RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-10 15:01:59Թուրքիան կեղծեց ոչ միայն հարևանների, այլև իր պատմությունը. Ռուբեն Սաֆրաստյան
2020-08-10 14:19:15Հայաստանյան պատվիրակությունը Լիբանանում հանդիպել Տանն Կիլիկիո Կաթողիկե Պատրիարքի հետ
2020-08-10 13:59:07Այսօր Սևրի դաշնագրի 100-ամյակն է
2020-08-10 13:57:34«Նախագահի թեկնածուներին բանտարկելը վայրենություն և խայտառակություն է, իսկ հետո՝ ձայների հաշվարկի գիշերը ցուցարարներին ձերբակալելը»
2020-08-10 13:20:14Հայաստանյան պատվիրակությունը Լիբանանում հանդիպել Տանն Կիլիկիո Կաթողիկե Պատրիարքի հետ
#040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014



ՀԱՅԱՑՔ ԴՐՍԻՑ

Տեղադրվել է` 2014-12-25 23:23:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1833, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 24

ԹՈՒՐՔԻԱՆ Է ՎՃՌԵԼՈՒ (*)

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Իր ամբողջ պատմության ընթացքում Հայաստանը միշտ էլ կռվախնձոր է եղել հակամարտող կողմերի կամ ուժերի միջեւ, բացառությամբ երեւի Տիգրան Մեծի իշխանության օրոք մեր թվագրությունից առաջ առաջին դարում: Մեր թվագրության 387 թվին Հայաստանը բաժանված էր Պարսկաստանի եւ Բյուզանդիայի կայսրության միջեւ: Մինչ գերտերությունները կիսում էին Հայաստանի տարածքը, նրանք այդ տարածքի վրայով մտերմացան եւ բարեկամացան թողնելով, որ իրենց լծի տակ գտնվող թշնամիները տառապեն: Սա միակ անգամը չէր, որ Հայաստանը գտնվում էր երկու մրցակից գերտերությունների արանքում: Նման դեպքեր պատահեցին նաեւ հետագայում, բազմաթիվ անգամներ, որոնցից 1878 թվականն առանձնահատուկ էր (Սան Ստեֆանոյի պայմանագիր, Բեռլինի կոնգրես, անգլո-թուրքական գաղտնի համաձայնագիր, Կիպրոսի հանձնումը Անգլիային եւ այլն):

Առաջին աշխարհամարտից հետո պարտված Թուրքիան դարձյալ վեր հառնեց եւ Սեւրի պայմանագիրը (1920 թ.) փոխարինվեց Լոզանի պայմանագրով (1923 թ.), Թուրքիայում եղեռն վերապրած հայ համայնքը վերածելով անատամ փոքրամասնության:

Այս պատմական նախադրյալները հաշվի առնելով, հայերս իրավունք ունենք անհանգստանալու ամեն անգամ, որ տարածաշրջանային տերությունները նստում են բանակցային սեղանի շուրջ:

Ռուսաստանի նախագահի այցը Անկարա, որն ավարտվեց ցնցող պայմանագրի ստորագրումով, պատճառ է, որ հայերս առնվազն մտահոգվենք: Ընդամենը շատ կարճ ժամանակահատվածում Թուրքիա այցելեցին Մ. Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը, հորդորելու Թուրքիային, որ իրեն պատշաճ ձեւով պահի որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի (հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարությունը դեռեւս թույլ չի տալիս ամերիկյան զինված ուժերին օգտագործելու Ինջիրլիքի ավիաբազան ընդդեմ ISIS-ի), Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնը եւ Հռոմի պապ Ֆրանսիսը: Վերջինիս խաղաղասիրական առաքելությունը նաեւ նպատակ ուներ հայ-թուրքական սահմանը բացված տեսնել: Հռոմի պապը նաեւ Էրդողանի «ցավակցությունը» բնութագրեց որպես հայերին «երկարացված ձեռք»:

Երբ կրոնական եւ քաղաքական հզոր դեմքեր հավաքվում են Անկարայում, յուրաքանչյուրն իր շահերը հետապնդելու նպատակով, Էրդողանի նման ամբարտավան մի առաջնորդ ամեն պատճառ կարող է ունենալ դառնալու է՛լ ավելի հանդուգն ու անպատկառ Պուտինի հետ բանակցելիս, նա դեռ շարունակում էր պնդել, որ Սիրիայի նախագահ Ասադը պետք է հեռանա, գիտակցելով հանդերձ, որ այդ կեցվածքը դուր չի գա ռուս առաջնորդին:

Մյուս կողմից, արհամարհելով Մ. Նահանգների պահանջը, Բայդենի այցելությունից ընդամենը մի քանի օր անց նա խիստ քննադատեց Օբամայի վարչակազմը, ասելով, որ ինքը դեմ է «12 հազար կիլոմետր հեռավորությունից եկող անպատկառություններին, անխոհեմություններին եւ անվերջ պահանջներին» («Նյու Յորք թայմս», դեկտ. 2):

Ինչպես տեսնում ենք, Էրդողանն իր անկախությունն է հռչակում երկու ճամբարներից եւ առայժմ մնում է անպատիժ: Նրա ամբարտավանությունն ու Ռուսաստանի հետ պայմանագրեր կնքելու համարձակ քայլերը վրդովեցնում են Արեւմուտքի որոշ շրջանակներին, մտահոգության տեղիք տալով, թե արդյոք Թուրքիան կատարո՞ւմ է իր պարտականությունները որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի: Կոչեր են հնչում նույնիսկ նրան զրկելու ՆԱՏՕ-ի անդամությունից: «Ինչքա՞ն ժամանակ Արեւմուտքը կարող է ձեւացնել, որ Թուրքիան դաշնակից երկիր է», գրում է Քլիֆորդ Դ. Մեյը «Վաշինգտոն Թայմսի» դեկտեմբերի 4-ի համարում եւ եզրակացնում իր հոդվածը հետեւյալ տողերով. «Այս առումով Էրդողանը նման է նոր-օսմանցի (neo-ottoman) մի առաջնորդի, ով երազում է իր հրամանատարության տակ պահել բոլոր մահմեդականներին տարբեր երկրներում: Եթե դա ճիշտ է, ապա անդունդը Թուրքիայի եւ Արեւմուտքի միջեւ կարող է միայն ավելի խորանալ»:

Էրդողանի քայլերի հետեւանքները նրան այնքան էլ չեն մտահոգում: Ռուսաստանի հետ Թուրքիայի մերձեցումը մտահոգության պատճառ է մեզ համար, որովհետեւ, ինչպես մեր պատմական անցյալում, մեր դատը կարող է մեծապես տուժել: Մի մտահոգիչ ակնարկ արդեն հնչել է ռուս վերլուծաբան, Ռազմավարական Ուսումնասիրությունների ռուսական ինստիտուտի փոխտնօրեն Գրիգորի Տիշչենկոյի կողմից: «Միամտություն կլիներ ակնկալել Ռուսաստանից որեւէ լուրջ քայլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհուսալի կացությունում», ասել է նա: Վերլուծաբանը Մոսկվայից որեւէ մտադրություն չի տեսնում որպես միջնորդ հանդես գալու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, հաշվի առնելով վերջերս երկու երկրների (Մոսկվայի եւ Անկարայի) միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները: Այո, Պուտինը Անկարա էր մեկնել այլ հարցեր լուծելու: Հայաստանը նրա օրակարգի ամենավերջին հարցը կարող էր լինել:

Տեկտոնիկ տեղաշարժեր են կատարվում աշխարհի տերությունների վերակողմնորոշման գործում: Պուտինը փորձում է դրանց հակադարձել: Միացյալ Նահանգների եւ ընդհանրապես Արեւմուտքի ձեռնարկած պատժամիջոցներն ու Ռուսաստանի տնտեսությունը քայքայելու միտված նավթի գների անկումը ուժեղ հակազդեցություն է առաջացրել Մոսկվայում: Բայց ահաբեկվելու կամ խուճապի մատնվելու փոխարեն, Կրեմլը խիզախորեն է պատասխանում սպառնալիքներին եւ արդեն գտել է գործընկերներ առաջ տանելու համար իր նոր քաղաքականությունը: Այդ գործընկերներից մեկը Թուրքիան է:

Պուտինը էներգամատակարարման պայմանագիր կնքելով Թուրքիայի հետ, տակնուվրա է արել բոլոր քաղաքական քարտերը Եվրոպայում: Խոսելով պայմանագրի մասին, մենք պետք է պարզենք, թե արդյոք Ղարաբաղը, հայ-թուրքական հարաբերություններն ու Սիրիայի ճակատագիրը եղե՞լ են «աճուրդային ապրանքների» ցուցակում:

Պատժամիջոցները ազդեցին Ռուսաստանի տնտեսության վրա, բայց չկարողացան մեկուսացնել Մոսկվային: Չորս հարյուր միլիարդ դոլարի պայմանագիր կնքելուց հետո Չինաստանի հետ, Պուտինը Հնդկաստան ուղեւորվեց, որպեսզի այնտեղ ստորագրի 40 միլիարդ դոլարի մեկ այլ պայմանագիր: Բացի այդ Ռուսաստանը նաեւ համաձայնագրեր կնքեց Հնդկաստանում կառուցելու ատոմակայաններ եւ զինելու բանակին: Ամբողջ սառը պատերազմի ընթացքում Հնդկաստանը Ռուսաստանից է ստացել իր զինամթերքի պաշարի 75 տոկոսը:

Պուտինի այցը Անկարա է՛լ ավելի փոխեց իրադրությունը: Նա այնտեղ հայտարարեց, որ Բուլղարիայի թույլտվությունը չստանալով Ռուսաստանը չի կարող շարունակել այդ էներգետիկ գծի կառուցումը, ուստի պետք է մտածի աշխարհի այլ տարածքներին էներգիա մատակարարելու մասին: Սա «Հարավային հոսք» նախագծի փլուզումն էր, որով էներգիա պետք է մատակարարվեր Եվրոպա Բուլղարիայի տարածքով: Եվրոմիության ճնշումների ներքո, Բուլղարիայի տատանումները ստիպեցին, որ Ռուսաստանը Թուրքիայի եւ Հունաստանի տարածքներով կառուցի իր խողովակաշարը եւ էներգիա մատակարարի Եվրոպային: Չմոռանանք, որ դրանից առաջ Ռուսաստանը արդեն համաձայնություն կնքել էր ատոմակայան կառուցելու Թուրքիայում: Այս անգամ երկու կողմերը վերահաստատեցին երկկողմանի առեւտուրը այժմյան 35 միլիարդ դոլարից մինչեւ 2020 թվականը հասցնելու 100 միլիարդ դոլարի:

Պատմականորեն Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան թշնամիներ են եղել եւ մեկը մյուսին փոխարինելով նրանք իշխել են Կովկասի վրա: Այսօր էլ հակասական քաղաքականություն են վարում դեռեւս, բայց տնտեսական շահերը ստիպում են նրանց համագործակցել: Թուրքիան վրդովված է Եվրոմիությունից, Ռուսաստանը տուժում է արեւմտյան պատժամիջոցներից, իսկ Իրանն էլ ճնշումների տակ է հրաժարվելու իր միջուկային ծրագրերից: Վերջին մի քանի տարիների ընթացքում Թուրքիան եւ Իրանը 400 տոկոսկով ավելացրել են իրենց ապրանքաշրջանառությունը:

Պուտինն ու Էրդողանը հավանաբար նաեւ քննարկել են որոշ քաղաքական հարցեր, որոնց հանրությունը տեղյակ չէ: Դրանց թվում պետք է ընդգրկված լինեն երկու կողմերի լուծմանն սպասող մի շարք վիճելի հարցեր: Դրանցից մեկը Սիրիայում ընթացող պատերազմն է, որի վերաբերյալ երկու կողմերը հակասական դիրքորոշումներ ունեն: Այս հարցում Պուտինն իր դիրքորոշման մեջ անսասան է: Մյուսըՙ պատժամիջոցների հարցն է: Թուրքիան որպես դաշնակից պետք է մասնակցեր այդ պատժամիջոցներին, բայց հրաժարվեց, որի համար Պուտինը երախտապարտ է:

Մինչ տնտեսական խնդիրները կողմերին միացնում են, առկախ մնացած հարցերն ու նրանց լուծումները հնարավոր է փոխեն իրենց բնույթը: Ղարաբաղյան հակամարտությունը, Հայաստանի շրջափակումը եւ Հայոց ցեղասպանությունը հարցեր են, որոնք պետք է դիտարկվեն ներկայիս ընթացող Ռուսաստան-Թուրքիա մերձեցման գործընթացի ծիրում:

Եթե մի կողմ թողնենք Ցեղասպանության հարցը, ապա շրջափակումը նրանք կարող են լուծել վերագործարկելով աբխազական երկաթուղային համակարգը ներկա պայմանագրով, էներգիայի աղբյուրներից զուրկ Թուրքիան հանկարծ դառնալու է էներգակիր խողովակաշարերի վերահսկողության կենտրոն, քանի որ իր միջոցով է գազը հասնելու Եվրոպա: Սա համընկնելու է Ռուսաստանի շահերի հետ: Այս կոնտեքստում պետք է դիտարկվի ղարաբաղյան հակամարտությունը: Որեւէ առաջընթաց հարցի լուծման գործընթացում պիտի հիմնված լինի ինտերակտիվ ուժերի բանակցությունների արդյունքի վրա:

Ռուսական աղբյուրները կարծես որոշ առումով թափանցել են այդ բանակցությունների մեջ: Ռուս մեկնաբան Յուրի Գլուշկովն, օրինակ, գրում է «Վեստնիկ Կավկազա» պարբերականում. «Տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ կարող է նպաստել լուծելու ճգնաժամերը Հարավային Կովկասում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Թուրքիայի նախագահ Էրդողանը Վլադիմիր Պուտինի այցելությունից առաջ զանգահարել է իր ադրբեջանցի գործընկերոջըՙ Ալիեւին տեղեկացնելու համար ստորագրության սպասող ռուս-թուրքական պայմանագրերի մասին եւ հրավիրելու նրան մասնակցելու Անթալիայում հաջորդ տարի կայանալիք Մեծ քսանյակի գագաթաժողովին: Ղարաբաղյան հարցը անկասկած քննարկվել է Էրդողան-Պուտին բանակցությունների ընթացքում: Երկու նախագահները անմիջական շահագրգռվածություն ունեն այդ հարցում: Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը նրա սահմանային վեճերի արագ կարգավորում է պահանջում: Հայաստան-Ադրբեջան սահմանը դեռեւս փակ է մնում, խանգարելով Ռուսաստանի ներդրումների արդյունավետ գործարկումը: Մեղավորը Եվրասիական միությունից իրեն հեռու պահող Վրաստանով կատարվող տրանզիտային ապրանքաշրջանառությունն է: Թուրքիան խաղաղ Կովկասի կարիքն ունի, որտեղ ինքը կարողանա իր շահերը հետապնդել Ռուսաստանի (որպես գործընկեր) եւ Ադրբեջանի (որպես դաշնակից) հետ: Պարզ է, որ միայն Ռուսաստանը կարող է ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի Ադրբեջանի գրավյալ տարածքներից հետ քաշվի: Դա խթանելու է սահմանների բացմանը, վերականգնելու է հաղորդակցությունները եւ ծառայելու է որպես հիմքՙ տարածաշրջանային բազմակողմանի համագործակցության, որից միլիոնավոր բնակիչներ օգտվելու են: Մոսկվան եւ Անկարան ունեն անհրաժեշտ բոլոր հնարավորությունները երաշխավորները լինելու նորահաստատ խաղաղությանը Բաքվի եւ Երեւանի միջեւ, առանց մասնակցությանը ոչ-տարածաշրջանային ուժերի, որոնց շահերը հաճախ հակասական են կամ վիճելի եւ վտանգավորՙ Հարավային Կովկասի երկրների շահերին»:

Խորհրդային ժամանակներում Նիկիտա Խրուշչովը չափազանց հապճեպ եւ անշրջահայաց ուղերձ հղեց Անկարայինՙ նշելով, որ Մոսկվան տարածքային որեւէ պահանջ չունի Թուրքիայից, անտեսելով այն փաստը, որ Հայաստանը մաս էր կազմում Խորհրդային Միությանը եւ որ նա ուներ, եւ այժմ էլ ունի, տարածքային պահանջ Թուրքիայից:

Ռուսաստանի գլոբալ առաջնահերթություններից ելնելով կարելի է կանխատեսել, որ Պուտինը վերոնշյալից այլ կերպ չի կարող գործել: Կարիք չունենք շունչներս պահած սպասել, որ նախագահ Էրդողանը պատասխանելո՞ւ է, թե՞ ոչ ՀՀ նախագահի հրավերինՙ մասնակցելու Ցեղասպանության հարյուրամյակի հիշատակություններին Ծիծեռնակաբերդում: Քաջալերված իր վերջին շրջանի հաջողություններովՙ Էրդողանը ինքն է որոշումներ կայացնելու: Մի անգամ եւս, հանգամանքների բերումով, Թուրքիային է վիճակված վճռելու Հայաստանի ճակատագիրը:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.

(*) Հրատարակվում է չնչին կրճատումներով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ