հարկ չի լինի գրանցման հետ կապված քաշքշուկների մեջ ընկնել:

Սա այն է, ինչ ունենք եւ ինչը կարող ենք կորցնել ազատ առեւտրի ռեժիմ նախատեսող ԵՏՄ-ին չմիանալու դեպքում: Միանալով ԵՏՄ-ին, արտահանման եւ ընդհանրապես տնտեսական զարգացման նոր հնարավորություններ են ստեղծվում 170 մլն բնակչություն ունեցող շուկայում, ինչը բազմիցս է ասվել:

Կառավարության փոփոխություն

Անցած տարվա ապրիլին հրաժարական տվեց Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը, որը գործեց 6 տարի: Նախորդ կառավարության գործունեության սկիզբը համընկավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ, ինչի հետեւանքով կառավարությունը հարկադրված էր լուծել օպերատիվ խնդիրներ: Այդուհանդերձ, հաջոդող տարիներին կառավարությունը նոր մոտեցումներ որդեգրեց իր քաղաքականության մեջ, կյանքի կոչելով սոցիալական փաթեթը պետական ծառայողների համար, ԱՊՊԱ-ն, ճանապարհային երթեւկության կանոնակարգումը, գյուղացիներին տրվող դիզվառեիլքի, պարարտանյութերի եւ վարկերի համար պետական սուբսիդավորումը, ստեղծվեցին ազատ տնտեսական գոտիները, վերացվեց ավիացիայի ոլորտում մենաշնորհը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը մտավ պետական կառավարման բոլոր մարմիններ եւ այլն:

Տիգրան Սարգսյանի կառավարությունը նախաձեռնել էր, թերեւս, ամենաարմատական եւ տնտեսության համար կարեւոր նշանակություն ունեցող բարեփոխումը` կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը: Սակայն այն իրագործել նախնական տարբերակով չհաջողվեց, իսկ փոփոխված տարբերակով այն կյանքի կոչեց արդեն նոր` Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը:

Կենսաթոշակային բարեփոխումների փոխընդունելի տարբերակ նոր կառավարության կողմից

Առաջին լուրջ խնդիրը, որը շարունակվում էր Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու պահին, որոշակի շրջանակների դժգոհությունն էր կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգից: Նոր կառավարությունը մշակեց այս համակարգի փոխընդունելի եւ փոխզիջումային տարբերակը:

Համաձայն նոր տարբերակի, մասնավոր համակարգում աշխատողՙ 1974-ից հետո ծնվածների համար պարտադիր բաղադրիչը հետաձգվեց երեք տարով, պետական հատվածում աշխատողների համար այն պահպանվեց, բայց գործարկվեց աշխատավարձերի բարձրացումից հետո: Սա որոշ չափով նահանջ էր նախորդ տարբերակի համեմատ, բայց ավելացան նոր դրույթներ, որոնք սոցիալական ավելի մեծ երաշխիքներ էին խոստանում: Մասնավորապես, 40-50 տարեկանների համար կուտակային համակարգին մասնակցելու պարագայում ավելացվեց պետական համաֆինանսավորումը, 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողների կուտակային սոցիալական վճարի առավելագույն շեմ սահմանվեց 25 հազար դրամ, 18 տարեկանների համար պարտադիր սոցիալական վճարը պահպանվեց, բայց եկամտային հարկից հանելու միջոցով եւ այլն:

Պետական համակարգի աշխատողների` երկար սպասված աշխատավարձերի բարձրացում

Պետական համակարգում շուրջ 200 հազար աշխատողների, հատկապես քաղծառայողների եւ հայեցողական պաշտոն ունեցողների համար վերջին տարիների կարեւորագույն իրադարձությունը անցյալ տարվա հուլիսի 1-ից աշխատավարձերի նշանակալի բարձրացումն էր` 40-80 տոկոսով: Արդյունքում, պետական համակարգի աշխատողների աշխատավարձը առարկայական եւ խնդիր լուծող դարձավ, հակառակ մինչ այդ եղած կացության: Հարկ է նշել, որ պետական համակարգում աշխատավարձերի բարձրացում չէր եղել գրեթե 10 տարի:

Շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցում

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը փոփոխություն նախաձեռնեց շրջանառության հարկի ոլորտում: Հոկտեմբերի 1-ից առեւտրային գործունեություն իրականացնողների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցվեց 1 տոկոսի: Հարկային օրենսդրության մեջ առաջարկվող այս փոփոխությունը վերաբերում էր 39,5 հազար առեւտրային սուբյեկտներին: Շրջանառության հարկի այս թեթեւացումը առեւտրականների համարՙ պետական բյուջեին զրկում էր 8-10 մլրդ դրամ եկամուտներից: Միաժամանակ, նոր հարկատեսակի կիրառմամբ պահանջ էր դրվում տնտեսվարողներից ապահովել իրենց ձեռք բերած ապրանքը փաստաթղթերով: Հենց սա էլ դարձավ տոնավաճառային առեւտրով զբաղվողների դժգոհության պատճառը: Հակառակ վարչապետի եւ մյուս պատասխանատուների հավաստիացումներին, որ իշխանութունը այս քայլով ցանկանում է ստվերից դուրս բերել մատակարար խոշոր ընկերություններին, այդ նույն ստվերում գտնվող տոնավաճառների առեւտրականները բողոքի գործողություններով դիմավորեցին այս փոփոխությունը: Ի վերջո, կառավարությունը, պարտադիր փաստաթղթավոման պահանջը հետաձգեց մինչ 2015-ի փետրվարի 1-ը: Կլուծվի՞ մեծածախ եւ տոնավաճառային առտեւտրի ոլորտում ստվերային շրջանառության հարցը եկող տարի, դժվար է ասել, քանի որ փաստաթղթավորման խնդիրը փորձել են լուծել նախորդ կառավարությունները, բայց առանց լուրջ հաջողությունների:

Սահմանամերձ բնակավայրերին առանձնահատուկ պետական մոտեցում

Կառավարությունը սահմանամերձ 32 համայնքների համար մշակեց արտոնությունների տրամադրման ծրագիր, որ կսկսի իրագործվել 2015-ի հունվարի 1-ից: Համաձայն դրա, այդ բնակավայերրի բնակիչների սպառած գազի, էլեկտրական էներգիայի, ոռոգման ջրի գումարների 50 տոկոսը կփոխհատուցի կառավարությունը, իսկ ամբողջությամբ` մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից գնդակոծված հողատարածքների հողի հարկի եւ այդ հողերի վրայի անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարը:

Միաժամանակ, կառավարությունը որոշեց նույն սահմանամերձ գյուղերում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին ազատել հարկերից` ավելացված արժեքի հարկից, շահութահարկից, շրջանառության հարկից: Նպատակն էր խթանել սահմանամերձ գյուղերում բիզնեսի զարգացումը` ռազմավարական կարեւորություն ունեցող այդ բնակավայրերի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման համար:

Դոլարային ցնցումը տարեվերջին

Հայաստանի տնտեսությունը տարեվերջին ցնցեց դոլարի արժեւորումը եւ ազգային արժույթի` դրամի կտրուկ արժեզրկումը: Արտաքին եւ ներքին գործոններով պայմանավորված փոխարժեքի փոփոխությունը չէր ցնցի ֆինանսական շուկան եւ չէր ունենա նման կտրուկ տատանում, եթե չլինեին նպաստող գործոնները` բանկերի եւ փոխանակման կետերի կողմից փոխարժեքի անհասկանալի առաջարկ ձեւավորելը եւ բնակչության մոտ դոլարային տենդով բռնկված խուճապային տրամադրությունները: Մոտ երկու շաբաթ տեւած այս գործընթացը, ի վերջո ԿԲ-ն կարողացավ վերադարձնել իր հսկողության տակ, բայց այն լրջորեն խաթարեց բնականոն տնտեսական կյանքն այդ ընթացքում եւ մի շարք դեպքերում բերեց չհիմնավորված եւ անհամարժեք գնային թանկացումների:

120-130 մլն դոլար ներդրումներ խոստացող «Հին Երեւանը» տեղից շարժվեց

Այդուհանդերձ, բացասական տոնով չավարտելու համար, վերջում անդրադառնանք մի կարեւոր եւ աննկատ մնացած ծրագրի, որը 120-130 մլն դոլարի ներդրումներ է խոստանում եւ որը հետաձգվում էր գրեթե 10 տարի: Խոսքը «Հին Երեւան» կառուցապատման ծրագրի մասին է, որն իրականացվելու է Երեւանի գլխավոր պողոտայիՙ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքներում: Այս տարի վերջապես այս նախագիծը դրական տեղաշարժ արձանագրեց` դեկտեմբերի 1-ին ՀՀ կառավարության կողմից քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը եւ «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ի կողմից` շվեյցարաբնակ ներդրող Վարդան Սրմաքեշի լիազորված անձ Գեւորգ Մաչանյանը համաձայնագիր ստորագրեցին «Հին Երեւանի» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ: Իր տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը անդրադարձավ այս ծրագրին եւ նշեց, որ աշխատանքները կսկսվեն 2015 թվականին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ